RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 16-05-2014



ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2014-05-15 22:03:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1431, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 24

ՖԵՆՈՄԵՆԸՙ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՖԵՆՈՄԵՆԻ ՄԱՍԻՆ

ՆԱԻՐ ՅԱՆ

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի ղեկավարները դեռ անցյալ տարի չէին թաքցնում իրենց երազանքըՙ Հայաստան բերել Բեռլինի պետական նվագախմբին ու լեգենդար դիրիժոր Դանիել Բարենբոյմին: Փառատոնին հաջողվել է բանակցություններից հետո վերջապես իրականացնել մեծ ցանկությունը. մայիսի 13-ին Բեռլինի պետական նվագախումբն ու դիրիժոր Դանիել Բարենբոյմը Երեւանում էին, իսկ երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում շքեղ համերգով ներկայացան հայ երաժշտասերին: Սա այն դեպքն էր, երբ բեմն ու դահլիճն իրար կես հայացքից էին հասկանում: Բարեբախտաբար, աշխարհահռչակ նվագախմբին լսելու էր եկել գիտակ, ինտելեկտուալ, բարձրաճաշակ հանդիսատես:

Երբ Հայաստան են գալիս համբավավոր երաժիշտներ ու նվագախմբեր, որպես կանոն, ամենաթանկարժեք տոմսերը շտապում են ձեռք բերել երաժշտությունից կիլոմետրերով հեռու մարդիկ, ինչ է թե իրենք էլ հայտնվեն քաղաքակիրթ, դասական միջավայրում ու հաջորդ օրը ընկերների մոտ գլուխ գովեն, թե այսինչ աշխարհահռչակ ջութակահարի կամ նվագախմբի համերգին են ներկա եղել: Բայց շարունակությունը չեն պատմում ընկերոջը, թե ինչ տանջանք-տառապանքով են առաջին 15 րոպեն մի կերպ դիմացել, երկրորդ 15 րոպեն քնել, իսկ հաջորդ15 ժամն ազատվել դասական երաժշտության կապանքներից ու Օպերայի շենքի հարակից սրճարանում իրենք իրենց պարգեւատրել յուղալի խորովածով ու սառը գարեջրով:

Սակայն այս անգամ Բեռլինի նվագախմբի համերգին ներկա էր երեւանյան հասարակության սերուցքը, որն ուղղակի ըմբոշխնում էր ամեն նոտան ու հնչյունը, իսկ նվագախումբն ու Դանիել Բարենբոյմն իրենց հերթին էին վայելում դահլիճի ջերմությունն ու փոխըմբռնման հաճույքը: Հեղինակավոր նվագախմբեր էլի են եկել մեր երկիր, բայց մեծ մասամբ ելույթ են ունեցել ելույթ ունենալու համարՙ գրագետ, նոտաների ու դիրիժորի թելադրանքով ու անհոգի: Նման մթնոլորտում հանդիսատեսը եւս սառը վերաբերմունք է ցուցաբերում:

Աշխարհի որ բեմում, ինչ նվագախումբ էլ ղեկավարի Դանիել Բարենբոյմը, դրական իմաստով անմիջապես իրենով է անում հանդիսատեսին: Դա շոու չէ, ոչ էլ դասական արվեստն անբովանդակ ցուցամոլությանը ծառայեցնելու հնարք: Դանիել Բարենբոյմը կապող օղակ է նվագախմբի ու հանդիսատեսի միջեւ. նա երաժշտությունն անց է կացնում իր միջով, հետո իր մեկնաբանությունն անցկացնում նվագախմբի միջով ու հաղորդում ունկնդրին:

