RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 18-12-2015



ՆՈՐ ԳՐՔԵՐ

Տեղադրվել է` 2015-12-19 14:47:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 1303, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ՄԱՄՈՒԼԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՆՈՐ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ

ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայ մամուլն իր ավելի քան երկուհարյուրամյա գոյության ընթացքում մեծապես նպաստել է հայ ժողովրդի ինքնության ձեւավորմանը, դարձել նրա հոգեւոր կայացման կենսագիրն ու պատմական ընթացքի ժամանակագիրը: Ցավոք, հարյուրավոր պարբերականներ մինչեւ այժմ գիտականորեն ուսումնասիրված չեն կամ էլ մասնակիորեն են հետազոտված: Ասվածը բացառություն չէ նաեւ 20-րդ դարասկզբի հայ մամուլի համար: Եվ ահա հայ ընթերցողի սեղանին է դրվել «Արեւմտահայ մամուլն իր պատմության ավարտին (1900-1922)» արժեքավոր աշխատությունը, որի հեղինակն է արեւմտահայ մամուլի լավագույն գիտակներիցՙ հմուտ հետազոտող, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Խառատյանը:

Ընդհանրապես մամուլի պատմության հետազոտությունը նրա հեղինակին կանգնեցնում է լուրջ դժվարությունների առջեւ, քանի որ փաստական ահռելի նյութը համակարգելու, գլխավոր ու երկրորդական խնդիրները տարանջատելու, թեմատիկ, իմաստային ու կառուցվածքային բաժանումները համադրելու պահանջ է զգացվում: Ուստի մամուլի պատմաբանը նախապես պիտի հստակեցնի իր անելիքը: Ա. Խառատյանը փորձառու հետազոտողի նախանձախնդրությամբ առաջին իսկ էջերում ներկայացնում է աշխատանքի կառուցվածքային բաժանման մանրակերտը, որը ենթադրում է արեւմտահայ մամուլի պատմության երեք փուլՙ «1. Դարասկզբից մինչեւ Առաջին աշխարհամարտ (1900-1914), 2.մամուլն Առաջին աշխարհամարտի եւ ցեղասպանության տարիներին (1915-1918) եւ 3. մամուլը զինադադարից հետո մինչեւ Թուրքիայի Հանրապետության հռչակումը (1918-1923)» (էջ 5): Նա մանրամասնորեն հետազոտել է հատկապես առաջին եւ երրորդ փուլերում հրատարակված պարբերականները, քանի որ 1915-1918 թվականներին արեւմտահայ մամուլը գտնվում էր «գրեթե խեղդամահ վիճակում»:

Հեղինակն ուսումնասիրության նյութ է դարձրել Կ. Պոլսի եւ Զմյուռնիայի ոչ կուսակցական, «ազատ կամ չեզոք» թերթերն ու ամսագրերը: Կուսակցական, ինչպես նաեւ գավառներում հրատարակված արեւմտահայ պարբերականները դեռեւս սպասում են իրենց հետազոտողին: Իսկ կատարված տքնաջան աշխատանքի արդյունքը արդեն իսկ պատկառելի հատորն է` 534 էջ, շուրջ չորս տասնյակ պարբերականների վերլուծություն:

Ա. Խառատյանն իր առջեւ նպատակ է դրել ներկայացնելու արեւմտահայ հիշյալ «թերթերի ու ամսագրերի տեղն ու նշանակությունը հայ մամուլի պատմության մեջ» (էջ 21): Ընդհանրական այս հիմնավորումն այնուհետեւ կոնկրետ խնդիրների քննությամբ քայլ առ քայլ բացվում է աշխատության գլուխներում եւ ընթերցողին մատուցում արեւմտահայ իրականության ամենադրամատիկ շրջանում` 20-րդ դարասկզբին տեղի ունեցած իրադարձությունների, մամուլում դրանց արձագանքների ու մեկնաբանությունների ամբողջական պատկերը:

Ի դեպ, հեղինակի քննական հայացքին բնորոշ ընդհանրական եւ կոնկրետ մոտեցումները օգնում են բացահայտելու ոչ կուսակցական պարբերականների գործունեության հիմնական ուղղությունները եւ դրանք առանձին հրապարակումներով ի ցույց դնելու առանձնահատուկ կողմերը: Այսպես, Ա. Խառատյանն իրավացիորեն նկատում է, որ քաղաքական նկարագրի երեք տարբեր ժամանակաշրջաններում արեւմտահայ մամուլը փոխել է իր ուղղվածությունը` ելնելով ազգի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից. «Եթե դարասկզբին` Աբդուլ Համիդի բռնակալության տարիներին,- գրում է նա,- մամուլի էջերից գրեթե ամբողջովին չքացել էին ազգային ինքնորոշման տրամադրությունները, ապա երիտթուրքերի տիրապետության շրջանում մամուլի հետաքրքրությունները կտրուկ փոփոխվում են, եւ նրա էջերում առաջնահերթ հիմնախնդիրներ են դառնում անասելի ճնշումների ու կեղեքումների ենթարկվող արեւմտահայության վիճակի ցուցադրումը, նրա անհատական ու ազգային իրավունքների պաշտպանությունը... Նույն այս ժամանակաշրջանում մամուլի եռանդուն քննարկումների առարկա է դառնում Արեւմտահայաստանի բարենորոգման խնդիրը (1913-1914), որն իր ավարտն է գտնում Առաջին աշխարհամարտին Թուրքիայի մասնակցելու իրողությամբ» ( էջ 484):

Ընդհանրական ուշագրավ դիտարկում է նաեւ հիշյալ պարբերականների ժանրային նկարագրի բնութագիրը, համաձայն որի` 1900-1914 թթ. մինչ այդ իշխող հրապարակախոսական ուղղությունը մղվում է երկրորդ պլան, եւ առաջնային է դառնում լրատվությունը, որը կարեւոր խնդիր էր հատկապես չեզոք մամուլի համար: Լրատվական այս քաղաքականության շնորհիվ արեւմտահայ ընթերցողը հնարավորություն էր ստանում տեսնելու ոչ միայն պոլսահայ եւ զմյուռնահայ գաղթօջախների, այլեւ Արեւմտյան Հայաստանում ապրող հայ բնակչության կյանքի իրական պատկերը: Այլ խոսքով` հիշյալ մամուլը, հեղինակի դիպուկ բնութագրմամբ, «ստանում է սկզբնաղբյուրի նշանակություն»: Գրքում այս դիտանկյունից հանգամանորեն քննվել են «Բիւզանդիոն», «Հանրագիտակ», «Սուրհանդակ», «Արեւելեան մամուլ», «Մանզումէի էֆքեար», «Ժամանակ», «Դաշինք» եւ այլ պարբերականներում տպագրված տասնյակ հրապարակումներ:

Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում աշխատության այն էջերը, որտեղ հեղինակն ընթերցողի ուշադրությունը սեւեռում է դարասկզբի արեւմտահայ եւ թուրքական պարբերականների միջեւ ընթացող բանակռիվներին: Դրանք սրվում էին հատկապես արեւմտահայերին առնչվող ողբերգական իրադարձություններից հետո: Մասնավորապես Ադանայի կոտորածների (1909թ.) կապակցությամբ թուրք թղթակիցների կեղծ հիմնավորումներին ու մեղադրանքներին, հաճախ վտանգելով սեփական կյանքը, հայկական թերթերի աշխատակիցները պատասխանում էին արդարությանը հետամուտ լրագրողի արժանապատվությամբ:

Մամուլի պատմաբանին բնորոշ հետեւողական կեցվածքը նկատելի է նաեւ կոնկրետ պարբերականների թեմատիկ ոլորտներին նվիրված նկարագրություններում: Ընդ որում, հրապարակումները յուրաքանչյուր պարբերականում տարբեր են իրենց մատուցմամբ, խնդիրը վեր հանող հայացքով, երեւույթի ընկալմամբ եւ այլն: Դրանք քննելիս հեղինակը հիշատակում է նյութի բնութագրական կողմերը, այն հիմնականն ու կարեւորը, որոնք, իրենց կոնկրետությամբ հանդերձ, ամբողջության մեջ ձեւավորում են տվյալ պարբերականի լրատվական ու վերլուծական քաղաքականությունը: Նշված ժամանակահատվածներում չեզոք թերթերի տեսադաշտում, քաղաքականից բացի եւ առավել հաճախ արեւմտահայությանը հուզող տնտեսական, սոցիալական ու մշակութային հիմնախնդիրներն են, որոնց անդրադառնում է հետազոտողը թեմատիկ բաժանումներով` գավառների սոցիալ-տնտեսական կյանք, ապահովագրական եւ բարեգործական ընկերություններ, կրթություն, դպրոց, եկեղեցի, գրականություն, արվեստ եւ այլն:

Ա. Խառատյանը նախանձախնդիր է հատկապես մամուլում հայ գրականությանն առնչվող հրապարակումների ուսումնասիրության հարցում, քանի որ այդ տարիներին գրական կյանքի աննախադեպ վերելքը, գրական պարբերականների առատությունը, տաղանդաշատ արեւմտահայ գրողների (Գ. Զոհրապ, Ե. Օտյան, Օ. Չիֆթե-Սարաֆ, Վ. Թեքեյան, Ա. Հարությունյան, Զ. Եսայան եւ ուրիշներ) ակտիվ թղթակցությունները, նրանց ուշագրավ բանավեճերը ձեւավորել էին ստեղծագործական աննախադեպ մթնոլորտ, որի գոյության համար մամուլի շրջահայաց գործունեությունն առանձնակի կարեւորություն էր ստանում: Իրավացի է հետազոտողը, երբ այդ պարբերականներից «Մասիսի» առիթով եզրահանգում է. «Գրողը, գրաքննադատը, մամուլն ու հրապարակախոսությունը «Մասիսի» հրապարակումների շնորհիվ դիտվում են որպես հանրության ու ազգի համար կարեւոր բարոյական ու մտավոր գործոններ, որոնք արժանի են հասարակության ամենալուրջ ուշադրությանը: Սրանում էր նաեւ կայանում «Մասիսի» բերած նորույթներից մեկը արեւմտահայ մտավոր կյանքում» (էջ 194-195):

Նշենք նաեւ, որ մանրակրկիտ հետազոտական աշխատանքը հեղինակին հնարավորություն է ընձեռել վերջնական ճշգրտումներ անելու որոշ պարբերականների հրատարակության թվի հետ կապված: Դա վերաբերում է մասնավորապես «Մանզումէի էֆքեար», «Հայրենիք», «Դաշինք» թերթերին, որոնց լույսընծայման, ինչպես նաեւ հրատարակության ժամանակավոր դադարեցումների հետ կապված` որոշակի տարաձայնություններ կային հայ մատենագետների շրջանում: Ա. Խառատյանի փաստարկումները հիմնավոր են, եզրահանգումները` հստակ, եւ հուսով ենք` անպայման հաշվի կառնվեն մասնագետների կողմից:

Ներհուն գիտնականի այս հետազոտությունը ոչ միայն մոռացությունից փրկել է արեւմտահայ մամուլի պատմության կարեւորագույն շրջաններից մեկը, այլեւ ընթերցողին է մատուցվել գիտական հիմնախնդիրների ու հարցադրումների լայն ընդգրկումով, նուրբ դիտարկումներով եւ տեղին ընդհանրացումներով` իր մնայուն տեղն ապահովելով հայ մամուլին նվիրված սակավաթիվ արժեքավոր աշխատությունների շարքում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 18-12-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