«...ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԳՐՈՂԻՆ ԻՐ ՊԱՐՏՔԸ ՏԱԼ» Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ Մտերիմ զրույցների միջավայր` Կարպիս Սուրենյանի 90-ամյակի առիթով
Այդ գիրքը մակագրելիսՙ թվական չգրեց: «Օրագրության» առաջին հատորն էր- անթվական` «Հուզաիմացական անհունում», որի իմաստը շատ ավելի խորն եմ ընկալում հիմա, քան այն պահին: Այնտեղ, անհունի այդ ոլորտներում էր նրա որոնումների ու հետաքրքրությունների իրական աշխարհը, իր կյանքի բովանդակությունը: Հիմա թերթում եմ գրքի էջերը ու դժվարանում եմ որպես բնաբան առանձնացնել որեւէ խոսք, որ բնորոշ լինի սեպտեմբերյան այն երեկոյի մթնոլորտին: Ո՞ր մեկն ընտրել,- ամենուրեք խոհ ու խորհրդածությունՙ իբրեւ զգացական փոխանցում, իբրեւ ուսանելի փորձ ու փորձառություն, իբրեւ պատգամ ու դաս: Նա իսկապես ուսուցիչ էր, -Նորայր Ադալյանը ասում է, որ ամեն գրող ուսուցիչ է, բայց դեՙ ով ինչ եւ ինչպես է ուսուցանում... Ու միտքս կանգ առավ հենց մակագրության այդ երկու բառինՙ «Ժամանակից դուրս...»: Հիմաՙ իրոք ժամանակից դուրս: Ահա այստեղՙ Խնկո-Ապոր անվան գրադարանի հյուրընկալ դահլիճում, ոչ ժամանակից դուրս, կոնկրետ մի ժամի հավաքված են մտավորական մարդիկՙ եկել են հիշելու, բայց ավելի շուտ զրույցի բռնվելու Կարպիս Սուրենյանի հետ, կիսատ մնացածը շարունակելու, չասված խոսքը ասելու. - ինչ-ինչՙ բայց զրույցը Սուրենյանի թերեւս ամենասիրած զբաղմունքն էր: Այդ զրույցը կենսափիլիսոփայություն էրՙ աշխարհընկալման ու փորձի, գաղափարի ու դիրքորոշման փոխանակում, - թանկ պահերի թանկ հարստություն: Լինում են չէ՞ մարդիկ, երբ հեռանալուց հետո նրանց կյանքը շարունակվում է ոչ միայն իբրեւ հիշողություն, նաեւ իբրեւ այնպիսի զգացողություն, որի առարկայականությունը շփոթեցնելու աստիճան իրական է. - այսպիսի պահերին ժամանակային պայմանականությունը ջնջում է տեսողականի սահմանները, եւ սրված ներքնատեսությունը հայտնվում է հաղորդակցման այլ չափումներում... Այս պատճառով, ովքեր խոսեցին նրա մասին, սկզբից եւեթ մերժեցին հիշատակի երեկո համարել, որովհետեւ նրաՙ այստեղ լինելու զգացողությունը շոշափելի էր, եւ մարդիկ մտորելու, բացվելու, զրուցելու համար էին եկել: Առիթը գրողի ծննդյան 90-ամյակն էր, թեեւ կյանքից հեռացածների տարիները չեն ավելանում... Խորապես իմաստավորված տարիներ, որոնց յուրաքանչյուր ծալքի մեջ կյանքի դրոշմ, ճակատագրի բեկոր կա, եւ որոնց լրջությունը մտորումների է տանում- դժվարին ապրած կյանքիՙ թե՛ իրենից դուրս, թե՛ ներսում, սակայն ներքին լույսը նրան չլքեց եւ ոչ մի տարիքում, ապրեց անինքնադավ, կամային սկզբունքներով ու բարձր բարոյականությամբ, սթափ իրատեսությամբՙ մինչեւ կյանքի վերջին օրերը: Իր պարագայում դա այդպես էլ լինելու էր, որովհետեւ ապրած կյանքը, հոգեւոր որոնումները խորապես գիտակցված էին, իմացականությանը միտված, ինքնաճանաչողության լույսն իր մեջ կրելով: Հակոբ Ավետիքյանը հաճախ է որպես բանաձեւային բնութագրումՙ վկայում նրա «Ճիշտը կյանքն է» արտահայտությունը, որը գրքերից մեկի խորագիրը նաեւ դարձավ: Այդ կյանքից, ժամանակից, միջավայրից, մթնոլորտից հաճախակի դժգոհությունները, ինչպես Ն. Ադալյանն ասաց, բոլոր մեծ արվեստագետներին բնորոշ, կոնստրուկտիվ էին, եւ դա իսկապես այդպես էր, միաժամանակ հենց կյանքի սերն էր, որ մշտապես կենսունակ ու ամուր էր պահում նրա հոգին: Այդուհանդերձ, իր մտային խորասուզում- խոկումների մեջ, գոյութենական առեղծվածի փակագծերիՙ իր բացած սահմաններում նա հաղորդակից էր ժամանակի խորհրդին, նրա գաղտնի իմաստին, կյանքի անընդհատական վերածնման գաղափարին, որին նա հասու էր եղել իր ներսում այնքան ուժգնորեն արտահայտված բնապաշտական զգացումների, բնության ներքին շարժըՙ ամենամանր տարրերից մինչեւ հզոր տարերք ու խռովք հասկանալու, զգալու, սիրելու շնորհիվ: Ինչ որ ժառանգեց նա մեր ժողովրդինՙ իր գրականությունն էր, իսկ բանավորՙ իր մտերիմներինՙ հիշողությունների ոսկե դաշտեր թողեց, արեւալույսի բարությամբ... Նրա հոգեւոր ժառանգության, կյանքի, կենսագրության մասին ավելի լավ, քան Երվանդ Տեր-Խաչատրյանը ներկայացրեց, հնարավոր չէր անել: Այդ կենսագրությունը սկսվում է Աթենքից, ուսումնառություն առնում Կիպրոսի Մելգոնյան հայտնի վարժարանում, որի մասին փայլուն հիշողություններ է նա թողել իր օրագրություններում, եւ որտեղ արդեն, ինչպես երեկոյի հանդիսավարը բնորոշեց, գտավ կյանքից փրկվելու կերպըՙ ստեղծեց իր աշխարհը, գրքերի, արվեստի, երաժշտության աշխարհը: Այդ կյանքը շարունակվեց Հայաստանումՙ 1946-ի ներգաղթյալների համար խորհրդային երկրի սարքած «հատուկ» պայմաններում: Այն, ինչ նա ուներ Մելգոնյան վարժարանում ձեռք բերած, ներքին այդ կյանքը դարձավ սովետական անհուսալի իրականության մեջ գրողի միակ հենարանըՙ բանաստեղծի ասածՙ հենման կետն այս աշխարհում: Նա ապրեց այն բոլոր հուսահատությունները, որ բաժին հասան ներգաղթյալ հայությանըՙ սոցիալական անապահովության, կասկածի, անտարբերութան, քամահրանքի, մտավորականի միայնության, լքվածության վիճակները: Աշխատեց օր ու գիշեր, աշխատեց տքնաջան, զրկանքով, համառությամբՙ Գիտությունների ակադեմիա, «Սովետական արվեստ» ամսագրի խմբագրություն, աշխատակցեց արվեստի, հատկապես երաժշտության մասին փայլուն հոդվածներով, ժամանակին ստիպված եղավ այրել աղքատիկ, փոքրիկ բնակարանի դժվարագույն պայմաններում գրած վեպը.- վախի ու հալածանքի մթնոլորտը սպանում էր ամեն լավ բան: Երվանդ Տեր-Խաչատրյանը անդրադարձավ այդ տարիների գրողի կյանքի դժվարություններին, թե՛ ապրուստի, թե՛ հոգեկան տվայտանքների: Առանձին նշեց բոլոր գրքերը, ներկայացրեց առանձնահատկություններըՙ վերստին գնահատելով հատկապես էսսեի ժանրում Կարպիս Սուրենյանի բերած նորություններն ու առավելություններըՙ ինտելեկտուալ խորք, վերլուծական միտք, բարձր իմացականությունՙ սկսած «Մաքուր ձեռքեր» առաջին գրքից, եւ հետագա տարիների հրատարակություններինՙ «Բնիկ որտեղացի՞ ես», «Արեւորդիներ», «Երանության կղզի», «Ոգու ամրոցներ»-ից մինչեւ «Օրագիր. 