ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՊՐՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԱՐԱՐԱԾՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՈՒՏՈՊԻԱ Ինգելա ԼԻՆԴ Ընդամենը տասնհինգ րոպե տեւող նավարկություն զբոսաշրջիկներով գերհագեցած Սուրբ Մարկոսի հրապարակից, եւ հայտնվում ես անսահման հանգստության մեջ: Սուրբ Ղազարը ծովալճակի կենտրոնում գտնվող փոքրիկ խաղաղ կղզի էՙ վանքով, որը 18-րդ դարից հայ մշակութային կյանքի կենտրոն է: Այսօր տասնութ արվեստագետ մասնակցում են այստեղ «Armenity» (Հայություն) կոչվող ցուցադրությանը, որը ներկայացնում է հայ մշակույթը Սփյուռքում, 1915 թվականին թուրքերի կողմից իրականացված հայոց ցեղասպանությունից մեկ դար անց: Կոտորած, որը ներկայիս թուրքական վարչակարգի կողմից դեռեւս չի ճանաչվում որպես ցեղասպանություն: Բայց ցուցահանդեսն արժանացել է Վենետիկի բիենալեի «Ոսկե առյուծին» եւ ավելին է, քան սովորույթ դարձած բողոքը: Նկարիչները երրորդ սերնդի գաղթականներ են եւ որպես կոսմոպոլիտներՙ ցրված են աշխարհով մեկ: Սակայն նրանց երեւակայության մեջ Հայաստանը գոյություն ունի ոչ թե որպես ֆիզիկական վայր, այլ իբրեւ հոգեկան ապաստան: «Քարաստանը» դարձել է ուտոպիա արարման, մարդասիրության եւ առատաձեռնության վերաբերյալ: Կարդում եմ հաստ կատալոգը, որտեղ Հայաստանը փոխակերպվում է արվեստի եւ բարու գաղափարների: «Դոստոեւսկու պես մենք եւս հավատում ենք, որ գեղեցկությունը կփրկի աշխարհը եւ որ արվեստը «գեղեցիկի» արարումն է մի լեզվով, որը հասկանալի է բոլորին եւ ամենուր...»: Հնչում է վերամբարձ եւ հնացած: Սակայն այս մեջբերումը ժպիտ էՙ ուղղված մի ցուցահանդեսի, որն, ընդհակառակը, խաղաղ է, նուրբ եւ ամեն առումովՙ խոհեր ծնող: Հատկապես մեր այսՙ ժողովուրդների տեղաշարժերի ժամանակներում: Ցուցահանդեսի գաղափարային ուղղվածությունը տալիս է ինքըՙ վանքը, որը 18-րդ դարից ի վեր ղեկավարվում է մի միաբանությամբ, որ յուրաքանչյուր անձի տեսնում է որպես մի յուրօրինակ տիեզերք: Վանականների կարծիքովՙ մտածողությունը մարդու առանձնահատկությունն է, եւ վանքում ամեն ինչՙ թե՛ տպարանը, թե՛ այգիները եւ թե՛ հսկայական գրադարանը, հարգանք են ճառագում բազմազանության եւ արարման հանդեպ: Այդ նույն ազատամտությունը վանքը պաշտպանել է միշտ, ինչը 19-րդ դարում գրավել է լորդ Բայրոնին: Կղզի ոտք դնելովՙ մարդ անմիջապես զգում է այդ հնադարյա հարգանքն ու «սրբության» զգացումը: Այն տարածվում է նաեւ ժամանակակից արվեստի վրա, որը տեղավորված է հնամենի տպագրական սարքերի միջեւ եւ հաճախ ցուցադրվում է հին շագանակագույն ցուցափեղկերում, գրադարանիՙ արվեստի գործերի եւ գրքերի ժողովածուների կողքին: Խոսքը բանաստեղծական եւ քաղաքական աշխատանքների լայն սպեկտրի (քանդակներ, պատմություններ, լուսանկարներ եւ փաստաթղթեր) մասին է, որոնք նշագծվում եւ տրամախաչվում են կրկնագրերի (պալիմպսեստ) հետ: Այստեղ տպագրական սարքեր կանՙ հայերեն տառերով (որոնք ճռնչալով շարժվում են նավակների պեսՙ ճանապարհին սուզվելով եւ կրկին դուրս լողալով), հարցազրույցներ տատիկ-պապիկների հետ, որոնք նկարագրում են իրենց դեգերումներն աշխարհով մեկ, մոլախոտերի նկարներ, որոնք փոխաբերաբար մարդիկ ենՙ թույնի նշաններով հանդերձ, մի զվարճալի տեսագրություն լեզվական դժվարությունների մասին ու մի տխուր տեսագրություն ասեղնագործ թաշկինակի մասին, որի արկածներինՙ Հայաստանից դեպի մյուս մայրցամաքներ, հետեւել է մի քանի սերունդ: Ես երկար կանգնած մնացի մի փորագրաքանդակի առջեւ, որը նման էր թիանավի կամ փոքրիկ սուզանավի, այնինչ դա հարգանքի տուրք էր մի գաղթական, կույր թուրքահայ վարպետիՙ ուդ լարային գործիքի հանդեպ: Մի աներեւակայելիորեն գեղեցիկ, ավարտուն երաժշտական նավակՙ կարմրափայտից եւ կակաչածառից, որն անշարժացել է մի գիտելիքի աշխարհումՙ հետագա օգտագործման համար... «Դագենս նյուհեթեր», Ստոկհոլմ, 15.10.2015 Շվեդերենից թարգմանեց ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ |