RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2015-03-06 > #009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 20-03-2015



Տեղադրվել է` 2015-03-19 23:39:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 822, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 3

«ՃԱԿԱՏԱԳՐՈՎ ՊԱՏԺՈՒԱԾՆԵՐԸ» De Hjemsgte

Գոհար ԱՃԵՄԵԱՆ

Գիւմրիի «Էլդորադօ» հրատարակչութիւնը 2014 թուականի վերջերին հրատարակել է սոյն անուամբ ժողովածուն, որի հեղինակն է դանիուհի հանրայայտ արձակագիր եւ բանաստեղծ Ինգա Նալբանդեանը (1879-1929), թարգմանչուհինՙ Դանիայում ապրող եւ ստեղծագործող Յասմիկ Կուրղինեանը: Այն եւրոպական լեզուներով հրատարակուել է 1917 թուականին (անգլերէն, ֆրանսերէն, գերմաներէն, դաիներէն, ֆլամանդերէն եւ այլ լեզուներով):

Հայերէն թարգմանուել է առաջին անգամՙ Հայոց ցեղասպանութիւնից 97 տարի անց:

Միայնակ են: Խամրած են նրանց հայեացքները,

Զի ոչ մի սիրալիր ձեռք չի փակել ձեր աչքերը,

Ոչ մի ընկեր չսեղմեց ձեր ձեռքերը,

Բաժանման հառաչանքը ձերՙ ոչ ոք չլսեց...

(«Ճակատագրով պատժուածները»)

Դեռեւս չորս տասնամեակ առաջ Մոսկուայի եւ Լենինգրադի մի խումբ արուեստագէտների հետ այցելել եմ Դանիա եւ ծանօթացել Կոպենհագենում հանրայայտ բանաստեղծ եւ արձակագիր Ինգա Նալբանդեանի աշխատութիւններին: Տարիներ անց այդ մասին գրել եմ «Հայաստաին Հանրապետութիւն» թերթում, «Քո եղբօր արիւնը կանչում է վերտառութեամբ»: Թերթում տպագրուածը փոխանցւում է Կոպենհագենՙ Վանաձորից մտաւորական Գառնիկ Կուրղինեանի դստերըՙ Յասմիկ Կուրղինեանին:

Դանիայում բարձրագոյն կրթութիւն ստացած, երկու երեխաների մայր Յասմիկը անմիջապէս անցնում է գործի: Կոպենհագենի ազգային գրադարանում յայտնաբերելով Ինգա Նալբանդեանի ողջ արխիւըՙ նախաձեռնում է եւ հայութեան կոտորածների, ականատեսի աչքերով տեսածի մասին գրքերը դանիերէնից թարգմանում հայերէն: Դժուարին, սակայն հայրենասիրական գործ:

1904 թուականին Ինգա Նալբանդեանը Դանիայում յայտնի էր իբրեւ բանաստեղծ եւ արձակագիր: Ժնեւում ծանօթանում է հայազգի գրասէր եւ մանկավարժ Պաուլ Նալբանդեանի հետ, նրանք ամուսնանում են եւ 1909 թուականին ընտանիքով մեկնում են Կոստանդնուպոլիս:

Հայ մտաւորականութեան բնաջնջումը Թուրքիայում յուսալքում է Պաուլ Նալբանդեանին եւ իր ընտանիքին, նա մահանում է 1916 թուականինՙ թողնելով Ինգային չորս զաւակների հետ:

Ինգան, որ մինչ այդ երգում էր գարուն, սէր, մայրական քնքշութիւն, ամբողջութեամբ նուիրւում է հայկական հարցին: Հանդէս է գալիս մամուլում, դասախօսութիւններ կարդում, գրում տեսածն ու լսածը, եւ Եղեռնի հետ առնչուող նիւթերը դառնում են հատորներ:

Նրա «Ծերացած ձեռքը», «Յակոբն ու կինը», «Մի լուսնեակ գիշեր», «Մանեան», «Նահապետի աչքերը» եւ այլ ստեղծագործութիւններ, բազմաթիւ պատմուածքներ, էսսեներ, նովելներ հայերի տառապանքի մասին են: Նա գրում է. «Իմ իրաւունքը պայքարի, ցաւի իրաւունքն է, որպէս սուրբ ժառանգութիւն հայ ժողովրդի, որը դարձաւ եւ իմ ժողովուրդը: Թէ ինչպիսի աջակցութիւն ցուցաբերեց իմ ժողովուրդը Հայաստանի ճակատագրին այստեղ, տանը, գերազանցում են այն ամենը, ինչ ես կը համարձակուէի յուսալ, երբ գրեցի «Մեծ ցաւը»:

Իր գրքի առաջաբանում պատմում է, թէ ինչպիսի տագնապով լի մայրական ապրումներ է ունեցել Եղեռնի տարիներին, միայնակ, առանց ամուսնու, իր չորս երեխաների կեանքը փրկելու համար: Մեծ դժուարութեամբ, գերմանացիների օգնութեամբ կարողանում է երեխաներին Դանիա հասցնել, իսկ ինքը մնալով Կոստանդնուպոլսում աշխատում է օգնութեան ձեռք մեկնել հայերին: Նա շարունակում է այցելել ուսումնարաններ, հիւանդանոցներ, կապ հաստատել հայկական եկեղեցիներում ծուարած մարդկանց հետ: Ինգան չի թողնում գրիչը նկարագրելու անհաշիւ վկայութիւնները, որի ականատեսն է եղել:

«Եւրոպայում դեռ կան բազմաթիւ վկայութիւններ կատարուածի մասին: Որպէս լրացուցիչ աղբիւր Անրի Բարբիի «Au pays de l՛e՛pouvante» շարադրանքին ֆրանսիական դեպուտատների պալատի նախագահ Պոլ Դեշանելի (Paul Deschanel) նախաբանով: Այն ներկայացնում է վկաների պատմածները մարդախողխող խմբերի ու նրանց լռին ու երկայնաձեռն ոճրագործութիւնների մասին:

«Եթէ ոմանք ցանկանում են գերմանական վկայութիւններս, ապա ես կարող եմ վկայակոչել մի փոքրիկ գրքոյկ «Material zur Beurteilung des Schicksals der Armenier im Jahre 1915-1916:» Այն հեղինակել է Հալէպի գերմանական ռէալական դպրոցի աւագ ուսուցիչը, գորովասիրտ ու խիզախ մարդը:»

ԻՆԳԱ ՆԱԼԲԱՆԴԵԱՆ

15 օգոստոսի 1917թ.

Ինգա Նալբանդեանի (Հենրիետէ Լուսինդէ Քոլին) ստեղծագործութիւնները վաղուց արդէն դարձել են Հայաստանի ազգային գրադարանի սեփականութիւնը (անձեռնմխելի ֆոնդում): Հարկ է շնորհակալ լինել Վահէ Զարեանին (Կոստան Զարեանի աւագ որդուն), որի շնորհիւ տարիներ առաջ հատորները Դանիայից տեղափոխուեցին Երեւան:

Յուսանք, որ այդ հատորները տեղաշարժ կը լինեն մեր ստեղծագործողների, գրողների, թարգմանիչների եւ այլոց կողմից:

Հայկական դէմքեր

Օ~, անուշիկ աշուն երբեմնի,

Կանաչ եղանակ

Դուք հեռացաք ընդմիշտ...

Ես չեմ տեսնում էլ երկինքը կապոյտ,

Ես չեմ լսում էլ դայլայլը ուրախ,

Երգը հաւքերի...

Քեզ հետ տար երջանկութիւնը իմ,

Շատ էի սիրում քեզ, բայց դու գնացիր,

Եւ ի զուր էր ետ գալը աշնան...

Այո, եկել է նորից արեւն ուրախ,

Օրերը, սակայն, անցնում են այնպէս,

Ոչինչ չարժելով:

Եւ ինչո՞ւ նորից աշունը եկաւ..

«Ինչո՞ւ եմ գրել այս ամէնը, ի՞նչ իրաւունքով,- գրում է Ինգա Նալբանդեանը իր «Գիշերին» գրքի յառաջաբանում: Իմ իրաւունքը վիշտն է: Դրա համար ես թանկ եմ վճարել: Այդ իրաւունքը ինձ տուել է կեանքը կամ աւելի շատՙ մահը, եւ դա սրբազան ժառանգութիւն է մի ժողովրդից, որը դարձել էր իմը եւ օրեցօր աւելի խորն է սուզւում արեան ծովի շառաչուն ալիքների մէջ եւ կարող է շուտով անհետանալ:

«Իմ դերը սահմանափակ է: Ես միայն կարող եմ պատմել, թէ ինչեր եմ տեսել իմ սեփական աչքերով եւ ինչեր լսել ուրիշներից: Եւ այն ինչ ապրել եմ ինքս: Ընդամէնը մի փոքրիկ հատուած իմ ապրածից»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 20-03-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