RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 25-12-2015



Տեղադրվել է` 2015-12-24 22:34:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 970, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՓԻԹԵՐ ԲԱԼԱՔՅԱՆԸ ԻՐ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆՈՐ ԳՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ

Հ.Ծ.

Վերջին մի քանի տարիներին, եւ հատկապես 2015-ին, ճանաչված գրող, բանաստեղծ ու հուշագիր Փիթեր Բալաքյանը անընդհատ շարժման մեջ է եղել: Այցելել է հայկական համայնքներ Սիդնեյում, Բուենոս Այրեսում, Հալեպում, Դիարբեքիրում եւ այլուր: Հրատարակել է երկու նոր գիրքՙ տարբեր ժանրերի. «Օզոնային օրագիր» բանաստեղծությունների եւ «Թերություն եւ ստվեր» լիրիկական երեւակայության, արվեստի եւ ընհանրապես մշակույթի վերաբերյալ էսսեների հատորը:

Այդ բոլորի նշանակության եւ Էլիա Կազանի Օսկարի արժանացած «Ամերիկա, Ամերիկա» (1963 թ.) ֆիլմի մասին դեկտեմբերի 1-ին խոսել է Ամերիկայի Հայկական թանգարանում (ԱՀԹ, Ուոթերթաուն): Հանդիպումը կազմակերպել եւ հովանավորել են ԱՀԹ-ն, ԹՄՄ-ն, Հայկական Ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիան, «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը, եւ «Առերեսվենք պատմության եւ ինքներս մեզ հետ» կազմակերպությունը:

«Կարծում եմ ճիշտ կլինի ասել, որ հարյուրամյակի լուսաբանումը միջազգային մակարդակով եզակի էր եւ մեր ակնկալություններից վեր: Վստահ կարելի է ասել, որ վճռորոշ առաջընթաց էր երեք օր շարունակ զույգ էջերի վրա Հայոց ցեղասպանության եւ թուրքական ժխտողականության մասին պատմություններ կարդալը «Նյու Յորք Թայմսում»: Մեզ հնարավորություն է տրվում շարունակելու անպատժելիության դեմ պայքարը, գուցե նաեւ նոր ձեւերով ու միջոցներով: Թուրքիա կատարած իմ ճամբորդության ժամանակ հետաքրքական հանդիպումներ ունեցա թուրք եւ քուրդ գրողների հետ, ականատես եղա կյանքի տարբեր երեսներին, ժողովրդավարության համար պայքարող ուժերի ջանքերին, բայց երկրի արեւելյան մասում, մեր պատմական հայրենիքում, ես ընկա հիշողությունների գիրկը, պատկերացրեցի մեր փառավոր անցյալը», ասել է Բալաքյանը հանդիպման ընթացքում:

Իր հրատարակած երկու նոր գրքերից առաջինում նա իր եւ ընտանիքի անդամների փորձառությունն է նկարագրում սփյուռքի կյանքին հարմարվելու, անցյալի հետ կապը չկորցնելու հետեւողական աշխատանքի շնորհիվ: Երկրորդում 1988-ից-2012 թթ. գրված էսսեներ են, որոշ մասը վերամշակված, որոնք առնչվում են արվեստի, երաժշտության, բանաստեղծության եւ ֆիլմերի հետ: Դրանց մեջ մի քանիսը անդրադառնում են Սիամանթոյի, Չարենցի, Արշիլ Գորկու ստեղծագործություններին: Մյուսները շոշափում են առավել արդիական թեմաներ:

Խոսելով Էլիա Կազանի «Ամերիկա, Ամերիկա» ֆիլմի մասին, նա նշել է, որ այդ ֆիլմը այնքան էլ ճիշտ չի հասկացվել եւ գնահատվել: «Դա շատ ավելի առաջադիմական ֆիլմ էր, որը պատմում էր Կազանի հույն ընտանիքի Թուրքիայից դուրս գալու դաժան ոդիսականը, անդրադարձ կատարելով օսմանյան իշխանության ներքո հույների եւ հայերի «գաղութային կյանքին» եւ 19-րդ դարի վերջում երկրում ծայր առած բռնություններին: Ֆիլմը Ամերիկայում ներկայացված է սոսկ որպես ամերիկյան երազի իրականացման պատմություն»,- ասել է Բալաքյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպումը կազմակերպողներին այդ հիանալի առիթը ընձեռելու համար:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 25-12-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