Մատների վրա կարելի է հաշվել աշխարհահռչակ այն դիրիժորներին, որոնք անկեղծ ու անմիջական, առանց ցատկոտումների ու կիրթ շարժումների են ղեկավարում նվագախումբը: Մի ժեստ, մի ժպիտ, հոնքի մի շարժում, ու երաժիշտներից յուրաքանչյուրն ու բոլորը միասին արարում են երաժշտություն: Բարենբոյմը չի ղեկավարում նվագախմբին, այլ զրուցում է ամեն երաժշտի հետ առանձին ու բոլորի հետՙ մեկ լեզվով: Այդ անկեղծ զրույցի ալիքները տարածվում են նաեւ դահլիճում, ու արդեն բոլորն են դառնում այդ զրույցի մասնակիցը: Բարենբոյմը նաեւ Միլանի Լա Սկալա Օպերային թատրոնի, Չիկագոյի նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: Եվ բոլոր նվագախմբերի հետ նույնկերպ է աշխատումՙ կես հայացքից միմյանց ըմբռնելու կանոնով: Բեռլինի պետական նվագախումբն ու Չիկագոյի նվագախումբը Բարենբոյմին ընտրել են ցմահ գլխավոր դիրիժոր: Ֆրանսիայի «Պատվո լեգեոնի» հրամանատարի ու սպայի աստիճանի, Իտալիայի Հանրապետության Մեծ խաչի ասպետի, Ճապոնիայի կայսերական ընտանիքի «Կայսերական պարգեւի», Գերմանիայի Մեծ խաչի եւ աստղի, Գյոթեի մեդալի, իսպանական «Կոնկորդ» մրցանակի եւ մեկ տասնյակից ավելի այլ մրցանակների ու պարգեւների Բարենբոյմն արժանացել է ոչ միայն որպես երաժիշտ: Նա հայտնի է իր քաղաքական ու քաղաքացիական անաչառ հայացքներով: Լինելով իսրայելցիՙ խիստ քննադատության է ենթարկում իր երկրի արտաքին քաղաքական գործունեությունը, անվանում այն Պաղեստինի նկատմամբ զավթողական: Բարենբոյմը միակ իսրայելցին է, որին արաբական աշխարհն ընդունում եւ հարգում է: Նա ձեռնոց է նետել Իսրայելինՙ այնտեղ հնչեցնելով Վագների երաժշտությունը, որը մինչ այդ արգելված է եղել: «Վագները Հոլոքոսթի պատճառ չէ»,- հայտարարել է Բարենբոյմն իր հայրենիքում: Նրա խաղաղասիրական, ժողովրդավարական գործունեությունը բարձր է գնահատվում շատ երկրների ղեկավարների ու միջազգային կառույցների կողմից: Խիզախ, համառ, սկզբունքային, անաչառ ու մարտական կեցվածքով մաեստրոն շատ ամբիոններից է ելույթ ունեցելՙ ի պաշտպանություն ժողովրդավարության, երաժշտության միջոցով մարդկությանը դաստիարակելու եւ կրթելու գաղափարի:

Երեւանյան համերգից առաջ Դանիել Բարենբոյմը հանդիպեց լրագրողների հետ: Դա վարպետության, մարդասիրության դասընթաց էր: Մաեստրոն վերլուծեց մարդակային հարաբերությունները, փիլիսոփայորեն վերծանեց դասական երաժշտության ֆենոմենը: «Ազատ մտածել եւ ազատ արտահայտվել. ահա ամենագլխավորն իմ կյանքում: Ես պայքարում եմ դեմոկրատիայի համար եւ դիկտատուրայի դեմ: Մենք մեղավորներ ենք փնտրում բարոյական արժեքների անկման մեջ, քննադատում, որ հեռուստատեսությունը փչացնում է սերնդին, համակարգիչն ու համացանցըՙ եւս: Բայց մեղադրելուց առաջ մտածեքՙ իսկ ինչո՞ւ ենք կախվածության մեջ ընկնում հեռուստատեսությունից կամ համակարգչից: Ինքնակրթվել, զարգանալ, կարդալ, երաժշտություն լսել. ունե՞ք նման ցանկություն ու ձգտում, ուրեմն վտանգավոր ոչ մի կախվածության մեջ չեք ընկնի: Ուզո՞ւմ եք բարոյական արժեքները չկործանվեն, ուրեմն ինքներդ ձեզնից սկսեք փոխել աշխարհը, ինքներդ ձեզնից պահանջեք պահպանել այդ արժեքները: Կրթություն. ահա ինչն է պակասում այսօր մարդկությանը, պատասխանատվություն. ահա ինչի կարիքն ունենք այսօր»,- մեկնաբանում է Բարենբոյմը:

Մաեստրոյի կարծիքովՙ մաթեմատիկայի, մայրենի լեզվի, գրականության եւ այլ առարկաների նման հանրակրթական դպրոցներում պետք է հետեւողականորեն դասավանդվի նաեւ համաշխարհային երաժշտություն: «Երաժշտությունը ճաշակ է զարգացնում, հոգեւոր դաստիարակություն տալիս, բայց այն նաեւ ֆիզիկա ու մաթեմատիկա է եւ օտար լեզու, երբ նրան դեռ չես տիրապետում. մի խոսքով, երաժշտությունն իր մեջ ամբողջացնում է գիտության ու մշակույթի բոլոր ճյուղերը, դրա համար էլ երաժշտության տված կրթությունն ամենաբարձրն է: Երաժշտություն իմացող, բայց անկիրթ մարդ չկա. բացառվում է»,- համոզված է մաեստրոն:

Դանիել Բարենբոյմի խոսքը լսելուց հետո նրա մեկնաբանած ու մատուցած երաժշտությունն այլ կերպ է հնչումՙ մանավանդ երբ բեմում է 450 տարվա ավանդույթներով Բեռլինի պետական նվագախմբը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 16-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