1943- 2001» ծավալուն երկհատորյակը: Վերջինիս պարագայում նա ուշադրություն հրավիրեց երկու կարեւոր հանգամանքիՙ ներգաղթյալների խնդրինՙ մթնոլորտում տիրող ջղաձգումներ- ջլատումներ- հակասությունները, նրանց կյանքին ու ճակատագրին նոր իրականության մեջ եւ բարոյական այն պարտքին, որ օբյեկտիվորեն ձեւավորվել էր նրանց հանդեպ. «Մենք պարտք ունեինք սփյուռքահության առաջ, եւ այդ պարտքը վճարեց Կարպիս Սուրենյանը»: Եվ իհարկե հայ թարգմանական արվեստի պատմության մեջ Սուրենյանի ներդրումը անառարկելիորեն բացառիկ է, նրա հնչեցրած հայերենը օտարալեզու երկերի բնագրային հարազատությամբ, լեզվական մաքրության, մշակվածության առումով անգերազանցելի է` զրնգուն, ինչպես Բակունցի լեզուն, ինչպես Տերյանի ոսկեղենիկը: Բանախոսը անդրադարձավ հայ թարգմանական արվեստի երկու գլուխգործոցներինՙ Դոստոեւսկու «Կարամազով եղբայրներ»-ին եւ Գոլսուորսիի «Ֆորսայթների պատմությունը» վիպաշարին, անդրադարձավ թարգմանչի լեզվաշինությանը, դրա նրբություններին ու շերտերին, համարեց այն լեզվի կարողության, ունակության եւ ներուժի արտահայտություն, մեր գրական լեզվի բարձր դրսեւորումներից: «Նա գրական մթնոլորտում ամենագիտակ, հոգեպես ամենաբարձր մարդկանցից էր, գուցե ամենաբարձրը: Մենք հոգեւոր արժեքներ ունեցող մարդկանց չենք սիրում»- այս կոնտեքստում Նորայր Ադալյանը հիշեց Կոստան Զարյանին, որի մենակությունը այստեղ, հայրենիքում կարող էին փարատել թիկուքում ունեցած փառահեղ հիշողությունները, Կարպիս Սուրենյանի «թիկունքը իր ստեղծագործական ներքին համառությունը, կամքն ու հետեւողականությունն էր»: Հետաքրքրքկան էր նրա մոտեցումը Սուրենյանի թարգմանությանը վերաբերող. «Մենակ էր, ուզեց երկխոսության մեջ մտնել մեծ մարդկանց հետ, նա ապրուստի համար չէր թարգմանում, ուզում էր համախոհ լինել, զրուցել , մենակ չմնար, հանդիպեր այդ դասականների հետ, նրանց հետ կիսեր իր զգացումները, իր հուզաշխարհը, իր դրաման»: Նորայր Ադալյանը նաեւ կարեւոր առաջարկություն արեցՙ հուշատախտակ տեղադրել գրողի ապրած տան պատին եւ մայրաքաղաքի դպրոցներից մեկը կոչել Կարպիս Սուրենյանի անունով: Ինչպես Հակոբ Ավետիքյանը ասացՙ բանաստեղծական այն մտորումը, զեղումը, որ ունեցավ Հենրիկ Էդոյանը ճիշտ էր, որ հենց այդ օրը հնչեց ու այդ դահլիճից: Թերերս միայն գրողը, ավելի շուտ հոգեհարազատության զգացումի առկայությամբ միայն հնարավոր է այդքան ճշտորեն զգալ մեկ ուրիշի ներքին կյանքն ու հուզական աշխարհը. «... Ես զարմանում էի նրա ներքին ամրության, կարծրության վրա, մեկ ուրիշը կարող էր ընկճվել, մարդու ես-ը կարող է դեֆորմացվել ճնշումներից, մարդը իրավունք չունի այդքան մենակ լինել, մարդուն այդ բանը տրված չէ: Կարպիսը միայնակ մարդ էր, միշտ որոնումների մեջ էր, միշտ մի բան բացակայում էր: Նրա օրագրությունների մեջ մարդկային ճակատագիր է անցնում, մեկ մարդու ճակատագրի մեջ հայելու պես արտահայտվում է համաշխարհային պատմությունը: Նա գրում էր իր կյանքի պատմությունը, բայց դա իր պատմությունը չէ միայն, դա 40 տարիների պատմություն է, որի միջով անցել է մեր ժողովուրդըՙ դժբախտ, հալածված, լքված: Իր պարագայում ավելացել է եւս մի բանՙ քաղաքական անվստահելիությունը խորհրդային երկրումՙ արտասահմանից եկած, իր ներքին կյանքը ունեցող, իր ներքին ճակատագիրը