RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 29-01-2016



ՔՆՆԱԴԱՏ

Տեղադրվել է` 2016-01-28 20:58:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 2153, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԴԱՐՁՅԱԼ ՍՈԽԱԿԻ ԴԱՅԼԱՅԼԻ ՈՒ ԱԳՌԱՎԻ ԿՌԿՌՈՑԻ ՄԱՍԻՆ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Արվեստագետ-քննադատ հակադրությունն աշխարհի չափ հին է: Խոսքս սկսեմ ֆինն հռչակավոր կոմպոզիտոր Յան Սիբելիուսի հետ կատարված հայտնի դեպքից: Մի անգամ նա զրուցելիս է եղել մի քննադատի հետ, երբ դրսից հանկարծ լսվել է սոխակի դայլայլը: «Այ սա երաժիշտ է», թունոտ նետել է քննադատը: Սոխակի դայլայլին փոխարինել է ագռավի կռռոցը: «Սա էլ, երեւի, քննադատն է», պատասխանել է Սիբելիուսը:

Եթե ֆիննականի պես բարեկիրթ եւ զարգացած հասարակության մեջ են արվեստագետն ու քննադատն այսպիսի ոխերիմ բարեկամներ, ապա ինչ ասենք մեր փակ հանրության մասին, որտեղ իշխում է գավառական մտածողությունը եւ որտեղ բոլորն իրենց համարում են տաղանդավոր, անսխալական եւ սվինների վրա են ընդունում յուրաքանչյուր քննադատություն, անգամՙ ամենից առողջը:

Այդ իսկ պատճառով ես հոգնել եմ տարիներ շարունակ լսել մասնավորապես մեր տարբեր սերունդների կինոռեժիսորներից, որ իբր մերՙ բարձրակարգ կինոարվեստ չունենալու մեղքի մեծ մասն ընկնում է քննադատության վրա: Սակայն չմոռանանք, որ ասողին լսող է պետք: Հարց է առաջանումՙ իսկ դուք պատրա՞ստ եք արդյոք քննադատություն լսել: Մեզանում տարածված ախտ է, որ հնչող ամենից անաչառ քննադատությունն իսկ անձնավորվում է, մարդիկ հիվանդագին են ընդունում ամեն դիտողություն եւ մշտապես հնչում են նույն տեսակի պատասխաններՙ դե դա նրա կարծիքն է, դե նա չի հասկացել, թող նորից նայի կամ կարդա, դե ես նրան քննադատ չեմ համարում եւ այլն:

Խոսեմ իմ սեփական փորձից: Ես էլ ինձ քննադատ չեմ համարում, տարիներ շարունակ գրելով մշակույթի եւ արվեստագետների մասինՙ մնում եմ պատմաբանասերի, արվեստի պատմություն ստեղծողի դերում, նախընտրում եմ գործ ունենալ փաստի հետ, քան կարծիքի, որը կապ ունի մարդու անձնական նախասիրությունների հետ եւ վաղն իսկ կարող է փոխվել: Սակայն ժամանակ առ ժամանակ հարկ է լինում, մեծ մասամբ շրջապատի դրդմամբ եւ ցանկությամբ, նաեւ քննադատի խոսք ասել: Եվ անշուշտ, եղել են դեպքեր, երբ բախվել եմ մեզանում արմատացած այդ անհանդուրժողականության հետ: Ծիծաղելին այն է, որ դրական բան գրելով հանդերձՙ դարձյալ զերծ չես մնում հարձակումներից: Օրինակ, մի անգամ Ֆեյսբուքում ընկերներիցս մեկն իմ կարծիքն էր հայտնել նոր նկարահանված մի կարճամետրաժ ֆիլմի մասին: Ես գրել էի, որ ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում, սակայն նշել էի երկու կետ, որ իմ կարծիքով, ֆիլմի թույլ կողմն են: Եվ ի՞նչ: Ռեժիսորը, որին ճանաչելու պատիվը չունեմ, մի հարցազրույցում հայտարարեց, որ ինքը ինձ եւ իր ֆիլմը քննադատած մեկ այլ հեղինակի քննադատ չի համարում եւ որ մենք գրել ենք իր կինոնկարի մասին, քանի որ ուրիշ անելիք չենք ունեցել: Անհեթեթ է եւ ծիծաղելի, փոխանակ գոհ եւ շնորհակալ լիներ, որ գրավոր կարծիք է արտահայտվել իր ֆիլմի մասին: Ի դեպ, այս ախտը շատերին է հատուկ. եթե երկինք բարձրացնես իրենց գործը, իհարկե, քեզ կհամարեն քննադատ, կդառնաս իրենց աչքի լույսը... Մինչդեռ քննադատը պիտի անաչառ լինի եւ հայտնի ճշմարտությունը, իսկ ճշմարտություն լսելը, այն էլ դառը, ոչ մեկի քիմքին էլ հաճելի չէ: Թերեւս նաեւ սա է այն պատճառներից մեկը, որ տարիներ շարունակ մեր մամուլում չես կարդա մեր կինոքննադատներից որեւիցե մասնագետի խոսք կամ վերլուծություն:

Եղել են դեպքեր, որ քննադատական հոդվածներ եմ գրել հրատարակված այս կամ այն գրքի վերաբերյալՙ արժեւորելով հանդերձ, մատնանշելով նաեւ ինչ-ինչ թերություններ, վրիպումներ եւ սխալներ: Կարող եմ միայն երկու դեպք հիշել, երբ հեղինակները (ի դեպ, ավագ սերնդի ներկայացուցիչներ), ոչ միայն չեն ըմբոստացել իմ քննադատական խոսքի դեմ, այլ ընդհակառակը, շնորհակալություն են հայտնել: Հազվադեպ եղել է նաեւ, երբ որեւէ ռեժիսոր ինձ է տվել իր ֆիլմը եւ ասել էՙ անկեղծ «քլնգիր»: Գրքերի քննադատությունը շատ ավելի շնորհակալ գործ է, քանի որ գիրքը կարող է վերահրատարկվել եւ եղած սխալները շտկվեն, սակայն ֆիլմի քննադատությունը գործ ունի արդեն ավարտված իրողության հետ. կինոնկարը նորից չես նկարահանի: Մյուս կողմից, անշուշտ, եթե կինոռեժիսորը սթափ մտածողություն ունի, կարող է դաս քաղել քննադատից, եթե, իհարկե, վստահում է նրա ճաշակին: Սակայն ռեժիսորները ոչ միայն Հայաստանում են տառապում անսխալականության բարդույթով. դա եւս համոզվել եմ սեփական փորձովՙ տարիների ընթացքում շփվելով տարբեր ազգերի բեմադրիչների հետ:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե հայաստանյան իրականության մեջ արվեստի քննադատությունն ինչու է թույլ, ապա մի քանի ակնհայտ պատճառներ կան: Նախ. շատ արվեստաբաններ չեն ցանկանում իրենց անշառ գլուխը շառի մեջ դնել, քանի որ դիմացինը մեծ մասամբ պատրաստ չէ քննադատության, եւ արդյունքում միայն թշնամիներ են ձեռք բերում: Ապա. գործն անշնորհակալ է, այն էլ մի քանի առումներով: Նախ, արվեստի քննադատությամբ զբաղվող հեղինակին մեզանում միշտ էլ քիչ են վճարել եւ կամ առհասարակ չեն վճարել: Այդուհանդերձ, համոզված եմ, որ եթե մեզանում նրանց սկսեն բարձր հոնորարներ վճարելՙ քննադատների մի ամբողջ բանակ մեջտեղ կգա. մակարդակը այլ հարց է: Հետո. ճիշտ է, որ առողջ քննադատությունը մթնոլորտ է ձեւավորում, նպաստում է, որ արվեստագետը չլճանա, չհանգստանա դափնիների վրա, որ անքննադատություն հասարակությունն աստիճանաբար հիվանդանում է (ինչպիսին եւ մերն է): Սակայն մեծ հաշվով քննադատության ձայնը տեղ չի հասնում: Հազար անգամ թող քննադատը գրի, որ, օրինակ, հեռուստասերիալները դեբիլացնում են մարդկությանը. այն տանտիկինը, որին չափազանց հետաքրքրում է Աննա Մարիա Լուիզայի եւ Խոսե Ալբերտո Ստեֆանոյի ինտիմ կյանքը, կյանքում չի կարդա որեւէ կինոքննադատի հոդված եւ իր կարծիքը չի փոխի սերիալների մասին, չի լսի քննադատի խոսքը հեռուստաէկրանից... իսկ հեռուստադեբիլություններ եւ ամեն տեսակ էժանագին կինոարտադրանք ստեղծողներ միշտ կլինեն, քանի որ բիզնես շահեր կան... Այս առումով չեմ կարող չհամաձայնվել մի քանի տարի առաջ Երեւանում հյուրընկալված Կինոգործիչների եւ կինոլրագրողների միջազգային ընկերակցության այն ժամանակվա նախագահ Կլաուս Էդերի մտքին, որ կինոքննադատությունը մեռնող մասնագիտություն է...

Ուրեմն ի՞նչ, ոչ ոք եւ ոչինչ չքննադատվի՞: Իհարկե, յուրաքանչյուր առողջ հասարակության թարմ թթվածնի պես անհրաժեշտ է քննադատությունը, սակայն արդենՙ նոր ձեւաչափերով, նոր մոտեցումներով: Ավելի՞ կոնկրետ խոսեմ. օրինակ, հեռատեսիլով կամ համացանցով մասնագիտական կիրթ բանավեճ վարեն արվեստագետն ու արվեստի քննադատըՙ ոչ թե միմյանց հաճոյախոսելով, այլեւ անհամաձայնությունն ու տեսակետների բախումը ամենայն քաղաքավարությամբ արտահայտելով եւ այդպիսով յուրօրինակ դաս տալով ինչպես «սոխակներին», այնպես էլ «ագռավներին»: Մնում է սպասել, մինչեւ որ ժամանակը եւ մեր իրականությունը ծնունդ կտան նման հանդուրժող եւ քաղաքակիրթ արվեստագետի եւ քննադատի...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 29-01-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