ԼԻՆ ԴՈՒՐՅԱՆ ՄԿՐՏԻՉ ՄԿՐՏՉՅԱՆ, Օպերային երգիչ, Ֆրանսիայում կոնսերվատորիայի դասախոս Փարիզում, կյանքի 81-րդ տարում երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվեց մեծանուն երգչուհի Լին Դուրյանը: Լին Դուրյանը (Արփինե-Ժոսլին Տիրատուրյան) ծնվել է 1933 թվականին Ֆրանսիայի Լիոն քաղաքում, Արմենակ եւ Երջանիկ Տիրատուրյանների ընտանիքում: Ավարտել է Լիոնի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը: Այնուհետեւ ընտանիքը տեղափոխվել է Փարիզ, եւ Լինը սկսել է հաճախել երգեցողության դասերի ժամանակի մեծ երգչուհի Սյուզան Բոմոնի մոտ: 1960-70-ական թվերին հանդիսացել է Փարիզի Գրանդ Օպերայի առաջնակարգ երգչուհիներից մեկըՙ կատարելով մեձձո-սոպրանոյի երկացանկի մեծ դերերգերը: Հատկապես նշանավոր են նրա Էբոլին, Ամներիսը, Ազուչենան Ջ. Վերդիի «Դոն Կարլոս», «Աիդա» եւ «Տրուբադուր» օպերաներից, Սանտուցցան Պ. Մասկանիի «Գեղջկական ասպետություն», Վեներան եւ Ֆրիկան Ռ. Վագների «Տանհոյզեր» եւ «Վալկիրիա» օպերաներից, Կարմենը Ժ. Բիզեի «Կարմեն»-ից, Մարգարիտը Հ. Բեռլիոզի «Ֆաուստի դատապարտումը» օպերայից, Շարլոտը Ժ. Մասնեի «Վերթեր», Ադալջիզան Վ. Բելլինիի «Նորմա» օպերաներից: Միջազգային երաժշտական քննադատները նրան անվանել են «իր ժամանակի լավագույն Կարմեն»: Երգել է աշխարհի բազմաթիվ մեծ թատրոններում, նշանավոր երգիչներիՙ Մարիա Կալլասի, Լեոնտին Պրայսի, Մարտինա Արրոիոյի, Նիկոլայ Գյաուրովի, Բորիս Խրիստովի, Ջոն Վիկերսի, Ժոզե Վան-Դամի, Ռոբերտ Մերիլլի հետ: Լին Դուրյանի ձայնը առանձնանում էր իր հզորությամբ, թավշյա տեմբրով եւ բացառիկ երաժշտականությամբ: Գրանդ Օպերայի նվագախմբի երաժիշտները նրան անվանում էին «մեր հրաշալի թավջութակը»: 1966 թվականին Լին Դուրյանն արժանացել է «Ֆիլիպս»-ի մեծ մրցանակինՙ մեձձո-սոպրանոյի երկացանկի օպերային արիաների լավագույն ձայնագրության համար: Հայաստանում առաջին անգամ ելույթներ է ունեցել 1972 թ.-ին, «Գոսկոնցերտ»-ի հրավերովՙ հանդես գալով Ալ. Սպենդիարյանի անվան Օպերային թատրոնում Ամներիսի, Էբոլիի եւ Ազուչենայի դերերգերով, ինչպես նաեւ մենահամերգով, այնուհետեւՙ Օդեսայում եւ Լենինգրադում: Իր մենահամերգներում եւրոպական դասական կոմպոզիտորների ստեղծագործությունների կողքին Լին Դուրյանը օտար հանդիսատեսին մշտապես ներկայացրել է Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Ռ. Մելիքյանի, Մ. Եկմալյանի, Ա. Սաթյանի երգերն ու ռոմանսները: 23 տարի դասավանդել է Ֆրանսիայի Բուլոնյ-սյուր-Մեր քաղաքի կոնսերվատորիայում: Կյանքի վերջին տարիներին, օպերային բեմին հրաժեշտ տալուց հետո, Լին Դուրյանը 2003-2008 թ.թ. ամեն տարի եկել է Հայաստան, տվել բարեգործական համերգներ Երեւանում եւ Արցախում, անց է կացրել երգեցողության վարպետության դասեր Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում եւ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում: Արցախյան պատերազմի տարիներից սկսած Լին Դուրյանը մշտապես նյութական օգնություն էր տրամադրում Արցախում ապրող երկու կարիքավոր ընտանիքի: 2007թ.-ին իր հայրենանվեր գործունեության համար Լին Դուրյանը պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության ոսկե մեդալով: |