ՈՒ ՆՈՐԻՑ ՇԱՌԼ Նաիր ՅԱՆ Փարիզի արվարձանները նախորդ դարասկզբին աղքատություն էին բուրում: Փարիզի արվարձաններում կոշիկ մաքրող, լրագիր վաճառող տղաները հաճախ մեծ-մեծ երազանքներ էին ունենում, բայց շատերի իղձերն այդպես էլ թաղված էին մնում փոշու ու կեղտի մեջ: Նա հայկական արմատներ ուներ, էրզրումցի հայր ու իզմիրցի մայր, որ Փարիզ էին եկելՙ շատերի նման բախտ որոնելու: Հայ պատանին Փարիզի արվարձաններում թափառում էր մի կտոր հացի հույսով, բայց ականջներում երաժշտություն կար: Աղքատության ու քաղցի օղակը որքան սեղմում էր, այնքան ավելի էր ահագնանում երգելու ցանկությունը: Իրար հետեւից մի քանի դռներ թակեց. գոնե կաբարեներում ու սրճարաններում երգեր, միգուցե հավանեին: Բերանը բացում էր. կոկորդից խռպոտ հնչյուններ էին դուրս գալիսՙ ֆրանսերենը համեմած հայերեն շեշտադրումներով: «Ձայն չունես, ավելի լավ է մի ուրիշ գործ գտիր քեզ համար»,-միաբերան ասում էին բոլորը, այդ թվումՙ նրա ձայնալարերն ուսումնասիրող բժիշկները: Բայց հայկական մեծ քթով տղան հարյուր զգայարանով զգում էր, որ իր ժամը գալու է: Վտիտ դեմքի վրա վառ արտահայտված մեծ քիթը համը հանում էր: Առաջին աշխարհամարտի խառը ժամանակներում ստիպված էր լինում գրեթե ամեն օր փասատթղթերը ցույց տալ գերմանացիներինՙ ապացուցելու, որ հրեա չէ: Ընկերների հորդորով քիթը վիրահատեց, բայց ձայնալարերը նույնը մնացին, նույնը մնաց նաեւ հասակըՙ երբեւէ երկարելու անհույս փափագով: Միակ ու հավատարիմ երկրպագուներն ընտանիքի անդամներն էին, որոնց առաջ փռում էր ամբողջ երկացանկն ու հագուրդ տալիս բեմ դուրս գալու կրքերին: Առաջին ծափերը մորից, հորից ու քրոջից ստացավ: Կյանքի ամենասովորական դեպքերից, հարաբերություններից ծնվող երգերը նախ զրուցում էին իր հետ, հետոՙ ընտանիքի անդամների: Ու մեկ էլ Փարիզի արվարձանների մութ անկյուններից սկսեցին հատուկենտ գրոշներ նետել այդ երգերի ուղղությամբ: «Ես հարբած եմ». երգեց տղան: Պարզ, անմիջական, առանց պաթոսի ու սենտիմենտների պոեզիա, որ անգամ հանգ չուներ: Ասես մենախոսություն լիներ: Նա հենց այդպես անպաճույճ էլ պատկերացնում էր իր առաջին բեմելըՙ դահլիճ, մութ բեմ ու մի հատիկ դեղին լույսՙ նետված իր վրա: Իսկ ինքը երգում է առանց երգելու, զրուցում է, անկեղծանում, իր հույզերը կիսում հանդիսատեսի հետ: 1, 61 սանտիմետրանոց հասակը հանկարծ ընդգրկում է ամբողջ բեմն ու դահլիճը, իր մեջ առնում հանդիսականների հոգիներն ու նրանց տանում շանսոնի հմայիչ աշխարհ: Վերջ, երգն ավարտվեց, նա քրտինքի մեջ կորածՙ կանգնած է մթության մեջ: Դահլիճից ոչ մի ձայն չի լսվում: «Ես տապալված եմ»,- միտքը շշում է ուղեղն, ու նա քիչ է մնում հենց բեմի վրա անզորությունից լաց լինի: Հանկարծ լսվում էՙ բրավո, հետոՙ երկրորդը, երրորդը, ու ամբողջ դահլիճը ոտքի է կանգնում, ծափերն ուղղակի որոտում են: «Ու ես տեսա