RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 29-01-2016



ԲԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2016-01-28 20:58:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1602, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՉԳԻՏԱԿՑՎԱԾ ԳԵՆԸ ԳԻՏԱԿՑՎԱԾ ՄԱՀ Է

Նաիր ՅԱՆ

Տիգրան Մանսուրյանի տարեդարձի առիթով

- Մաեստրո, բարի լույս, շնորհավոր Ձեր ծնունդը:

- Շնորհակալ եմ, ջանիկս...

Հեռախոսային զրույցը երկուստեք մաղթանքներով ուղեկցվեց: Կարճ կապեցինք: «Հիմա Իսահակյանի հետ եմ: Միասին աշխատում ենք: Ժամը երկուսից հետո համեցիր, բայց առանց ձայնագրիչի ու տեսախցիկի: Մի նեղանա, ջանիկս, չեմ ուզում: Անընդհատ խոսում եմ էստեղ-էնտեղ, այսօր էլ ուշադրության կենտրոնում հայտնվել իսկի չեմ ուզում»,- ասաց մաեստրոն: Շտապում էր. Իսահակյանը սպասում էր:

Սկզբից չհասկացա, թե որտեղ եւ ում հետ է, այսինքնՙ կարծեցի, թե Իսահակյան ազգանունով ինչ-որ մեկի մոտ է. միասին աշխատում են: Բայց ճշտեցիՙ մաեստրոն տանն էր ու մենակ: Այստեղ նոր հասկացա, որ Իսահակյան ասելովՙ Ավետիք Իսահակյանին նկատի ուներ. նրա պոեզիայի հետ էր «աշխատում»:

Նրա համար սովորական հունվարի քսանյոթ էրՙ տարվա 365 օրերից մեկը, որին որպես իր ծննդյան օրՙ առանձնապես կարեւորություն չտվեց: Անկեղծ ասածՙ մենք էլ առանձնապես կարեւորություն չտվեցինք. ոչ մի համերգՙ նվիրված Տիգրան Մանսուրյանին, ոչ մի պաշտոնական շնորհավորանք ու ընդունելություն: Միայն Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն է շնորհավորական գրություն ուղարկել: Մինչդեռ եթե մեկ ուրիշ երկիր ունենար Տիգրան Մանսուրյան, նրա ծննդայն տարեդարձը կդառնար համաշխարհային իրադարձություն, կվերածվեր մեծարման շքեղաշուք արարողությունների: Իսկ մենք... դե, Տիգրան Մանսուրյանն է, էլի, նրան կարելի է տեսնել փոքրիկ համերգներին, նորահայտ պոետների գրքերի շնորհանդեսներինՙ մի անկյունում նստած, կամ ուղղակի փողոցով քայլելիս: Նա մերն է, իսկ մերը կա ու կա. մի օր կգնահատենք նրա մեծությունը կամ չենք գնահատի, կամ էլ ուշացումով կգնահատենք, մեր որոշելիքն էՙ կախված մեր արժեհամակարգի, ներքին որակների ու գիտակցության, տրամադրության ու պահի կարեւորության չափաբաժնից:

Մի քանի օր առաջ թմբկահարեցինք Հայաստանում է աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին: Փորփրել էինք նրա կենսագրությունն ու նոր աշխարհամաս հայտնաբերողի պես ուրախացել, թեՙ բա չե՞ք ասիՙ Պենդերցկու տատիկը հայ է: Տարօրինակ ազգ ենք. մեր կողքին ապրող, երկկողմանի տատիկ -պապիկով, ուղնուծուծով հայ հանճարին թողածՙ փափագում ենք, որ իր միակողմանի հայ լինելն առանձնապես չկարեւորող ու դրանից ամենեւին էլ չոգեւորված լեհ կոմպոզիտորը խոստովանի, որ ինքը հայ է ու սրտաճմլիկ հուշեր պատմի իր տատիկից: Իսկ նա, ի հեճուկս մեզ, ոչինչ էլ չասաց: Տիգրան Մանսուրյանն Աստծո ամեն օր ասում էՙ հպարտ է, որ ինքը հայ է, որ մեր ազգը հզոր գեն ունի, որ իրեն ուժ եւ ստեղծագործելու ավյուն է տալիս հենց հայ լինելն ու Հայաստանում ապրելը: Նա ասում է, որ իր ուժը գալիս է Նարեկացուց, Շնորհալուց, Կոմիտասից, Իսահակյանից, Թումանյանից, մեր երիտասարդներից ու մանուկներից, որոնցով հիացած է, ու այդ խոսքերը նա ասում է նաեւ միջազգային բեմերում, որտեղ իրեն նվիրված մեծ համերգներ ու փառատոներ են լինում: Իսկ մենք ականջներս բամբակ խրածՙ անգիտակից ապրում ենք: Հետաքրքրական է, երբ Պենդերեցկին ոտք դրեց Հայաստան, ո՞վ սեղմեց նրա ձեռքըՙ որպես մեր երկիրը ներկայացնող արժանավոր հայ արվեստագետ, իհարկե, ոչ Տիգրան Մանսուրյանը: Նրան նույնիսկ իմաց էլ չեն տվել լեհ կոմպոզիտորի այցի ու Երիտասարդական նվագախմբի տասնամյակին նվիրված համերգի մասին, որին, բնականաբար, Տիգրան Մանսուրյանը ներկա չէր ու որի ընթացքում հանրապետության նախագահի կողքին նստած էր պատվավոր հյուրըՙ Պենդերեցկին: Դեռ տասը-տասնհինգ տարի առաջ է Տիգրան Մանսուրյանն ասել. «Մեր միջից, մեզնից դուրս եկած բոլոր պայմանների հետ ես հաշիվները մաքրել եմ վաղուց, որեւէ պահանջ ու ակնկալիք չունեմ ու որեւէ բանի պակաս էլ չունեմ: Այն միակը, որի պակասն ունեմ, երիտասարդությունն է»:

Պենդերեցկի, Զանուսի, Կիմ Կի Դուկ, Միխալկով, Կինսկի, Մուտի, Դելոն, Իգլեսիաս, Յանի. փառք Աստծո, մեր փոքրիկ երկիր աշխարհահռչակ մարդիկ հաճախ են գալիս, հանդիպում ու լսում ենք նրանց, մեծ սպասելիքներով ականջներս սրում, թե մի խելոք միտք ենք լսելու, բայց մակերեսից, ծանծաղուտից բացի ոչինչ չկա:

Շատ չէ, մի հինգ րոպե կանգնեք Տիգրան Մանսուրյանի կողքին, թող նա խոսի, դուք լսեք: Մարդու խոսքի ակունքը նրա էությունն ու խիղճն է, նրա միտքն ու հոգին: Իսկ արվեստագետի պարագայում այդ ակունքը նաեւ նրա ստեղծագործությունն է, նրա արվեստը: Տիգրան Մանսուրյանի խոսքը քամված ու զտված իմաստնություն է, որի ակունքները շատ ավելի հեռվից են գալիսՙ մեր Ոսկեդարից ու Միջնադարից, նույնիսկ ավելի վաղնջական ժամանակներից, երբ սաղմնավորվում էր մեր տեսակը, մեր գենը: Ու պե՛տք է, հասկանո՞ւմ եք, պե՛տք է խոնարհվել այդ տեսակի ու գենի պահապանի ու կրողի առջեւ: Նա այդ գնահատանքին ու խոնարհումին չի սպասում, իհարկե, բայց դա մե՛զ է պետք, մե՛զ, որ ապրել կարողանանք:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 29-01-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