ԵՍ ՉԷԻ ԿԱՐՈՂ ՉԳՐԵԼ ԱՅՍ ՆԱԽԱԲԱՆԸ ՔԵՐՈԼԱՅՆ (Բարոնուհի) ՔՈՔՍ Գրող Զորի Բալայանն իր ինքնակենսագրական, վավերագրականՙ «Հաղթելով մահին» պատմվածքում պատմում է իր ծնողների եւ ստալինյան բռնաճնշումների զոհ դարձած միլիոնավոր խորհրդային քաղաքացիների ողբերգական ճակատագրի մասին: Հեղինակն օգտագործում է փաստացի նյութերի ահռելի քանակություն, այդ թվումՙ պատմվածքի հերոսների «անձնական գործերից»: Գիրքը լույս է տեսել «Ամարաս» հրատարակչությունում, հայերեն եւ ռուսերեն, Մոսկվայիՙ «Խուդոժեստվեննայա լիտերատուրա» հրատարակչությունում լույս ընդհատված ութհատորյակում, իսկ վերջերսՙ անգլերեն, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսի, ինչպես նաեւՙ ռուս մեծագույն գրականագետ եւ գրաքննադատ Լեւ Անինսկու թարգմանությամբ: Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում լեդի Քերոլայն Քոքսի առաջաբանը, որը, ի միջի այլոց, այս օրերին, ութսունմեկերորդ անգամ, իրավապաշտպանների խմբի հետ, այցելել է Լեռնային Ղարաբաղ:
Ինձ համար մեծ պատիվ է նախաբան գրել մի գրքի համար, որը, պետք է խոստովանեմ, պատկանում է մեծ մարդու գրչին: Գիրք հերոսական կնոջ ճակատագրի մասին: Դա Զորի Բալայանի հզոր, սուր, պատմականորեն նշանակալի տուրքն է իր մոր հիշատակին: Օգտվելով առիթից, ես առաջին հերթին ցանկանում եմ պատմել իրՙ հեղինակի մասին, քանզի գրում եմ անգլալեզու ընթերցողի լայն շրջանակի համար: Շատ տարիներ ականատեսն եմ եղել այն բանի, թե ինչպես են հարգում Զորի Բալայանին ողջ աշխարհով մեկ ցրված նրա հայրենակիցները, ճիշտ ինչպեսեւ բոլոր նրանք, ովքեր հայ չեն, բայց պատիվ ունեն ճանաչել նրան: Լինելով բժիշկ, իր այդ առաջին մասնագիտությունը տասը տարի ծառայեցրեց մարդկանց Կամչատկայի եւ Ծայր Հյուսիսի դժվարանցանելի ու խստաշունչ լայնություններում: Հետագայում Լեռնային Ղարաբաղի կողմից ընտրվեց որպես խորհրդային վերջին պառլամենտի պատգամավոր: Ինձ լավ հայտնի է, որ Զորին հերոսներից մեկն էր այն պատերազմում, որ Ադրբեջանը պարտադրեց Ղարաբաղին եւ մշտապես իր ժողովրդի կողքին էր գոյատեւման պատմական պայքարում, նրա հետ կիսելով տառապանքները, ձգտելով ստանալ որեւիցե աջակցություն միջազգային ասպարեզում: Ղարաբաղյան խնդրի արդարացի լուծմանը հասնելու Զորիի անխոնջ ցանկությունը, ես կասեիՙ պարտքն ու պարտականությունը նրան ստիպում էին շատ ճամփորդել աշխարհում: Ի դեպ, հենց նրա այդ բնատուր կոչման շնորհիվ էր, որ ինձ բախտ վիճակվեց Զորիին հանդիպել Մոսկվայում, որտեղ ելույթ էր ունենում մարդու իրավունքների գծով Սախարովյան հիշատակման կոնգրեսում: Այդ միջազգային կոնգրեսը կազմակերպել էր մարդու իրավունքների համաշխարհային ճանաչում ունեցող մարտիկ, ներկայումս հանգուցյալ Ելենա Սախարովա-Բոները: Զորին աշխարհի հայտնի իրավապաշտպաններին եւ պատվավոր հյուրերին կրքոտ ու պերճախոս կոչ ուղղեցՙ անելու ամեն ինչ, որպեսզի դադարեցվի Ադրբեջանի նողկալի մտադրությունըՙ դուրս քշելու հայերին իրենց պատմական հայրենիքից: Այդ ագրեսիվ քաղաքականությունն այն ժամանակ հրեշավոր թափ էր հավաքում «Կոլցո» հայտնի գործողության օգնությամբ: Հենց այդ բարբարոսական գործողությունից հետո էր, որ ողջ աշխարհի աչքի առջեւ հետեւեցին Ղարաբաղի հայկական գյուղերի շարունակական շրջափակումները, քաղաքացիական բնակչության նկատմամբ վայրագ վերաբերմունքը եւ ստիպողական, բռնի արտաքսումը պատմական հողից: Զորի Բալայանի համառ խնդրանքով Սախարովյան կոնգրեսը մարդու իրավունքների գծով միջազգային հայտնի փորձագետներին հանձնարարեց այցելել Հայաստանՙ հանդիպելու Ղարաբաղի տեղահանված բնակիչների հետ: Այդ հեղինակավոր պատվիրակությունը գլխավորելու պատիվն ընձեռվեց ինձ: Մենք հարցազրույցներ ունեցանք փախստականների հետ, որոնք ոչ շատ վաղուց կորցրել էին հայրենիքը, կորցրել էին իրենց բազմաթիվ հարազատներին ու մերձավորներին, ենթարկվել ադրբեջանցիների գազանություններին: Եվ հրապարակեցինք մեր զեկույցը, փաստաթղթավորելով եւ արտահայտելով մեր վերաբերմունքը այդ ահավոր խնդրի հանդեպ: Դա առաջինն էր իմ բազմաթիվ ուղեւորություններից (այս տողերը գրելու պահին դրանց թիվն արդեն 78-ն է) դեպի Հայաստան եւ Ղարաբաղի պատմական հայկական հող: Ավելի հաճախ ես այցելում էի պատերազմի դաժան ու դժվարին տարիներին, որը մոլեգնեց մինչեւ 1994 թվականը: Եվ բոլոր ուղեւորություններս կազմակերպեց Զորին: Այդ այցելությունների ընթացքում մեծագույն երջանկությունն ունեցա մոտիկից ճանաչելու Զորիի մորըՙ Գոհարին, որին Ստեփանակերտում կոչում էին «Մեր Գոհարը»: Վիճակվեց վայելել մտերմությունը նրա հետ: Եվ շուտով համոզվեցի, որ գործ ունեմ հիրավի հերոսական մի կնոջ հետ: Զորիի գրքի այս նախաբանում ես ցանկանում եմ ներկայացնել մի քանի պատմություններ, որոնք կցուցադրեն նրա մոր արտասովոր արիությունը, այդ դժվարին ժամանակներում իր ժողովրդի կողքին գտնվելու նրա կրքոտ ցանկությունը: Իմ առաջին պատմությունը տեղի է ունեցել 1993 թվականի հունվարի բառացիորեն սկզբին: Իմ անգլիացի եւ օտարերկրացի այլ գործընկերների հետ որոշեցինք Նոր տարում, որպես համերաշխության դրսեւորում, Ծննդյան տոներն անցկացնել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ: Այդ ժամանակ Ադրբեջանը, գործի դնելով իր ողջ ահռելի ռազմական զինանոցը, նախապատրաստվում էր հերթական անգամ զանգվածային հարձակում ձեռնարկել Ղարաբաղի վրա: Նպատակըՙ ավարտին հասցնել հայերի էթնիկական զտումը իրենց հայրենիքից: Քանի որ եղանակը թռիչքային չէր, իսկ մենք պետք է հասցնեինք տոներին լինել տեղում, ստիպված էինք Ղարաբաղ մեկնել հնամաշ ավտոբուսով: Մեզ հետ էր նաեւ Զորի Բալայանի մայրը: Նա հիվանդագին