ունեցող, որ չի ենթարկվում, եւ հետո իր մենակությունը խորհրդային գրողների ընտանիքում, նրանցից որակապես տարբեր լինելը, դրան ավելացրած այն վիթխարի փորձությունը, որ ձեռք էր բերել անձնական ջանքերով, անսահմանափակ գիտելիքներըՙ ամենատարբեր բնագավառների: Գրողը որեւէ ժողովրդի բարձրագույն մարմնացումն է: Մարդկությունը չի կարող գրողին իր պարտքը տալ: Դա գին չունի: Բացառիկ մարդ էր Կարպիս Սուրենյանը, որին ես բախտ եմ ունեցել տեսնել, նրա իմացությունը, նրա ճակատագիրը սովորական չէր, դա մեծ մարդու ճակատագիր էր», եզրակացրեց Հենրիկ Էդոյանը: Կյանքի վերջին 15 տարիներին Կարպիս Սուրենյանը ուղղակիորեն կապվեց «Ազգ» թերթին, նրա աշխատանքը մեր թերթի ու նրա խմբագրի հետ բացառիկ ստեղծագործական էր, բարեկամական ու իսկապես ջերմ, դա համախոհների, գաղափարակից մարդկանց համագործակցում էր, ավագի ու կրտսերի փոխհարաբերություն, հոգեհարազատության կանչ: Հակոբ Ավետիքյանը իհարկե շատ բան ուներ ասելու, թե՛ գործնական-մասնագիտական, թե՛ զգացական-հուզական առումով: Նա հիշեց համագործակցության առաջին երկու առիթներըՙ թուրք-կիպրական հարաբերությունների սրված մի իրավիճակում, երբ խնդրո առարկա էր դարձել նաեւ Կիպրոսի գրավյալ տարածքներում գտնվող հայկական Մակարավանքը, եւ Սուրենյանը պահած ուներ դեռ Մելգոնյանում սովորելիս իր ձեռքով արված վանքի չափագրումները, այս մասին եւ մյուսըՙ Լորենս Արաբացու եւ նրա գործունեության վերաբերյալ գրողի երկու ընդարձակ հոդվածները, նաեւ գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի պարբերական հրապարակումները առիթ եղան ստեղծելու մշակութային այն էջերը, որ առանձնահատուկ դեր ունեցան եւ շարունակում են ունենալ մեր մտավորականության համար, եւ հայաստանյան մամուլի պատմության մեջ եզակիորեն առանձնացող են: Կարպիս Սուրենյանը այդ էջերի մշտական հեղինակներից էր. մենք ապրեցինք այն ուսանելի ու երանելի օրերը, որ նա տվեց մեզ, աշխատելու իր կերպը, պատասխանատվության չափը, լեզվի, բառի հանդեպ ծայր ուշադրությունը, կարելի է ասելՙ ակնածանքի հասնող խնամքը: Թերթի խմբագիրը անշուշտ հիշեց մանրամասներ, իր եւ աշխատակիցների հետ նրա տեւական զրույցների, բանավեճերի, «Ազգ»-ի միջանցքի` նրա սիրած մի անկյունում առանձնանալու, ծխելու, խորհրդածելու դրվագներ: Նաեւ էսսեագրության առանձնահատկություններին անդրադառնալով նկատեց, որ ուսանողական ծրագրերում դրանք վաղուց ինքը ներառել է: Եվ իհարկե, վերստին հիշեց Սուրենյանիՙ իրեն էլ հոգեհարազատ կենսափիլիսոփայության բանաձեւումըՙ թե Ճիշտը կյանքն է: Ուստիՙ «Ճիշտը Կարպիս Սուրենյանի կյանքն էր»: Երեկոյի մթնոլորտը հենց այն էր, ինչ կուզենար Սուրենյանը, եւ ավարտըՙ առավելեւս համահունչ իր զգացողություններին - Կոմիտասի գործերըՙ «Կոմիտաս» քառյակի հրաշալի կատարմամբ: Օրվա համար, այդ տաք մթնոլորտի, «Ոգու ամրոցներ» գիրքի նոր, շքեղ վերահրատարակության համար («Սարգիս Խաչենց. Փրինթինֆո») շնորհակալ պետք լինենք գրողի որդունՙ հրաշալի բժիշկ-վիրաբույժ, խորապես հարգելի մարդունՙ Հովհաննես Սարկավագյանին, նաեւ կազմակերպիչներին եւ մասնակիցներին իհարկե: |