RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 25-12-2015



Տեղադրվել է` 2015-12-24 22:34:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2095, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԱՅՐ ՄԵՐ»-Ը ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԱՄՈ ԳՅՈՒՂԻ ԲԱՐԲԱՌՈՎ

Ռուզան ՊՈՂՈՍՅԱՆ

Արամո կամ Արամին գյուղը գտնվում է Հյուսիսային Սիրիայում, Անտիոք քաղաքի մոտ, որտեղ հայերը բնակվել են հին ժամանակներից: Տեղական ավանդության համաձայն, գյուղն Արամո է կոչվել ոմն Արամ քահանայի անունով: Գյուղում գործել են Սբ. Ստեփանոս եկեղեցին եւ արական ուսումնարանը, իսկ շրջակայքում` Սբ. Գեւորգ, Սբ. Աստվածածին եկեղեցիներն ու Սբ. Թումա վանքը:

Արամո գյուղի մասին հետաքրքրական տեղեկություններ կան «Հանդէս ամսօրեայ» ամսագրում 1907 թվականին տպագրված «Նմոյշ մը Արամօ գիւղին հայ լեզուէն» վերնագրով թղթակցության մեջ. «Հայ եւ օտար պատմագիրներէ յիշուած Արամօ (Արիմա, Ուրեմի կամ Ուրիմա) ըսուած գիւղը, որ հաստատուած է բարձր լեռնադաշտի մը վրայ եւ շրջապատուած հիւսիսէն ու հարաւէն լեռնակներով ու անտառներով, Լաւոդիկէ գաւառին մէջ կ"իյնայՙ Շուղր գիւղաքաղաքէն 2-3 ժամ հեռաւորութեամբ: Բնակչութիւնը ամբողջապէս հայերէ կը բաղկանայ, գրեթէ 70 տուն: Գիւղն ունի երեք եկեղեցի, որ ուխտատեղի ալ ենՙ Ս. Ստեփանոս, Ս. Գէորգ եւ Ս. Աստուածածին: Վերջինս ամէնէն նշանաւորն է, ուր Ս. Աստուածածնի տօնին նոյն իսկ շրջակայ Նուսէյրի կոչուած արեւապաշտ ազգերէն ուխտի եկողներ կ"ըլլան ընծայաբերութեամբ: Արամօյի արեւմտեան կողմը մէկ ժամ հեռաւորութեամբ Ս. Թումա անուանեալ աւերակ վանք մը կայ յունական խաչերու, խորաններու հետքերով, վանքին պատուհաններուն միոյն եզերքը յունական եւ օտար (արամական լեզու կը կարծեն տեղացիք) արձանագրութիւններ կան: Աղաւաղ հայերէն մը կը խօսին տեղացիք»:

Այդ «աղաւաղ հայերէնը» Արամոյի բարբառն է, որը հայ բարբառագիտության մեջ համարվում է գրաբարին ամենամոտ բարբառը: Թեպետ ժամանակի ընթացքում նրա մեջ ներթափանցել են մեծ թվով արաբերեն բառեր, սակայն բարբառը հստակորեն պահպանել է գրաբարյան ձեւերը: Այդ բարբառով պահպանված Տերունական աղոթքը, որքան մեզ հայտնի է, առաջին անգամ տպագրվել է նշյալ թղթակցության մեջ: Ահա թե ինչպես են աղոթել Արամոյի հայերը.

