RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #015, 2016-04-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 08-04-2016



ԷՍՍԵ ՀՐԱՇԱԼԻՔԻ ՄԱՍԻՆ

Տեղադրվել է` 2016-04-07 21:28:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2265, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱԼՄԻՐԱ...

Գրիգոր ԳՈՒՐԶԱԴՅԱՆ

Իններորդ սիմֆոնիա, Բեթհովեն...

Սկիզբը` նախորդ համարում եւ վերջ

***

Ես պատկերացնում եմ ճիշտ այսպիսի մուտքՙ երկնասլաց, վեհ ու խիստ հանդիսավոր մի պառլամենտի, որը կներկայացներ պետականությունը բարձրագույն ինտելեկտի հասած բարեկիրթ, ներդաշնակ ու տիեզերական իմաստությամբ տոգորված մարդկային հասարակության...

***

Էլ ավելի հզոր է բուն տաճարի ներսը: Հսկայական բարձրություն, զանգվածային պատերՙ բոլոր կողմերից բարձրաքանդակներով ծածկված. դրանցից մեկըՙ խորանի առաստաղին փորագրված, պատկերում է յոթ մոլորակները (այդ թվում Լուսինը, որը մոլորակ է համարվել)ՙ Կենդանակերպիՙ նշաններով շրջապատված... Ներսումՙ այստեղ-այնտեղ, ճարտարապետորեն մշակված հսկա, պարզապես անըմբռնելի չափերի կրաքարի բեկորներն են թափված: Դրանցից մեկը, բեմի վերեւի քիվից մի բեկորՙ հատակին ընկած, մոտ հինգ մետր երկարությամբ ու մարդաբոյ բարձրությամբ, երեւի երեսուն տոննանոց մոնոլիտ, ամբողջովին ծածկված ե՛ւ ոճական տեսակետից, ե՛ւ թեմատիկայով խիստ հետաքրքրական բարձրաքանդակներովՙ հանդիսավոր երթ, մարդիկ, ուղտեր, խաղողի ողկույզներ, տերեւներ... բարձրաքանդակների դրվագներից մեկըՙ բեկորի ջարդվածքի անմիջապես եզրին պատահականորեն փրկված, պատկերում է երեք արտասվող կանանցՙ իրար հպված, խիստ ոճավորված ու խիստ արտահայտիչ, որը մեր ժամանակներում դարձավ տեւական ներշնչման աղբյուր լիբանանահայ նկարիչ Պոլ Կիրակոսյանի արվեստի... Այդ բեկորը կարող է զարդը կազմել աշխարհի ցանկացած թանգարանի...

***

Այսօր, ներկայումս, այս տաճարի վերականգնումը ողջ սյունաշարային համակարգով չի թվում հնարավոր, բայց ինչ-որ հրաշքով եթե դա իրականանա... այդ դեպքում... այդ դեպքում Բել տաճարը կդառնա աշխարհի ութերորդ հրաշալիքը...

***

Վաթսունական թվականներին Սիրիայի հնագետները մի մեծ հայտնագործություն են անում. հսկա ավազաթմբի տակից լույս աշխարհ է հանվում մինչ այդ բոլորովին անհայտ մի կոթողՙ Նապու տաճարը, Հաղթակամարի անմիջապես կողքինՙ ձախից: Հիմա, երբ այդ հսկա տարածքը ամբողջովին մաքրված է ավազից, ու աչքի առաջ է մինչեւ վերջին բեկորը, տպավորությունը տաճարից ու հատկապես շրջապատի հսկա համալիրից, նույնիսկ ավերակ վիճակում, պարզապես ցնցող է...

Պահպանված ճարտարապետական բեկորները թույլ են տալիս բացարձակապես անսխալ վերականգնել տաճարի սկզբնական տեսքը: Նապուն որդին է Բել աստծո եւ համարվում էր աստվածը մարդկության ճակատագրի: Նրա անունը կրող այս տաճարը ստեղծվել է առաջին-երկրորդ դարերում: Դա, պարզվում է, տիպիկ հունական տաճար էՙ բոլոր կողմերից սյունաշարի մեջ վերցված, մի կարեւոր տարբերությամբ միայն. խոյակները բոլոր քառասուն սյուն-օրդերների իոնական են, երեւի թե միակ բացառությունը Պալմիրայի ողջ տարածքում:

Հունական տաճարների նմանությամբ Նապու տաճարը նույնպես դրված է եղել բարձր պատվանդանի վրաՙ մուտքի կողմից իջնող լայն աստիճաններով: Բայց ի տարբերություն հունական դասական տաճարների եւ ի նմանություն վերեւում հիշված Բել տաճարիՙ այս տաճարը կառուցվել է ոչ թե ուղղանկյուն, ինչպես լինում է սովորաբար, այլ սեղանաձեւ հրապարակի կենտրոնումՙ երեք կողմից շրջապատված բարձր սյունաշարերովՙ մոտ հարյուր բարձրաբերձ սյուն-օրդեր, իսկ գլխավոր մուտքի երկու կողմիցՙ երկու հսկա սյուներՙ խիստ բարձր ու խիստ հաստ... Բարեբախտաբար, պահպանված են բոլոր սյուների ներքեւի կեսերըՙ խարիսխներով հանդերձ, ինչը հեշտացրել եւ հուսալի է դարձրել տաճարի ողջ կոմպլեքսի ռեկոնստրուկցիան: Ավելի քան հինգ հարյուր սյուն-օրդերՙ հրաշալի կրաքարից կերտվածՙ միայն այս տաճարում...

...Այսօրվա Սիրիան չունենար ոչինչ, չունենար Ճիպել Սամաան բազիլիկային հսկա կոմպլեքսը, չունենար Վիա Ռեքքա, չունենար Պալմիրա, բայց ունենար միայն այս երկու կոթողներըՙ Բել տաճարը եւ Նապու տաճարը, աշխարհը կթափվեր այս կիզիչ օազիսի վրա... այս երկու ավերակ-տաճարներից ամեն մեկը կարող էր դառնալ փառքը ու հարստությունը նաեւ յուրաքանչյուր երկրի...

***

Պալմիրան այն տեսքով, ինչ հիմա է, հեռավոր չափով չի եղել նույնիսկ մի հարյուր տարի առաջ... Պալմիրան վերջին հազարամյակում եղել է գրեթե ամբողջովին ավազի տակ:

Սկիզբը կարող է թվալ անսպասելի: Հայազգի հնագետ իշխան Աբամելիք-Լազարեւըՙ Մոսկվայի Լազարյան ճեմարանն ստեղծողների սերնդից, երեւի թե առաջինն է հայտնվում Պալմիրայումՙ 1881 թվականին, ու գալուն պես ավազի տակից դուրս է հանում մի ստելլաՙ հսկա քարե տախտակՙ մոտ հինգ մետր բարձրությամբ ու երկու մետր լայնությամբ, որի վրա երկու լեզվովՙ հունարեն եւ թադմորերեն, փորագրված է եղել պետական տուրքերի գանձման օրենքներըՙ չորս հարուր տող: Այն ժամանակվա օսմանյան իշխանությունների հատուկ թույլտվությամբ այդ ստելլան փոխադրվում է Ռուսաստանՙ Ս. Պետերբուրգ, ու դրվում Էրմիտաժում, որտեղ եւ գտնվում է մինչ օրս:

Հետագա իրադարձությունները զարգանում են բավական արագ: Սիրիական հնագետների ջանքերով 1930 թվականին վերակառուցվում է Հաղթանակի կամարը, կանգնեցվում են Վիա Ռեքքայի մոտ հիսուն սյուները: Քիչ անցՙ 1939 թվականին, ավազների տակից լույս աշխարհ է հանվում Ֆորում-Ագորան, որտեղ անցկացվում էին, հունական Ֆորումի օրինակով, համաժողովրդական քննարկումներ, ժողովներ, լուծվում պատերազմի եւ խաղաղությանն առնչվող խնդիրներ: Մնացած օրերին Ֆորումը ծառայել է որպես շուկա: Այստեղ է, որ հայտնաբերվեց մոտ 200 արձանագրությունՙ քաղաքի կյանքին ու պետությանն առնչվող արժեքավոր տեղեկություններով:

Պատմաբանները Պալմիրայի պատմության վերծանման խոշորագույն իրադարձություններից մեկն են համարում Ամֆիթատրոնի լույս աշխարհ հանելը ավազի հաստ շերտի, իրականում ավազաբլրի տակից. դա տեղի ունեցավ 1952 թվականին: Ամֆիթատրոնըՙ հիանալի պահպանված, կիսաշրջանի տեսք ունիՙ հարկ առ հարկ բարձրացող ողորկ, հարմարավետ նստարաններով, ընդարձակ, խիստ հանդիսավոր բեմով ու կիսաշրջան հրապարակով: Այստեղ բեմադրել են պիեսներ, թատերական ներկայացումներ, անցկացվել սպորտային միջոցառումներ: Ու նաեւ պատժել հանցագործներին... Ամբողջովին հունական կյանք...

