ՄՈՌԱՑՎԱԾ ԴԵՄՔԵՐ ԲԱԽՏԻԱՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Իզաբելլա Քալանթար Իմ ուսանողական տարիներից, ընթացիկ թեմաներից բացի, հետաքրքրվել եմ մի քանի դերասան-դերասանուհիների (Աստղիկ, Քնարիկ, Արմեն Օհանյան, Կարապետ Գալֆայան, Նիկողայոս Հովհաննիսյան) կյանքով, դերասաններՙ որոնք ստեղծագործական հաջողությունների եւ գնահատության միջեւ եղած հակասությունների պատճառներով մոռացության են մատնվել: Վերոհիշյալ արժանավոր գործիչների մասին հոդվածներ եմ գրել Հայկական հանրագիտարանի համար, իսկ Իզաբելլա Քալանթարի մասին 1984-ին գրածս չտպագրվեց: Այժմ, մայրամուտիս շեմին, ցանկանում եմ մարել վաղեմի պարտքս:
Երկու ազգային թատրոններում ծառայած հայազգի դերասան-դերասանուհիների շարքում իր բացառիկ տեղն ունի հայ եւ ռուս բեմերի ականավոր, ավա՜ղ, մոռացված դերասանուհի Իզաբելլա Քալանթարը: Թող չափազանցություն չթվա, նա, գրեթե միանգամից է հայտնվել ու բացվել եւ իր բեմական ընդունակություններով գրավել ժամանակի մամուլի ու հասարակության ուշադրությունը: Դեռեւս մի ոչ լրիվ տարի խաղալով Թիֆլիսի ռուս թատերասերների խմբերում, Քալանթարը գնահատվել է եւ ապահովել իր առաջընթացը: Նրա մասին խոսել ու գրել են Անդրկովկասի հայ եւ ռուսական պարբերականները, արձագանքել է Պետերբուրգի գեղարվեստական մամուլը: Սակայն, ճակատագրի բերումով, նրա արեւն ավելի շուտ է մայր մտել, քան ինքը: Իզաբելլայի նախնիները Գողթան գավառի Վերին Ագուլիսցիներ են: Պապըՙ Հայրապետ Քալանթարյանը եղել է մանկավարժ Ագուլիսում եւ Բաքվում: Հայրըՙ Ալեքսանդրը եղել է Բաքվի հայկական թատրոնի հիմնադիր դերասաններից մեկը (1870): Հետագայում նա գյուղատնտեսական կրթություն է ստացել Մոսկվայում, Գ. Արծրունու մահից (1892) հետո եղել է «Մշակ» թերթի խմբագիրներից մեկը, երկար տարիներ եղել է «Մշակի» թատերախոսներից մեկըՙ «Սիրող» ստորագրությամբ, մահացել է Խոջիվանքի գերեզմանատանը, Րաֆֆու հուշարձանի բացման ժամանակ խոսք ասելիս (1913): Ահա այսպիսի միջավայրում է ծնվել, ուսում առել եւ դաստիարակվել ապագա դերասանուհին: Իզաբելլա Քալանթարը ծնվել է 1887 թվականի նոյեմբերի 17-ին Թիֆլիսում: Մանկուց շրջապատված է եղել մտավորականներով, գրական-թատերական-հասարակական գործիչներով, մի հանգամանք, որը նրան ժամանակից շուտ է հասունացրել: Թատերական արվեստով հրապուրվել է ոչ միայն Իզաբելլան, այլեւ նրա փոքր եղբայր Լեւոնը (1891-1959): Վերջինս 1910-1950-ական թվականներին եղել է Անդրկովկասի խոշոր թատերական կենտրոնների (Թբիլիսի, Երեւան, Բաքու, Լենինական) անվանի եւ հեղինակավոր գործիչներից մեկըՙ դերասան, ռեժիսոր, թարգմանիչ, թատերագետ, մանկավարժ, հասարակական գործիչ, բոլոր բնագավառներում աշխատանքով ծանրաբեռնված ու իր գործին գիտակ մարդ: 1950-1951 թթ. նա իմ դասախոսն է եղել Թատերական ինստիտուտում: Մի օր հարցրի Իզաբելլայի մասին, ասաց, որ Հայրենական պատերազմից այս կողմ ոչ մի լուր չունի: Իզաբելլա Քալանթարն ստացել է գիմնազիական կրթություն, հավասարապես տիրապետել է ռուսերեն եւ հայերեն