ՄԱՐՈ ՄԱՐԳԱՐՅԱՆ. ԽՆԿԵԼԻ ԱՆՈՒՆ ՄԵՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Զուբեիդա ԽԱՉԱՏՐՅԱՆ Ծնվել է նա 1915 թ. դեկտեմբերի 22-ին Վրաստանի Շուլավեր ավանում։ Ծնվելու պահից էլ նա որբացավ. մայրը տվեց նրան իր կյանքը, եւ նա դարձավ արեւի ու իր մեծ մորՙ տատի որդեգիրը: Զրկանքներով լի, ծանր մանկություն ունեցավ փոքրիկ Մարոն: Մի խուլ սրտաղաց, որ մանրում է քեզ, Մանրում ու մանրումՙ Ծվարած հոգուդ ծալքերի մեջ խոր… Իսկ աշխարհն այսպես Մեծ ու բախտավոր: Այսպես ապրեց նա, եւ կյանքի ուրախ պահերին անգամ նրա ներսում աղում էր այդ սրտաղացը մղկտալով, մխալով… Միջնակարգ կրթությունն ստացել է հայրենի գյուղում: Ուսման սերը, լեզվական համուհոտի զգացողությունը նրան բերեցին Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ: 1938 թվականին ավարտելով այնՙ ուսումը շարունակում է ԳԱ ասպիրանտուրայում: Աշխատել է Սփյուռքահայության հետ կապի կոմիտեում, աշխատանքի բերումով եղել սփյուռքի շատ հայկական գաղթօջախներում: 1937 թվականից ՍՍՀՄ գրողների միության անդամ էր: Շուրջ 60 տարի ստեղծագործեց Մարո Մարգարյանը: Նրա առաջին զրույցն ընթերցողի հետ սկսվեց «Մոր ձայնը» եւ «Փշատենի» ժողովածուներով: Հետո բացվեց լիրիկական լուսաբացը նրա արվեստում, քնքշացավ բանաստեղծուհու ձայնը, լցվեց արեւագալի մաքուր շնչով ու զուլալությամբ: «Ձնհալից հետո» ժողովածուն շնչում է հողի բույրով ու գարնան ծաղկումով, արբեցումով: «Լցված լռությունը» Մարո Մարգարյանի ամենանրբին ժողովածուն էՙ թաքնված իղձերի, մշուշափայլ տեսիլների, կարոտի, սիրո վրձնահարվածներՙ արված հոգու հարուստ գուներանգներով: Եվ ի վերջոՙ «Օրերի խորքից» ժողովածուն, որում բանաստեղծուհին պոետիկ գանձեր է պեղում իր խոր սրտից, իր ապրած օրերիցՙ գրավելով ընթերցողին պատումի քնքշությամբ, ասելիքի անկեղծությամբ ու ազնվությամբ: Մեր ժողովրդի ազգային զարթոնքի օրերին նա ժողովրդի հետ էր, ցուրտ ու մութ ձմեռներին չփախավ երկրից, ինչպես արեցին շատ ավելի հայրենասեր հորջորջվածներ, փարվեց մեր մանուկ երկրինՙ ճշմարիտ քաղաքացու վարքագծով էլ ավելի արժեւորելով իր պոեզիան: Ու հիմա հանգչում է Մարո Մարգարյանի հոգնած ու հիվանդ սիրտը հայրենի հողումՙ թողած իր կրակներն ընթերցողին, հայրենի գրականության էջերում: Մտերմիկ զրույց Մարո Մարգարյանի հետ Սիրելի՛ բանաստեղծուհի Մարո Մարգարյան Այսօր ես ուզում եմ զրուցել Ձեզ հետ Ձեր բանաստեղծությունների միջոցով ներկայացնել Ձեր գրական ու մարդկային կերպարը: Ձեր կենդանության օրոք մենք գրել ենք միմյանց նամակներ: Ես ինձ համարում եմ Ձեր երկրպագուն, որի առջեւ կանգնած եմ «սուրբ հիացմունքի (սարսուռով) լեցուն», որին պարտական եմ եւ այսօր ուզում եմ հատուցել պարտքս գոնե մասամբ: Դուք այն եզակի կանանցից մեկն եք, որ Աստծուց ստացել է ձիրք, ստեղծագործելու տաղանդ, շնորհել է Աստված Ձեզ անհանգիստ, կարեկից, զգայուն, շքեղ ու շռայլ, բարի մի սիրտՙ աշխարհը յուրովի տեսնելու, պոեզիայի բույրով ու թովչանքով ապրելու: Ի՜նչ փույթ, թե կյանքը մեռնող, Երբ որ երազը կ"ապրի, Երբ որ երազն անմահ է… Վարուժանի այս տողերը բնաբան կարող են լինել Ձեր քնարերգությանըՙ այնքան երազային ու կանացի, այնքան քնքուշՙ հյուսված կարոտի ու թախծի, սպասումի ու կորստի նրբաթելերից, որոնումի քաղցրությունից, հյուսված ասես սրտի թելերից: «Բարության մեղեդիների ու կարոտի կանչերի երազային աշխարհ է Ձեր պոեզիան, Մարո Մարգարյան»,¬ ասել է Վահագն Դավթյանը: Սիրանյութից Շաղախեցիր ինձ, Աստվա՛ծ, Եվ դրեցիր Տարածության մեջ անսեր: Ահա եւս մի բնաբան Ձեր քնարերգության համար, հեղինակը Դուք եք. ուրիշ էլ ո՞վ կարող էր այսպես դիպուկ բնութագրել Ձեզ եւ աշխարհը: «Կրակով եւ սիրանյութից շաղախված» Ձեր էությունը սիրաշաղերով պատկերներ է հյուսումՙ մեկը մեկից նուրբ, մեկը մյուսից ոգեղեն, մեկը մյուսից այնքան հարազատորեն մտերիմ մարդու, կնոջ ներաշխարհինՙ գերելով ընթերցողին, արցունքոտելով նրա աչքերը: Եվ այս աշխարհումՙ Այսքան բազմահուն, պինդ ու ժայռակող, Թղթերը պիտի իրենց մեջ պահեն Կրակն իմ հոգու: Թղթե՞րը միայն, հապա ընթերցողը, հապա այս մեծ, անեզր աշխա՞րհը, պոեզիայի հայոց չքնաղ տաճա՞րը, որտեղ դուք քրմուհի եք: Ձեր խորը մխալու ձիրքով, հիացումի լույսով, սուրբ խենթության երկնային ցոլքերով, համեստ ու բարի երգով հաղթում եք աշխարհի ցավերին, մայրական սիրով, քրոջ ու զավակի նվիրվածությամբ դառնում ենք աշխարհի խիղճն ու սփոփանքը, մխիթարանքն ու սերը: Աշխարհի չար դավերին ես անմասն ու անհաղորդ, Ամենաջինջ աստղերին հայացքս հառած, Կարոտ սրտից ելած վերՙ ես մաղթանք եմ ու աղոթք, Ես թախիծն եմ աշխարհիՙ կնոջ տեսք առած: Սիրելի՛ բանաստեղծուհի, Դուք ապրեցիք դժվարին, բայց արժանապատիվ կյանքով. ունեցաք ծանր մանկություն, զգացիք ստալինյան բռնապետության ահավոր չարիքը Ձեր սերնդի ճակատագրի վրա, Հայրենական պատերազմում կորցրեցիք շատ սիրելիների եւ մտերիմների: Դժվար օրեր, որ «անդունդների ափերով անցան ու երգեր դարձան»: Իմ սերունդն ամբողջ եղյամի մեջ է, Նշանակում էՙ ցրտեր են եղել… …Սերմնացաններ, որ հողի փոխարեն Հերկել են սառույց, ակոսել են քար, Եվ հոգիներում գանձեր ու գանձեր, Որ դեռ չեն պեղել: Այո՛, Ձեր սերունդը դժվար օրեր շատ տեսավ, տեսավ ամենաահավորըՙ մարդկային հոգու ավերն ու արհավիրքը: Եվ դավեր տեսանք նվիրումի տակ, Փառքեր ոսկեզօծ ու գեղաքանդակՙ Անհագ ծարավի վրա հիմք դրած