գունատ էր: Ինչպես պարզվեց, Երեւանում բուժում էր ստացել թոքաբորբից, որն այդպես էլ ավարտին չէր հասցրել: Շտապում էր Ղարաբաղ, որտեղ իրավիճակը շատ վտանգավոր էր: Մեր խարխուլ ավտոբուսը լռվեց Սարավանի լեռնանցքում: Երեկոյան մեքենաների ահռելի կուտակում առաջացավ: Ցուրտ էրՙ մինուս երեսուն աստիճան, իսկ սառը քամու առկայությամբՙ ամբողջ հիսուն: Եվ ահա Զորին, գիտակցելով, որ ահավոր հողմի պատճառով ձյան գերության մեջ հայտնված բոլոր փոխադրամիջոցներում մարդիկ կարող են տուժել, սեփական կյանքը վտանգելով որոշեց անթափանց խավարում գտնել բոլոր չտաքացվող մեքենաները, որտեղ երեխաներ ու ծերեր կային: Եվ նրանց բոլորին տեղափոխեց մեր ավտոբուս, որը թեեւ խարխուլ, բայց տաք էր: Մենք բոլորս նետվեցինք Զորիին օգնության, եւ շուտով մեր ավտոբուսը վերածվեց յուրօրինակ հիվանդասենյակի: Եվ այդ նեղությունները ձգվեցին ողջ գիշեր, մինչ հաջորդ օրվա երեկո: Մարդկանց միջով մի կերպ մոտենալով Մեր Գոհարին, հարցրեցի, թե ինչու է այդպես վտանգում իրեն: Չէ՞ որ չափազանց վատառողջ է: Թոքերի բորբոքման հետ չեն կատակում: Եվ այդ վիճակում ձգտում է Ղարաբաղ, որտեղ «Գրադ»-ի հրթիռային հարվածների ու ռմբարկումների պատճառով բոլորը գտնվում են նկուղներում: Եվ Մեր Գոհարը մեղմ բացատրեց ինձ, թե ինչու էր որոշել շտապ վերադառնալ Ստեփանակերտ: Չէ՞ որ դեռ նախորդ այցելությանս իմացա, որ նրա բակում հրաձգություններից զոհվել էր վեց երեխա: Եվ ահա թե ինչ ասաց ինձ. «Եթե եսՙ Զորիի մայրը, չվերադառնամ Ղարաբաղ, ապա քաղաքում կմտածեն, որ մեր գործերը չափազանց վատ են: Կասենՙ «ինչ-որ բան այն չէ»,- եւ հավելեց,- «դեռ վաղն էլ Նոր տարի է: Ինչպե՞ս չգնաս Ղարաբաղ»: Եվ ես մտածեցիՙ մայրական ու մարդկային անձնազոհության ի՜նչ հզոր ներուժ է ստիպում նրան, արհամարհելով սեփական ծանր հիվանդությունը, համառորեն ձգտել Արցախ: Նա վերադառնում է մի քաղաք, որն ընկել է անվերջանալի ռմբարկումների եւ հրթիռակոծությունների մսաղացը: Հետո իմացա, որ մտել էր բնակարան ու բոլոր պատուհանների ապակիները փշրված տեսել: Իմացա նաեւ, որ շենքից տասնչորս երեխաներ էին զոհվել: Իմ երկրորդ պատմությունը հենց հուշն է Զորի Բալայանի մոր մասին: Մեր Գոհարը, ինչպեսեւ ողջ Ստեփանակերտը, գիշերում էր նկուղներում: Կյանքն այնտեղ ահավոր էր: Առավելեւսՙ ձմռանը: Սառնամանիք ու խոնավություն: Ո՛չ էլեկրականություն, ո՛չ խմելու ջուր: Լամպերի փոխարեն լուսավորում էր գազի բոցը: Սեփական աչքերով եմ տեսել այդ նկուղային կյանքը Ստեփանակերտում: Տեսել եմ, թե ինչպես են այդ խիզախ մարդկանց այցելում Ստեփանակերտի թատրոնի խիզախ արտիստները, նորոգում նրանց ոգին, նույնիսկ հումորը: Մշտապես նրանց մեջ էր Զորիի մայրը, որը, կրկնում եմ, հիվանդ էր թոքաբորբով: Չէ՞ որ այդ ամենը կատարվում էր ռազմական գործողությունների, հարազատների