լեզուներինՙ գրելով, կարդալով: Իբրեւ սիրող դերասանուհի, նախապես հանդես է եկել բանվորական շրջաններումՙ Վերայի եւ Ավճալյան (Թբիլիսիի թաղամասեր) աուդիտորիաներում (այդպես են կոչվել թատերասրահները), այնուհետեւ հրավիրվել է Զուբալովի անվան ժողովրդական տան (այժմՙ Մարջանիշվիլու անվ. թատրոն) ու Արտիստական ընկերության թատրոնի (այժմՙ Ռուսթավելու անվ. թատրոն) կողմից եւ խաղացել առավել կազմակերպված կոլեկտիվների հետ: Մոտ կես տարի ռուսական թատերախմբերում աշխատելուց հետո Քալանթարը, որպես դերասանուհի, հրավիրվել է մասնակցելու հայկական ներկայացումներին: Քալանթարն առաջին անգամ բեմ է բարձրացել Ավճալյան աուդիտորիայի ռուսական խմբի հետ, 1907 թ. սեպտեմբերի 23-ին, Ա.Վ. Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը» պիեսումՙ կատարելով նրա հերոսուհի Լիդիայի դերը: Առաջին բեմելից մի քանի ամիս անց, 1908-ի մարտից Քալանթարը մասնակցել է նաեւ հայկական ներկայացումների, նախՙ սիրողների հետ (Զեյնաբի դերակատարությամբ), ապա եւ պրոֆեսիոնալ դերասանների խաղընկերությամբ: Հանդես է եկել Քրիստինեի («Զվարճալիք»), Կրուչինինայի («Անմեղ մեղավորներ») եւ այլ դերերում: Դերասանուհու սկզբնական շրջանի դերակատարումների մասին «Տարազ» շաբաթաթերթի խմբագիր Տիգրան Նազարյանը, որը լավ ծանոթ է եղել հայ, ռուս եւ եվրոպական թատերական կյանքին, գրել է. «Օր. Իզաբելլա Քալանթարն ունենալով բեմական տաղանդ եւ այդքան փորձառություն, թաքցված էր հասարակությունից եւ հանկարծ հրապարակ եկավ իբրեւ մի կազմ եւ պատրաստ արտիստուհի» («Տարազ», 1908 N6, էջ 43): Նազարյանը բարձր է գնահատել Քալանթարի բեմական արժանիքները, «ռուսերեն արտասանում է հիանալի, ձայնը շատ դուրեկան է եւ հզոր, բեմի վրա իսկույն աչքի է ընկնում իր մի սոսկ ձեռքի շարժումով, քայլվածքով, նույնիսկ երբ դեռ մի խոսք չի արտասանել»: Նազարյանի բնորոշմամբՙ դերի վրա բարեխղճորեն աշխատելու եւ նկատելի արդյունքի հասնելու փայլուն օրինակ է եղել հատկապես Զեյնաբի նրա դերակատարումը հայկական եւ ռուսական թատերախմբերի հետ: Իր մարմնավորած հերոսուհու կերպարում երիտասարդ դերասանուհին կարողացել է հավասարապես դրսեւորել մայրական սիրո եւ հայրենիքի նկատմամբ սիրո մրցակցությունը: Նրա ցուցաբերած այդ փոփոխակերպ ապրումները, պարզ եւ միեւնույն ժամանակ սրտառուչ դրսեւորելու կարողությունը զարմանք է պատճառել ոչ միայն Նազարյանին, այլեւ հանդիսատեսներին: Զեյնաբի դերակատարության առթիվ, առանց իր հիացմունքը թաքցնելու, Նազարյանը գրել է. «Օր. Իզաբելլան ոչ միայն կատարեց այդ դերը աջող, այլ հիասքանչ: Ձեր առջեւ կարծեք խաղում էր ոչ թե քսան տարեկան մի սկսնակ օրիորդ, այլ հազար անգամ բեմ դուրս եկած, բեմի վրա եւ բեմից դուրս տանջված, կյանքի վիշտ, դառնությունը մինչեւ վերջին ծայր ճաշակած մի մայր, մի թագուհի, հոգին լի թախիծով, սիրտը վրեժխնդրությամբ»: Մի այլ թատերախոսՙ «Գեղարվեստ» հանդեսի խմբագիր Գարեգին Լեւոնյանը գրել է. «Նրա Նատալիան («Դյութական հեքիաթ»), Քրիստինեն («Զվարճալիք»), Օլգան («Շղթաներ»), Եվգենիան («Բազեներ եւ ագռավներ»), Զեյնաբը («Դավաճանություն») այնպիսի գեղարվեստորեն նուրբ արտահայտություններ ունեցան, որ վստահ կերպով բավարարեցին հայ եւ օտարազգի խստապահանջ հանդիսականներին: Բայց այդ դերերի մեջ նրա շեդեւրը Զեյնաբն է» («Գեղարվեստ», 1909, N3, էջ 166): Քալանթարի դերասանական արվեստի առանձնահատկությունները բնորոշելիս, Լեւոնյանը նշել է. «Ձայնը կանացի, բայց հերոսական տեղերի համար բավարար ուժեղ, առնական տեմպով, առոգանությունը հնչյունային եւ փաղաքշողՙ քնքշության եւ սիրո տեսարաններում եւ սպառնալիՙ բարկության եւ բողոքի տեսարաններում» եւ այլ բարեմասնություններ, որոնք հոդվածագրին իրավունք են տվել առանց իր հիացմունքը շռայլելու նրան անվանել «բեմական հազվագյուտ ձիրքերով» օժտված դերասանուհի, որը հիշեցրել է ռուս բեմի երեւելի դերասանուհիներ Ա.Ա. Պասխալովային, Լ.Բ. Յավորսկայային, Մ.Ն. Երմոլովային եւ մեր Սիրանույշինՙ բոլորն էլ դրամատիկ եւ ողբերգական շնչի դերասանուհիներ: Իր նախընտրած մասնագիտության մեջ հաստատուն գիտելիքներ ձեռք բերելու նպատակը, ուսման ծարավը նրան տարել են Մոսկվա: Այդտեղ նա դիտել է Գեղարվեստական եւ Փոքր թատրոնների մի շարք ներկայացումներ, ծանոթացել Փոքր թատրոնի տնօրենՙ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ (այդ թվում եւ «Դավաճանության» հեղինակ) Ալեքսանդր Յուժին-Սումբատովի հետ, արժանացել նրա գնահատանքին եւ նրա հավանությունն ստացածՙ ճանապարհը շարունակել դեպի Պետերբուրգ: Երեք տարի Քալանթարը սովորել է Ալեքսանդրինյան թատրոնի ռեժիսոր, հայտնի թատերական մանկավարժ Ա.Պ. Պետրովսկու ղեկավարած դրամատիկական կուրսերում: Հետաքրքրական է, որ իրարից անկախ, եղբայրըՙ Լեւոնը եւս 1908-ին ընդունվելով Պետերբուրգի համալսարանի արեւելյան բաժին (աշակերտել է Ն.Յա. Մառին, դասընկերներից են եղել Հովսեփ Օրբելին, Վահան Տերյանը եւ ուրիշներ), որոշ ժամանակ, նա եւս հետեւել է Ա.Պ. Պետրովսկու դասընթացներին: Ուսանողական տարիների բեմադրություններում Իզաբելլա Քալանթարը խաղացել է Նորայի (Հ. Իբսենի համանուն դրամայում, հոգեբանական մի բարդ դեր, որը խաղացել է նաեւ հայ թատրոնում), Դոգորեսայի (Գ.Դ. Անունցիոյի «Աշնանային արեւմուտք») եւ այլ դերեր: Կրթությունը բարեհաջող ավարտելուց հետո, 1912-1913 թթ. ձմեռային սեզոնում Քալանթարն աշխատել է Կիեւի Ն.Ն. Սոլովցովի թատրոնում: 1913-ից նա շարունակել է իր մասնակցությունը բերել հայ թատրոնին: Բաքվում «Աբելյան-Արմենյան» թատերախմբի ներկայացումներում կատարել է Տրիլբիի եւ Նորայի դերերը համանուն պիեսներում, ինչպես եւ Զեյնաբի դերը: Տրիլբիիՙ նոր դերակատարման մասին Թիֆլիսի «Մշակ» թերթի Բաքվի թղթակցի թատերախոսականում գրվել է. «Ինչպես «Դավաճանության» ժամանակ, այս անգամ էլ հասարակության գլխավոր ուշադրությունը կենտրոնացած էր օր. Քալանթարի խաղի վրա» («Մշակ», N59): Ավելացնենք, որ Օթար Բեկի եւ Սվենգալիի դերերում նրա խաղընկերը եղել է այդ կերպարների թերեւս ամենալավ մարմնավորող Հովհաննես Աբելյանը: 1913-ին աշխատելով Եկատերինոդարի Սինելնիկովի