ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՐԻՉԸ Նաիր ՅԱՆ «Ինծի համար ամենատպավորիչը մարդ ներկայացնող նկարն է»,- կերպարվեստի իր աշխարհն այսպես է ներկայացրել գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը «Ներհայեցում». այս խորագրի ներքո Հայաստանի ազգային պատկերասրահում մայիսի 10-ին բացվեցին Հակոբ Հակոբյանի աշխատանքների հետմահու անհատական առաջին ցուցահանդեսը: Հայացք ներսի՞ց, թե՞ հայացք ներսին. վարպետի ստեղծագործությունները դիտելիս երկու զգացողությունները մեկտեղվում են: Հայրենի բնաշխարհը նրա աչքերով մերկ քարեր, գորշ հող ու հորիզոններ է: Բայց այնքան կարոտ, նվիրում ու անկաշառ սեր կա նրա վրձնահարվածներում: Հայրենի եզերքը վառ ու տաք գույներով, ծաղկունքի խաղով, երկնքի լազուրով չի պատկերվում. Հակոբ Հակոբյանի վրձինը լուռ է սիրում հայրենի եզերքը, այդպես անբարբառ ու ինքնամփոփ է իր հողն ու ջուրը սիրում նաեւ վրձինը բռնած ձեռքը: Երաժշտագետ Դանիել Երաժիշտը, մեկ անգամ եւս շրջելով ցուցասրահներում, իր ասելով վերապրեց տասնյակ անգամ զգացածը. «Հակոբ Հակոբյանի ստեղծագործություններից երաժշտությունը լուռ է հոսում: Ես եկել էի այդ լռությունն ունկնդրելու: Երաժշտական տերմինով կասեիՙ լեգատո: Երաժշտությունը չի աղաղակում. հանգստություն կա նրա կտավներում, բայց ներսումՙ տագնապ: Զգում ես, որ հեղինակն անընդհատ մտորումների, անհանգստությունների մեջ է ապրել»: Հակոբ Հակոբյանն ապրել էՙ ուշադրությունը հասարակական կյանքի զարկերակին: Չնչին թվացող դեպքերն անգամ իր ներսով է անցկացրել, վերլուծել, ծանրութեթեւ արել հանգամանքներն ու պատճառները: Կգար տարբեր ցերեկույթների ու երեկոների, գիտաժողովների ու հանդիպումների, կկանգներ մի անկյունում կամ աննկատ կնստեր վերջին շարքերում ու նույնքան աննկատ էլ կհեռանար: Բայց հաջորդ օրերին «Ազգում» կամ մեկ, երբեմն էլ, ուրիշ պարբերականում կտպագրեր իր լուռ դիտողականության արդյունքՙ ցավ ու անհանգստություն պարունակող մի հրապարակախոսություն: Ինչպես ինքն էր անաչառ, անկողմնակալ ու խիստ իր կարծիքներում, նույնպիսին էլ իր գրիչն ու վրձինն էին: Չէր հավանում, օրինակ, Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը, չէր տրվում մեծամասնության դրական կարծիքի հոսանքին: Բարձրաձայնում էր. «Ինձ դուր չեկավ ֆիլմը, չի կարելի այդպես ներկայացնել Մեծ եղեռնի համազգային ու համամարդկային ողբերգությունը»: Իր երկիրն ու ժողովրդին սիրում էր չաղաղակող, շիտակ, անմնացորդ ու, կարելի է ասել, պատժիչ սիրով: Վատը տեսնելովՙ շրխկացնում էր դիմացինի ճակատին: Սիրտը ցավելուց էր այդպես անում, որովհետեւ ուզում էր նրան ուղղված ու փոխված տեսնել: Անգամ հայրենի հորիզոնները նկարելիս չէր ընտրում ծաղկած ծառերով, կանաչ հովիտներով ու բուրաստաններով դրախտավայրերը, այլ կտավին էր հանձնում բնաշխարհի այն պատկերները, որոնք գարուն թե ձմեռ, նույն իրատեսական պատկերն ունենՙ ճաքճքած հող, քար ու քերծ, կեռ ճյուղերով ծառեր, արմատներ, լացելու պատրաստ երկինք: Ինչպես կյանքում չէր ֆետիշացնի ոչինչ, պահի ազդեցությամբ չէր