RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 29-01-2016



Տեղադրվել է` 2016-01-28 20:58:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1044, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԻՆՉՈ՞Ւ ՔԵՌԻ «ՕՍԿԱՐԸ» ՍԵՎԱՄՈՐԹ ՉԷ

Սառա ԳԱՍՊԱՐՅԱՆ

Աշխարհի ամենահեղինակավոր ամերիկյան «Օսկար» կինոմրցանակի այս տարվա 88-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության բացմանը մնացել է մեկ ամիս: Բավականին ժամանակ է սա այն ակցիայի համար որպեսզի ռասայական խտրականությանն առնչվող որոշ սեւամորթ կինոգործիչների բարձրացրած սկանդալը թափ առնի եւ հավաքի «Օսկար»-ը բոյկոտելու մեծաթիվ աջակիցներ:

Ամեն ինչ սկսվեց հունվարի 14-ին, երբ կինոակադեմիան հրապարակեց 24 անվանակարգերում հաղթած հավակնորդների անունները: Նրանք 20 հոգի են եւ բոլորը` սպիտակամորթ: Իսկ հայտնի է, որ սպիտակը բարդ գույն է եւ աչք է ցավեցնում, մանավանդ` սեւամորթների շրջանում:

Հոլիվուդյան սեւամորթ կինոբեմադրիչ Սպայկ Լին եւ Ուիլ Սմիթի կինըՙ Ջադա Փինքետը (նրա ամուսնու մասնակցությամբ նկարահանված «Ցնցում» ֆիլմը չի ընտրվել) կինոակադեմիայի այս որոշումը համարեցին ընդգծված հակաաֆրո-ամերիկյան երեւույթ եւ սկսեցին սոցիալական ցանցերում #OscarsSoWhite հեշթագի ներքո սեւամորթ հոլիվուդյան կինոգործիչներին կոչ անել բոյկոտել այս տարվա արարողությունը: Հորդորում են նաեւ Քրիս Ռոկին, նույնպես սեւամորթ, ով փետրվարի 28-ին Դոլբի թատրոնի դահլիճում վարելու է կինոհանդիսությունը, ի նշան բողոքի, հրաժարվել այդ առաջարկից:

Ի դեպ նշեմ, որ խոսքը վերաբերում է միայն վերջին երկու տարիներին «Օսկար»-ի համար սեւամորթ նոմինանտների չընտրվելու փաստին: «Օսկար» մրցանակաբաշխության ողջ պատմության ընթացքում սեւամորթ հավակնորդների թիվն անցել է հարյուրից, որոնցից օսկարակիրներ են դարձել 32 սեւամորթ հոլիվուդյան կինոգործիչներ:

Սկանդալի նկատմամբ կարծիքները տարբեր են նույնիսկ սեւամորթ աստղերի շրջանում: Հանրաճանաչ Վուպի Գոլդբերգը որակեց այն ոչ տեղին եւ ժամանակին, ասելով, որ խնդիրը ոչ թե ակադեմիային է, այլՙ հոլիվուդյան կինոարտադրությանը, ուր քիչ են ընդգրկվում սեւամորթ արտիստներ:

Այս քննադատությանն ի պատասխան կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի նախագահ Շերիլ Այզիկը հայտնել է, որ ակադեմիան ուղիներ է որոնում վերանայելու իր անդամների ընտրության մասին օրենքը, աշխատելով ապահովել ոչ միայն ռասայական բազմազանությունը, այլեւ գենդերային, միասեռաական անդամների ներկայությունը կինոակադեմիայում: Նշենք որ ներկայիս կինոակադեմիայի անդամների 93%-ը սպիտակամորթ են, 76%-ըՙ տղամարդիկ, ընտրված են նրանք որպես անդամ` ցկեանս, շատերն արդեն պատկառելի տարիքում են եւ, ըստ ընդդիմախոսների, նստած են հոլիվուդյան արագընթաց ճեպընթացի ետին վագոններում:

Եվ ի՞նչ, ստացվում է այնպես, որ հաջորդ տարվանից կինոակադեմիան տաղանդավոր կինոստեղծագործություն որոնելու փոխարեն նոմինանտության համար առաջադրված ֆիլմերում պետք է առաջնորդվի ռասայական բազմազանության փնտրտուքո՞վ, միայն թե չմեղադրվի ռասիզմի մեջ: Արդյունքում տուժելու է բարձրարվեստ կինոն:

«Օսկարը» վաղուց դուրս է եկել սոսկ ամերիկյան, ազգային մրցանակ լինելու շրջանակից: Նրա հեղինակությունն ու առաջարկած չափանիշները կողմնորոշիչներ են դարձել միջազգային կինոարտադրության բնագավառում: Բացի այդ, այս ռասայականության միտումը կսկսի թափանցել նաեւ այլ հեղինակավոր հարթակներ` «Էմմի», «Գրեմմի», «Գոլդն Գլոբ», «Տոնի», ընդհուպ միջազգային սպորտ:

Երբ 2001թ-ին սեւամորթ կինոաստղ Հալլի Բերրին արժանացավ «Օսկար»-ի լավագույն դերասանուհի անվանակարգում, այն իրոք հաղթանակ էր եւ ոչ թե բոյկոտի արդյունքում կորզած մրցանակ: Պետք է լավ աշխատել եւ սպասել քո աստեղային ժամին, ինչպես դա անում է Լեոնարդո ԴիԿապրիոն: Վաղ թե ուշ տաղանդավորագույնը միշտ կնկատվի եւ կգնահատվիՙ անկախ իր մաշկի գույնից: Թող որ «Օսկար» չստանա, ժողովրդի սերը լավագույն մրցանակն է իսկական տաղանդի համար:

«Օսկար»-ի կարմիր գորգի վրա սեւ - սպիտակ աստղային այս մենամարտը նորություն չէ: Այն նաեւ առանձնակի շեշտադրություն է ստանում այսօր, երբ ամերիկյան փողոցներում չեն հանդարտվում սպիտակամորթ ոստիկանների դեմ ցույցերը: Անշուշտ կան արդարացի պահանջներ, սակայն դրա կողքին քիչ չեն այն դեպքերը, երբ սեւամորթ պորտաբույծին, գողին, մարդասպանին, օրինախախտին պատասխանատվության ենթարկելը իսկույն ռասայական խտրականության պիտակավորում է ստանում շրջապատում:

Մինչդեռ մետրոյում, փողոցում, ուսանողական միջավայրում շատ սպիտակամորթներ են դառնում սեւամորթների ագրեսիվ, այլատյաց պահվածքի զոհը: Սակայն այս երեւույթը ընդունված չէ ռասիզմ կոչել:

Նյու Յորք

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 29-01-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