ՏԵՍՈՂԱԿԱՆ ԵՎ ԼՍՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՆԵՐԻ ՄԻԱՁՈՒԼՈՒՄԸ ԺՈՂԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ Հ. Ծ. Այս վերնագրով Ռեյչլ Օնանյան-Նաջարյանը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում (ԱՄՆ, Բոստոն) գրում է, որ վերջերս Նյու Յորքի «Պուասոն Ռուժ» համերգասրահում առաջին անգամ հնչել է «Սաունդսքեչ» խմբի «Ժառանգություն» ստեղծագործությունը Տաթեւ Եղիազարյանի հեղինակությամբ: Տաթեւը ծնվել է Հայաստանում, Մելս Եղիազարյանի եւ Կարինե Արշակյանի ընտանիքում: Վաղ տարիքից է հետաքրքրություն ցուցաբերել երաժշտության նկատմամբ: Առաջին վոկալ համերգը նա տվել է 9 տարեկանում: Իր քրոջ հետ 11 տարեկանում հաղթող է ճանաչվել Հայաստանում անցկացվող «Դո րե մի» ազգային երաժշտական մրցույթում եւ հնարավորություն ստացել այցելել Լոս Անջելեսՙ 4 համերգ տալու համար այնտեղ: ԱՄՆ է տեղափոխվել 2003-ին եւ հաջողությամբ ավարտել նախ Նյու Ջերսիի «PAC» հիմնարկության պատանիների ջազ ծրագիրը 2006-ին եւ «Վիլյամ Պետերսոն» համալսարանի ջազի բաժինըՙ ամբողջական կրթաթոշակովՙ 2009-ին: «Սաունդսքեչ» (Soundsketch) խումբը ստեղծվել է 2012-ին: Խմբում ընդգրկված են հիմնականում 6 հոգի: «Ժառանգություն» ստեղծագործությունը Տաթեւը գրել է 2014-ին Հայաստան կատարած այցելությունից հետո, հայրենի երկրի լեռների ու ժայռերի տպավորության ներքո: Ավելի վաղ շրջանի նրա երաժշտական գործերի թվում են «Սպասումը» եւ «Էս առուն», որոնք տոգորված են նրա մանկության շրջանի հիշողությունների ոգով: Տաթեւը երաժշտություն է գրել նաեւ երկու կարճամետրաժ եւ երեք անիմացիոն ֆիլմերի համար: |