«ՀԱՅԱԿ» 2014 Մ. Հ. Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Ազգային կինոյի երրորդ «Հայակ» մրցանակաբաշխությունը, որին հյուրընկալվել էր աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը: Ազգային կինոյի մրցանակաբաշխությունն ստեղծվել է ազգային կինոարտադրության խթանման ու զարգացման, նոր անունների բացահայտման, հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելու նպատակով: Այս տարի մրցանակաբաշխության ժյուրիի կազմը ղեկավարում էր կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը: Ժյուրիի որոշմամբ լավագույն ճանաչվածները հետեւյալներն են. լավագույն խաղարկային ֆիլմ ճանաչվեց չորս երկրների` Հայաստանի, Ուկրաինայի, Վրաստանի եւ Ֆրանսիայի համատեղ արտադրության «Փարաջանովը»: Ֆիլմի ռեժիսորները ֆրանսահայ Սերժ Ավետիքյանն ու ուկրաինացի Օլենա Ֆետիսովան են: «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Սերժ Ավետիքյանն ու Օլենա Ֆետիսովան, լավագույն դերասանուհի` «Կաուչո» ֆիլմում գլխավոր դերակատար Լուսի Աբդալյանը, լավագույն դերասան` ֆրանսահայ Սերժ Ավետիքյանը «Փարաջանով» ֆիլմի գլխավոր դերակատարման համար: Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի եւ երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում մրցանակների արժանացան «Անպոչ ճգնավորը» ֆիլմի դերակատարներ` Նարինե Գրիգորյանն ու Աշոտ Ադամյանը: Լավագույն սցենար` Արեգ Ազատյանի եւ Շողիկ Թադեւոսյանի «Ռոմանտիկներ» ֆիլմը: Ի դեպ, ֆիլմը «Հայակ» 2014-ի ամենաշատ առաջադրումն ունեցող ֆիլմն էր: Լավագույն օպերատոր` Թամմամ Համզան, որը կրկնակի էր առաջադրվել. Արեգ Ազատյանի ու Շողիկ Թադեւոսյանի «Ռոմանտիկներ» եւ Սուրեն Բաբայանի «Փուշ» ֆիլմերի համար, լավագույն նկարիչ անվանակարգում «Հայակի» արժանացավ ուկրաինացի բեմադրող նկարիչ Վլադիսլավ Ռիժիկովը «Փարաջանով» ֆիլմի համար: Լավագույն կարճամետրաժ ֆիլմ ճանաչվեց Հրանտ Վարդանյանի «Սպիտակ գառան երազը»: Լավագույն վավերագրական ֆիլմ` Աշոտ Սարգսյանի «Նամակ մորը» ֆիլմն է, լավագույն անիմացիոն ֆիլմը` Վրեժ Քասունու` «Արշալույսը»: Լավագույն դեբյուտ` Ալեքսանդր Բաղդասարյանի «Ճանապարհ» ֆիլմը: Լավագույն արտասահմանյան ֆիլմ` բելգիահայ պրոդյուսեր եւ ռեժիսոր Րաֆֆի Աղեկյանի «Կինշասա. խենթ հող» վավերագրական կինոնկարը: |