ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆ ՊԷՅՐՈՒԹ 1952 ՑՈԼԱԿ ՅՈՎՍԷՓԵԱՆ Ցոլակ Հովսեփյանը ծնվել է 1918 թ.: 1950-60-ական թվականներին մերձավորարեւելյան հայ սփյուռքի հանրային- մշակութային կյանքի հայտնի դեմքերից մեկն է եղել: Զբաղվել է լուսանկարչությամբ, եղել է հայտնի արվեստագետ-լուսանկարիչ, բազմաթիվ ալբոմների հեղինակ է: 1952-ին «Գոյամարտ» (Բաղդատ) թերթի հանձնարարությամբ հատուկ հանդիպում է կազմակերպել Կոստան Զարյանի հետ եւ բազմաթիվ լուսանկարներ է արել: Ցավոք սրտի, Ցոլակ Հովսեփյանի ամբողջ արխիվը, այդ լուսանկարները, բնագրերը նույնպես (լուսանկարչական թիթեղները) ամբողջապես զոհ են գնացել իրաքյան վերջին պատերազմի ավերածություններին: Ծերունազարդ լուսանկարիչը, որ վաղուց հատել է 90-ի սահմանը, ներկայումս բնակվում է Միացյալ Նահանգներում: Այս տարիքում էլ նա շարունակում է վարել ազգային-հայրենասիրական ակտիվ գործունեություն, գրում է գրքեր, հուշագրություններ, ունենում հանդիպումներ: Իր հուշերի այս պատառիկը նա գրել է հատկապես «Ազգ»-ի համար: Խմբ.
Լաւ օրեր, բախտաւոր տարիներ ունեցանք Պաղտատ քաղաքի մէջ- տեղւոյս Հ.Յ.Դ.ի Կ. Կոմիտէի հսկողութեամբ «Գոյամարտ» շաբաթաթերթ լոյս կը տեսնէր խմբագրական կազմովՙ Լեւոն Գարմէն, Տոքթ. Բաբգէն Փափազեան եւ Մարգար Կօսեան, 1950ական թուականներ, 1952 «Ազդակ» օրաթերթում, Պէյրութ, կը կարդանք. Հեղինակՙ Երկիրներ եւ Աստուածներ, Նաւը լեռան վրայ, Տատրագոմի հարսը գիրքերուն: Կոստան Զարեան Պէյրութ ժամանած է հայ գրականութեան շուրջ դասախօսութիւններ տալու եւ հրապարակային ելոյթներ ունենալու հայ մշակոյթի մասին: «Գոյամարտ» թերթի խմբագրութիւնը ինձ կանչեցՙ երթալ Պէյրութ, նկարել Կոստան Զարեանը եւ յօդուածներ վերցնել «Գոյամարտ» շաբաթաթերթի մէկ թիւը նուիրելու Կոստան Զարեանին: Մեկնեցայ Պէյրութ, իջեւանեցի Hotel Lux պանդոկը (տէր եւ տնօրեն Միհրան Թուրէկեան): Օր. Քնար Թուրէկեանի հետ գացինք Կոստան Զարեանը տեսնելու ու յայտնելու գալուս պատճառը: Կոստան Զարեան եւ կինը իջեւանած էին «Մարիա» օթելի մէջ: Ճիշտ Hotel Lux դիմացի փողոցին վրայ: Ներս մտանք: Կինը մեզ ներս հրաւիրեց, ուր Կոստան Զարեանը պառկած էր, թեթեւ պաղ առած ըլլալուն համար: Խօսեցանք, միտքս ու նպատակս յայտնեցի: Կոստան Զարեանը սիրով ընդ յառաջեց ու ժամադրուեցանք երկու օր վերջ հանդիպիլ, գալ ծովափ նկարուելու: Երկու օր վերջ ինծի ընկերացան A.U.B.-Ամերիկեան համալսարանի բժիշկական ուսանողներ, Պաղտատէն Իշխան Սուլթանեան եւ Ռուբէն Մոմճեան: Գացինք, Կոստան Զարեանը պատրաստ էր, ու վար իջանք, Taxi օթօն առինք, «Քորնիշ», Միջերկրականի ափը գացինք: Հասանք ափը, իջանք, Կոստան Զարեանը դարձաւ ինձ ըսաւՙ ո՞ւր են նկարչական ապրանքները: Ես ցոյց տուի վիզէս կախուած camera-ն, ու Կոստան Զարեանը դարձաւ ինձ ըսաւ - Դու նկարիչ չես, այլ լուսանկարիչ ես... Ու հասկնալի եղաւ, այնքան մեծութիւն էր Կոստան Զարեանը: Մի քանի լուսանկարներէ վերջ,- ժամը գրեթէ կէսօր էր,- միասնաբար գացինք իտալական ճաշարան, ու բաւական հետաքրքրուեցաւ Պաղտատի եւ Հին Բաբելոնի մասին - այնքան լաւ գիտէր պատմութիւնը Տիգրիս եւ Եփրատ գետերու հոսիլը դէպի Պարսից ծոցը: Անմոռաց կը մնան Կոստան Զարեանի հետ անցուցած ժամերնիս: Օթեւան հասնելուն յանձնեց մի քանի յօդուածներ «Գոյամարտ»ին համար: Պաղտատ դարձիս յանձնեցի «Գոյամարտ» խմբագրութեան, ո՛չ ուշ լոյս տեսաւ Բացառիկ մը նուիրուած Կոստան Զարեանի գրական մեծութեան եւ արժանացաւ մեծ գնահատանքի: Ափսոս, շուտ մեկնեցաւ: Բայց Կոստան Զարեանը հայ գրականութեան եւ մշակոյթին մէջ մեծ գանձ ձգեց: Որքան հայ ժողովուրդը կ՛ապրի ու կը գոյատեւէ, Կոստան Զարեանը միշտ ներկայ է հայութեան սիրտին մէջ: Փառք ու պատիւ հայ մտաւորականներուն ու գրագէտներուն, որոնք հայ գրականութիւնը ծաղկեցուցին ու զարգացուցին: Այս գիրսՙ 59 տարուանՙ Կոստան Զարեանի հետ հանդիպումս ի քաղաքն չքնաղ Պէյրութ, թող խունկ դառնայ իր անմահ փառքին: Բոստոն, Փասադենա |