ՀԱՅՈՑ ԳՐԵՐԻ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ՀՄԱՅՔՆ ՈՒ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԸՍՏ ՍԻՐՈՒՆ ԵՐԵՑՅԱՆԻ Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ Գեղագիտական մտքի ու ճաշակի այնպիսի բարձրագույն դրսեւորումներ, ինչպես միջնադարի հայ մանրանկարչությունը, ձեռագրարվեստըՙ հսկայական ազդեցություն թողած հետագա ստեղծագործությունների վրա, ժամանակի ընթացքում առավել խորը նշանակություն եւ իմաստ են ձեռք բերում: Այն նրբագույն զգացողությունները, ձեւերն ու մեթոդները, երանգային հարուստ արտահայտությունները, որոնցով անցյալի մեր մանրանկարիչ վարպետները իրենց վերաբերմունքն են արտահայտել աշխարհի, շրջակա միջավայրի գեղեցկությունների հանդեպ, հիրավի հազվագյուտ արժեքներ են: Այդ ավանդույթների պահպանումը, նորոգումն ու թարմացումը տարբեր ժամանակների մեջ նոր դիմագիծ, նկարագիր են հաղորդել արվեստի այս տեսակին, ինչի դրսեւորումները շարունակվում են նաեւ ժամանակակից հայ արվեստագետների գործերում: Հայ միջնադարյան արվեստի ազդեցության, ներշնչանքի արդյունք է ամերիկահայ մեր հայրենակցուհուՙ Սիրուն Երեցյանի նոր ալբոմը, որից պատկերացում ենք կազմում այն աշխատանքի մասին, որ նա տարիներ շարունակ ծավալում է Լոս Անջելեսի իր արվեստանոց- սրահում: Ծագումով Բեյրութիցՙ նա սկզբնական կրթությունը ստացել է տեղի հայկակական Վահան Թեքեյան եւ Դարուհի Հակոբյան դպրոցներում, ապա նորաձեւություն է սովորել Բեյրութի համալսարանի քոլեջում: Հետագայում տեղափոխվելով Լոս Անջելեսՙ հաճախել է գեղարվեստի կուրսերի, ավելի ուշ Պարսոնսի արվեստի ինստիտուտում ստացել է բակալավրի աստիճան: Աշխատանքային-ստեղծագործական կյանքը հաճախ առնչվելով էթնիկական տարբեր խմբերի ու խավերի ծագումնաբանության հարցերին, դրանց բազմաթիվ տարրեր արձագանք են գտել իր արվեստում: Այս առումով ամենից խոր ազդեցություն նա կրել է հայ հին մշակույթից: Հայ միջնադարյան մանրանկարչությունը այնպես է գրավել ու գայթակղել նրանՙ տանելով դեպի ակունքներ, որ տեւական ժամանակ ուսումնասիրել է մանրանկարչության դրպոցներն ու դրանց ավանդույթները, մանրանկարիչ վարպետների արվեստի առանձնահատկությունները, նրբություններն ու գաղտնիքները եւ խորապես տպավորված, մասնավորապես Թորոս Ռոսլինի անզուգական արվեստով, մեծ ներշնչումով նվիրվում եւ կրողն ու շարունակողն է դառնում հնագույն այս մասնագիտության: Ստեղծագործական ինքնության հաստատման երկար ճանապարհ ու որոնումներ է ունեցել օտար միջավայրում, ինչը նրան բերեց սեփական ստուդիայի մտահղացմանն ու իրագործմանը: Թորոս Ռոսլինի անունը կրող Լոս Անջելեսի իր ստուդիան ծառայում է թե իբրեւ արվեստանոց, թե իբրեւ ցուցադրավայր, ուր ներկայացվում եւ վաճառվում են հայ եւ օտարազգի նկարիչների գործեր: Սիրուն Երեցյանի բացառիկ սերը կալիգրաֆիական արվեստի հանդեպ հատում է ժամանակի սահմանները, նրան մերձեցնում անցյալի հայ վարպետների տառարվեստի նրբագույն հմայքին, զգացնել տալիս այբուբենի աղջ համակարգի ներքին հարմոնիան, տառի կառուցվածքի, նրա ձեւերի համադրումների միստիկ գեղեցկությունները: Հենց այս ներքին զգացողություններն են, որ նրա առաջ բացում են գծի ու պատկերի երեւակայական աշխարհը, նա վերամշակում, վերաձեւավորում է ավանդականն ու ստեղծում բազում նոր ձեւեր, նոր կերպարներ: Նրա վրձնի ներքո կյանք են առել շուրջ 800-ից ավելի օրնամենտային նմուշներ, որոնցից 248-ըՙ մշակված իր կողմից: Այս արարումները իր ներաշխարհի արձագանքներն են, այն ապրումների ծնունդը, որ հայն ունի իր գիտակցության մեջՙ սեփական գրի, այբուբենի նշանակության, դրա խորհրդավոր ուժի ու զորության: «Սիրուն տառեր»` ՛՛Seeroon Darer Armenian Ornate Initials from the Past to the Present for the Future՛՛ այսպես էլ խորագրել է նա իր ալբոմըՙ վերնագրի մեջ արտահայտելովՙ հայ գրերի թաքնված խորհուրդըՙ որպես հայ ժողովրդի հարատեւության, նրա մշակույթի շարունակականության, վերաիմաստավորման նշան: Հայոց այբուբենի տառատեսակների իր մշակումներով, հորինվածքներով Սիրուն Երեցյանը հարստացնում է հայկական ձեռագրարվեստի պատմությունը մի ուրույն, ինքնատիպ էջով: Հին ավանդական տարրերի վերափոխում- վերաձեւավորումով նա նոր արժեք է հաղորդում հայոց գրերին, ընդգծում դրա պատմական, մշակութային ու գեղագիտական նշանակությունը: Ալբոմի ներածականի տեքստային հատվածը բավական տեղեկություններ է հաղորդում մանրանկարչության արվեստի, ձեռագրարվեստի եւ դրա տարատեսակների, ժամանակին ընդունված ձեւերի ու մեթոդների, մոտիվների, դրանց կիրաոումների մասին. կից ներկայացված համապատասխան օրինակները, թղթի տեքստուրան հիշեցնում են ձեռագիր մատյանի հին մթնոլորտն ու մշակույթը: Ալբոմը տպագրվել է 2013-ին Գլենդելում, իր վաղամեռիկ ամուսնուՙ ԹՄՄիության հայտնի գործիչ, «Ապրիլ» գրատան եւ նույնանուն ամսագրի խմբագիր Հարութ Երեցյանի հիմնած «Ապրիլ» հրատարակչության կողմից: 25 տարիների ընթացքում հեղինակը նկարազարդել է 17 ամբողջական այբուբենՙ հայկական ձեռարվեստի հարուստ սկզբնավանդություններով, որոնցից 12-ըՙ հայոց այբուբենի տառեր, եւ մեկականՙ լատինական, արաբական, եբրայական եւ կիրիլյան այբուբենների: |