ՉԿԱ ԱՅԼԵՎՍ ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ` ՄԵՐ ԾԻԾԱՂԻ ԹԱԳՈՒՀԻՆ Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ 84 տարեկան հասակում օրերս վախճանվեց հայ թատրոնի նշանավոր վարպետներից մեկըՙ ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի, Հայաստանի կատակերգուների դպրոցի վերջին նշանավոր ներկայացուցիչ Սվետլանա Գրիգորյանը: «Կյանքից հեռացավ կյանք ու ժպիտ պարգեւողը, Ծիծաղի թագուհին, որը 60 տարուց ավելի մարդկանց խինդ նվիրեց, ստեղծեց այնպիսի բեմատիպարներ, որոնք միշտ կմնան մեր բեմարվեստի պատմության մեջ: Սվետլանա Գրիգորյանի կյանքը թատրոնին անմնացորդ նվիրման վառ օրինակ էր, նրա համար թատրոնն ընտանիք էր, սեր էր,կյանք էր...»,- ասել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: Սվետլանա Գրիգորյանը բոլորիս հայտնի «Տաքսի-տաքսի» ներկայացման մեջ տիկին Ռոզի կերպարն է կերտել, թերեւս ամենանշանավորը նրա կերտած կերպարներում: Ըստ Վիքիպեդիայի, Սվետլանա Գրիգորյանը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 30-ին, Երեւանում: Դեռ թատերական ուսումնարանի սան էրՙ 13 տարեկան, երբ իր կյանքը կապեց բեմի հետ եւ անդավաճան մնաց մինչեւ մահը, տասնյակ տարիներ: Հիսունհինգ տարի խաղացել է հայ բեմի մեծ վարպետ Կարպ Խաչվանքյանի հետ: Խաղացել է հարյուրից ավելի դերեր: Հեռուստաթատրոնի հիմնադիրներից է (1956 թ.): Երաժշտական կոմեդիայի թատրոն հրավիրվելով 1949 թ. Սվետլանա Գրիգորյանը անմիջապես ցուցադրեց իր ողջ տաղանդն ու հմայքը եւ դարձավ հանդիսատեսի հոգու տիրակալը: Իր անձնավորած կերպարներից շատերը դերասանուհին կերտեց մեծանուն Վարդան Աճեմյանի անմիջական աջակցությամբ, նրա ղեկավարությամբ ու խորհուրդներով, այնուհետեւՙ նույն թատրոնի գեղղեկ եւ գլխավոր դիրիժոր Երվանդ Ղազանչյանի ղեկավարությամբ: Աշխատելով օպերետային ժանրի վարպետաց-վարպետների հետ, փոխառնելով նրանց փորձըՙ Սվետլանան սկիզբ դրեց այդ ժանրի մի նոր տեսակի. ստեղծեց իր վարվռուն, կենսախինդ, հանդիսատեսի սիրտն ալեկոծող, նրան հոգեկան զմայլելի պահեր պարգեւող արվեստի գրիգորյանական տեսակը: Վաթսուն տարիների բեմական բուռն գործունեություն նույն թատրոնում,150-ից ավելի դերակատարումներՙ Սիմաՙ («Մի քաղաք կա Վոլգայի վրա»), Մարիետաՙ («Բայադերա»), Կոլոմբինաՙ («Վենետիկյան երկվորյակներ»), Լիքսենաՙ («Պարերի ուսուցիչը»), Նունուֆարՙ («Հին հիվանդություն»), Մարթաՙ («Ատամնաբույժն արեւելյան»), Ժաննաՙ («Ռոզ Մարի»), Նատաՙ («Սոֆիկի սխալը»), Դիանաՙ («Այլոց համար հիմար, իրեն համար խելոք»), Ռոզալյաՙ («Չանիտայի համբույրը») : Բազմաթիվ դերակատարումներով Սվետլանա Գրիգորյանը դրսեւորեց ստեղծագործական իր հնարավորությունները, քանդակային կերպարներ ստեղծելու իր կարողությունները, սակայն նրա բեկումնային դերը եղավ Ժիկվանՙ («Տիկին Միսիստրուին»): Մեր թատրոնի պատմության ցայտուն կերպավորումներից են նրա Ռոզըՙ («Տաքսի-տաքսի») եւ Սաթենիկըՙ («Իմ զոքանչը»): Սաթենիկն արդեն 36 տարվա բեմական կյանք ունի: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, արժանացել է միջազգային մրցանակների: Երեւանի պատվավոր քաղաքացի է: Արժանացել է բազմաթիվ պարգեւների եւ շքանշաններիՙ «Մովսես Խորենացի», Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի «Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ»: 2009 թ.-ին Լոս Անջելեսում հանդիսավորությամբ նրան է հանձնվել «Ծիծաղի թագուհի» տիտղոսը: 2011 թ. պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: |