ԱԶՆԱՎՈՒՐ. «ԻՆՉ ԻՄ ՏԱՐԻՔՈՒՄ ԱՄԵՆԱՇԱՏՆ Է ՊԱԿԱՍՈՒՄ, ՁԻ ՔՇԵԼՆ Է» ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Գերմանական մամուլը շռայլորեն անդրադարձել է Ազնավուրի 90-ամյակին:«Լեգենդը վերադառնում է», այս վերնագիրն են կրում Ազնավուրի բեռլինյան եւ ֆրանկֆուրտյան համերգները: Լեգենդար շանսոնյեն իր ծննդյան օրըՙ մայիսի 22-ին ելույթ է ունենում Բեռլինի 02-World արենայում, մայիսի 24-ինՙ Ֆրանկֆուրտիՙ Ֆեսթհալեում: Թեպետ մի քանի տարի առաջ էլ Ազնավուրն անկեղծ հարցազրույց էր տվել գերմանական մամուլին, ինչը ժամանակին փոխանցել էինք մեր ընթերցողներին, բայց այս անգամ «Ռայնիշե փոստը», «Զյուդդոյչե ցայթունգը», «Դեր թագեսշպիգելը», «Բեռլիներ մորգենփոստը»,«Բիլդ ամ զոննթագը» այնքան առատ նյութ են տվել նրա անձնական կյանքի մասին, որ աններելի կլինի դրանից զրկել հայ ընթերցողին:Ստորեւՙ մեր գործընկերների ստվարածավալ աշխատանքըՙ մի շնչով:
- Պարոն Ազնավուր, մայիսի 22-ին Դուք... - Ի՞նչ... մի վայրկյան պիտի մարտկոցներս փոխեմ: (5 րոպե է տեւում մինչ Ազնավուրը իր լսողական սարքը գործի է դնում): Մեր գործի մեջ ես միակն եմ, որ խոստովանում է, թե խուլ է: Մյուսներն ամաչում են: - Դուք միշտ անկեղծ եք եղել Ձեր հանդիսատեսի հանդեպ: Նույնիսկՙ Ձեր պատվաստված մազերի մասին... - Այո, երգում եմ նաեւ ծանր լսելու, պրոստատի (շագանակագեղձի ուռուցք) մասին: Իմ միակ վախն այն է, որ հանդիսատեսը միեւնույն է կիմանա ու ինձ կկարեկցի: - Հենց Ձեր 90-ամյակին եք Բեռլինում երգում: Ավելի լավ բան չկա՞ր անելու: - Ինչ տարբերությունՙ 89, թե 90: Դահլիճն ազատ էր, համաձայնեցի: - Բեմո՞ւմ եք տոնելու: - Ոչ բեմում, ոչ նախապես, ոչ էլ հետո: Ինչու տոնեմ, որ մի տարի էլ կորցրի՞: Տարեդարձի խնջույքը 18 տարեկանների համար է: - Այս տարի 30 համերգ եք տվել, դրանից բացի նոր ալբոմի վրա եք աշխատում, նաեւՙ նոր բեմական շոուի... - Ոչ թե 1, այլՙ 3: Մեկը Ֆրանսիայում, 2-րդը Նյու Յորքում, 3-րդըՙ Տորոնտոյում: - Մեծ սթրես: Ուրիշ 90 տարեկաններ նստում են պարտեզում, վարդերը կտրատում: - Շատ գեղեցիկ այգի ունեմ, բայց ամեն օր այնտեղ նստել չեմ կամենում: Նախկինում ամսական 20 համերգ էի տալիս, այժմՙ 2- 3: - Հիմա ի՞նչ եք սովորում: - Հաճախ չինական ռեստորան եմ գնում: Փորձեցի չինարեն սովորել, չստացվեց, հետո հասկացա ինչու: Նրանք այբուբեն չունեն, պատկերներ են, իսկ ես նկարիչ չեմ: - 6 երեխա ունեք: - 4: Դա էլ թերթի լեգենդներից է: Մյուս 2- ին չեմ ունեցել: 4 զավակ, 3 թոռ, ծոռ դժբախտաբար դեռ չունեմ, գաղափար չունեմ, թե ինչու թոռներս դրա համար այդքան երկար ժամանակ են ուզում: - Ձեր ինքնակենսագրականում գրում եք, թե