ու մերձավորների անվերջանալի կորուստների, Արցախի անմեղ խաղաղ բնակչության վրա զինված ադրբեջանցիների անխնա հարձակումների խորապատկերին: Եվ ահա նման իրավիճակում մենք պատրաստվում էինք Ծննդյան տոներին: Տոնՙ տառապանքի եւ գոյատեւման պայքարի կիզակետում: Իմ վերջինՙ երրորդ պատմությունը կապված է նրա հետ, որ ես Ստեփանակերտում էի լինում այն ժամանակ, երբ Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային համաձայնագրերը, հարձակվում էր հենց խաղաղ բնակչության վրա եւ հրթիռակոծում ոչ միայն «Գրադ» կայանքներից: Հաճախակի էին դարձել օդային ռմբարկումները արգելված, 500 կիլոգրամանոց կասետային ռումբերով: Ես հիշում եմ այն ահավոր օրը, երբ Զորի Բալայանի հետ այցելեցինք ոչ թե մի տուն, այլ մանրաքարի մի ողջ սար: Դա այն էր, ինչ մնացել էր Սամվել Ավագյանի ընտանիքի երկհարկանի տնից: Հասցենՙ Մխիթար Սպարապետի փողոց, տուն 50: Սամվելն ու իր եղբայր Սուրենը գլխիկոր ու լուռ նստած էին երբեմնի տան փլատակներին: Դժվար չէր գուշակել, թե ինչի մասին էին մտածում նրանք: Դեռ առավոտյան այդ տանը ուրախանում եւ խաղում էին Սամվելի փոքրիկ երեխաներըՙ տասներկուամյա որդի Գրիգորը եւ ութամյա դուստր Լիլիթը: Նրանց հետեւում էր մայրըՙ Նելլին, որ հղիության իններորդ ամսում էր: Անհնար է դա նկարագրել: Դրանից հետո իմ գործընկերների հետ այցելեցինք Զորիի մորը: Նա տխուր նստած էր բազկաթոռին: Պարզվեց, որ արդեն գիտեր Սամվել Ավագյանի ճակատագրի մասին: Եվ նա ասաց, թե մտածելով Սամվելի ողբերգության մասին, ակամայից հիշեց, թե ինչպես, վերադառնալով ստալինյան ճամբարներից, իմացավ, որ ոչ միայն ինքը, այլեւ իր շատ ազգականներ զրկվել են իրենց պապերի կառուցած տներից: Եվ ավելացրեց. «Թեեւ այսօր ոչ մի ողբերգություն չի կարելի համեմատել դժբախտ Սամվելի կրած ողբերգության հետ»: Ես բոլորովին չեմ շեղվում նախաբանի թեմայից: Բանն այն է, որ այս բոլոր հիշողությունները Զորի Բալայանի մոր մասին ցայտուն պատկերավորում են ճակատագրերը, որ նա նկարագրել է իր «Առանց մահվան իրավունքի» գրքում, որն առանձնապես այսօր ունի ահռելի նշանակություն: Քանզի մենք տեսնում ենք, թե ինչպես են այսօր աշխարհում մոռանում Ստալինի հանցագործությունների մասին: Նաեւ բանն այն է, որ կարդալով Զորիի գիրքը, ես տեսնում եմ, թե ինչպես է նրա ընտանիքի եւ հենց իր ճակատագիրը սերտորեն կապված միլիոնավոր մարդկանց ողբերգական ճակատագրերին, որոնք դարձել են մարքս-լենինյան գաղափարախոսության եւ ստալինիզմի դաժան բռնատիրության զոհեր: Զորիի ընտանիքի պատմությունը յուրօրինակ հայելի է, որում արտացոլված է այն դարաշրջանի եւ դրան ծնունդ տված գաղափարախոսության սարսափների ահռելի համապատկերը: Բազմաթիվ անգամներ ես եւ գործընկերներս այցելել ենք Ամարաս տաճար, որտեղ ժամանակին ավագ քահանա է եղել Զորիի պապ Հովհաննեսը եւ սպանվել է Ղարաբաղի շատ հայ հոգեւորականների հետ: Նրա հայրըՙ Հայկ Բալայանը, լուսավորության (կրթության) նախարարը ուղարկվել է ԳՈՒԼԱԳ տխրահռչակ մահվան ճամբարներ: Գիրքը մանրամասն պատմում է, թե ինչպես է նրա մայրը ինը տանջալից տարիներ անցկացրել սիբիրյան ճամբարներում, որտեղ փորձել է ինքնասպանություն գործել: Սակայն սերը մանկահասակ որդիների հանդեպ եւ այն հույսը, թե գուցե գոյատեւի այդ սարսափելի պայմաններում, վերջին պահին ուժ են տվել նրան հաղթելու ինքն իրեն: Արգելված էր նույնիսկ նամակագրությունը, եւ նա ոչինչ չգիտեր իր երեխաների մասին, որոնք անհայր ու անմայր մեծացան լեգենդար Մարկոս պապի ձեռքի տակ: ...Ես երջանկություն եմ ունեցել Զորիի մոր հետ բազմաթիվ անգամներ հանդիպելու Ղարաբաղյան պատերազմի դաժան ու մռայլ տարիներին: Նա երբեք չգանգատվեց ծանր ու բազմաթիվ դժվարություններից, որոնք առհասարակ Ղարաբաղի ողջ ժողովրդի կյանքի մասն էին այն ողբերգական օրերին: Նրա տունըՙ մեծապես վնասված հրթիռների ու արկերի բեկորներից, լի էր ընտանեկան հուշանվերներով, այդ թվում ԳՈՒԼԱԳ-ում սպանված ամուսնու, քսանական թվականներին Ղարաբաղում սպանված հոգեւորական Հովհաննեսի լուսանկարներով, Զորիի դիմանկարներովՙ բեւեռային հագուստով, երբ որպես բժիշկ աշխատում եւ ապրում էր Կամչատկայում: Հիշեցնեմ եւ այն, որ Մեր Գոհարը, չնայած բոլոր դառնություններին, պահպանել էր հումորի սուր զգացումը: Ի դեպ, որպես հաճոյախոսություն, նա ինձ նվիրել է «Քոքսայան» ազգանունը: Իհարկե, Զորի Բալայանի գիրքը ժանրային առումով առաջին հերթին դրամատիկաական-փաստագրական վեպ է երկար ժամանակահատվածով «խորհրդային» կոչված մի ողջ ժողովրդի ողբերգության մասին, եւ ողբերգությանՙ բուն դարաշրջանի, որը կոչում ենք «ստալինյան»: Իսկ որ նախաբանում հիմնականում գրում եմ հեղինակի մոր մասին, յուրովի տրամաբանական է եւ օրինաչափ: Նախ, Մեր Գոհարը վեպի կենտրոնական գործող անձն է, եւ նրա ճակատագիրը կարմիր թելի պես անցնում է ողջ գրքի միջով: Երկրորդՙ իմ կյանքն էլ այնպես տնօրինեց, որ ամենից լավ ու ամենից խոր ես ճանաչեցի հենց այդ, իմ սիրելի ղարաբաղցի կնոջը, որը մարմնավորում է ղարաբաղյան մոր կերպարը: Ամեն անգամ, երբ հանդիպում էի այդ խիզախ, տարեց, բայց դեռեւս նրբագեղ կնոջը, ես զգում էի, որ գտնվում եմ իսկական հերոսուհու կողքին: Նա հայ ժողովրդի արիության խորհրդանիշն էր, որն անսասան էր պատմական հողից ոչ մի թիզ չզիջելու վճռականության մեջ: Ընդհանրապես ես ուշադրություն եմ դարձրել, որ Ղարաբաղում մանավանդ կանայք, մանավանդ մայրերը պատրաստ են գնալ ամեն մի զոհողությանՙ հանուն իրենց ժողովրդի հոգեւոր եւ մշակութային եզակի ժառանգության պահպանման: Զորի Բալայանի գիրքը, որն, ինչպես ասացի, նվիրված է հիմնականում իր