Բել եւ Նապու տաճարների մասին խոսվեց վերեւում: Գրեթե նույն ժամանակ ավազների տակից դուրս է բերվում Ֆորումի այսպես կոչված Հյուսիսային մուտքըՙ դարձյալ երկու կողմից սյունապատ, շքեղ: Հայտնաբերվում են հռոմեական թերմերի տիպի բաղնիքներ, նաեւ դրանց կից սյունազարդ ճոխ սրահներ մարմնամարզությունների, ժողովների եւ խնջույքների համար: Լիաբուխ հռոմեական կյանք...

Վաթսուն-յոթանասնական թվականներին պեղումների ընդարձակ ծրագիր է իրականացնում լեհ հնագետների խումբըՙ Կազմիր Միխալովսկու գլխավորությամբ: Ավազի տակից լույս աշխարհ է հանվում եւս մի տաճարՙ մինչ այդ անհայտՙ Ալլաթ տաճարը, հար եւ նման հունական դասական սյունաշար տաճարներինՙ հունական օրդերներով եւ կորնթական խոյակներով: Այդ տաճարի դռան վերեւում հայտնաբերվում է արձանագրություն, որից հետեւում է, որ տաճարը կառուցվել է առաջին-երկրորդ դարերում: Ալլաթը համարվել է մայրության եւ պատերազմի աստվածուհիՙ հույների Աթենաս եւ Միներվա աստվածուհիների օրինակով:

Գրեթե միաժամանակ հայտնաբերվում է, քաղաքի հյուսիսային մասում, եւս մի հետաքրքրական կոթողՙ Բաալշամին տաճարըՙ երկրորդ դարում ստեղծված, նույնպես հունական ոճով, ոչ բարձր պատվանդանի վրա դրված: Բաալշամինը եղել է երկնքի, անձրեւի ու պտղաբերության աստվածը: Ինքըՙ տաճարը, մեծ չէ, բայց ճարտարապետական տեսակետից, դատելով պահպանված բեկորներից, շատ է հարուստ ու բազմազան. բուն տաճարի շրջապատըՙ սյունաշարեր, սյունաշարեր բոլոր կողմերից, մեկը մյուսից շքեղ, գեղեցիկ...

...Բնավ հարկ չկա հնագետ կամ պատմաբան լինելՙ հասկանալու համար, թե ինչքան-ինչքան բան կա դեռեւս թաղված Պալմիրայի ավազների տակ, ինչքան-ինչքան գաղտնիքներՙ այս առասպելական քաղաք-պետության հանելուկային կյանքն ու գործը վերծանման սպասող...

***

Պալմիրան անսամբլային շեդեւր է, խոշորագույն ճարտարապետական անսամբլը աշխարհում... Հավանորեն դա սահմանն է անսամբլային կատարելության, որից այն կողմ գնալը թվում է արդեն անհնարին... Այդպիսի կատարելություն լինում է պոլիֆոնիկ մոնումենտալ երաժշտական գործերում... Շատ դժվար է, գրեթե անհնարին, մի հայացքով ընդգրկել այդ հրաշք-անսամբլը... Դա զգալու համար երաժշտական լսողություն պիտի ունենալ երեւի...

***

Ինչքա՜ն-ինչքան անգամներ է կինը, գեղեցիկ կինը դարձել պատճառ պատմության խոշորագույն իրադարձությունների ու շրջադարձերի նաեւ...

Սեփթիմոս Սեւերոսըՙ կորովի, հանդուգն ու անչափ եռանդուն այս հռոմեացին, կարճ ժամանակում հաջորդաբար անցնելով քվետորի, ժողովրդական տրիբունի, կոնսուլի եւ ծերակուտականի վիճակները, մի գեղեցիկ օր հռչակվում է, լեգեոներների կողմից, կայսր համայն Հռոմեական կայսրության: Հեռատես, շրջահայաց դիվանագետ էր նաեւ, եւ նրա այս հատկությունից շահեցին շատերը, այդ թվում մենքՙ հայերս, երբ նա Հայաստանին սիրաշահելու եւ հայ-պարթեւական դաշինքը խափանելու նպատակով ոչ միայն այն ժամանակվա մեր մայրաքաղաքիցՙ Վաղարշապատից, հանում է, դա 178 թվականինէր, ավելի քան երեսուն տարի այնտեղ գտնվող հռոմեական կայազորը, այլեւ թույլատրում է մեծացնել հայկական զորքի քանակըՙ այն էլ Հռոմի ամենամյա դրամական աջակցությամբ: Ահա այս Սեփթիմոսը, որպես կայսր, հանգամանքների բերումով հայտնվում է Պալմիրայում: Նա իրեն հատուկ ճկունությամբ ու բավական արագ լուծում է բոլոր վիճելի հարցերը, ընդառաջում թադմորցիների այլեւայլ պահանջներին ու այդ կերպ նվաճում ժողովրդի համակրանքը:

Անգամներից մեկում նա, շրջապատված համհարզներով, ձիու վրա փողոցով անցնելիս դեմ է առնում կրոնական ինչ-որ արարողության, ու այդ պահին բազմության մեջ նրա հայացքն ընկնում է արտակարգ գեղեցկությամբ բոլորից զատվող մի երիտասարդ կնոջ. դա լինում է Ժուլիանՙ Հոմսի գլխավոր քուրմի դուստրը:

Անցնում են օրեր, Սեփթիմոսը կորցնում է հանգիստը. նա խենթի պես սիրահարվում է այս կապտաչյա գանգրահեր գեղեցկուհուն ու շատ չանցածՙ մեծ շուքով, արքայավայել հանդիսավորությամբ ամուսնանում է հետը: Ահա այդ ամուսնությունն էլ, ով կսպասեր, Թադմորին հասցնում է իր վերելքի ու փառքի գագաթնակետին: Սեփթիմոս կայսրի հրովարտակով Թադմորը լրիվ ազատվում է Հռոմին հարկեր վճարելու հարկադրանքից, Թադմորին շնորհվումէ «Ազատ քաղաք» տիտղոսը, եւ ամենաանհավատալին ու ամենաառասպելականըՙ Թադմորը հավասարեցվում է Հռոմին... Ի լուր համայն աշխարհի...

Հռոմեական կայսրության ողջ պատմության ընթացքում ոչ մի քաղաք ոչ մի երկրում չի հասել այդպիսի փառքի...

Միայն սա՞... Սեթիմոսը պատրաստ է բավարարելու իր գեղեցկուհու բոլոր ցանկությունները... Ժուլիան պչրուհի չէր, խելացի կին էր, իր երկրի դուստր էրՙ հպարտ, հոգին լեցուն, եւ ուներ մի մեծ ցանկություն. ավարտված տեսնել Վիա Ռեքքան... Ու նոր կյանք է սկսում ապրել Պալմիրան, աննախադեպ վերելք բարեկեցության, տնտեսության... Աներեւակայելի խրախճանք է ապրում կառուցողական գործը, իրար հետեւից բարձրանում են շքեղ, բազմածախս մենատներ, շողշողուն պալատներ, սալարկված փողոցներ, կոկիկ հրապարակներ, սյունաշարեր, կամարներ ամենուրեք... Նաեւ աշտարակատիպ հսկա դամբարաններՙ քաղաքից դուրս...

Ու ավարտին է հասցվում ամենա-ամենա նշանավոր գործըՙ ի փառս գալիք դարերիՙ Վիա Ռեքքան, այդ գիգանտ պողոտանՙ ծայրեծայր սալարկած, երկու կողմից երկինք հառնված սյունաշարով, քանդակազարդ եռամուտք կամարով... Պալմիրան դառնում է ողջ Հռոմեական կայսրության ամենահարուստ, ամենագեղեցիկ, ամենաշքեղ քաղաքըՙ զիջելով, թերեւս, միայն Հռոմին...

...Սեփթիմոսը ունենում է Ժուլիայից մի արու զավակ, անունըՙ Կարաքալլա, որը հետո կդառնա Հռոմի կայսրերից մեկը. նրա անվան հետ կկապվի նաեւ ճարտարապետական խոշորագույն կոթողներից մեկիՙ վիթխարի չափերի հասարակական բաղնիքի ստեղծումը, որը հենց այդ անունով էլՙ «Կարաքալլայի թերմեր», կմտնի պատմության մեջ... Իրականությունն այն է, որ ինչպես պարզել են պատմաբանները, Հռոմի կենտրոնում այդ հսկա թերմի ստեղծման բուն գաղափարն էլ է գալիս Սեփթիմոս Սեւերոսից...

Ահա ի՛նչ կարող է անել կինը, եթե նա գեղեցիկ է ու խելացի նաեւ...

***

Կա եւս մի հանգամանք, որը դարձնում է Պալմիրայի ֆենոմենը բացառիկ իրադարձություն ճարտարապետության պատմության մեջ:

Արդեն խոսվեց այն մասին, որ Պալմիրան ներկայացնում է իրենից տեսակ-տեսակ տաճարների, պալատների, սյունաշարերի, կոթողների, այլեւայլ կառույցների մի վիթխարի անսամբլ: Վիճակն արտառոց է նրանով, որ այդ տաճարներից, պալատներից ու կառույցներից յուրաքանչյուրն իր հերթին մի-մի ինքնուրույն անսամբլ է եւ որպես այդպիսին մտնում է մի ավելի մեծ ու համապարփակ անսամբլի մեջ, որը կոչվում է Պալմիրա:

Բոլորովին ինքնուրույն անսամբլ է, օրինակ, Բել տաճարը. ինքըՙ սյունաշարային տաճարՙ հսկա հրապարակի կենտրոնում, իսկ հրապարակնՙ իր հերթինՙ բոլոր կողմերից շրջափակված սյուների խիստ տպավորիչ շարքով: Այդ անսամբլն իր հերթին դրսից միացված է Վիա Ռեքքայի կամարակապ մուտքի հետ լայն փողոցովՙ երկու կողմից բարձրացող սյունաշարի արանքում: Հիմա էլ կարելի է տեսնել կորնթական օրդերներով այդ հոյակապ սյունաշարի պահպանված հետքերը:

Է՛լ ավելի ձեւավորված, պարզապես հզոր անսամբլ է Նապու մեհյանը. ինքըՙ տիպիկ հելլենական տաճարՙ դրված սեղանաձեւ հրապարակի կենտրոնում, իսկ հրապարակն իր հերթինՙ բոլոր կողմերից մեկուսացված շրջակա տարածությունից իոնական սյունաշարերով:

Նույն անսամբլային բնույթն ունեն մնացած բոլոր տաճարներիցՙ Բաալշամինը, Ալլաթը, 1965 թվականին հայտնաբերված Բելհամմոնը, Ագորա-Ֆորումըՙ բոլորն էլ սյունապատ եւ սյունաշար հրապարակների կենտրոնում տեղակայված:

Ի՞նչն է հատկանշական այդ առանձին-առանձին անսամբլներին: Այն, որ դրանից յուրաքանչյուրի հիմնական տարածք-հրապարակը անջատվում է շրջապատից ոչ թե խուլ պատերով, այլ սյունաշարային գոտիներովՙ բոլոր կողմերից, եւ շնորհիվ խուլ պատերի բացակայությանՙ անսամբլներից յուրաքանչյուրն իր կենտրոնական տաճարով դառնում է տեսանելի, դառնում մի տեսակ թափանցիկ, մատչելի դրսից դիտողի համար: Արդյունքում տաճար-անսամբլը, պահպանելով իր ինքնուրույնությունը, միաժամանակ ձուլվում է հեշտությամբ շրջապատի հետ, ողջ անսամբլի հետ...

Այսպես, ուրեմն, Պալմիրան ներկայացնում է իրենից մի վիթխարի անսամբլՙ առանձին-առանձին անսամբլներից բաղկացած...

Անսամբլային անսա՞մբլ... Երեւի...

Սա պալմիրյան հայտնագործություն է, պալմիրյան ֆենոմեն...

Այսօրվա աշխարհում ճարտարապետական անսամբլ-գլուխգործոցներ շատ կան, բայց անսամբլային անսա՞մբլ... Երեւի թե դժվարությամբ գտնվի: Մի այդպիսի օրինակ, տպավորիչ օրինակ այնուամենայնիվ կա. խոսքը Հռոմի Սուրբ Պետրոսի մասին է. այս տաճարը, այո՛, մի ինքնուրույն անսամբլ է, հսկա անսամբլ, բայց որն իր հերթին առջեւում փռված էլիպսաձեւ հրապարակի հետՙ Բելլինիի հոյակապ սյունաշարային անտառի մեջ երիզված, իրոք կազմում է անսամբլային անսամբլ...

Անսամբլային անսամբլ է հավանորեն Ֆորո կոչված հետաքրքիր համալիրըՙ Նեապոլի մոխիրների տակից դուրս բերված, տասից ավելի տաճարներից, բազիլիկներից եւ նմանատիպ կառույցներից բաղկացած մի հսկա կոմպլեքս, բոլորն էլ սյունազարդ, իոնական օրդերներով, հելլենական դասական ոճով հղացված:

...Իրենց բնույթով ինքնուրույն անսամբլներնեն Պալմիրա-անսամբլի մեջ մտնող մնացած կառույցները նաեւՙ Ծերակուտական պալատը, Ամֆիթատրոնն իր շրջապատով, Թիոքլիսիանի զորանոցը, Զենոբիա թագուհու բաղնիքները, անգամ Պալմիրան շրջափակող վեցկիլոմետրանոց հսկա պարիսպըՙ քարակոփ աշտարակներով, նույնպես Զենոբիայի ժամանակ բարձրացված...