ոգեւորվի ու չէր տրվի ժամանակավոր հրապուրանքներին, այնպես էլ իր արվեստում չէր հավերժացնի պահի գեղեցկությունը: Անցողիկ, ծանծաղ բաները նրանը չէին: Նրանը խորքայինն էր: Ծաղկած ծառն ու խայտացող առվակը բոլորն են սիրում, իսկ լերկ ժայռն ու ճաքճքած հողը սիրում է նա, ով իսկապես է սիրում: Ռեալիստական պատկերներ, տարբեր հոգեվիճակներՙ վիշտ, ուրախություն, կյանքի կրկնվող հարաբերություններՙ անսովոր նկարագրություններով: Հակոբ Հակոբյանի ստեղծագործական ոճն ու ձեռագիրը դժվար հասկանալի են, նրա աշխարհ ներթափանցելու համար պետք է պատրաստ լինելՙ տեսնելու ոչ թե ռեալիզմը գեղեցիկի մեջ, այլ գեղեցի՛կը ռեալիզմի մեջ: Նրա գիտակցության, ընկալումների շերտերն ու արտահայտչամիջոցները չեն շոյում մեր տեսողական զգայարանները, այլ հանկարծակիի են բերում եւ ուղղորդում դեպի մտորումների եզերքներ: Ցուցահանդեսի այցելուների մեջ շատ էին ուսանողներըՙ մեծ մասամբ սկսնակ նկարիչներ: Մի աղջնակ քաշեց ընկերուհու ձեռքն ու չթաքցրեց. «Ես պիտի մի հարյուր տարի ապրեմ, որ հասկանամ այս խորությունը: Շատ բարդ է, ազդեցիկ ու ներսդ տակնուվրա անող»: Ընկերուհին արձագանքեց. «Դժվար է հավատալ, որ հայ նկարչի գործեր են, չէ՞: Միայն դիմագծերն են մատնում, որ նրա կերպարները հայեր են»: Ուրախացա, որ Հակոբ Հակոբյանի արվեստի շուրջը քննարկումներ են անում, այն էլ երիտասարդները: Իսկ այցելուների միջին ու ավագ սերունդը, որ առիթներ ունեցել է նախկինում եւս հաղորդակցվել վարպետի աշխարհի հետ, եկել էր նորոգելու տպավորությունները: Դուստրըՙ Նորա Հակոբյանը, մասնակցել է ցուցահանդեսի կազմակերպմանը: Ասաց, որ երբեք չի մեկտեղել Հակոբ Հակոբյանի արվեստըՙ որպես զավակ ու որպես ուղղակի արվեստասեր ընկալելու տարբեր զգացումները: «Ես իմ այդ երկու ընկալումները տարանջատում եմ: Սենտիմենտալություններ չեմ սերում. ասել, թե ինչ եմ ստացել հորիցս, սենտիմենտալ է. ամեն ինչ եմ ստացել: Նա արվեստագետ էր, մեծ արվեստագետ: Պատկերել Եղեռնը, լույսի ու խավարի աշխարհները, մարդու հոգեկան տառապանքները, Եգիպտոսից գալ Հայաստան ու արդեն հասուն նկարիչՙ նորից սկսել նոր կյանք, նոր ասելիքով. դժվար է եղել»: Վարպետը կյանքի վերջին տարիներին սկսել էր նաեւ քանդակներով զբաղվել: Ցուցահանդեսին դրանցից մի քանիսը ներկայացված են: Այդ գործերը նույնպես անսովոր են ու ներքին իմաստով, ասելիքովՙ խորհրդավոր, փիլիսոփայական: Իրեր ու առարկաներ, որոնք կերպավորված են ու շեշտում են մարդկային հոգեվիճակները: «Ներհայեցում» ցուցահանդեսը բաժանված է երեք ժամանակաշրջանի, ներառում է նաեւ առաջին անգամ ներկայացվող գործեր: Տարբեր թեմաներ, բայց ներքին կապով միահյուսված, միմյանց լրացնող: Նրանք Հակոբ Հակոբյանի աշխարհի բնակիչներն են, որոնց հոգին է վարպետը հավերժացրել: «Շնորհիվ հոգիիՙ մեր կյանքը չի սահմանափակվում տասնամյակներով, այլ հավիտենական է: Հոգին տեսանելի է դառնում եւ ձեւ է ստանում մարդու ստեղծած արվեստի միջոցով. արվեստն ալ բնատուր հատկություն է»,- Վարպետի բազմաթիվ մտորումներից մեկն է: Մտորումներ. նա հենց մտորումներ էր վրձնում: |