թատրոնում, ռուսական թատերախմբի հետ, Քալանթարը չի մոռացել իր համաքաղաքացիներին եւ հետեւել է նրանց գործունեությանը: Հետագա տարիներին եւս Քալանթարը ելույթներ է ունեցել Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության դերասանական խմբի հետ: Առիթն օգտագործելով, ծննդավայր գալով, նա մեծ հաջողությամբ հանդես է եկել Նորայի (Վահրամ Փափազյանի հետ, 1914), Եվնիկեի («Հո՞ երթաս», 1916-1917), Զեյնաբի (1917) դերերում: Հայ թատրոնում նրա կատարած վերջին դերը եղել է Սեդան Լ. Շանթի «Հին աստվածներում» (1917, հունիսի 10): Այսքանով ավարտվում է Իզաբելլա Քալանթարի տասնամյա առնչությունները Անդրկովկասի հայ թատերական կյանքի հետ: Շարունակելով իր թատերական գործունեությունըՙ Քալանթարը խաղացել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի ռուսական մի շարք քաղաքների թատրոններումՙ 1913-ինՙ Եկատերինոդարում, 1914-ին Բաքվում, Կիեւում եւ այլուր: Կիեւի Ն.Ն. Սոլովցովի թատրոնում, Ն.Ն. Սինելնիկովի ղեկավարությամբ գործող թատերախմբում մասնակցել է Մարիա Անդրեեւայի (Մաշա) բենեֆիսին տրված Չեխովի «Երեք քույրեր» պիեսի բեմադրության մեջ, որի ներկայացմանը ներկա է եղել Մաքսիմ Գորկին: «Երեք քույրերում» Քալանթարը կատարել է քույրերից մեկիՙ Օլգայի դերը: Հետաքրքրական է, որ Իրինայի դերում հանդես է եկել նրաՙ պետերբուրգյան դասընկերուհի Ելենա Շատրովան: Պետերբուրգի «Ռամպա ի ժիզն» թատերական հանդեսը, ամփոփելով երեք քույրերի դերակատարումները, այն ավարտել է մի խոսուն բառովՙ «տրիումֆ»: 1916-ի նոյեմբերից Իզաբելլա Քալանթարն աշխատել է Նիժնի Նովգորոդի թատրոնում: Նրա խաղացած դերերից հայտնի են Աննա Դեմուրինան (Վ.Ի. Նեմիրովիչ-Դանչենկոյի «Կյանքի արժեքը» եւ Շարդենը (Ա.Ի. Կոսորոտովի «Սիրո երազանքը»): Այս դերակատարումների մասին Պետերբուրգի «Տեատր ի իսկուստվո» շաբաթաթերթը (N48) գրել է, որ դերասանուհին հաճելի տպավորություն է թողել այդ դերերում: Բնական է, Քալանթարի հզորության ուժը փայլել է դրամատիկական ապրումներով կերպարի մարմնավորման մեջ: Իզաբելլա Քալանթարի հետագա գործունեությունը շարունակվել է Սմոլենսկի եւ Սամարայի (հետագայումՙ Կույբիշեւ) թատրոններում: 1919-ին Քալանթարը Սմոլենսկի մշտական թատրոնի հիմնադիրներից մեկն էր հանրահայտ թատերական գործիչներՙ ռեժիսոր Ի.Ա. Ռոտովցեւի եւ դերասանուհի Ֆ.Գ. Ռանեւսկայայի եւ ուրիշների հետ: Եվս մի հետաքրքրական պատմություն Քալանթարի սմոլենսկյան թատրոնում աշխատելու ժամանակներից: Պարզվում է, որ 1919-ին Սմոլենսկի Գեղարվեստա-արտադրական դպրոցի սան, հետագայում թատրոնի եւ կինոյի նշանավոր դերասան Նիկոլայ Սիմոնովը նկարչությունից բացի հետաքրքրվել է նաեւ թատերական արվեստով եւ որ դերասանի վարպետության նրա առաջին դասատուն եղել է Իզաբելլա Քալանթարը: 1922-ին կազմակերպվել է Սամարայի պրոֆմիության մշակութային բաժնի թատրոնը Տարբեր թատրոններից հրավիրված դերասանուհիներից մեկն էլ եղել է Քալանթարը: Արտիստուհու դերասանական արվեստը շատ բարձր է գնահատել նրա խաղընկեր, հետագայում Ռուսաստանի