նրանՙ պրեմիերայի հանդիսատեսին: Փառքի թեւերը գրկում են ինձ, ժողովուրդն ինձ առնում է իր սրտի մեջ, իսկ իմ սիրտը հուզմունքից հալվում է: Այդ երեկո ես նվաճեցի Փարիզը»,- հիշում է Շառլ Ազնավուրը: «Ես հարբած եմ» առաջին երգը ճակատագրական եղավ նաեւ ընկերոջՙ Ժորժ Ուլմերի համար. նրան գրան-պրի բերեց: Բայց այդ ժամանակ ոչ ոք չիմացավ էլ, որ դա Շառլի երգն է: «Մի օր հետ կվերցնես այն երգերը, որ ուրիշների համար էիր գրել, ու ժողովուրդը, որ երբեք չի սխալվում, հաղթական կընդունի դրանք»,-կանխատեսել է Էդիտ Պիաֆը, որ հենց սկզբից սիրեց Շառլին ու ցույց տվեց դեպի բեմ տանող ճանապարհը: Համարձակ, անկոտրում, համառ, սկզբունքային. Շառլը գիտեր, որ իր տեսակի առաջ մի օր խոնարհվելու է ոչ միայն Փարիզը: 1960-ին նվաճելով «Օլիմպիան»ՙ Ազնավուրն ամբողջ թափով առաջ մղվեց: Հաղթաթուղթը ձեռքին էր. իրեն ծաղրողներն ու ապաշնորհ հռչակողներն այժմ խոնարհվում էին իր արվեստի առջեւ: Իսկ ինքը բացարձակ չէր փոխվել, չէր փոխել երգերի ոճը, նույն խռպոտ ու կերկերուն ձայնն էր, նույն կարճ հասակը: Նա արդեն թերթերի առաջին էջում էր, հեղինակավոր պրոդյուսերներն ու արտիստները համագործակցության առաջարկներ էին անում, տոմսերն սպառվում էին համերգից մի քանի շաբաթ առաջ: Մամուլը գրում էր, թե Ազնավուրի հարստությունն օր օրի աճում է: «Նամակներ եմ ստանում, որոնցում ինձնից փող են խնդրոմ. «աստղ» դառնալու նշան է»,- ժպտում է Ազնավուրը: Նա անցյալից իր վրեժը չհանեց, չդառնացավ մութ, ցուրտ ու քաղցած տարիների վրա, այլ շնորհակալ եղավ, որովհետեւ աղքատությունը կոփեց իր կամքը, սովը սրեց զգայարանները, մութն օգնեց տեսնել ու գնահատել լույսը: Ազնավուրը երկրագնդի վրա եղած ամենաճանաչված հայն է: Նրա հեղինակությունն ու միջազգային կշիռը հայանպաստ է: Ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո միջազգային հանրության հոգատար վերաբերմունքի համար եւս Ազնավուրին ենք պարտական. նա համախմբեց աշխարհի մարդասիրական ուժերն ու կենտրոնացրեց Հայաստանի վրա: Ազնավուրը մշտարթուն է պահում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման հարցը: Այստեղ եւս անուրանալի է նրա ներդրումն ու վաստակը: Կապված լինելով իր հայրենիքի ու հարազատ ժողովրդի հետՙ աշխարհահռչակ հայի հայացքը միշտ հասարակական կյանքի զարկերակի վրա է: Անաչառ դիտողություններով ու վերլուծություններով նա հաճախ խարանում է մեր ներքին կյանքի ու հատկապես իշխանությունների թույլ տված աններելի սխալներն ու իր բարձունքից դատապարտում դրանք: Ազնավուրը համերգային շրջագայության վերջակետում է: Նա որոշել է թողնել բեմը, բայց որպես արտիստ ու կենդանի լեգենդՙ նորից շփվել բոլոր ազգերի իր հանդիսատեսի հետ, սեր ու ջերմություն փոխանակել ու նրանց թողնել իր երգերի հմայքն ու իր տեսակի ֆենոմենը: Ծնունդդ շնորհավոր, 90-ամյա Շառլ: |