***

Զենոբիա... Կայսրուհին Պալմիրայի... Երկվորյակը լիներ կարծես լեգենդար եգիպտուհուՙ Հաթշեփսուտի, որն իրենիցՙ Զենոբիայից երկու հազար տարի առաջ ստեղծեց Եգիպտոսի փառքն ու հավերժությունը... Երկվորյակը ամեն ինչում... Իր արքա ամուսնուՙ Ուզայնա իշխանի եւ իր եղբորՙ արքայազնի դավադիր սպանությունից հետո, դա տեղի ունեցավ 267 թվականին, գահ է բարձրանում ինքըՙ Զենոբիան: Պատմիչները գույներ չեն խնայում ներկայացնելու համար այս գեղեցկուհուն. սքանչելի մաշկ, արեւելյան խոշոր աչքեր, մարգարտաշար ատամներ, ժպիտըՙ զգլխիչ, հայացքըՙ դյութիչ... Եղել է խիստ զարգացած, կարդացած կին, տիրապետել է եգիպտերենին, հունարենին, մեծ սեր է ունեցել պատմության հանդեպ, փիլիսոփաները, մտքի մարդիկ եղել են նրա մշտական զրուցակիցները: Առասպելական եղան նրա արարքները նաեւ որպես արքա ու զորավար: Նա Հաթշեփսուտի նման զորքի առաջ էր դուրս գալիս ձիու վրա բազմած, սուրը ձեռքին, ռազմական լրիվ հանդերձանքով: Մոլեռանդ որսորդ էր, օրական մի քանի մղոն էր անցնում ոտքով, դիմացկուն էր անչափ, հիանալի էր տանում կիզիչ անապատով օրեր, շաբաթներ տեւող երթերը, զինվորները, հեռվից տեսնելով նրան ձիու վրա, ժպիտը դեմքին, թեթեւ վարգով անցնելիս, մոռանում էին ամեն ինչՙ շոգը, հոգնությունը, զրկանքները տեսակ-տեսակ, ու պատրաստ էին ամեն զոհողության գնալու...

Բայց կին էր վերջապես ու սիրել է նաեւ շքեղ պալատական կյանքը, արդուզարդը, պերճությունը, ճոխ, աղմկալից խնջույքները, գինարբուքները: Միեւնույն ժամանակ եղել է զուսպ,համեստ, կենցաղում ժուժկալ, օժտված է եղել ինքնատիրապետման, իր վարքն ու բարքը խիստ շրջանակների մեջ պահելու կարողությամբ: Եվ այս ամբողջ ընթացքում նա իր կյանքը չկապեց ոչ մեկի հետՙ տանջելով եւ հուսահատության հասցնելով իր անհամար երկրպագուներին: Ճիշտ եւ ճիշտ Հաթշեփսուտի նման...

Զենոբիան իր կարեւորագույն անելիքն է համարում հզոր բանակ ստեղծելը: Բազմազգ, խայտաբղետ է եղել նրա բանակը: Կա վկայություն, որ նրա բանակում եղել են նաեւ հայազգի զինվորներ ու զորավարներ: Իր առաջ խնդիր է դնում խիստ չափով ընդարձակել տերության սահմանները: Դա նրան հաջողվում է: Ու ճիշտ այնպես, ինչպես Հաթշեփսոտն է հասցնում եգիպտական տիրապետության սահմանները մինչեւ Սոմալիՙ մի կողմից, եւ մինչեւ Պարսից ծոցՙ մյուսՙ գրավելով ողջ Միջագետքը, Զենոբիան հասցնումէ Թադմոր-Պալմիրայի սահմանները անօրինակ չափերիՙ գրավելով իրար հետեւից ողջ Եգիպտոսը, Սիրիան, Անատոլիան, իսկ հյուսիսիցՙ մինչեւ Բոսֆորի նեղուցը, մինչեւ Սեւ ծովՙ դրանով իսկ փակելով Հոռմեական կայսրության համար այնքա՛ն կենսական կարեւորություն ունեցող շուկաների ճանապարհները:

Այս հաջողությունները ինչ-որ տեղ շփացնում են կայսրուհուն, եւ նա, գլխապտույտ մոլուցքի մեջ, ի նշանավորումն տարած հաղթանակների, կարգադրում է ոսկեդրամներ հատել իր նկարով եւ «Օգոստոս» տիտղոսով: Այս վերջին հանգամանքը սպառում է Հռոմի համբերությունը, եւ 272 թվականի սկզբներին հռոմեական բանակը Օռլեան կայսրի գլխավորությամբ առաջին իսկ խոշոր ճակատամարտում պարտության է մատնում Զենոբիայի բանակին: Քիչ անց Հոմսի մոտ տեղի է ունենում երկրորդ ճակատամարտը եւ երկրորդ ծանր պարտությունը, որից եհտո Զենոբիան իր զորքով քաշվում է Թադմորի պարիսպների մեջ: Զենոբիան անձամբ է գլխավորում ինքնապաշտպանությունըՙ ամեն կերպ փորձելով ամրացնել պարիսպներըՙ դասավորելով նետաձիգներին առավել կարեւոր կետերում: Հռոմեական լեգեոնները վերցնում են Թադմորը ամուր օղակի մեջՙ կասեցնելով ամեն հնարավոր օգնություն պաշարվածներին դրսից: Բայց Զենոբիան շարունակում է դիմադրել... Օռլեանը գլուխը կորցնելու վրա է. «Օհ, եթե Հռոմը միայն իմանա, թե ի՛նչ կնոջ դեմ եմ ես կռվում...»:

Բայց բերդի ներսում սպառվում էին պաշարները... Յոթ օրվա դիմադրությունից հետո թագուհին որոշում է ճեղքել պաշարման օղակը, դուրս նետվել պարսպից ու մի կերպ հասնել հարեւան Սասանյան արքայի նստավայրըՙ ռազմական օգնություն ստանալու հույսով... Բերդից դուրս նետվելը նրան հաջողվում է, ու մի փոքրիկ ուղտի վրա, թիկնապահների հետ միասին կարողանում է հասնել մինչեւ Եփրատ: Բայց Եփրատ անցնելու պահին բռնվում է մի հռոմեացի զինվորի կողմից ու բերվում Օռլեանի բանակատեղը: Ու վերջ. կորցնելով իրենց թագուհունՙ բերդում փակվածներին չի մնում այլ բան, քան հանձնվել...

Օռլեանը տրիումֆի մեջ է, վերցնելով Թադմորից մեծ ավար, նաեւ թագուհունՙ Զենոբիային, բռնում է Հռոմի ճանապարհը: Դա 274 թվականին էր, Օռլեանը մեծ շուքով մտնում է Հռոմ, չտեսնված խանդավառություն. սենատորները, բանակը, փղերը, վայրի գազանները ու գերիները նաեւ անցնում են փողոցներն ու հրապարակները բռնած, խելքները կորցրած ամբոխի առջեւով: Անցկացնում են նաեւ Զենոբիայինՙ ոսկե շղթաներով կապված, հոյակապ անվակառքի վրա բազմած... Հռոմը տեսավ վերջապես լեգենդար Պալմիրայի լեգենդար թագուհուն, այն էլ ի՛նչ տեսքովՙ շղթայակապ, անվակառքի վրա...

Արտակարգ շքեղ, պարզապես շլացուցիչ այդ անվակառքը պատրաստել էր տվել ինքըՙ Օռլեան կայսրըՙ Զենոբիայի խնդրանքով...

...Նրա հմայքը զգլխիչ էր, եւ Հռոմի սենատորներից մեկը, չդիմանալով այս խենթացնող գեղեցկուհու թովչանքին, ամուսնանում է հետը ու տանում հեռուՙ լեռներում ծվարած իր դղյակը...

Այսպես է Պալմիրայի թագուհին վերջացնում իր կյանքըՙ իր երկրից շատ հեռու, որպես հռոմեացի իշխանուհի...

Զենոբիայի թագավորության շրջանը երկար չտեւեցՙ ընդամենը հինգ տարի: Բայց ինչքա՛ն բան հասցրեց անել նա այս կարճ ժամանակամիջոցում: Նրա կյանքն ու գործը դարձավ առասպել, նրա անունը մեկընդմիշտ մտավ Արեւելքի ու Արեւմուտքի մշակութային պատմության մեջՙ որպես բացառիկ իրադարձություն... Զենոբիան ամուր մնաց իր ժողովրդի հիշողության մեջ, շատ հետո նրա անունով կստեղծվի մի ամբողջ քաղաքՙ Զենոբիա, այնտեղՙ Եփրատի վրա, Դեր Զորի եւ Սուրայի մեջտեղը, այնտեղ, որտեղ նրան գերեց հռոմեացի զինվորը...

Ամե՞ն ժողովուրդ է ունեցել Զենոբիա...

***

Հաթշեփսուտ, Կլեոպատրա, Զենոբիա... Առաջինը եւ վերջինը ստեղծեցին ու իրենցից հետո թողեցին արժեքներ, մնայուն, համամարդկային արժեքներ, երկրորդըՙ ո՛չ, այս գեղեցկուհին թողեց միայն մի բանՙ կուրացուցիչ փայլը իր խելացնոր արկածախնդրությունների... Դա՛ էլ պիտի կարողանալ երեւի... Պարադոքսն այն է, որ արժեքներ ստեղծողները շուտ են անցնում մոռացության գիրկը, չեն հիշվում գրեթե, մինչդեռ ոչինչ չստեղծողը շարունակում է խելքահան անել արդեն երկու հազար տարի անընդմեջ այս հողագնդի առնվազն կեսին...

