ՍԵՐԳԵՅ ԳՈՐՈԴԵՑԿԻ. «ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՈՂ ՔԱՂԱՔԸ» Լայնորեն հայտնի է ռուս անվանի բանաստեղծ, գրող, հրապարակախոս, թարգմանիչ եւ հասարակական գործիչ Սերգեյ Գորոդեցկու (1884-1967) անսահման նվիրվածությունը Հայաստանին, հայ ժողովրդին ու նրա մշակույթին: Դրա խոսուն վկայություններից մեկը 1919 թ. ապրիլի վերջերին Երեւան կատարած նրա այցելության հետ կապված մանրամասներն են: Հայաստանի Հանրապետության հռչակումից համարյա մեկ տարի անց, հայ ժողովրդի համար ծանր օրերին, երբ երկիրը լի էր անօթեւան գաղթականությամբ, երբ մոլեգնում էին քաղցն ու համաճարակը ամեն օր խլելով հարյուրավոր զոհեր, Ս. Գորոդեցկին Երեւան է գալիս «Վանի ստվերները» եւ «Ժամանակակից հայ քնարերգությունը» վերնագրերով դասախոսությամբ, ժողովրդի հոգսերն ու դառնությունները կիսելու պատրաստակամությամբ, Երեւանում համախմբվող հայ մտավորականների հետ շփվելու, ժողովրդի ու պետության կացությունը սեփական աչքերով տեսնելու մտադրությամբ: Իր ուղեւորությունը Թիֆլիսից սկսած Գորոդեցկին մանրամասն արձանագրել եւ «Ճանապարհորդություն դեպի Էրիվան» ընդհանուր խորագրով հրապարակել է «Կավկազսկոյե սլովո» ռուսալեզու թերթում: Ստորեւ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի, մասնավորապես Երեւանի ժամանակի հասարակական-քաղաքական կյանքի համար անչափ բնութագրական, այդ շարքի 2-րդ մեր թարգմանությամբ, առաջին անգամ ամբողջական տպագրվող ակնարկը «Վերակենդանացող քաղաքը» վերնագրով: Դրա հրապարակումը խորհրդանշական է Հայաստանի առաջին Հանրապետության տարեդարձի առումով, նաեւ հարգանքի տուրք է Ս. Գորոդեցկու հիշատակին ծննդյան 130-ամյակի առթիվ: ԱՆՈՒՇԱՎԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր
Հայերն իրենց համար գեղեցիկ դրոշ են վերցրել. նարնջագույնը, կապույտ եւ կարմիր գույները թարմության ու պայծառության տպավորություն են թողնում, եւ երբ, ավտոմեքենա նստելով, նրա վրա առաջին անգամ ես տեսա այդ դրոշը, այն ինձ թվաց ծիածանի մի կտոր: Վառ, փոքր չափսերով, մեծ պաստառի վրա խորհրդարանում այն հանդիսավոր ու շքեղ տեսք ունի, որը հիշեցնում է գեղջկուհիների տոնական զգեստները: Ոչ առանց հետաքրքրասիրության ես անցնում էի Աստաֆյանով: Ռուսական ծայրամասի նահանգական քաղաքը վերածվել էր պետության մայրաքաղաքի դեպի երկու ծով ելքով: Հետամնաց գավառական կյանքը փոխվել էր շինարարության տենդով: Չէ որ եթե այնտեղ Փարիզում, ձեւում են Հայաստանի քարտեզը, ապա այստեղ Էրիվանում, կատարվում են նրա ինքնուրույն կյանքի առաջին քայլերը: Այնտեղ մտահղացումներ, այստեղ իրագործում, այնտեղ գաղափարներ, այստեղ իրականություն: Ինչպես է այդ ամենն անդրադարձել քաղաքի վրա: Թեկուզեւ առեւտրական, բայց իդիլիական-ծույլ: Բացի այդ, հիշվում էին այն բոլոր սարսափները, որ պատմել էին Էրիվանի, սովից մահացող մարդկանց, անելանելի դրության մասին: Այդ ամենն ստուգելու, կյանքը սեփական աչքերով տեսնելու ցանկություն կար: Եվ այն, ինչ ես տեսա, կարելի է արտահայտել երկու խոսքով. Էրիվանը վերակենդանանում է: Արտաքինից այն քիչ է փոխվել. նույն փողոցներն ու խանութներն են, նույն թրեւ եկող ամբոխը, բայց շարժման ռիթմն է ուրիշ, ավելի գործնական, շատ նոր դեմքեր, Էրիվանում նախկինում չտեսնված մարդկանց նոր տիպ: Ամենուր ընթանում է ամենօրյա, մեղվաջան, համառ աշխատանք: Պետական շինարարության բուտաֆորիա ամենեւին տեսանելի չէ: Ոչ մի ցուցադրանք, ոչ մի «պալատականություն», ամեն ինչ համեստ է ու խելամիտ: Նաեւ բոլորի հոգում հենց նոր ապրած ծանր սեւ օրն է: Եվ այն ընդմիշտ վերացնելու համար Հայաստանի մայրաքաղաքը լարում է ողջ ուժերը: Ես այդ գործնական տոնը շատ զգացի մտնելով խորհրդարանի շենք: Հարմարավետ, համեստ ակումբի դահլիճ, փոքրիկ օթյակներ կառավարության անդամների համար, բեմի վրա նախագահության համար բարձրություն եւ երկու մեծ դրոշ: Բայց երբ այդ համեստ կահավորության մեջ սկսվում է նիստը, ելույթները, կուսակցությունների պայքարը, դահլիճը կերպարանափոխվում է: Այդ նույն դահլիճում տեղի էին ունենում մեր համերգներն ու դասախոսությունները, եւ դրանում առանձնահատուկ մտերմություն կար: Խորհրդարանի քվեստորը խաղում էր ներկայացման մեջ, վարչապետը կառավարությունում աշխատում էր իբրեւ գրական-գեղարվեստական խմբակի նախագահ եւ խորհրդարանի նախագահի ներկայությամբ քննարկվում էին թատերական հարցեր: Դա դետալ է, բայց շատ հատկանշական: Էրիվանյան նախարարները գահերին չեն նստում: Նրանք հասանելի են բնակչությանը, նրանք նույնպիսի աշխատավորներ են, ինչպես բոլորը: Եվ նախարարություններում, որոնք տեղակայված են հիմնականում գիմնազիայի շենքերում, երեւում է իսկական ժողովրդավարությունը: Չէ որ նոր երկրի առաջին նախարարների համար այնքան հեշտ էր վարակվել բյուրոկրատական ամբարտավանությամբ, ձեռք բերել բյուզանդական բարքեր: Էրիվանը բարեհաջող խույս է տվել դրանից, նա աշխատանքի է անցել առանց կեցվածք ընդունելու եւ քրտնաջան կատարում է իր դժվար աշխատանքը: Եվ այդ պատճառով էլ հույս կա, որ բոլոր դժվարությունները կհաղթահարվեն: Դրանք քիչ չեն: Հայաստանի Հանրապետությունը չի ստացել այնպիսի ճոխ ժառանգություն, ինչպես իր հարեւանուհին, Վրաստանը: Եթե թիֆլիսյան վարչական ապարատը, որը արքայական թափով տարածվել էր ողջ ծայրագավառի վրա, հնարավոր բոլոր հարմարություններն ու հնարավորություններն էր ընձեռում դրանից վրացական պետական ապարատը տնտեսելու համար, ապա չէ որ Էրիվանում բացարձակապես ոչինչ չկար: Ամեն ինչ պետք էր ստեղծել տեղում, նորից, եւ այստեղ էրիվանյան կառավարության առջեւ կար երկու ճանապարհ: Կարելի էր գծել պետական մեխանիզմի վիթխարի պլաններ եւ փորձել փախստականների երկրին փարթամ պետականության հանդերձանք հագցնել, որը վայել է Մեծ Հայաստանին, ինչպես այն գծագրվում է վերսալյան նախագծում: Բայց կարելի էր պետական գործը սկսել մանր բջիջներից անհետաձգելի հրատապ խնդիրներից, սեւագործ աշխատանքներից: Եվ հայերի գործնական միտքը նրանց հուշեց երկրորդ ուղու վրա կանգնելու ճիշտ որոշումը: Նախարարություններն այժմ գտնվում են կազմակերպչական շրջանում: Բաշխվում են աշխատանքները, սահմանազատվում պարտականությունները: Եվ հարկավոր է նշել հայերի խնամքոտ վերաբերմունքն իրենց տարածքում Ռուսաստանի թողած ժառանգության հանդեպ: Ռուսական մշակույթի հետ կապը նրանք չեն խզել եւ ազգային վերածնունդը հակադրության մեջ չի դրվել ռուսական ավանդույթներին: Եվ չնայած առկա են մի քանի որոշ նշաններ, որ Հայաստանը նույնպես կարող է հիվանդանալ ազգայնամոլության կարմրուկով, ինչից