ՀՐԱՇՔ ՋՈՒԹԱԿԱՀԱՐԻ ԿՅԱՆՔԻ ԱՆՄՈՌԱՑ ԴԵՊՔԵՐԻՑ ԺԱՆ ՏԵՐ-ՄԵՐԿԵՐՅԱՆ Բնատուր տաղանդին զուգորդված իր համեստ, ընկերասեր, սրտաբաց նկարագրի շնորհիվ Ժան Տեր-Մերկերյանը արժանացել է համընդհանուր սիրո: Առաջին ելույթն նույնպես անմոռանալի է: 12-ամյա հասակում, Երեւանի ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում, Մոսկվայից եկած դիրիժոր Կոնստանտին Սարաջեւի հետ, կարճ տաբատով բեմ ելած ու կրակոտ շնչով Մենդելսոնի եւ Վիվալդիի կոնցերտների հիացնող կատարումը: Ընտանիքի հայրենադարձությունից առաջ, Մարսելում Ժանը հանդես էր եկել դիրիժոր Անդրեյ Օդոլիի ղեկավարմամբ... Փոքրիկ հրաշքի ծնունդ: Տասը տարի անց, նաեւ Պրահայում, ապա Փարիզի միջազգային մրցույթում ստացած մրցանակները ոգեւորության ալիք ստեղծեցին: Ազնվասիրտ Լեոնիդ Կոգանը, որը փարիզյան ժյուրիի անդամ էր, մոտեցել, ջերմորեն շնորհավորել էր Ժանին ու ասել. «Դուք միանգամայն արժանի էիք Ձեր հաղթանակին»: Փարիզից Երեւան վերադարձի ճանապարհին Մոսկվա հասած Ժանին շտապ հրավիրեցին Յալթա: Երեկոյան դահլիճը լցվեց Եվրոպայից Ղրիմ ժամանած երեք հազար զբոսաշրջիկներով, եւ Փարիզում հաղթանակած երիտասարդը իր նվագով արժանացավ բարձր գնահատման: Հաջորդ օրերին Ժանը տեսավ Յալթայի հայկական եկեղեցին, որի բակում վերականգնվել էր նկարիչ Վարդգես Սուրենյանցի շիրմաքարը: Ջութակահարը այդ մասին ուրախ պատմեց, որ այնքան էր սիրում Սուրենյանցին, որ տպավորված ինքն էլ պատկերներ էր նկարում: Երեւանյան նկարիչներից իր ամենամոտ բարեկամը եղավ Մինաս Ավետիսյանը, որի կտավների թափանցիկ, հնչող գույները ընկալում էր իբրեւ երաժշտություն: Երեւանում ուշագրավ եղավ, որ Մոսկվայում Ամերիկայից կոնսերվատորիա հրավիրված հայտնի ջութակահար Իսահակ Ստերնը, բոլոր ասպիրանտներին լսելով մատնացույց արեց Ժանին` հատկապես գովելով տաղանդը: Տարիներ անց Ժանը հանդես եկավ Լենինգրադում, կատարելով Արամ Խաչատրյանի ղեկավարմամբ նրա կոնցերտը: Կոմպոզիտորն ջութակահարին համարեց իր ստեղծագործության լավագույն կատարողը: Հայաստանում Ժան Տեր-Մերկերյանի համերգներից հիշենք միայն մեկը: Լենինականում նա նվագելու էր Մոցարտի 4-րդ կոնցերտը եւ ղեկավարողն էր Մոսկվայից եկած Միքայել Տերյանը: Երաժշտության առաջին հնչյուններից հետո լույսերն հանկարծ մարեցին եւ նվագախումբը լռեց: Քիչ անց համերգը նորից սկսվեց եւ լույսերի մարումը դարձյալ կրկնվեց... Եվ մթության մեջ հանկարծ սկսեց լսվել Բախի «Չակոնան»: Ոգեւորությամբ ներշնչված նկարիչ Հ.Հակոբյանը շշնջաց. «Ասիկա եթե Ամերիկա պատահեր, Ժանը երկինք կբարձրանար...»: Վերջում դիրիժորը նետվեց դեպի մենակատարը, գրկեց, հորդորելով` միայն շարունակիր, Դու հրաշք ես... Երեւանյան համերգները բացառիկ երեւույթներ էին: Նշենք, որ երբեմն մեկ համերգում Ժանը նվագում է Բախի, Բեթհովենի, Բրամսի կոնցերտները: Եվ դիրիժոր Միքայել Մալունցյանը ոգեւորված հայտարարում` նման բան կարող է անել մեր սիրելի ջութակահարը: 1974-ին Բոստոնում Բրամսի կոնցերտի կատարումը ջերմ ընդունելության արժանացավ: Ականավոր դիրիժոր Արթուր Ֆիդլերը բեմում անսպասելի համբուրում է մենակատար Ժանին, հրավիրում իր տուն: Հինգ տարի անց արվեստաբան Շահեն Խաչատրյանը դասախոսություն կարդաց Բոստոնի թանգարանում: Եվ արդյունքը դարձավ այն, որ մի անձ նվեր տալու ցանկությամբ, կարողացավ ռադիոյում գիշերով սկավառակ պատրաստել տալ Ժանի բրամսյան կատարմամբ: Դա իսկական նվեր եղավ շատերին: Եվ ԱՄՆ-ում 1000 օրինակ լույս ընծայված այդ սկավառակը դարձավ Ժանի արտասահմանյան համերգներից մնացած միակ հիշատակը: Հայտնի ջութակահար, ժողովրդական կոչման արժանացած Ժանը նաեւ նվիրվեց ուսուցչական գործունեության: Իր մոտ նախապատրաստվեցին Արտաշես Մկրտչյանը, Բագրատ Վարդանյանը...: Ֆրանսիայի իր սաներից մեկը պատանի ջութակահարների մրցույթում ճանաչվեց լավագույնը: Ժանից որոշ դասեր առավ նաեւ այժմ արդեն լայնորեն ճանաչված, բարձր գնահատված Սերգեյ Խաչատրյանը, որը վերջերս համերգ տալով Մարսելում բարեկամական սիրով այցելել էր Ժանին... Հիշեցնենք եւս կարեւոր մի բան: Երբ 1995-ին Մարսելում կազմակերպվեց ծովանկարիչներ Այվազովսկու, Մախոխյանի, Ադամյանի, Շաբանյանի «Ծովի երգը» նշանավոր ցուցահանդեսը, Ժանը կարողացավ գտնել Վ.Մախոխյանի ստեղծած Հայոց եղեռնին նվիրված «Ողբ Հայաստանի» երաժշտական նոտաները, եւ այդ ցուցահանդեսին նվիրված համերգի վերջում, այդ գործը ջերմ հուզմունքով հնչեցրին Ժանն ու դաշնակահար Վիլլի Սարգսյանը: Վերջին քսանհինգ տարում, ապրելով հանդերձ Ֆրանսիայում, Ժանը հոգեպես պահպանեց իր սերտ կապը հայրենի երկրի հետ: Նշենք, թե ինչպես շտապ Հայաստան եկավ երկրաշարժի օրերին, հանդես եկավ համերգներով: Իսկ վերջին տարիներին ղեկավարեց Գյումրիում կազմակերպվող պատանյաց երաժշտական մրցույթները... Ժան Տեր-Մերկերյանը մշտապես հիշվելու է իբրեւ մայր ժողովրդի բացառիկ տաղանդ: Նրան նվիրված ոգեւորող դեպքերից է այս տարվա սկզբում փարիզյան հեռուստացույցով լույս ընծայված 1961-ին նվագած Բեթհովենի կոնցերտը: Վերհիշենք նաեւ, որ Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Շամշյանը քնելուց առաջ միշտ լսում էր Ժանի կատարմամբ ջութակի իր փոխադրած Կոմիտասի «Ախ, մարալ ջանը» եւ հայտնում` «Մարալ ջանը» հենց ինքը Ժանն է, իր ջութակի հոգին: Տարբեր երկրներում Ժանի համերգների մասին «Ես հիացած եմ Ժանի սքանչելի նվագով: Նա երաժշտական հնչյունի կատարյալ վարպետ է: Մեծ արտիստ է, հոգեշնչող ջութակահար: Զինո Ֆրանչեսկատտի. ԱՄՆ հռչակավոր ջութակահար
...Հանձին Ժան Տեր-Մերկերյանի մենք վալելեցինք արտասովոր մի տաղանդի ներկայություն: Նա իր ջութակին ու երաժշտությանն է հանձնվում ամբողջովին: Հնչյունի մաքրություն, գեղեցիկ մեկնաբանված երաժշտական մտքեր, այսպես հատկանշվեց Բրամսի կոնցերտը: «Բոստոն-գլոբ», Բոստոն
Ժան Տեր-Մերկերյանի արվեստը միշտ էլ հիացնում է իր նուրբ արտիստականությամբ, վերտուոզության եւ ազնվաբարո ճաշակի ներդաշնակությամբ: Իր գործիքի երգող, գեղեցիկ հնչողությունը ջութակահարը արտահայտում է արտահայտչական-իմաստային բազում երանգներով... Վ. Ռուդինկա, «Սովետսկայա մուզիկա», Մոսկվա
Ժան Տեր-Մերկերյանը ցուցադրեց տեխնիկայի անթերի տիրապետում: Նրա նվագը առանձնանում է արտահայտչական բացառիկ ուժով, հզոր եւ պոռթկացող տեմպերամենտով: «Լա Նասիոն», Արգենտինա
Նկար 1. Մինաս Ավետիսյան. Ժանը շախմատ խաղալիս Նկար 2. Բրամսի կոնցերտը. Բոստոն, դիրիժոր Արթուր Ֆիդլեր |