ժողովրդական արտիստ, դերասան եւ ռեժիսոր Գեորգի Շեբուեւը: Գ. Հաուպտմանի «Էլգա» պիեսի բեմադրության առնչությամբ Քալանթարի մասին նա գրել է, որ ինչպես ամբողջ հանդիսասրահը, այնպես էլ ինքը հափշտակված են եղել Էլգա-Քալանթարի ինքնատիպ, հմայիչ խաղով: Սարատովի թատրոնում երկու ձմեռային եւ մեկ ամառային թատերաշրջաններում Քալանթարը մարմնավորել է դրամատիկական եւ ողբերգական շնչի մի շարք առաջնակարգ կերպարներ, որոնց կատարումները մեծ ներգործություն են ունեցել ոչ միայն իր խաղընկերների, այլեւ հանդիսատեսների վրա առհասարակ: Այդ դերակատարումներից են. Մարիա Ստյուարտը, Նորան, Լեդի Միլֆորդը («Սեր եւ խարդավանք»), Նաստասիա Ֆիլիպովնան («Ապուշը»), Անտոնինան, Ելենան («Արեւի զավակները») եւ ուրիշներ, երբեմն նաեւ իր խաղաոճին չհամապատասխանող դերեր, որոնցից նա հրաժարվել է առաջին իսկ ելույթից («Վերջին զոհը»): Իսկ որոշ դերերում աշխատել է սոցիալական ուժեղ շեշտադրումներ մտցնել եւ հաջողության հասնել: Իզաբելլա Քալանթարի մարդկային արժանիքների եւ արտիստական ուժի ներգործության մասին խոսելով, Շեբուեւն ընդգծել է նրա անկեղծությունը, պարզությունը, պահանջկոտությունը աշխատանքի ընթացքում, ապա ավելացրելՙ «Նա եղել է առաջին եւ միակ ողբերգական դերասանուհին իմ թատերական կյանքի ճանապարհին»: Մշտապես մի թատրոնում աշխատելը, ինչպես ժամանակի շատ դերասանների մոտ, Քալանթարի համար եւս միօրինակություն էր, ուստի, նա ժամանակ առ ժամանակ գործել է տարբեր թատրոններում, տարբեր կոլեկտիվների հետ, տարբեր հանդիսականների համար: Ստեղծագործական այդ որոնումների ընթացքում նա բավականին երկար ժամանակ կանգ է առել Սմոլենսկի թատրոնում, որը դարձել է նրա դերակատարումների զարգացման դարբնոցը: 1932-1938 թվականների թատերական տարիներին նա ստեղծել է մեկը մյուսից հետաքրքրական դերակատարումներ, ինչպիսիք են Իգումենիան եւ Կլեոպատրան («Եգոր Բուլըչովը եւ ուրիշները» եւ «Թշնամիներ»), Էմիլիան («Օթելլո»), Սոնկան (Ն. Պոգոդինի «Արիստոկրատներ»), Թագուհին (Է. Սկրիբի «Մի բաժակ ջուր»), բարոնուհի Շտրալ (Լերմոնտովի «Դիմակահանդես») եւ շատ ուրիշներ: Նրա երկար տարիների բեղմնավոր աշխատանքը գնահատվել է Ռուսաստանյան Ֆեդերացիայի վաստակավոր դերասանուհու պատվավոր կոչում շնորհելու փաստով (1935 թ.): Հայրենական մեծ պատերազմից առաջ Քալանթարն իր բեմական գործունեությունը շարունակել է Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ հանգուցային քաղաքի թատրոնում: Ըստ երեւույթին, նա այնքան էլ գոհ չի եղել այդ շրջանի աշխատանքից, կյանքի պայմանները, աղջկա հիվանդությունը, երկար տարիներ հարազատներից կտրվածությունը, գուցե եւ այլ պատճառներ ազդել նրա հոգեբանության անկման վրա: Վերջապես վերականգնվել է կապը եղբոր հետՙ հեռագրով, նամակագրությամբ: Պահպանվել է 1940 թվականի հունիսի 7-ին Լեւոն Քալանթարի գրած նամակի սեւագրությունն ուղղված քրոջըՙ Զիզյային: Քրոջ բնավորությանը ծանոթ եղբայրը մեղմորեն, նրբին մոտեցումով քննադատել է նրաՙ թատրոնից թատրոն փոխադրվելու, նոր հանդիսատես