RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2015-03-06 > #009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 20-03-2015



ՑՈՒՑԱՍՐԱՀ

Տեղադրվել է` 2015-03-19 23:39:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1442, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԳԾԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՄԱՅՔԸ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Կատարողական նրբություն ու ճաշակ, նկարչական բարձր կուլտուրա` Ամալյա Վարդանյանի գրաֆիկական մի քանի գործերից ստացած առաջին տպավորությունը հարստանում է, երբ նրա նկարչական աշխարհին ավելի մանրամասն ես ծանոթանում: Երեւանի գեղարվեստի ակադեմիայում սովորելու տարիներին երիտասարդ նկարչուհու տաղանդը նկատել ու նրան ոգեւորել են ուսուցիչները` Վաղարշակ Արամյանը, Անդրանիկ Կիլիկյանը, Արա Բաղդասարյանը: Որպես դիպլոմային աշխատանքի թեմա ընտրել էր Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները», որն արտակարգ տպավորեց եւ գերազանց գնահատվեց: Աշխատանքը կարելի է ինչ-որ տեղ համարել ծրագրային, քանի որ ստեղծագործական հետագա որոնումներում սոցիալական թեմատիկան բավական ընդգծված երանգավորում ստացավ, նկատելի վերաբերմունք եւ անհատական մոտեցում կա հանրային կյանքի տարբեր ասպեկտներին, որոնց մեկնաբանությունները նկարի ընդհանուր կոմպոզիցիայի մեջ առաջին հայացքից կարող են դիտվել երբեմն որպես առանձին ներմուծված տարր, անգամ որպես դեկոր, ապլիկացիա, սակայն իմաստային առումով շեշտադրումը կրելով իրենց վրա, դրանք մղվում են առաջնային պլան`արտահայտելով հեղինակի քաղաքացիական կեցվածքը: Դիմելով գրական ստեղծագործությանը` ակնհայտորեն նկատելի է, թե ինչ խորազնին հայացքով է նա մոտենում բնագրային կերպարներին, այնպես են յուրացված, որ դարձել են իրենը: Այս մեկնաբանություններում նկարչուհին հասնում է առավելագույն անկեղծության եւ կերպարային հագեցվածության: Խոսքը վերաբերում է մասնավորապես Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան», «Մեծապատիվ մուրացկաններ» եւ Երվանդ Օտյանի «Ընկեր Փանջունի» գրական գործերի նկարչական վերարտահայտումներին, որոնցում Ամալյա Վարդանյանը կերպարաստեղծման իր լուծումներն է առաջադրում, հետաքրքրական եւ համոզիչ` վերջինը պայմանավորված նախեւառաջ ավելորդաբանությունից զերծ լինելու եւ կերպարների ընդգծված խարակտերայնության հանգամանքով: Եվ կարեւորը` ամենասուր տեսարաններում անգամ, երգիծելու անհրաժեշտությունը նրան դույզն-ինչ չի մղում այս ժանրում այսօր բավական տարածում գտած գռեհկաբանության, երբ առավել տպավորության հասնելու, արհամարհանքի, ծաղրի կամ թե ատելության զգացումները սրելու նպատակով տրամադրություններն ավելի են ընդգծվում` հասցնելով ծայրահեղության: Նույնիսկ բացասական հերոսներին նա ներկայացնում է ինչ-որ տեղ բարեհոգի հումորով: Այստեղ խոսում է ավելի շատ մարդկային կարեկցանքը, երգիծելու այսպիսի եղանակը, սրտամոտ կատարումը անգամ բացասական հերոսին դարձնում է գրավիչ. ի վերջո, խորքում գրական այս գործերի հեղինակներն էլ այդ նույն մոտեցումն ունեին, հումորի կամ երգիծանքի միջոցով մարդու մեջ մարդկայինն արթնացնելու...

Երեւույթների այսպիսի ընկալումը եւ վերաբերմունքը նկարչուհու ներքին կուլտուրայի, մտածողության, ինչու չէ, ընտանեկան միջավայրի ու դաստիարակության արդյունք է: Հայրը` Գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան, գեղանկարիչ Էդվարդ Վարդանյանը, երբ պատմում է ծննդավայրի, ծնողների, ընտանեկան ու մարդկային արժեքների, գրի ու գրականության հանդեպ եղած վերաբերմունքի մասին, դժվար չէ պատկերացնել, թե նման միջավայրը ինչպիսի նկարագիր ու մտածողություն կձեւավորեր: Տանը գրականությունը, գիրքը առաջնային են եղել, պոեզիան առանձնահատուկ տեղ է ունեցել: Այսպիսի մթնոլորտում է ձեւավորել իր մտածողությունն ու հոգեկան աշխարհը ապագա նկարչուհին, գրի ու գրականության, գրքի հանդեպ ակնածանքի, սիրո մթնոլորտում, եւ շատ էլ կարդում է, այնքան, որ գրական ստեղծագործությունը դարձնում է իրենը, նկարում է Պարոնյանի, Օտյանի, Ուայլդի, Անդերսենի իր հերոսներին, իր միջով անցած զգացումների պրիզմայով:

Նկարչությունը մտածողություն է, ներաշխարհի արտահայտություն ու վերաբերմունք, Ամալյա Վարդանյանը ունի այդ աշխարհը, որ ենթադրում է ինքնահատուկ ոճ ու ձեռագիր: Գրաֆիկական շարքերում` բնանկար, քաղաքային տեսարան, երգիծապատում, թե մեկ այլ, նկատելի է ստեղծագործելու լեյտմոտիվը` նկարելու հաճույքը, սեր, որը բնորոշվում է մեղմությամբ, նրբությամբ ու քնարականությամբ: Յուրահատուկ ոճավորումը` մանրագծերի, փխրուն կորագծերի, գունաբծերի թույլ շտրիխների միջոցով եւ գունային ներդաշնակ ֆոնավորումը ներքին բանաստեղծականություն են հաղորդում նկարներին` յուրաքանչյուրին համապատասխան տրամադրությամբ, եւ այնպիսի համակցումով, որ հաճախ գրաֆիկայի ու գեղանկարի սահմանները ջնջվում են, արդյուքում դրանց յուրահատուկ սինթեզ է մատուցվում, նկարը գեղանկարչական որակ է ձեռք բերում` եւ սա ամենապարզ նյութերի` մատիտի, ֆլոմաստերի, գրչի միջոցով: Նման լուծումներով նա կարողանում է ապահովել կերպարվեստի այս երկու տեսակների սահուն անցումը: Այս առումով կարելի է առանձնացնել նրա «Փարիզյան շարքը»` քաղաքային տեսարաններ` փողոց, այգի, շենք կամ պուրակ` հանդարտ ու ինքնամփոփ, եւ ահա ներմուծված կերպարներ` հումորի թեթեւ երանգով, զարմանալի գտնված, որ հետաքրքրական սյուժետիկ աշխուժություն են հաղորդում միջավայրին: Նմանապես եւ` «Հարսանիք Թալինում» հումորային նկարապատումը, եւ բոլոր մնացած բնանկարներում գիծը եւ գույնը կատարյալ ներդաշնակության մեջ են: Նկարչական ոճը, հեղինակի մոտեցումը նյութին որքան պարզ, նույնքան ինքնատիպ է, զուսպ մշակումով, խնամված, ասեղնագործության պես նուրբ, գրավիչ ոճավորմամբ, գույնի հետ աշխատելու հմտությամբ: Այս նույն սկզբունքը նա կիրառում է նաեւ գրքերի ձեւավորման գործում, իհարկե այլ մոտեցումներով, այլ դրսեւորումներով, որ ավելին էՙ քան զուտ տեքստային իլյուստրացիան: Անցյալի երեւույթները, կերպարներն այսօրվա տեսանկյունից ներկայացնելու, արդիականացնելու խնդիրը նկարչուհին փորձում է լուծել ինքնատիպորեն, ժամանակակից մտածողությամբ ու ձեւերով, գտնում մատուցման տարբեր հնարանքներ եւ ամենակարեւորը` համոզիչ լեզվով. խոսքը արեւմտահայ երգիծաբանների գործերի գրաֆիկական շարքերի մասին է: Իր ձեւավորումներով տպագրված գրքերից նշենք մի քանիսը` Անդերսեն. «Թագավորի նոր շորը», Ռուբեն Մարուխյան. «Չիկարելիի նոր արկածները», Երվանդ Պետրոսյան. «Պապ ու թոռ», Յան Բժեխվա. «Մրջյունը», «Պանրի ծակերը», Լեյլո Տունգալ. «Յոթ ծովից այն կողմ»:

Ամալյա Վարդանյանը մասնակցել է հանրապետական եւ միջազգային մի շարք ցուցահանդեսների, անհատական ցուցահանդես է ունեցել Փարիզում: Աշխատում է Երեւանի Ճարտարապետաշինարարական համալսարանի նկարչության եւ գծանկարի ամբիոնում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 20-03-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