իրականում Ձեր կյանքում «միայն 4 կամ 5 կնոջ եք սիրել»: Կարծում եքՙ քի՞չ է: - Շոուբիզնեսում եղողի համար քիչ է, ինձ համարՙ բավարար: Սերը գայթակղության հետ չպիտի շփոթել: Խոր սիրո մասին եմ պատմել, որ գտել եմ 4, 5 կնոջ մեջ: - Ո՞վ է 5-րդը, որ դեռ կասկածում եք: - Դե լավ, 5 են եղել: - Ձեր կապը Էդիթ Պիաֆի հանդեպ բնութագրել եքՙ Amitie՛ amoureuse: - Հեշտ է թարգմանել: Ընկերությունից առավել է, բայց դեռ սիրուն չի հասնում: Այդպիսի կապ իմ կյանքում շատ է եղել: Կնոջս չի անհանգստացնումՙ այդ կանանցից շատերը մեր ընտանիքի բարեկամներն են դարձել: Իսկ Պիաֆի պարագայում նշանակում էր, որ միշտ իրար կողքի էինք, ընկերներ, մեր միջեւ սիրային գործողություն չի եղել: - Հետո տարիներ շարունակ Պիաֆը Ձեր մենթորն էր: Ի՞նչն էր կապում Ձեզ: - Շատ ընդհանրություններ: Որպես ներգաղթյալի զավակներ երկուսս էլ Փարիզի փողոցներում ենք աճել, ֆրանսիացի երեխաներից տարբեր, որ իրենց ծնողների խիստ հայացքի ներքո էին մեծանում: Հանդիսատեսի հանդեպ սեր, իսկ բեմումՙ անկեղծություն, սա եմ Պիաֆից սովորել: - Շատերն էին թերահավատ, երբ 50-ականներին Պիաֆի ստվերից պոկվեցիք ու անհատական կարիերա սկսեցիք: Փոքրամարմին, առանց ձայնի, առանց խարիզմայի, դեմքն էլՙ ասես տխուր ծաղրածուի: - Դա ինձ խթանեց մարդկանց ապացուցել, թե սխալվում են: Հետագայում նրանցից շատերն իսկապես ամաչում էին ինձ փողոցում հանդիպելիս: - Դա Ձեզ ուրախությո՞ւն էր պատճառում: - Ոչ, իմ նպատակը պարզապես հաղթահարել էր: Երբ մարդն իր մեջ զայրույթ է կրում, երջանիկ չի կարող լինել: Ես երջանիկ եմ, ուզում եմ այսպիսին էլ մնամ: Կարեւորն այն էՙ հավատալ նրան, ինչ անում ես: Վախերը հաղթահարել, լավատես լինել: - Բայց Ձեր երգերը բնավ լավատեսական չեն: - Մի քանի ծիծաղելի կտորներ կան երգացանկումս, բայց Դուք ճիշտ եք: Երջանիկ երգերն իմը չեն, դրա համար հատուկ տաղանդ է պետք, ինչպես Շառլ Տրենեն (Charles Trenet) ունի: - Նկարագրեք տիպիկ ազնավուրյան օրը: - Առավոտյան վաղ եմ արթնանում, 6-ից 7-ը, ամեն օր լողում եմ 340 մետրՙ ամերիկյան հատուկ գոտու օգնությամբ, ինքս այդքան չեմ կարողՙ միգուցե 15 մետր: Հետոՙ ցնցուղ, Thalasso լոգարան ունեմՙ 190 փոքրիկ ցնցուղներով, հետո 12 րոպե մեջքս եմ մարզում, այնուհետ սափրվում, իսկ երբ համեմատաբար տեսքս տանելի է լինում, նախաճաշում եմ կնոջս հետ, հետո սկսում աշխատել: Իսկ դա նշանակում է գրել: Ամեն օր, թեպետ հետո դրա մեծ մասը դեն եմ նետում: Այն տեղերը, որ գրելիս ամենաշատն էի հավանել, հետագայում կարդալիս հաճախ ամենաահավորն են դուրս գալիս, դրանք մեքենայով ոչնչացնում եմ հիմնավորապես, որ էլ ոչ մի ապացույց չմնա: 8 համակարգիչ ունեմ, մեկի մեջ լուսանկարներ են, մյուսը գրելու համար է, հաջորդը երաժշտության, չեմ խառնում իրար: Երեկոները թեթեւ եմ ուտումՙ մի յողուրթ, մի բանան կամ ոչինչ: Նախաճաշում եմ, կեսօրին ճաշում բավարար, դրա համար էլ այս տարիքում զառամյալի տեսք չունեմ: Առանձին ննջարաններն էլ իրենց տեղն ունեն: Գիշերները կարդում եմ, իսկ կինս թեՙ լույսը մարի՛ր: Հիմա առանձին սենյակներ ունենք: Կինս հարցնում էՙ «մարդիկ ի՞նչ կասեն»: Իսկ ես պատասխանում եմՙ նրանք մեզ մոտ հո չեն քնում: - 1000-ից ավելի շանսոն եք գրել: - Դրանցից քչերն են վաճառքում ռեկորդն անցել, բայց դա իմ նպատակը չի էլ եղել: Ես հիթեր չեմ գրում, այլ բեմի երգեր, որ երկար են մնում: Օրինակՙ «Comme ils disent»... - 1972-ին գրված մի շանսոն, որ հոմոսեքսուալիզմի մասին է: - Այդ երգը երբեք մեծ հիթ չի եղել, բայց մինչեւ օրս աշխարհի տարբեր ակումբներում երգում ենՙ տղամարդիկ, կանայք, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Անգլիայում: Աշխարհի որ ծայրում ասես, երբ համասեռամոլ տղամարդկանց մի ակումբ եմ ոտք դնում, շուտով մի սեղան ազատում են իմ պատվին: Քանի որ 30 տարի առաջ մի երգ եմ գրել: Սա ինձ ավելի է երջանկացնում, քան հիթշքերթներում տեղ զբաղեցնելը: - Ձեր սկավառակների հրատարակչությունը ամբողջովին գնել է Ձեր հանգուցյալ կոլեգաներից շատերիՙ Էդիթ Պիաֆի, Շառլ Տրենեի, Իվ Մոնտանի հեղինակային իրավունքները: Դուք ֆրանսիական շանսոնի օլիգարխն եք: - Այնքան հարուստ չեմ, որքան բոլորը կարծում են: Լավ է փող ունենալը, բայց գերեզման չես տանելու: Հայաստանի համար իմ ծառայությունը 10 եվրո այստեղ, 20 եվրո այնտեղ չես կարող կոչել, դրանով 47 դպրոց չես կառուցի: - Երկար ժամանակ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործով եք զբաղվում: 2015-ին 100- ամյակն է: Դեռ հույս ունե՞ք, որ Թուրքիան կառերեսվի իր պատմությանը: - Էրդողանին ուղղված Մերկելի ելույթը ֆանտաստիկ էր: Այս տեսակ կամքի կարիքն ունենք, սա Մերկելին ոչ շահ, ոչ օգուտ կտա, բայց նա հակառակ դրա, անում է: Հույս ունեմ նրան մի օր կհանդիպեմ, որ շնորհակալություն հայտնեմ: - Ձեր կազմվածքը նկատի ունենալով Ձեզ սիրով Նապոլեոնիՙ մյուս մեծ փոքր ֆրանսիացու հետ են համեմատել... - ...որ երբեւէ չի տուժել իր հասակի պատճառով: Ի դեպ այն, ինչ իմ տարիքում ամենաշատն է պակասում, ձի քշելն է, շարժման այդ թեթեւությունը: - Իսկ ի՞նչն է ծերանալու մեջ ամենագեղեցիկը: - Ապրելը: - Ասում եք Ձեր շիրմաքարին պիտի գրվիՙ աստ հանգչում է ողջ գերեզմանոցի ամենածեր մարդը: - Հիմա էլ դա եմ ցանկանում: Մի բան միայն սիրով կավելացնեմՙ անունս: |