մոր ճակատագրին, հարգանքի տուրք է ոչ միայն նրա հիշատակին, այլեւ ահավոր գաղափարախոսության միլիոնավոր այլ զոհերին: Յուրաքանչյուր տոտալիտարիզմի իրական էությունը պետք է հետազոտվի եւ տպագիր ամրագրվի ապագա սերունդների համար: Քանզի միշտ կգտնվեն մարդիկ, որոնք կցանկանան սեփական ձեւով խմբագրել ու սրբագրել պատմությունը, արդարացնել եւ ճերմակեցնել բռնակալների գործած սեւ ու սահմռկեցուցիչ հանցագործությունները: Հայտնի է, որ այն մարդիկ, ովքեր մոռանում են անցյալի հանցագործությունները, դրանք դատապարտում են կրկնվելու ապագայում: Ջորջ Օրուելը հիշեցնում է մեզ. «Նա, ով վերահսկում է մեր անցյալը, վերահսկում է նաեւ մեր ապագան»: Եթե մենք մանրազնին չուսումնասիրենք եւ մեր հիշողության մեջ չամրագրենք Խորհրդային Միությունում բռնատիրության տարիներին կատարված հանցագործությունները, ոչ միայն դավաճանություն կգործենք զոհերի հիշատակի առջեւ, այլեւ ապագա սերունդներին խոցելի կդարձնենք նոր հանցագործությունների համար: Հենց այդ պատճառով ես սրտանց ողջունում եմ Զորի Բալայանի գրքի հրատարակությունը նաեւ անգլերեն եւ հարգանքի իմ տուրքը մատուցում հեղինակին, նրա մորը եւ հորը, նրա ընտանիքին եւ բոլորին, ովքեր պատրաստ են նույնիսկ սեփական կյանքի գնով ազատություն ձեռք բերել ժողովրդի համար: Դեռեւս քառորդ դար առաջ մեր իմաստուն պոետ Ջոն Դոնը գրել է. «Չկա մարդ, որ կղզու նման ինքն իրենով է: Յուրաքանչյուրը մասն է Ցամաքի: Աշխարհամասի: Եվ եթե Ալիքը քշի, ծով տանի Ափամերձ Քարափը, Եվրոպան ավելի փոքր կդառնա: Եվ նույնը կլինի, եթե ջուրն իր տակ առնի ու քանդի Հրվանդանը, Դղյակը քո, Ընկերոջը քո: Յուրաքանչյուր մարդու մահը մաս է տանում ինձնից, քանզի ես միաձույլ եմ ողջ Մարդկությանը, եւ այդ պատճառով չհարցնես երբեք, թե ում մահն է ազդարարում Զանգը. այն հնչում է Քեզ համար»: Ես ինքս գտնում եմ, որ մեզանից նրանք, ովքեր բախտ ունեն ապրել ազատության պայմաններում, պարտավոր են իրենց ազատությունն օգտագործել նրանց անունից, ովքեր զրկված են այդ արտոնությունից: Զորի Բալայանի մայրը եւ հայրը եւ միլիոնավոր ուրիշներ զոհ գնացին ազատությանն իրենց նվիրվածության պատճառով: Ես հույս եմ տածում, հավատում եւ աղոթում, որ Զորի Բալայանի «Առանց մահվան իրավունքի» գիրքը ոգեւորի բոլոր նրանց, ովքեր կընթերցեն այն եւ այնժամ կգնահատեն սեփական ազատությունը, այն օգտագործելով հանուն նրանց, ովքեր ներկայիս աշխարհում տառապում են բռնատիրությունից եւ տոտալիտար գաղափարախոսություններից: Եթե այդպես վարվենք մենք բոլորս, ապա մենք բոլորս կգիտակցենք, որ ստալինյան բռնաճնշումների զոհերը չեն մոռացվել եւ չեն մոռացվի, քանզի Զորի Բալայանի այս գիրքը, որպես մնայուն արժեք, շարունակելու է հիշեցնել այդ մասին: Նկար 1. Քերոլայն Քոքսը այցելել է Գոհար Մայրիկին |