RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 25-12-2015



ԳՈՐԾՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2015-12-24 22:34:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 994, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԻԼԵՄԱ-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՍԽԱԼ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Նաիր ՅԱՆ

Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը հանդիսատեսին ներկայացավ պրեմիերայովՙ «Դիլեմա» պարային ներկայացումով: Թատրոնն իր երկու տասնամյակից ավելի կենսագրության մեջ բեմ է բարձրացրել հայ եւ օտարազգի տարբեր դրամատուրգների պիեսներՙ տարբեր ժանրերում, բայց պարային ֆանտազիա առաջին անգամ է բեմադրում: «Դիլեման» ի սկզբանե եղել է Համազգայինի տնօրեն Վարդան Մկրտչյանի ուսանողուհի Անի Աբրահամյանի մագիստրոսական թեզը, ավելի ճիշտՙ թեզի բեմական դրսեւորումը, որը լրացուցիչ ջանքերի շնորհիվ վերաճել է մեկ ժամանոց ներկայացման: Բեմադրության մեջ ներգրավված են թե՛ թատրոնի դերասաններ, թե՛ ուսանողներ: Որպես կանոն, պրեմիերայից հետո հեղինակներն սպասում են հանդիսատեսի արձագանքին: «Դիլեման» բացառություն չէր: Պրեմիերայի առիթով թատրոնի տնօրենին առաջարկեցի նաեւ անդրադառնալ թատրոնի խնդիրներին, ստեղծագործական գործընթացներին:


- Վարդան, քննադատական կարծիքներ շա՞տ հնչեցին «Դիլեմայի» պրեմիերայից հետո:

- Ցավոք, ոչ: Ընդհանրապես պրեմիերան ծնունդն է ներկայացման, իսկ ներկայացումը պրեմիերայից հետո երեխայի պես սկսում է մեծանալ, աճել, փոփոխվել, մինչեւ որ ժամանակի ընթացքում կատարելագործվում է, հասունանում ու մտնում կյանքՙ թատրոնի խաղացանկ: Պրեմիերան ներկայացման վերջնական տեսքը չէ, այլ ընդամենը ծնունդը, սկիզբը: Այնպես որ, կարծում եմ, ժամանակի ընթացքում «Դիլեմայում» շտկումներ կլինեն, այն կհղկվի, կփոփոխվի: Այս ներկայացումն էներգետիկա ունի, որն ստուգել եմ ամենաարդյունավետ միջոցով: Եղբորս որդին վեցուկես տարեկան է. ներկայացումը սկզբից մինչեւ վերջ կլանված նայեց, հետո սկսեց հարցեր տալ: Մեծերս նախապաշաված ենք ու բեմի վրա ամեն մի շարժում ուզում ենք հատուկ իմաստավորել, իսկ երեխաները, որ մաքուր են ու սեփական զգացողությամբ առաջնորդվող, ամեն ինչ ավելի պարզ ու մաքուր, հետեւաբար, ավելի ճիշտ են ընկալում, ու հենց նրանցից պետք է իմանալՙ ներկայացումն ստացվա՞ծ է, թե ոչ: Այս ներկայացումը ոչ հավակնում է «Ոսկե դիմակի», ոչ էլ այլ մրցանակի. ուսանողական աշխատանք է: Երիտասարդներին հնարավորություն է տրվել մեր թատրում ինքնադրսեւորվել, ստեղծագործել. թող լինի այսպես, ինչո՞ւ ոչ: Ունենք «Համլետ», «Հացի խնդիր», Նարինե Գրիգորյանի փորձարարարական ներկայացումը, հաջորդ տարի Դավիթ Հակոբյանն ուզում է Չարենցի «Երկիր Նաիրին» բեմադրել, ուզում ենք նաեւ մանկապատանեկան բեմադրության փորձ անել. մեր խաղացանկը տարբեր է. թող լինի նաեւ պարային ֆանտազիա, ի՞նչ կա որ:

- Ուզում եք հանդիսատեսին ներկայանալ տարբե՞ր ձեւաչափերով ու սեռերով: Այսինքնՙ անկանխատեսելի, միշտ տարբեր ներկայացումներով ու անակնկալներո՞վ:

- Ձանձրալի ու կանխատեսված չլինելու համար պետք է անընդհատ աշխատել, նորարարություններ անել, երիտասարդներին հարթակ տրամադրել, հանդիսատեսին անակնկալի բերել:

- Այնպես եք ասում, կարծես թատերական դաշտը լեփ լեցուն է տաղանդներով: Գաղտնիք չէ, որ այսօր շատ թատրոններ պիեսներն ուղղակի հարմարեցնում են իրենց դերասանների մասնագիտական հնարավորություններին: Ավելին անել չեն կարող. ո՞ւմ հանեն բեմ: Դերասանի դերասանական ունակությունները ոչ միշտ են ներում: Ռեժիսորներն էլ ոտքներն իրենց վերմակի չափով են մեկնում:

- Մենք մեր ոտքերը մեր վերմակից էլ երկար ենք մեկնում. վստահ եմ ասում: Քսաներկու հոգանոց կազմով մենք «Համլետ» ու «Հացի խնդիր» ենք խաղում շենքային, բեմական, տեխնիկական այսքան սուղ պայմաններում. գիտե՞քՙ ինչի շնորհիվ. համազգայինցիների նվիրումի շնորհիվ: Նրանք ապրում են այս թատրոնով: Մեր թատրոնում չկան բացարձակ հեղինակություններ. բոլորը հավասար են, բոլորի վրա էլ կարելի է հենվել, եւ յուրաքանչյուրն էլ կարեւոր է իր նշանակությամբ ու դերով: Մեր թատրոնում բացարձակ հեղինակությունն արվեստն է:

- Համազգային եկող հանդիսատեսը բեմի վրա չի՞ փնտրում սերիալների դերասաններին:

- Փնտրում է, ինչո՞ւ ոչ: Ունենք դերասաններ, որ սերիալներում, այլ կինոնախագծերում էլ են խաղում: Ես ինչպե՞ս կարող եմ դերասանին ասելՙ բացի մեր թատրոնից, այլ տեղ մի խաղա, եթե գիտեմ, որ նա այդ օրվա նկարահանման հոնորարով իր երեխայի կարիքներն է հոգում: Բայց, եթե նկատել եք, մեր բեմից դուրս նույնպես Համազգայինի դերասանները ճաշակի, որակի որոշակի սահմանագիծ ունեն, որից երբեք չեն իջնում, էժանագին նախագծերում չեն նկարվում: Էլ չեմ ասում, որ դերասաններ ունենք, որոնք կտրականապես մերժում են որեւիցէ սերիալի հրավեր, օրինակՙ Տաթեւ Ղազարյանը, Նարինե Գրիգորյանը սկզբունքորեն չեն խաղում սերիալներում:

- Ի դեպ, չնայած թատրոնի տնօրենի Ձեր պաշտոնին, Դուք էլ դերասան եք: Չե՞ք խաղում սերիալներում:

- Սերիալների ոլորտում ես «վատ համբավ» ունեմ: Գիտեն, որ չարժե ինձ առաջարկել, որովհետեւ, միեւնույն է, մերժելու եմ: Մեր թատրոնում էլ եմ քիչ խաղում, վերջերս նկարահանվեցի Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմի գլխավոր դերերից մեկում : Ինչքան աշխատում եմ, ինձ բավական է, կամ միգուցե բավական է ապրելու համար:

- Իսկ այն, ինչ Համազգայինն ստանում է պետությունից բավակա՞ն է ապրելու համար:

- Բեմադրությունների համար հատուկ գումար չենք ստանում: Մեզ հատկացվում է բյուջեՙ աշխատավարձերի եւ դերասանների հավելավճարի համար: Բայց մենք կարողանում ենք այդ գումարով նաեւ ներկայացում բեմադրել կամ վերականգնել: Հաճախ բեմադրություն ենք անումՙ հին դեկորացիաները նորոգելով, ձեւափոխելով, ձեռքի տակ եղած իրերն օգտագործելով: Օրինակՙ «Դիլեման» մեզ վրա զրո դրամ նստեց, որովհետեւ հին դեկորացիաները ձեւափոխեցինք, անիմացիան մեր ընկերներից մեկըՙ Նարե Հովհաննիսյանն անվճար արեց մեզ համար: Յուրաքանչյուրս մեր լուման ունեցանք այս ներկայացման համար: Չեմ կարծում, թե մեր թատրոններից որեւէ մեկը զրո դրամով հանձն առներ այսպիսի ներկայացում բեմադրել, բայց մենք արեցինք: Ես հայտարարում եմՙ երբ Համազգային թատրոնը կունենա իր շենքը, նույն տեխնիկական հնարավորությունները, ինչ երեւանյան մյուս թատրոնները (տեսեք, չեմ ասում ավելին, այլ այսօրվա թատրոնների նույն հնարավորությունները), այդ պահից սկսածՙ երեք տարի հետո Համազգային թատրոնը կմասնակցի աշխարհի հեղինակավոր փառատոներին եւ աշխարհին ցույց կտա Հայաստանի տեղը:

- Այդ հայտարարությամբ դուք ոտք եք մեկնում նաեւ Սունդուկյանի թատրոնի հետ: Ասում եք նույն տեխնիկական հնարավորությունները տվեք ինձ, ինչը նաեւ նա ունի: Եթե չգիտեք, ասեմ, որ այդ թատրոնում տեխնիկական վերազինման աշխատանքներն սկսվել են, եւ այն արժենալու է յոթ միլիոն եվրո: Իհարկե, երաշխիքների մեջ չի մտնում, որ վերազինումից հետո այդ թատրոնի որոշ դերասաններ ավելի շնորհալի կդառնան կամ մեր մայր թատրոնը ներքին սպառման թատրոնից կվերաճի միջազգայինի:

- Ես ուրախ եմ մայր թատրոնի վերազինման համար, բայց միաժամանակ մարտահրավեր եմ ներկայացնում մեր ղեկավարներին, ասելովՙ տվեք ինձ հնարավորություն, եւ ես կասեմ, թե ով ենք մենք: Այն, ինչ անում է Համազգայինն այս պայմաններում, ուրիշ ոչ մի թատրոն չի կարող անել:

- Ներկայացումների ժամանակ հանգանակության արկղիկ եք դնում, փող հավաքվո՞ւմ է, հովանվորներ հայտնվո՞ւմ են:

- Կամաց-կամաց հավաքվում է գումար: Մենք հավատում ենք, որ Սոս Սարգսյանի հիմնադրած թատրոնը մի օր շենք կունենա: Դա միայն մեր Վարպետի երազանքը չէ, այլ բոլորիս: Հույս ունենք, որ ձեռք մեկնողներ էլի կլինեն, բայց հիմնական հովանավորը, կարծում եմ, պետությունը կլինի:

- Սոս Սարգսյանն էլ այդպես հույսով ու հավատով սպասեց, շենքի ճարտարապետական նախագծի հեղինակի հետ անգամ թատրոնի համար հատկացված տարածք գնաց. լավ եմ հիշում ամառային այդ օրը: Այնպիսի տպավորություն էր, կարծես վաղը շենքի հիմքը գցելու են: Ի դեպ, հաշվարկե՞լ եքՙ որքան կարժենա Համազգայինի շենքն իր բոլոր հնարավորություններով ու պայմաններով:

- Մոտավոր հաշվարկովՙ չորս միլիոն եվրո:

- Տեսնո՞ւմ եք, յոթ միլիոնն ավելի քիչ է, քան չորս միլիոնը: Մեր իմացած մաթեմատիկան սխալ է ու ոչ կենսունակ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 25-12-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