հիմա ապաքինվում է Վրաստանը, բայց այդ հիվանդությունը չի կարող խորապես վնասել Հայաստանի օրգանիզմը նույնիսկ դրան նպաստող կողմնակի հանգամանքների առկայության դեպքում: Դրա հետ միասին խնամքով պահպանվում են եւ ազգային բոլոր բջիջները, որոնք կարող են դառնալ պետական շինարարության գործոններ: Նկատի առնելով այս ամենը Էրիվանում կատարվող աշխատանքներում կարելի է լավ տվյալներ արձանագրել եւ նույնպիսի արդյունքներ կանխագուշակել: Համապատասխան պայմանների բացակայությամբ պետական մեխանիզմները կարգավորելու դեպքում այդ առաջին ծանր առաջադրանքի կողքին կանգնած է երկրորդ էլ ավելի դժվարը: Հայաստանի Հանրապետությունն ստեղծվում է նրա բնակչության բացառիկ վիճակում գտնվելու պայմաններում: Նրա բնակչությունը, ինչպես հայտնի է, գտնվում է փախստականի վիճակում: Այն ճնշող մեծամասնությամբ կտրված է իր բնակության վայրից եւ մշտական աշխատանքից: Եվ կարելի է ասել, որ փախստականների հարցը կլանում է ողջ կառավարության ուշադրությունը առանց գերատեսչությունների ու նախարարությունների խտրության: Տեղավորել, կերակրել, բնակչությանը տնտեսական կյանքին վերադարձնել, ապաստարանների հազարավոր որբերին կերակրել ու կրթել, կրճատել մահացությունը եւ հիվանդացությունը այդ ամենի համար հսկայական ուժեր, միջոցներ ու էներգիա է հարկավոր: Ոչ վաղ անցյալում այդ հարցը դրված էր անելանելի սուր: Վերջին ժամանակներս գործը կարծես թե սկսում է կարգավորվել: Կարսի մարզի միացումը Էրիվանը բեռնաթափելու հնարավորություն տվեց: Հիմա Արփաչայի վրա կարելի է տեսնել ամբողջ գյուղերով գետն անցնող, տուն վերադարձող ժողովրդի պատկերը: Եվ եթե տեղերում, ինչպես խոստացել են, բնակչությանը մատակարարեն Կարսում կուտակված հացով, ապա դրությունն զգալի կթեթեւանա: Էրիվանում էլ փախստականները դեռ շատ են, բայց ոչ առաջվա նման: Եթե կարելի է դեռ շուկայի շուրջ տեսնելՙ առվից, այնտեղ լվացված կանաչիների կտորներ որսացող կանանց ու երեխաների, ապա կարելի է նաեւ այլ պատկերներ նկատել. բաշխիչ կետի առջեւի հերթից հացը ձեռքին դուրս եկող փախստականների շարանը: Իհարկե, այդ օգնությունը հարկավոր է ուժեղացնել, տարածել նաեւ գավառների վրա, բայց այդտեղ արդեն կառավարությունն անզոր է, նա ինքն է օգնության սպասում: Հարկ է, որ ամերիկացիներն ու անգլիացիները դա անեին արագորեն: Ինչ էլ չլինի, Էրիվանում հիմա հուսահատական տրամադրություն չկա, ընդհակառակը, դրությունը բարելավող որոշ հեռանկարներ են ի հայտ եկել: Կառավարական աշխատանքին զուգահեռ զարգանում է հասարակական եւ քաղաքային կյանքը: Եռում է կուսակցական պայքարը, լույս են տեսնում թերթեր, ստեղծվում է գրական-գեղարվեստական խմբակ: Էրիվանցին հաստատապես անհանգստացած է եւ փոխում է իր սովորությունները: Առաջ նա ապրում էր իր այգիներում, իր հարմարավետ, համարյա միշտ պատուհաններին վանդակներով հին տներում: Այժմ այդ կալվածատիրական կենցաղ ներխուժել են նոր ձայներ: Կյանքը դարձել է անհանգիստ ու դժվար, բայց եւ հարուստ, հետաքրքրական, բովանդակալից: Քաղաքական հարցերը զբաղեցնում են բոլորին, նորությունները տարածվում են ինչպես ռադիոյով: Այդ իմաստով Էրիվանն անճանաչելի է: 1919թ., «Կավկազսկոյե սլովո» Նկար 1. «Լոնդոն» հյուրանոցը Աստաֆյան փողոցում 1111111111111111111 |