Ի՞ՆՉ ՆԱԽԱԳԾԵՑ ԵՎ Ի՞ՆՉ ԵՂԱՎ ԱՐԱ ԶԱՐՅԱՆ, Միրանո, Իտալիա, հուլիս, 2014 Մաս առաջին Կան ճարտարապետական իրագործումներ, որոնք որոշում են քաղաքի դիմագիծը, նրա պատմական կշիռը, ապագայի թռիչքը: Անցած դարի Հռոմի վերջին կարեւոր քաղաքաշինական ծրագիրը (1931-1950 թթ.) ընդգրկում էր լայն մի պողոտա բացել S. Pietro del Vaticano (Վատիկանի Ս. Պետրոս) հրապարակից դեպի Castel sant"Angelo (Ս. Անջելո դղյակը): Այս դժվարին ծրագրի իրագործումը հանձնարարվեց Piacentini-Spaccarelli ճարտարապետական արվեստանոցին, ուր աշխատում էր երիտասարդ ճարտարապետ Արմեն Զարյանը: Նախագիծը նախատեսում էր որոշ հին շենքերի, եկեղեցու ու մի փոքր հրապարակի քանդում եւ տեղափոխում, որի արդյունքում մնացյալ կառույցները պետք է եզրագծվեին նորակառույց պողոտայի հետ: Այս հսկա նախագծի իրականացումը այսօր բոլորին լավ ծանոթ Via della Concillazione (վիա դելլա Քոնչիլլացիոնե) պողոտան է: Միլիոնավոր ուխտավորներ ու զբոսաշրջրկներ, ողջ տարին, անցնում են այս պողոտայով այցելելու Հռոմի սքանչելի վայրերը: Երեք տասնամյակ անց, նույն ճարտարապետ Արմեն Զարյանը, այս անգամ Երեւաննախագիծ ինստիտուտի սեղանի առջեւ նստած, ծրագրավորում, մտաբերում ու նախագծում էր Երեւան մայրաքաղաքի «Գլխավոր պողոտա»-ն, որը Ալեքսանդր Թամանյանի «Արեւային քաղաքի»–ի Օղակաձեւ պուրակը կապող այն քաղաքաշինարարական լուծումն էր, որ մեկ եւ կես կիլոմետր երկարությամբ միացնում էր այսօրվա Սարյան եւ Խանջյան փողոցները: Հետիոտն ու կանաչապատ այս տարածքի գաղափարը վերագտնում ենք 30-ական թվականների Le Corbusier-ի «La Ville Radiuse»-ի (Լը Քորբյուզիէ, Լա վիլ Ռադիուս) քաղաքաշինական մտահղացումներում, ուր քաղաքի բնակիչները պահպանում են իրենց կապը բնության հետ: Բայց Արմեն Զարյանը արեց ավելին: Կանաչապատ այս ուղին մարդու համար ուներ նաեւ կարեւոր ազդակներՙ բացօթյա թատրոն, չորս արվեստներին նվիրված մի սքանչելի շատրվան, որն իր ներդաշնակ ու զուսպ երկրաչափական ձեւով մի իսկական գանձ է: Այս մտահղացումը բխում է այն սկզբունքից, որ մարդ արարածը պետք է ապրի տվյալ ժամանակամիջոցում եւ ունենա տարածության ընկալման իմացություն: Քաղաքաշինությունը արտահայտվում է կառուցված շենքերով, դրանք էլ իրենց հերթին դառնում են տվյալ հասարակության հայելին: Անցյալ դարի քսան-երեսունական թվականներին, ճարտարապետությունը ունեցավ մի նոր լեզու. Walter Gropius (Վալտեր Գրոփիուս), Marcel Lajos Breuer (Մարսել Լայոժ Բրոյեր), Le Corbusier (Լը Քորբյուզիէ) եւ ուրիշներ: Այս ճարտարապետները գլխավոր դեր ունեցան միջազգային ճարտարապետական մի նոր ոճ ձեւակերտելու գործում: Արմեն Զարյանը լինելով իր ժամանակի մարդը եւ նաեւ Le Corbusier-ի աշակերտը, ստեղծագործում էր իրեն հատուկ ճարտարապետական ոճով ու միջազգային լեզվով: Այս նոր, ու մինչեւ այսօր արդիական շունչը, ընդգրկում էր Walter Gropius-ի սկզբունքները, որի արդյունքում Արմեն Զարյանը իր նախագծերում ներգրավեց քանդակագործությունը (ոչ որպես անձի փառաբանություն), նկարչությունը, ձեռարվեստը: Արմեն Զարյանի մտահղացումով Գլխավոր պողոտան ունենալու էր Նվարդ Զարյան-Չիմարա քանդակագործի արձանները: Քույրը` Նվարդ Զարյանը, Firenze-ում ծնված, Իտալիայի ժամանակակից քանդակագործության տաղանդավոր ներկայացուցիչներից էր, մասնակցել էր Վենետիկի Biennale-ին, Հռոմի Quadriennale-ին, եվրոպական ու միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների: Հռոմի Piazza di Spagna կենտրոնական հրապարակին հարակից "La Cassapanca" (Լա Քասապանկա) պատկերասրահի հիմնադիր տնօրենն էր: Անցյալ տարի քրոջս ու եղբայրներիս հետ որոշեցինք այցելել Հռոմում ու EUR-ում (Էուռ) հորս կառուցած շենքերը` Seraficum (Սերաֆիկում, Կաթոլիկ համալսարանի համալիր), Automobil Club (Իտալիայի ավտոմեքենայի ակումբ) եւ զանազան առանձնատներ ու բնակելի շենքեր: Մեզ ուղեկցում էր Դիեգո Չիմարան, երկար տարիներ RAI-ի (Իտալիայի կենտրոնական հեռուստատեսության) մշակութային ծրագրերի պատասխանատու, լրագրող, գրքերի հեղինակ: Դիեգոն` նկարիչ-քանդակագործ Նվարդ Զարյանի եւ նկարիչ Մարիո Չիմարայի զավակն է, աշխույժ մի հռոմեացի, իմ մանկության ընկերը: Փոքրուց դրսեւորել էր իր արվեստագիտական հակումները եւ իր առաջին խեցեգործ կավեղենները ցուցադրել Via Margutta-յում (Հռոմի նորահայտ արվեստագետների ստեղծագործությունների ցուցադրության փողոց): Իր վերջին գիրքը` Inchiostro di reporter (Լրագրի թանաք) շահել է կարեւոր մի մրցանակ: Այս բոլորը հիշատակեցի ասելու համար այն, որ Արմեն Զարյանի նման տաղանդավոր ճարտարապետին, հռոմեական շրջանակներում, օտար լինելով, թույլատրեցին "քար քարի" վրա դնել: Հիսունական թվականներին նախագծված ու Արմեն Զարյանի մասնակցությամբ կառուցված ու մեր այցելած բոլոր կառույցները պահպանվել են կատարյալ խնամքով ու հարգանքով: Եվ սա, ոչ իտալացի ազգությամբ ճարտարապետի աշխատանքներն են Իտալիայի մայրաքաղաքում: Երեւանում Արմեն Զարյանի նախագծով կառուցված ճարտարապետական շինությունները այսօր անմխիթար վիճակում են. Գլխավոր պողոտա, Կոպերատիվ տեխնիկում: Երեւանը այսօր չունի դիմագիծ, սրճարանների ու boutique-ների անհագ այս հավաքավայրը մնում է մշտական մի բացօթյա քարավանատուն: Գավառականությունը երբեք քաղաքակիրթ չի դառնա: Նախընտրում եմ քայլել Հռոմում, ուր անկախ տագնապներից, ժամանակի անորոշությունից, քաղաքական գայթակղություններից, գոյություն ունի սերնդե սերունդ փոխանցվող մի գիտակցություն, որ կոչվում է` մշակույթի հանդեպ հարգանք: Մաս երկրորդ 1990 թվականի աշնան մի օր Նորքի զանգվածից իջա կենտրոն, Աբովյան փողոցում բնակվող ծնողներիս այցելության: Հայրիկս երկար ժամանակ ոտքը տանից չէր հանել։ «Ոտք» եմ ասում, որովհետեւ այլեւս մեկ ոտք ուներ 1988 թվականի շաքարախտի պատճառով փթախտից չորացած հիվանդ ոտքը կտրելուց հետո: Տրամադրությունը բարձրացնելու նպատակով առաջարկեցի իմ «Օպել»ով մի պտույտ անել քաղաքում ու այցելել իր նախագծերով իրականացված կառույցները: Երկար համոզեցի, չէր ուզում, ու վերջում, ուրիշ պատճառ չգտնելով հայրս ասեց, թե հինգերորրդ հարկից մեկ ոտքով, աստիճաններով վար իջնել չի կարողանա: Ինձ հենց այդ պատճառաբանությունն էլ հարկավոր էր: Հագցրի ու թեթեւ մարմինը բազուկներիս մեջ ամփոփելով արագորեն իջա բակ ու հորս խնամքով տեղավորեցի «Օպել»ի առջեւի նստարանին: Այս միջադեպին մայրս` Ֆռաու Մարիան