RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #015, 2016-04-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 08-04-2016



Տեղադրվել է` 2016-04-07 21:28:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1804, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԳԻԾԱՆԿԱՐԻ ԵՐԵԿՆ ՈՒ ԱՅՍՕՐԸ

Նաիր ՅԱՆ

Թերթերի ու ամսագրերի մշակույթը զարկ տվեց երգիծանկարչությանը: Հիմա էլ աշխարհի շատ պարբերականների առանձին էջեր հատկացված են երգիծանկարչությանը: Դիպուկ, տեղին, ենթատեքստային երգիծանկարը մի ամբողջ հոդվածի արժեք ունի: Ոչ հեռավոր անցյալում հայաստանյան պարբերականներում հաճախ կարելի էր հանդիպել երգիծանկարների. հիշենք նաեւ «Ոզնին», որն ամբողջությամբ հիմնված էր այս ժանրի վրա: Երգիծանկարիչները մեծ մասամբ ներկայանում էին ծածկանունով կամ անուն-ազգանվան սկզբնատառերով:

Անգամ քաղաքական, համաշխարհային ամենալուրջ թեմաները երգիծանկարի միջոցով միջազգային հնչեղություն կարող են ստանալ. ծաղրանկարը կարող է ուղղակի մերկացնել ամենաճանաչված ու հեղինակավոր մարդկանց : Հիշենք Ջորջ Բուշի կամ Բուշ Կրտսերի, Քլինթոնի, Անգելա Մերկելի, Օբամայի հրապարակված ծաղրանկարները, որոնք ջրի երես են հանում այս գործիչների հրահրած միջազգային քաղաքական անմաքուր խաղերի մրուրը: Պերեստրոյկայի եւ Սովետական Միության փլուզման տարիներին մամուլը հեղեղված էր թեմատիկ երգիծանկարներով, որոնք մեծ հնչեղություն էին ստանում սովետական հանրության շրջանում: Միայն Գորբաչովի ճակատի նշանը, թերեւս, Գինեսի ռեկորդակիր դարձած կլիներ. երգիծանկարներում այն հայտնվում էր անգամ մածունի շշի վրա:

Երգիծանկարի արվեստին տիրապետողները կարող են եւ այլ մասնագիտություն ունենալ: Օրինակՙ Վարդան Աճեմյանը, Մհեր Մկրտչյանը հրաշալի ծաղրանկարիչներ են եղել. նրանց «հերոսները» կարող էին դառնալ թե՛ արվեստի մարդիկ, թե՛ սրճարանում անմեղ նստած հաճախորդները: Առհասարակ, ծաղրանկարելու ունակությունը տրված է տաղանդավոր մարդկանց, երեւույթների խորքային շերտերը տեսնողներին: Նրանք կարող են դիմացինի էությունը, խառնվածքը, սովորույթները խտացնել մատիտի մի հատիկ գծի մեջ, երեւույթի իրական հիմքը, շարժառիթը որսալ ու արտահայտել մեկ շտրիխով:

Մեր ժամանակներում երգիծանկարն անտեսված, անուշադրության մատնված ժանր է, որի կարեւորությունը շատ քիչ պարբերականներ են արժեւորում, հետեւաբար եւ, հազվագյուտ խմբագիրներ են երգիծանկարներին տեղ տալիս իրենց թերթի էջերում: Մանավանդ հիմա, երբ էլեկտրոնային մամուլը գերիշխող դերում է, այս ժանրի ինքնարտահայտման հնարավորություններն ավելի են սահմանափակվել: Ի՞նչ եղավ, ինչո՞ւ երգիծանկարի ժանրը դուրս մղվեց մամուլից, հրապարակախոսությունից, հասարակության հետարքրքրությունների շրջանակից: Երգիծանկարիչները բազմաթիվ պատճառներ են բերում: Դրանցից մեկըՙ փող չկա. մերօրյա թերթերը հազիվ են ծայրը ծայրին հասցնումՙ գոյատեւելու, հրատարակման, աշխատավարձերի ծախսերը հոգալու համար: Երգիծանկարիչ ունենալը միգուցեեւ շքեղություն է համարվում: Բայց տպագիր թերթին համ ու հոտ տվողը, տեքստային ծանրաբեռնվածությունը թոթափողն ու տրամադրություն ստեղծողը հենց երգիծանկարն է, հատկապես երբ այն թեմատիկ է, արդիական ու ինքն իրենով հոդվածի գաղափարական խտացումն է: Երգիծանկարը կարող է լինել եւ փիլիսոփայական, խոհախրատական ու օրվա լրահոսին ոչ հետամուտ:

Այնպես է ստացվել, որ մեր օրերում երգիծանկարի ժանրն ու երգիծանկարիչներին հիշում ենք տարին մեկ անգամՙ ապրիլից ապրիլ, ավելի ճիշտՙ ապրիլմեկից ապրիլմեկ: Արդեն վարժվել ենք, որ հանրային որեւէ վայրում երգիծանկարիչները պետք է ցուցահանդես կազմակերպեն ու առիթն օգտագործելովՙ իրենց հուզող խնդիրները բարձրացնեն, իսկ խնդիրների խնդիրը եղել եւ մնում է ինքնադրսեւորման դաշտի բացակայությունը:

Այս ապրիլմեկը եւս բացառություն չէր. Երգիծանկարիչների ասոցիացիան եւ Հայաստանի Ժուռնալիստների միությունը ցուցահանդես էին կազմակերպել վերջինիս տան հարակից տարածքում: Նախաձեռնությունը, որի հովանավորությունն ստանձնել էր մասմեդիայի ասպարեզի մեկ ուրիշ ներկայացուցիչՙ Սամվել Մայրապետյանը, նվիրված էր հայ մամուլի անկախացման 25 ամյակին: Երգիծանկարիչների ասոցիացիայի նախագահ Սուքիաս Թորոսյանըՙ նույն ինքըՙ Տոտոն, շուրջն էր համախմբել ավագ, միջին ու նոր սերնդի երգիծանկարիչներին, որոնք ոչ միայն ցուցադրում էին իրենց հին ու նոր աշխատանքները, այլեւ իրար վաղուց չտեսածի կարոտով ողջագուրվում ու քեֆ-հալ էին հարցնում: Պարզվում էՙ մեր երգիծանկարիչները, որոնք այնքան էլ շատ չեն, ընդամենըՙ երկու տասնյակ, միմյանց հազվադեպ են տեսնում, կարելի է ասելՙ ապրիլից ապրիլ, ապրիլմեկյան ավանդական ցուցահանդեսներին միայն: Դե, բնական է, որ այդպես էլ պիտի լիներ. եթե նրանք մեծ մասամբ իրենց մասնագիտությամբ չեն աշխատում, չեն տպագրվում մամուլում, իրար երես որտե՞ղ տեսնեն: Ավագ սերունդը ստիպված է կարոտով հիշել 20-30 տարվա իր արած-ստեղծածը:

Լեւոն Աբրահամյան - Դեռ վաղ ժամանակներից ակտիվորեն մասնակցել եմ բոլոր ցուցահանդեսներին: Այն ժամանակ Սովետական Միություն էր. մտքերդ, ասելիքդ ազատ արտահայտելու իրավունք չունեիր, ու երգիծանկարիչները հենց այդ կաշկանդումները, սահմանափակումներն էին իրենց աշխատանքի թեմա դարձնում: Մի ընկեր ունեի, ազգանունըՙ Սիսոեւ: Նրան իր ծաղրանկարի համար բռնեցին ու բանտ նստեցրին: Առհասարակ, երգիծանկարիչներն իրենց ասելիքը ծածկագրով, ենթատեքստով են արտահայտում. դա այլախոհությունն է հենց: Հեղափոխականը ջարդում-փշրում է իր ճանապարհին ամեն ինչ, իսկ այլախոհները ոչ թե բացահայտ առճակատման են դուրս գալիս, այլ գաղափարական հայացքներն արտահայտում են քողարկված, ենթատեքստով: Հիմա, երբ ամեն ինչ թույլատրված է, արգելք չկա, այսօրվա թեմաները ծաղրանկարի համար ինձ այլեւս չեն հետաքրքրում: Ես ավելի շատ փիլիսոփայական ուղղությունն եմ գերադասում: Ինքս ազգագրագետ եմ եւ ազգագրագիտական թեմաներով, առասպելաբանական շատ երգիծանկարներ ունեմ: Իմ երգիծանկարները բաց, ուղղակի տեքստով չեն եղել երբեք, դրա համար էլ մենք միշտ առանձին խումբ ենք կազմել ու համատեղ ցուցահանդեսներ կազմակերպել: Օրինակՙ երբ Գորբաչովը գրավեց Լիտվան, ես նկարեցի Լիտվայի քարտեզը, վրանՙ սովետական կասկաՙ Գորբաչովի նշանավոր խալը վրան:

Հարություն Սամուելյան - Երգիծանկարիչների մեր խումբը երբեք չէր արձագանքում առօրյա իրադարձություններինՙ լինեին քաղաքական, թե այլ բնույթի: Այդ խմբում Պավել Ջանգիրովն էր, Կարեն Միքայելյանը, Լեւոն Աբրահամյանը, Յուրի Հակոբյանը, որը վաղուց Մոսկվայում է, եւ ես: Մեր գործունեության գագաթնակետը թերեւս 1979 թվականն էր, երբ միջազգային ցուցահանդես կազմակերպեցինք Գյումրիում: Մոտավորապես 100 երգիծանկարիչ 400 աշխատանք էր ներկայացրել: Արձագանքները երկար ժամանակ լսում էինք: Կոնկերտ ես քաղաքական երգիծանկար շատ քիչ եմ արել. այս ցուցահանդեսին ներկայացրել եմ 1990 թվականի աշխատանքսՙ սովետի փլուզումը: Բիլիարդի մեկ գնդակի հարվածով 15 հանրապետությունները ցրվում են:

Սուքիաս Թորոսյան (Տոտո) - Յուրաքանչյուր ազգի կարելի է ճանաչել նրա հումորի մակարդակով: Շատ լավ երգիծանկարիչներ ունենք, սակայն նրանց մեծ մասն այդ արվեստը մի կողմ է դրել, որովհետեւ այսօր երգիծանկարչությամբ հնարավոր չէ ապրուստ վաստակել, հացի խնդիր լուծել: Ուրեմն այս մասնագիտությունը, այս արվեստը պետք չէ հանրությանը: Հերիք չի, որ երգիծանկարիչները փող չեն կարողանում աշխատել, դեռ թշնամիներ են վաստակում: Ինձ վրա կրակել են, գիտե՞ք, հենց ծաղրանկարի պատճառով: Քչերն են ընդունում իրենց ծաղրանկարները, օրինակՙ նկարել եմ Վանո Սիրադեղյանին. նա շատ նորմալ է վերաբերվել դրան: Հրանտ Բագրատյանին, սակայն, դուր չի եկել, որ իրեն նկարել եմ:

Հիմա էլեկտրոնային մամուլը հեղեղել է դաշտը, եւ երգիծանկարը դուրս է մղվել ասպարեզից, բայց կգա ժամանակ, երբ մենք կվերադառնանք թերթին, որովհետեւ թերթն արժեք է, մշակույթ է, մինչեւ այն չշոշափես, այդ մշակույթի արժեքը չես զգա: Նույնն է, որ կնոջն առանց տեսնելու, շոշափելու, նրան.... Հասկանում եք, չէ՞, որ հնարավոր չէ:

ԱՐԶՕ - Ամենամյա ցուցահանդես է. տարին մեկ հանդիպում ենք, մեր աշխատանքներն ի մի բերում, այս օրը փորձում տոնի վերածել: Ափսոսում եմ, որ շատ երգիծանկարիչներ անգործ են, ավելի ճիշտՙ ուրիշ գործով են զբաղված: Մտածում եմ, որ եթե նրանք այլ երկրներում ապրեին, գնահատված կլինեին, պահանջարկ կունենային: Երգիծանկարիչներս դրսում շատ կոլեգաներ ունենք, որոնք, եթե անկեղծ լինենք, մեզ նման չեն կարող նկարել, մեր չափ սուր միտք, սուր աչք ու լավ ձեռք չունեն, բայց լավ են ապրում: Ամենամեծ խնդիրը ստեղծագործելու դաշտ, հարթակ չունենալն է: Եթե, օրինակ, ամսագիր, թերթ լիներ, բոլոր երգիծանկարիչները սիրով կաշխատեին, նոր, թարմ գործեր կտպագրեին, բայց ո՞ւր է, միայն ցանկություն ու երազանք է, որ փայփայում ենք:

Երգիծանկարը մեծ համարում է ունեցել նաեւ արեւմտահայ մամուլում ու գրականության մեջ: Գրիգոր Արծրունին, Հակոբ Պարոնյանը եւ նրանց ժամանակակից հրատարակիչներն ու խմբագիրները երգիծանկարի միջոցով անգամ ձեռնոց են նետել միմյանց, վերաբերմունք ու կարծիք արտահայտել, քաղաքական, հասարակական խնդիրներ բարձրացրել: Սարուխանը, Չիք Դամադյանը, Տիրան Աճեմյանը, Մասիսը եւ մյուս վարպետները գլուխգործոցներ են ստեղծել, որոնք միշտ պահում են իրենց արժեքը: Գեներալ Շառլ դը Գոլն ամեն առավոտ բաց էր անում թերթերն ու եթե իր ծաղրանկարը չէր տեսնում այնտեղ, վիրավորված ասում էր. «Ուրեմն ես այդքան վա՞տ եմ աշխատում»:

Նկար 1. Մեր երգիծանկարիչները

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 08-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