Եվ ուրացումի անդունդին հենած: …Ու որքան ուժ էր հարկավոր հոգու Կանգնելու ուղիղ բոլորի հանդեպ, Մնալու անթեք: Ամբողջ Ձեր կյանքում Դուք չվազեցիք ցոլք ու փայլի հետեւից, չձգտեցիք փառքի, երազի ու կյանքի միջեւ, մնացիք ինչպես մաքուր մի երեխա, մի քիչ շաղված, մի քիչ դաղված անցաք Ձեր կյանքի ուղին ազնվագույն համեստությամբ ու խոնարհությամբ: Այդպես ընկած կաղնին է Զարդարում ծառերինՙ Իր կողքին կանգնած: Այո՛, դժվար է անթեք, ուժեղ մնալ կյանքի մթնաձորում, եւ Դուք օգնության եք կանչել միակ ու անկրկնելի զգացումինՙ սիրուն. Աչքերիս մի քիչ լույս է հարկավոր, Ինչ-որ տեղ հեռվում Երեւա, անգի՛ն: Մի լուսե թարթիչ, մի արդար ցոլանք, Որ ինձ հավաքեմ, Որ կանգնեմ նորից, Որ ելնեմ մի կերպ Այս մթնաձորից: Անցաք Ձեր կյանքի ուղին ազնվագույն համեստությամբ ու խոնարհությամբ, չխճճվեցիք «փոքրիկ ու չնչին առուծախերի միգամած ցանցում», մտահոգվեցիք աշխարհը փոխելու, վարում գտնվող այնքան լավերին վեր դասելու, բարձրացնելու հոգսերով, պեղեցիք, պեղեցիք ցուրտ ու սառը կյանքի համար արդար լույս ու ջերմություն Ձեր հոգու եւ բնության խորքերում: Ինչ վախենանք մենք մութերից, Ուր էլ կախենՙ լապտեր ենք մենք, Լույսը մեր խոր էության մեջ: Այդ ինչպե՞ս կարողացաք խիճ ու խութի, տատասկ ու մոլախոտի մեջ պահպանել մանուշակի Ձեր բույրն ու թովչանքը: Եվ դեռ ասում եք, թե փխրուն եք, կոտրվող: Ո՛չ, անգի՛ն բանաստեղծուհի, Դուք ուժեղ եք, Դուքՙ մեծություն, նրանցից, որպիսիք մեր ժողովրդին հայ են պահում, զավակին կապում են մորը, երկրին, պատմությանը: Հայ մայր, հայ կին, հայ բանաստղեծուհիՙ ահա Դուք: Ուր էլ բխի ցեղն այս հզոր, Մեծ աստղեր է տալիս, հոգիս, Հեռու-հեռու գալիքների խորքից անհաս Հայահնչյուն, հայանվագ Հրացոլք է տալիս, հոգի՛ս, Ու պատկերներ հոլով-հոլովՙ Մայրամրմունջ, մայրագորով… Հերիք հիշես կորուստը թանկ, Կսկիծների արցունք բերես, Տե՛ս, հեռահաս պտույտներից Լուսաթաթախ, խնդումերես Քո զավակն է գալիս, հոգի՛ս: Ձերՙ սփյուռքահայ գաղթօջախներ այցելելու ժամանակ Դուք տեսաք դրսի փայլուն կյանքը, ու հեռու հեռվից ավելի ու ավելի սիրեցիք Ձեր հայրենիքըՙ մրգածաղիկ Հայաստանըՙ սերերով հարյուրահարկ, մայրատաք խրճիթն անուշ: …Աշխարհն իր զեխ պալատներով Չարժե երբեք ոչ մի վայրկյան, Կարոտներով սիրտը վառած Մասրենու տակ լույսը փռած, Ամեն ափից ինձ տուն կանչող Քո մի հատիկ պատուհանին: Դուք ներբողներ չերգեցիք, ամեն տոնի համար չունեցաք Ձեր «հարմար» բանաստեղծությունը, քանզի Ձեր պոեզիան աղոթք է, հոգու շվար ու շփոթ վիճակ ու սե՜ր, անհատնո՜ւմ սեր, լույսի ու բարու երանգներ արդար: Ու չես հասկանում որտեղից, ինչպես Ինչ-որ մորմոք է վեր կացել տեղից Ու