ներկա էր, սակայն չխառնվեց: Մինչ մայրաքաղաքով պտույտի սկսելը համոզված էի, որ ճիշտ արարք եմ գործում: Քիչ անց հասկացա, որ խորապես սխալվել եմ: Ափսոսանքով եմ հիշում այդ օրը եւ վշտացած եմ այսօր` 2014 թվ. հուլիս ամսում տեսածիս համար: Ավտոմեքենայի պատուհանից երեւում էին Երեւան մայրաքաղաքի երբեմնի կոկիկ, սիրով ու խնամքով բազալտե քարերի եզրապատերով կառուցապատված շատրվանները, ջրավազանները, պարապետները, նստարաններն ու աստիճանները, հատակի շիտակ սալահատակումը, ծառերն ու կանաչ տարածքները, բացօթյա ամֆիթատրոնը եւ եվրոպական զգացողությամբ մտածված ու հայ քարտաշ վարպետների կողմից իրականացված մեծաքանակ փոքր ճարտարապետական ձեւերը: Բայց այս ամենը երեւում էր զուտ հիշողության մեջ, քանզի, արդեն այդ ժամանակ, Գլխավոր պողոտան գտնվում էր նողկալի, անտեր, թալանված, կողոպտված ու քարուքանդ վիճակում: Մտածում էի, որ ընդամենը մեքենայից դիտելով, այդ ամենը ակնառու չէր երեւալու: Հայրիկս լուռ նայեց մեքենայի պատուհանից ու ասաց. «Տղաս, աչքերս որ գոցեմ, պողոտաս քանդելու են» : Ս/թ հուլիս ամսում Գլխավոր պողոտան դեռ կար` Նալբանդյան-Հանրապետության փողոցների հատվածում: Այժմ` ոչ եւս է: Ինչպե՞ս կարող է մայրաքաղաքի քաղաքաշինական կարեւոր առանցք հանդիսացող ճարտարապետական, իր ժամանակի համար համարձակ եւ Թամանյանական մտահղացումով իրականացված մի ստեղծագործություն գոյատեւել 35-40 տարի անտարբերության մատնված: Շատրվանների ցանցով քառասուն տարի ջուր չի հոսել, երեսպատի քարերը պոկել տարել են, ծառերը չեն ջրվել, չեն խնամվել այնքան ժամանակ, որ քաղաքի կենտրոնի ընդարձակ տարածությունը վեր է ածվել աղբանոցի կամ վերնիսաժի: Քաղաքի ղեկավար մարմինները, մեկը մյուսին հաջորդելով, թողել են որ Գլխավոր պողոտան հանգչի, մարի, ոչնչանա, որպեսզի բոլորի համար պարզ լինի այն իրեղեն փաստը, որ եկել է նրա քանդելու ժամանակը, վերանորոգելու բան չկա այլեւս: Սա մեզանում անքաղաքակրթության լավագույն օրինակն է, այն տարբեր է Ծածկած շուկայի այլանդակումից, Կրկեսի էլեգանտ շենքի քանդումից, «Սեւան» հյուրանոցի մոնունենտալ կոթողի վայրագ ոչնչացումից, Երիտասարդական պալատի խորտակումից, Հյուսիսային պողոտայի ճայթյունից: Սա երկարատեւ, տանջալի մահ է, ծրագրավորված ու անողոք: Քաղաքապետարանի կողմից 2014 թվ. հաստատված պուրակների վերակառուցման, մայրաքաղաքի բարեկարգման, հանգստի գոտիների վերականգնման շրջանակներում նշված չէ Գլխավոր պողոտայի տվյալ հատվածի հիմնովին քանդումը: Երեւանցիները սովոր են տեսնել ճարտարապետական արժեքներ ներկայացնող կառույցների վերականգնման, վերանորոգնման ցուցանակներ եւ աշխատանքների ավարտին հայտնաբերել տխուր իրականությունը: Գլխավոր պողոտան հեղինակի կողմից մտահղացվել է որպես մեկ եւ կես կիլոմետր երկարություն ունեցող` ջրային, կանաչ մակերեսներով իրար հաջորդող հանգստի ու հետիոտն զբոսանքի ամբողջական` քաղաքաշինական մի առանցք, ուր մարդիկ հանդիպում են հաճելի ժամանցի, ցուցահանդեսների, համերգների, թատերական ելույթների, հանդիսությունների, տոնակատարությունների առիթներով: Այն պետք է տրամագծեր Օղակաձեւ զբոսայգու` արեւային քաղաքի թոքերը հանդիսացող կանաչ օղակը: Պողոտան զարդարված պետք է լիներ տարբեր թեմատիկ քանդակների, գեղարվեստական, կիրառական արվեստի ստեղծագործություններով: Այսօր քաղաքապետարանը որոշել է Նալբանդյան-Հանրապետություն փողոցների հատվածում իրականացնել պուրակ, այսինքն` Գլխավոր պողոտա, արդեն որպես հանգստի ու զբոսանքի բուլվարի տեղում, անհեթեթ մի պուրակ, որի երկրաչափական ձեւերը եւ կանաչի ու ջրային մակերեսների փոխհարաբերությունը դպրոցական մակարդակի են: Աբովյան-Կողբացու հատվածը խորհրդային շրջանում չիրականացվեց։ Այժմ` նոր նախագիծ է հաստատվել, որը ընդհատում է առանցքային հորինվածքը: Այն պահպանում ու կարմիր առանցքների վրա է հավաքում կենտրոնում հրաշքով մնացած մի քանի պատմական շենք: Երկհարկանի լուծումով ճարտարապետական գաղափարը հետաքրքրական է առանձին դիտված, սակայն խորթ է Գլխավոր պողոտայի ճարտարապետական մտահղացմանը: Սարյան փողոցի սկզբնամասի, Հրազդանի կիրճ տանող թունելների մոտ հեղինակի նախագծած ու կառուցած «Չորս արվեստների» շատրվանը ցավալի վիճակում է: Տարիներ առաջ, նրա տեղում քաղաքապետարանը եւս մրցույթ էր հայտարարել այն քանդելու ու ոչնչացնելու նպատակով: Այս հատվածում առաջարկվել է կառուցել նաեւ «Համազգային» թատրոնի շենքը: Չնայած այն հանգամանքին, որ այն ծավալային լուծում չունի, սակայն ինչու պետք է քանդել «Չորս արվեստների» շատրվանը այն վերականգնելու փոխարեն: Սարյան-Մաշտոց հատվածը նողկալի է, աչքաթող վիճակում, քանդված ու անարգված, այն անվանակոչվել է Կարեն Դեմիրճյան պողոտա: Սա եւս Գլխավոր պողոտան մասնատելու, ջլատելու հերթական փաստն է: Այն դեպքում, երբ մայրաքաղաք Երեւանի հողատարածքի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրը վաճառված է, այն ինչ մնում է Գլխավոր պողոտայի տխուր պատկերից, անիմաստ երեւույթ է: Քաղաքի ամենագլխավոր ճարտարապետը որոշել է, որ Գլխավոր պողոտան վաճառքի ենթակա չէ եւ այն պետք է մնա իր ամբողջության մեջ: Այս ամբողջության տարբեր ստրատեգիական հատվածներում անօրինական առեւտրի կրպակներն ու տաղավարները տեղադրվում, տեղափոխվում, տեղահանվում, ձեւափոխվում են արդեն քանի տարի: Եթե ժամանակ առաջ երեւանցիների սիրած զբոսավայրը այսօր զոհասեղանի առջեւ դրված անմեղ գառ է, թող ախորժակ պահած եւ երկար սպասած բիզնեսմենները ներդնեն իրենց միջոցները եւ վերացնեն քաղաքի առանցքով ջախջախված վերջին կանաչ գոտին եւ այն դարձնեն առանցքային պանդոկ-վաճառատուն: Հակված չեմ ենթադրել, որ Գլխավոր պողոտայի մասնակի քանդումը նվիրված է հեղինակի ծննդյան հարյուրամյակին: Հակված եմ ենթադրել, որ այսօրվա ղեկավար մարմինները վերջապես կհասկանան, որ թամանյանական մտքի արգասիք Գլխավոր պողոտան, իր մեկ ու կես կիլոմետր առանցքով, հանդիսանում է քաղաքաշինական միասնական օրգանիզմ եւ այն մասնատելու ու քանդելու փոխարեն, պետք է վերականգնվի, վերանորոգվի, ամբողջացվի այսօրվա ժամանակակից մայրաքաղաքի պահանջների համաձայն: Հոգատարություն է հարկավոր, սեր ու հարգանք ժողովրդի զավակների ու նրանց թողած արժեքների հանդեպ: Նորակառույց Հյուսիսային պողոտան այսօր վերանորոգվում է, քանզի անորակ էր կառուցված, իսկ տարիքն առած Գլխավոր պողոտան, որ որակով էր կառուցված` քանդվում է: |