RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2015-03-06 > #009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 20-03-2015



Տեղադրվել է` 2015-03-19 23:39:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1161, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ԽԱՉԻԿ ԹԷՕԼԷՕԼԵԱՆԸՙ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

ՆԵԼԼԻ ԹԱԴԷՈՍԵԱՆ, «Սփիւռք» Գիտաուսումնական կենտրոնի լրատուութիւն

Մարտի 17-ին Խ. Աբովեանի անուան Հայկական Պետական մանկավարժական համալսարանի բանասիրական բաժանմունքի ուսանողութեան առջեւ դասախօսութեամբ հանդէս եկաւ Քոնեքթիքութի Միդըլթաուն քաղաքի Ուէզլէյըն համալսարանի պրոֆեսոր Խաչիկ Թէօլէօլեանը (ԱՄՆ):

Հայ նոր եւ նորագոյն գրականութեան եւ նրա դասաւանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, «Սփիւռք» Գիտաուսումնական կենտրոնի տնօրէն, պրոֆ. Սուրէն Դանիէլեանը գիտնականին ներկայացնելիս շեշտեց, որ այս հանդիպումը ցեղասպանութեան 100-ամեակի նախաձեռնութիւնների շարքում ներկայացնում է Ստամբուլի ապրող յիշողութիւնը, բանաստեղծական զարթօնքի նորագոյն շրջանը:

Իսկ ինչ վերաբերում է Խ. Թէօլէօլեանին, ապա նա մեր ժամանակի խոշոր գիտնականներից է, դասախօսութիւններով հանդէս է եկել աւելի քան 70 համալսարաններում, համարւում է համեմատական սփիւռքագիտութեան հիմնադիր եւ վայելում է օտար գիտամանկավարժական միջավայրերում լայն հեղինակութիւն:

1991-ից նա հիմնադրել եւ խմբագրում է «Սփիւռք. անդրազգային ուսումնասիրութիւններ» հանդէսը, որին աշխատակցում են աշխարհի տարբեր ծայրերի Սփիւռքի ուսումնասիրութիւններով զբաղուող գիտնականներ: Խ. Թէօլէօլեանն այսօր բարձր գործակից ունեցող գիտնական է. նրա յօդուածներից աւելի քան ութ հարիւր մէջբերումներ են կատարուել: Արդէն 25 տարի էՙ նրա գիտական հետաքրքրութիւնների ծիրում աշխարհի բազմազան սփիւռքների պատմութիւնն է եւ այդ համաբնագրում նաեւ հայկական սփիւռքին իւրայատուկ գծերը:

Ս. Դանիէլեանն ուրախութեամբ նշեց, որ այս հանդիպումը նաեւ եզակի առիթ էՙ ծանօթանալու ամերիկեան համալսարաններում դասախօսութիւն վարելու մշակոյթին:

Մինչ բանախօսութեանն անցնելը, պրոֆ. Թէօլէօլեանը ընդգծեց, որ ինքը թէեւ դասաւանդում է ամերիկեան համեմատական գրականութիւն, մասնաւորապէս զբաղւում է պատումի բնագրերի քննութեան հարցերով, սակայն հայ գրականութիւնը մշտապէս իր ուշադրութեան կենտրոնում է եղել եւ է, իսկ սա երակ է, որ գալիս է ծնողներիցՙ Մինաս եւ Գոհար Թէօէօլեաններից:

Գիտնականը նշեց, որ մինչեւ 1960-ական թուականները համահայկական մշակութային կեանքից խզուած Պոլիսը նորից ազգային շնչառութիւն ստացաւ, այս անգամՙ Զարեհ Խրախունու եւ իր սերնդակիցների` Ռոպէր Հատտէճեանի, Զահրատի, Զաւէն Պիպէռեանի շնորհիւ:

Պոլսոյ գերզգայուն բանաստեղծների մէջ իր տաղանդով առանձնանում է նաեւ Զահրատը. նա հնարամիտ եւ իւրատեսակ բանաստեղծական լուծումներ առաջադրող բանաստեղծ է, սակայն Զ. Խրախունին նախ եւ առաջ մարմնաւորում է Պոլսոյ գաղութի` ազգային գրական ընթացքներին միանալու, «մայր ուղիին» վերադառնալու արդիւնաւոր ճիգը: Իսկ սա նշանակում էՙ Խրախունին փորձում է «բանտարկուած» Պոլսոյ բանաստեղծութիւնը տեսնել իբրեւ հայ նորագոյն գրականութեան բաղկացուցիչ: Գիտնականի համոզմամբ` եթէ արեւելահայ բանաստեղծութիւնը ունի իր մայրուղին, ապա այն գծել է հանճարեղ Եղիշէ Չարենցը, եւ Խրախունիի համար եւս ընդունելի է այս ճանապարհը:

Խ. Թէօլէօլեանը մասնաւորեց, թէ ինչու է առանձնացնում յատկապէս Զարեհ Խրախունուն. վերջինս այս 80 տարիների արեւմտահայ գրականութեան ամենատաղանդաւոր բանաստեղծն է, ով ոչ միայն ազգային խնդիրներ արծարծող, այլեւ համաշխարհային գրականութեանը մօտեցած արուեստագէտ է:

Խ. Թէօլէօլեանը հպարտութեամբ աւելացրեց, որ պոլսահայ գրողներից շատերը եղել են իր հօր` գրականագէտ Մինաս Թէօլէօլեանի աշակերտները (Ռոպէր Հատտէճեան, Զահրատ), եւ ինքը այս մարդկանց մասին յաճախ լսել է ընտանեկան պատմութիւնների շրջանակներում: Մխիթարեանական եղել է նաեւ Զ. Խրախունին, իսկ այնտեղ հիմնաւոր կրթութիւն էին ստանում:

Բանախօսն անդրադարձաւ նաեւ Զ. Խրախունի բանաստեղծիՙ գրականագէտների շրջանում առաջ բերած աշխոյժ հետաքրքրութեանը: Նա մասնաւորապէս նշեց, որ բանաստեղծի մասին մինչեւ այսօր գրուած ամենալուրջ ուսումնասիրութիւնը Սուրէն Դանիէլեանի «Բանաստեղծութեան ազատագրումը» հատորն է: Գիտնականին յատկապէս հոգեհարազատ է «բանաստեղծութեան ազատագրում» բնութագրումը: Նա առանձնացրեց նաեւ բանասիրական գիտութիւնների թեկնածու Քնարիկ Աբրահամեանի` «Զարեհ Խրախունին եւ արեւելահայ բանաստեղծութիւնը» լոյս տեսած մենագրութիւնը:

Խ. Թէօլէօլեանը նախ փորձեց սահմանել բանաստեղծի ու բանաստեղծութեան նշանակութիւնն ու տարբերակումները: Ապա ծանրացաւ իր նշած «բանաստեղծութեան ազատագրումի» խնդրի վրայ, որը ամբողջ աշխարհում շուրջ 50 տարի գրականութեան տեսութեան առանցքային հարցերից է: Ինչպէս արուեստը, այնպէս էլ արուեստի մեկնաբանութիւնը կարող է լինել մէկից աւելի իմաստներով: Սա նշանակում է, որ բանաստեղծի խորհրդանշանները չեն պարտադրւում ընթերցողին. ընթերցողը ազատ է իր մեկնութիւններում, մնում է որսալ մեկնաբանի խօսքի «ազատ ուղղութիւնը»: Օրինակ` Զ. Խրախունու «Լեռն ի վեր» քերթուածի առաջին խորհուրդը օտարի համար առ հասարակ լերան նայելու, լեռը նուաճելու իմաստն է, իսկ հայերիս համար դա անմիջապէս կապւում է Արարատի անուան հետ, թէեւ հեղինակը ոչ մի անգամ անունը չի յիշատակում:

Գրականագէտը հանգամանալից վերլուծութեան ենթարկեց նաեւ «Անձրեւ» եւ «Հոգեհանգիստ» քերթուածներըՙ «առարկայական» խորհրդանիշներին մօտենալով նոր չափանիշների հմուտ կիրառութեամբ: Այստեղ մասնաւորապէս հետաքրքրական էր «աքլոր» բառի մեկնութիւնը: Այն իր մէջ արտաքնապէս մի փոքր ծիծաղելի երանգ ունի, բանաստեղծական տողում այս բառը խորհրդանշում է այն գործիչներին, ովքեր «խորոզացել» էին եւ չէին կարողանում գնահատել իրենց իրական հնարաւորութիւնները:

Խօսելով խրախունիական խորհրդանշանների բազմապիսութեան մասինՙ Խ. Թէօլէօլեանն աւելացրեց. «Բանաստեղծութեան մէջ առկայ այս բարդութիւններն են, որ Զարեհ Խրախունիի բանաստեղծութեանը խորունկ արժէք կուտան: Այս կառուցուածքով բանաստեղծութիւնը նման է բազմալար երաժշտութեան»:

Նա նշեց, որ անկախ նիւթի ծանրութիւնից` Խրախունին լաւատես բանաստեղծ է. հաւատով է լցուած հայութեան ապագայի նկատմամբ:

Պատկերների մեկնութեան ընթացքին Ս. Դանիէլեանի մասնագիտական միջամտութիւնները եւ տարակարծ մեկնութիւնները բանախօսութեանը հաղորդեցին երկխօսութիւն-բանավէճի բնոյթ, ընդլայնեցին նիւթի շուրջ ուսանողութեան եւ դասախօսների պատկերացումները:

Հանդիպման աւարտին Սուրէն Դանիէլեանը շնորհակալութիւն յայտնեց Խաչիկ Թէօլէօլեանին` բովանդակային վերլուծութիւնների համարՙ ընդգծելով, որ դրանք կարեւոր նշանակութիւն ունեն բնագրային ճանաչողական տեսակէտից:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 20-03-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