գրավելու սովորությունըՙ համոզելով, որ ինքն արդեն անվանի դերասանուհի լինելով, այսուհետեւ պետք է աշխատի «մայրաքաղաքային տիպի» թատրոնում, ոչ անպայման Մոսկվայի կամ Լենինգրադի կենտրոնական թատրոններում եւ նստակյաց կյանք վարի: Ելնելով քրոջ վիճակից, ռեժիսոր եղբայրը նրան խորհուրդ է տվել դիմել Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի ղեկավարությանը, թատրոն, որի կազմակերպման շրջանում (1937) ինքը եղել է թատրոնի գլխավոր ռեժիսորը, խոստացել է օժանդակել նրան փոխադրվելու եւ տեղավորվելու հարցում, նշել զարգացող թատրոնի հեռանկարները, Հայաստանում ռուսական թատրոնի անհրաժեշտության, հայ-ռուսական թատերական կապերի ամրապնդման ու հարստացման գործում: Բայց ստեղծված հանգամանքներն ուրիշ աշխարհ են ձգել նրան: Սկսվել է Հայրենական պատերազմը, ապրել են ռմբակոծությունների տակ, ամեն գիշեր մահվան սպասելով: 1943-ին ընտանիքովՙ աղջկա եւ փեսայի հետ հայտնվել են Գերմանիայում: Ծանր օրեր են ապրելՙ անիծելով պատերազմը: Աշխատանք չեն ունեցել, աղջիկը թոքախտավոր է եղել, 1948-49-ին բուժվել է Շտուտգարտում: Միջոցներ հայթայթելու համար ստիպված է եղել տիկնիկներ ու խաղալիքներ պատրաստելով զբաղվել: Փեսան զբաղվել է միջոցառումներ կազմակերպելով: Հետո նախկին ռազմագերիներից թատերախումբ են ստեղծել, «Անմեղ մեղավորներ» եւ այլ պիեսներ բեմադրել, բայց եւ այնպես չարքաշ կյանքով են ապրել: 1949-ի փետրվարից, եթե ոչ ավելի շուտ, Քալանթարը կարողացել է կապ հաստատել ամերիկայաբնակ, դեռեւս 1910-ական թթ. իրենց ընտանիքին լավ ծանոթ Վիրգինիա եւ Զաքար Մամուլյանների հետ, որոնք տեղեկանալով Իզաբելլայի ծանր վիճակի մասին, դրամական եւ նյութական օգնություն են ցույց տվել: Իզաբելլան հետաքրքրվել է Վիրգինիա Մամուլյանի հոբելյանական հանդեսով. ինչ դերով հանդես գալու մասին: Մամուլյաններին գրած մի նամակից պարզվում է, որ Վիրգինիայի հոբելյանին ողջույնի խոսք են ուղարկել ինքն ու իրենց դերասանական խումբը: Կյանքի առաջընթացն, ըստ երեւույթին, Քալանթարին հնարավորություն է տվել «լույս» աշխարհ դուրս գալ, զբաղվել ասմունքով: 1954-ին Փարիզում մասնակցել է «թՐՈվՌ» եւ «կՏրպՉ» ամսագրերի խմբագրությունների կողմից կազմակերպված երեկոներին, որոնցից մեկը նվիրված է եղել Մարիա Նիկոլայեւնա Երմոլովային: Մի քիչ ավելի բարելավելով կյանքի պայմանները, Քալանթարը մասնակցել է մի շարք համերգների, ուր կարդացել է Պուշկինի, Տոլստոյի, Պաստեռնակի եւ ռուս այլ հեղինակների գործերից, ոչ միայն Գերմանիայում, այլեւ Հոլանդիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում: Մեծ հաջողությամբ եւ գովեստների փառքով իր բեմական գործունեությունն սկսած Իզաբելլա Քալանթարը կյանքից հեռացել է անփառունակ, հայրենիքի եւ հարազատների կարոտը սրտում: Բազում-բազում ներկայացումների վերջին վարագույրը, իրեն ուղղված ծափերով պսակված դերասանուհու կյանքի վարագույրը փակվել է օտարության մեջ մոռացության տրվածՙ 1962 թվականի հունիսի 25-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում: |