ՆՈՐԻ ԵՎ ԼԱՎԱԳՈՒՅՆԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ Մարդու կյանքի ամենազգայուն շրջանը մանկությունն է, որին ժամանակներ անց չնայած մոռանում, բայց կարոտում ենք: Ու կարոտում ենք նաեւ մանկության անբաժանելի մասինՙ հեքիաթին: Ինչ-որ մի տարիքում հեքիաթը մեզ նորից գրավում, տանում է խորհրդավոր այն աշխարհը, որտեղից գալիս է մեր մանկությունը, մենք վերադառնում ենք մեր սկզբին, երազների մեր աշխարհին... Մանկությունը երբեմն կարող է կրճատվել, երբեմն խլվել անողոքաբար, երբեմնՙ անգիտակցաբար, երբեմն պատահաբար. սոցիալական-քաղաքական պայմաններ, ընտանիք, միջավայր, բնակավայր... Ներկա ժամանակներում ինֆորմացիոն միջոցները եւս դա կարող են անել, կրճատելով մանկության ժամանակըՙ երազելու կամ անմեղության կյանքի այդ շրջանը: Հեքիաթն ինչ- որ չափով կարող է փոխել, կարող է օգնելՙ վերագտնելու թանկ զգացողություններ: Ուստի մանկագրության, հեքիաթագրության անհրաժեշտությունը եւ դրանց հրատարակության պահանջը մշտապես այժմեական է: Եվ ներկայումՙ որքան էլ անիմացիոն արվեստի գրավչությանն ու բազմազանությանը, մանավանդՙ վիդեո-խաղային ինդուստրիայի, որ զարգացման մի շարք փուլեր անցնելով, շատ առումներով վերածվում է արվեստի ու անչափ կլանում երեխաներին (եւ ոչ միայն նրանց), մանկական գիրքը, գրականությունը մնում է անփոխարինելիՙ ներգործության անմիջականությամբ: Հայաստանյան մանկական գրաշուկան այսօր ոչ միայն բազմաքանակ ու բազմազան է, նաեւ բավական գրավիչՙ չնվազող հետաքրքրությամբ: Հրատարակիչներն անշուշտ նախընթաց շրջանի տպաքանակի համեմատությամբ խնդիրներ ունեն, որովհետեւ ամենաորակյալ գիրքն անգամ լավագույն դեպքում 2000-3000 տպաքանակը չի անցնում, մինչդեռ ժամանակներ կային, երբ դրանք լույս էին տեսնում 30000-50000 տպաքանակով: Ներկայում գերխնդիրը թողարկվող գրքերը հնարավորինս գրավիչ եւ որակյալ դարձնելն էՙ բավարարելու ամենապահանջկոտ ու քմահաճ ընթերցողինՙ երեխային: Այս առումով հայկական գրաշուկայում առանձնահատուկ տեղ ունի «Ջի Էս Էմ» ստուդիան, որն իր հնգամյա գործունեությամբ գրավել է ընթերցողական բավարար ուշադրությունՙ ներկայացնելով մանկական գրականության բազմազան ու գրավիչ տեսականի, պայմանավորված նախ եւ առաջ աշխատանքի հանդեպ պատասխանատու մոտեցմամբ, իհարկե եւՙ հրատարակչության հիմնադրիՙ Սմբատ Գյուրջյանիՙ այս ասպարեզում ունեցած նախընթաց հարուստ փորձի: Այս ընթացքում հրատարակչությունը ընթերցողին է ներկայացրել պատկերազարդ գրքերի մի ամբողջ շարք, որոնցից մի քանիսը հաճելի նորություն են հայկական գրաշուկայում: Ինչպե՞ս են հրատարակիչները փորձում հաղթահարել այսօր լայնորեն տարածված եւ երեխաներին այսքան կլանած վիդեո - խաղերի կամ թեկուզ անիմացիոն արվեստի ազդեցությունները: Գրքի ընթերցանությունը ավելի գրավիչ դարձնելու միակ միջոցը անշուշտ նոր մոտեցումներ կիրառել եւ նոր գաղափարներ ներդնելն է: Նախՙ գրական գործի հաջող ընտրություն, որի մատուցումը անկասկած պետք է ուղեկցվի տպագրական զանազան հնարանքներով եւ բարձր որակով, ինչը միայն կարող է ապահովել հաջողություն: «Ջի Էս Էմ» ստուդիայի ուշադրության կենտրոնում