Հայր միր

Յ՛ա միր Դուդա իլ կուս յէրգէյնքա, սաուրբ ըննու քու անաւնա:

Ու ուքու քու ըրքայութէյնա ու ըննու քու րադադ չուսմա կու յէրգեյնքա հանց ըննու ի գէտէյնքա:

Զմի՛ր հուցա ի ամէն ջուք դաւղա մի՛ ըսցօր:

Ու դղշէ զմիր պուրքա չուսմա միք տղշինք միկ միկա պուրքէրայ:

Ու չը սալմէս ըզմի ի փուրձանքա, լաքին նաճճի ըզմի ի չուրքէյն:

Լաըն քու է ըրքայութէյնա ու քու ոաթա ու ըծզահամակայ լքի յէդդայնքա ամեն:

Մաճդ ու Ճդդա ու Հէգէն սաւրբա (Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ):

Եթե նախապես չիմանայինք, որ սա հայերեն բարբառ է, ապա, անկասկած, կարող էինք շփոթել օտար լեզվի հետ: Ինչպես նշեցինք, այն բավականին հարազատ է գրաբարին: Համոզվելու համար համեմատենքՙ ի գէտէյնքա - ի գետին, ըզմիր հուցա - զհաց մեր, ի փուրձանքա - ի փորձանս, ի չուրքէյն - ի չարէն: Անտիոքի մի քանի գյուղերի խոսվածքները շատ նման են այս բարբառին եւ բարբառային ավելի մեծ նյութի առկայությունը մեր բարբառագետներին թույլ կտար ասել, որ դրանք պատկանում են Արամոյի բարբառին, սակայն Հ. Աճառյանը դրանց տվել է ավելի ընդհանրական անունՙ Սիրիայի բարբառ:

20-րդ դարասկզբին Արամո գյուղն ունեցել է 50-70 տուն հայ բնակիչ: Արամոյի հայերի մեծ մասը զոհվել է Հայոց ցեղասպանության ժամանակ, իսկ որոշ մասը գաղթել է զանազան երկրներ: 1940-ականներին Հայաստան են ներգաղթել 120 արամոյացի, որոնք հիմնականում բնակվել են Երեւանի Նոր Արեշ թաղամասում: Նրանցից 75-ամյա Ալեքսան Հարությունյանը եղել է Արամոյի բարբառի լավագույն գիտակը, նրա շուրթերից այն հնչել է զարմանալի մաքրությամբ: Նա պատմել է դրվագներ ոչ միայն իր կյանքիցՙ «Իգօունք յԱրմինիա, աղօուր աբրէր էյնք, չը մօրտ ըվվառէլ զմէր դընվայ, ուլա մուրտ հաջրի զմի» , այլ նաեւ մի հատված Հ. Թումանյանի «Գիքոր»-ից. «Համբօն հայ ուզիր ար դասվըրգու դարէգան Կրիկօրին առնէլ զա ի քաղաք», «Ըիս չըմ ուզէյ ըմ բըզդագ զավուգա ղուրկէյմ զա յան քութթա աշխուրա, չըմ ուզէյ, - հայ ուլիր ար գընագա» : Փաստորեն, նրա միջոցով է Արարատ Ղարիբյանին հաջողվել փրկել այս բարբառի վերջին նմուշները:

Ա. Հարությունյանը փայլուն տիրապետելով Արամոյի բարբառին, կարողացել է հայերեն բառերը զանազանել արաբերենից, իսկ դա նշանակում է, որ արաբերեն բառերը չեն ներձուլվել, չեն ընկալվել իբրեւ հայերեն: Նա ճանաչել է նաեւ հին ասորերեն փոխառությունները: Քանի որ Արամո գյուղը շրջապատված է եղել արաբական գյուղերով, տեղի հայերը հրաշալի տիրապետել են նաեւ արաբերենին: Արաբների, հաճախ նաեւ միմյանց հետ հայերը խոսել են արաբերեն, սակայն իրենց տներում սրբորեն պահպանել են հայերենը: Թուրքիայի տիրապետության ժամանակ փորձեր են արվել արգելելու հայերենը, սակայն հայերը չեն ենթարկվել այդ պահանջներին: Նրանք հայերենը օգտագործել են նաեւ ծածկախոսության նպատակով, երբ օտար միջավայրում ցանկացել են միմյանց որեւէ բան հաղորդել:

Արամոյի բարբառում թեպետ արաբերեն բառերը բավականին շատ են, սակայն հիմնական բառապաշարում հայերենն է գերակշռողը: Հայերեն են բոլոր դերանունները, թվականների մի մասը, իսկ ամենագլխավորըՙ քերականական կառուցվածքում արաբերենի որեւէ ազդեցություն չի նկատվել, որն էլ բարբառագետներին հիմք է տվել ասելու, որ Արամոյի բարբառը մնացել է որպես հայերեն լեզվի բարբառ: Չնայած հայերեն բառերը սակավաթիվ են, սակայն դրանք բարբառն անմիջականորեն կապում են գրաբարին ու միջին հայերենին, ավելին` առկա են հնդեվրոպական նախալեզվից մնացած այնպիսի լեզվական փաստեր, որոնք բացակայում են այլ լեզուներում, ինչպես օրինակ` դուդ - հայր բառը: Առանձնահատուկ է նաեւ մի շարք հոդերի, նախդիրների ու դերանունների գործածությունըՙ ըիս բակա զա - ես համբուրեցի նրան, ան իբուկ զա - նա նրան համբուրեց, զայս ծաուգէյս հանիցունք զա ի զուվուայն ըմնել - այս ձուկը հանեցինք ծովից, յաս դէունա - յայս տուն - դեպի այս տունը :

Գրաբարի հետ Արամոյի բարբառի շատ բնորոշ գծերը լեզվաբաններին օգնել են լուծելու գրաբարի` խոսակցական լեզու եղած լինելու երկար ժամանակ վիճարկվող խնդիրը: Լեզվական այսքան յուրատիպ առանձնահատկություններից հետո դժվար է հավատալ, որ գյուղն Արամո է կոչվել ոմն Արամ քահանայի անունով: Ինչպես նշում է «Հանդէս ամսօրեայ»-ի թղթակիցը, գյուղի անունը օտար աղբյուրներում հանդիպում է Արիմա կամ Ուրիմա ձեւով: Համարվում է, որ Արամ անունը ծագել է Արիմ անունից, խալդական (ուրարտական) ինի (Խալդ-ինի, Մուշկ-ինի) վերջավորությամբ` Ար(ի)մ-ինի միջի ի ձայնավորի դուրս ընկնելով: Խալդական արձանագրության մեջ պահպանվել է Ուրմենի ձեւով, որը պարսիկները դարձրել են Արմինա, իսկ հույները` Արմենիոս, Արմենիա:

Արամոյի բարբառում առկա լեզվական հնագույն փաստերը` ա որոշյալ հոդը եւ զ նախդիրը, վկայում են, որ այդ բարբառը խոսակցական է եղել ուրարտական թագավորության, գուցե նաեւ ավելի հնագույն շրջանում: Բնավ չպետք է բացառել, որ գյուղի անունը կապված է Հայկյան Արամի հետ, որի մասին առասպելում միջերկրածովյան տարածքն առանձնահատուկ տեղ ունի: Չէ՞ որ Արամի կերպարում մարմնավորված է ուրարտական-հայկական Արամ-Արամե արքան, որը Ք.ծ.ա. 895թ. ստեղծեց աշխարհի խոշոր տերություններից մեկը, որտեղ բնակչությունը խոսում էր հայերեն տարբեր բարբառներով:

Այսօր Արամո գյուղում գրեթե հայեր չեն ապրում, այդ շրջանի գյուղերի մեծ մասն արաբախոս է, սակայն Անտիոքի հայախոս մյուս գյուղերի պես այն կրում է հայկական մշակույթի ու պատմության խորախորունկ հետքերը:

Սիրիան այժմ ծանր օրեր է ապրում, սիրիահայությունը գաղթի նոր ճամփա է բռնել: Արամոյի բարբառով «Հայր մեր»-ը թող խաղաղություն պարգեւի այդ երկրին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 25-12-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