լուսաթաթախ կարոտ է շաղում, Ո՞վ է հոգեղեն կրակների հետ Այսքան անխոհեմ, անզգույշ խաղում: …Հիմա դու ո՞ւր ես, Հիմա դու ուր ես, Հիմա դու ուր ես եւ ինչ ես անում: Անբավ սիրուց է Ձեր տառապանքը: Սերը երգ դարձնող Ձեր արվեստը իր գոյությունն արդարացնում է թեկուզ եւ այն համեստ փաստով, որ Ձեզնով «մի բան շահել է կյանքը», որ այսօր կարդում են Ձեր բանաստեղծություններըՙ երգերը, ինչպես Դուք եք ասում: Երգեր, որ ընտիր հոգիներին են հասցեագրված, որոնք էլ խոնարհվում են Ձեր պոեզիայի, Ձեր մարդկային ու կանացի նկարագրի առջեւ: Դու ինձ վերցրիր, Վերցրիր ինձնից, Ու քեզ էլ չառար, Եվ ես մնացի Առանց ինձ ու քեզ, Եվ ես չգիտեմ Ու չեմ հասկանումՙ Ով եմ հիմա ես… *** Նորից անցավ ինչ-որ քամի հոգուս միջով, Ու վեր ելան երազներն իմ տերեւաթափ, Նորից անկում անհուն սիրուց, նորից զիջող, Նորից անհետ կորցնում եմ կայան ու ափ: Երջանիկ եք Դուք, Մարո Մարգարյան, անգի՛ն բանաստեղծուհի, որ ապրել եք երազներով խենթ աղջկա, անիրական, անգո սիրուն եք ապավինել, աշխարհի սկիզբն ու վերջը սերն եք համարել, որ պաղ աշնանն անգամ ծաղկել է Ձեր բալենին, ճերմակ հուր ու հրդեհ փռել, կարոտներով ու կյանքով լի կանգնել ձմռան շրթին: Եվ դուք հաղթել եք ցավին ու թախիծին, վշտին ու տառապանքին, մահկանացուի մորմոքին. Հաղթիր դու էլ Անցնողների թախիծն անծիրՙ քեզ համակող, Ու մի քար թող քարի վրա, Մի ոտնահետք, մի լույս կածան, Գուցե մեկը քեզնից հետո Պիտի անցնի այս կածանով… Իսկ ինչքա՜ն, ինչքա՜ն շատ են անցնողները Ձեր բաց արած կածանով: Եվ ինչքա՜ն քիչ բան է պետք Ձեզ, ինչքա՜ն քիչ է պետք մեզ, որ երջանիկ զգանք, թեւին տա ու երջանկությունից սավառնի մեր սիրտը:… Մի խոսք, մի բառ, կես մի ժպիտ, Եվ օվկիանոս մի խնդություն, Որքա՜ն քիչ է հարկավոր քեզ, Անհուններով լեցուն հոգի: Եվ ո՞վ է, որ Այդ մի քիչ քեզ չի տալիս. Ձյուն է գալիս, Ծաղիկներիս վրա ճերմակ Ձյուն է գալիս… Այո՛, շատ բան պետք չէ մարդ արարածին «այս բարձր ու խոր, բազմաժխոր աշխարհում, թռիչքների հսկա դարում»: Եվ մանկան ժպիտի նման սուրբ մի բան ջնջում է բոլոր վշտերը Ձեր հոգու, որ պահում է Ձեզ բարձր ու կանգուն. հարուստ ու շռայլ աշխարհից ոչինչ չպահանջելովՙ մի քանի տեղ երգից բացի: Հալվել է ցուրտը Մի մեղմ ու բարի շնչառությունից, Մի անհնարին թանկ ներկայությամբ, Մի չերեւացող Լուռ գորովանքով, Այս ո՞վ է անցնում ճառագայթի պես Իմ տխուր կյանքով: Պոեզիա՛ն է անցնում, սփոփում, մխիթարում է մեզ, բյուր մենակներիս միացնում: Ու երբ «ինչ-որ մի պահի ինչ-որ մորմոք է վեր կենում հանկարծ ու լուսաթաթախ կարոտ է շաղում», ահա այսպիսի պահերին ես իմ ձեռքն եմ վերցնում Ձեր գիրքը, Մարո՛ Մարգարյան, երջանի՛կ հոգի: |