հայ դասական եւ ժամանակակից, նաեւ արտասահմանյան նշանավոր մանկագիրների ստեղծագործություններն են (Հովհ. Թումանյան, Ղ. Աղայան, Դ. Դեմիրճյան, Հանս Քրիստիան Անդերսեն, Շառլ Պերրո), որոնց տպագրությունը ստանում է նոր, բավական հետաքրքրական եւ աշխույժ ձեւեր: Դրանք խաղ- գրքեր են, գիրք-խճանկարներ, խոսող գրքեր, գեղեցիկ ձեւավորումներով փոքրածավալ հեքիաթների ժողովածուներ, ջրով գունավորվող գրքեր. վերջիններս նորություն են հայկական գրաշուկայում: Հետաքրքրական մտահղացում է գրության բովանդակությունը արտահայտող որեւէ իրի պատկերով գրքի տպագրությունը, ինչպեսՙ երթեւեկության կանոններին վերաբերող ավտոբուսաձեւ կամ այբուբենիՙտառակերպ մատուցումը, գրավիչ են գիրք- դաշնամուր, խաղ-գիրք մտահղացում - իրագործումները: Առաջինում երեխան գրքում զետեղված երգերի տեքստերը եւ նոտաները սովորելուն զուգահեռ, դրանք կարող է կիրառել կից դաշնամուրի օգնությամբ: Հայտնի հեքիաթների կերպարների փազըլ տարբերակը եւ դրանց տեղաշարժելու, քանդել - հավաքելու, խճանկար սարքելու խաղային ժամանցը, նաեւ հերոսների եզրագծված պատկերները գունավորելու հնարավորությունը երեխայի համար գրավիչ են դարձնում նման գրքերի ընթերցանությունըՙ ուսուցողական, ճանաչողական առումով օգտակար եւ հաճելիՙ գեղագիտորեն: Վերջին հրատարակություններից ուշագրավ է «Իմ մեծ գիրքը», որն աչքի է ընկնում հարուստ պատկերազարդմամբ, թեմատիկ բազմազանությամբ եւ երեխային շրջակա միջավայրը, բնությունը, մարդկային, բուսական, կենդանական աշխարհը ճանաչելու անփոխարինելի ուղեցույց կարող է դառնալ: Այս ամենը պահանջում է ոչ միայն ճաշակ, իմացություն եւ մասնագիտական փորձ, այլեւՙ ամենօրյա հետեւողական աշխատանք, բաց, որոնող միտք, նորարարությունների հանդեպ ուշադրություն եւ հետաքրքրասիրություն: «Անդադար փնտրտուքների մեջ ենք, զարգացման, կատարելագործման ընթացքում ենք, փորձում ենք հնարավորինս իրազեկված լինել մանկական գրականության տպագրության ոլորտում աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին, հետեւել նորություններին», ասում է Սմբատ Գյուրջյանը: Ըստ տնօրենի, աշխատանքին, փորձի փոխանակմանը մեծապես նպաստում են գրքի տոնավաճառները, մասնավորապեսՙ միջազգային, համագործակցությունը արտերկրյա հրատարակիչների հետ, որոնց հետ հաջողությամբ իրականացված մի քանի համատեղ ծրագրեր շարունակական են: Հասարակության ապագան երեխան է, նրան հարկավոր է ուշադիր վերաբերմունք, զգույշ, խելացի մոտեցում: Նրա հոգեւոր աշխարհը ձեւավորող կարեւոր գործոններից մեկը գիրքն է: Իր սքանչելի ստեղծագործությունը ձոնելով ընկերոջըՙ Լեոն Վերթին, Անտուան դը Սենտ-Էքզյուպերին գրում է. «Ներողություն եմ խնդրում երեխաներից, որ այս գիրքը ձոնեցի մեծահասակ մի մարդու: Մի լուրջ չքմեղանք ունեմ, այս մեծահասակ մարդը իմ լավագույն բարեկամն է աշխարհում: Ունեմ մի ուրիշ չքմեղանք եւս, այս մեծահասակ մարդը կարող է հասկանալ ամեն ինչ, նույնիսկ երեխաների համար գրված գրքերը»... Եվ պատահական չէ «Ջի Էս Էմ» հրատարակչության մոտեցումըՙ պատահաբար ոչինչ չառաջարկել երեխային, ընտրել լավագույնըՙ «Որակը գնից բարձր» սկզբունքով: |