***

Ո՞վ է եղել գլխավոր ճարտարապետը Պալմիրայի, ո՞ւմ է պատկանում այդ հանճարեղ մտահղացումըՙ Վիա Ռեքքայի սյունաշար պողոտան: Ովքե՞ր են ստեղծողները այդ ցնորամիտ տաճարների, թիվ ու համար չունեցող կոթողների, անսամբլների, մեմորիալների, տեսակ-տեսակ կառույցների... Հայտնի չէ. պատմության դաժան օրինաչափությամբ չեն պահպանվել նրանց անունները...

Վիա Ռեքքա... Աշխարհի ամենախոշոր, ամենաապշեցուցիչ սյունաշարը, հսկա սյունաշարը... Մոտ մեկուկես կիլոմետր երկարությամբ... Բել տաճարը եռակամար հանդիսավոր մուտքի հետ միացնող սյունաշարի հետ միասինՙ մոտ երկու կիլոմետր... Հազարավոր սյուներ, ո՞վ է հաշվել դրանց թիվը... Ամուր կրաքարից, դեղնասպիտակավուն, մանրահատիկ... Յուրաքանչյուր սյունըՙ մոտ տասնութ մետր բարձրությամբ, պատվանդանն ու խոյակը միասինՙ մոտ քսան մետր... Բոլոր սյուները գրեթե առանց բացառությանՙ միաոճ, միատեսակՙ հունական դասական օրդերՙ կորնթական խոյակներով... Մարդաբոյ խոյակներ փարթամ փունջ տերեւների, պատկառազդու, մոնումենտալ...

Պալմիրայի գլխավոր ճարտարապետը... Ո՞վ է նա, չգիտենք, անունը չի պահպանվել, բայց պարզ է մի բան. նա լավատեղյակ է եղել, հրաշալիորեն է իմացել աշխարհի ունեցածը, բոլոր ճարտարապետական ուղղություններըՙ եգիպտական, բաբելոնական, ասորական, պարսկական, բայց նրա տարերքը եղել է դասական հունական ճարտարապետությունը: Պալմիրան անտիկ Հունաստանն է, բայց ավելի վեհ, ավելի մոնումենտալ: Թեպետ այնտեղՙ Հունաստանում, չկա, չի կարելի գտնել հեռավոր չափով Պալմիրա հիշեցնող համալիր կամ դրան մոտիկ մի բան... Ամեն քայլափոխի Պալմիրայում հելլենական էպոխայի շունչն է, հելլենական ոգին... Հելլենական ոգինՙ տոգորված եգիպտական մոնումենտալությամբ... Ի՜նչ երեւակայություն, ի՜նչ ներաշխարհ պիտի ունենալ այս ամենին հասնել կարողանալու, իրականություն դարձնելու համար...

Մի հայացք նետելով Պալմիրայի ողջ համալիրինՙ անխուսափելի է դառնում այն տպավորությունը, որ այդ ամենը կարծես թե ստեղծվել է մի շնչով, շատ կարճ ժամանակամիջոցում. ստեղծվել է մի մարդու օրոք: Բայց դա հնարավոր չէ նույնիսկ շինարարական աշխատանքների խիստ լարված ու խիստ բարձր տեմպի պայմաններում: Իրականում այդ «կարճը» պիտի լինի երեւի հիսուն տարուց, հարյուր տարուց ոչ պակաս, միայն կրաքարի այդ հսկա բլոկների հատումը, տեղափոխելը, նախնական մշակումը հսկայական աշխատանք է, է՛լ ավելի տեւական գործ պիտի լինի այդ բլոկները սյուն ու խոյակ դարձնելը եւ դրանցով տաճար ու սյունաշար հավաքելը...

Կա մի հանգամանք եւս ուշադրություն գրավող. Պալմիրայի ողջ տարածքում փռված տաճարների, սյունաշարերի եւ մնացած բոլոր կառույցների, բացառությամբ երեւի Նապու տաճարի, սյուն-օրդերները միաոճ ենՙ կորնթական, եւ այս հանգամանքը պիտի որ դիտվի որպես համոզիչ ապացույց այն բանի, որ Պալմիրան իրոք եղել է մի մարդու, մի միասնական գաղափարի արգասիք...

Պարզ է ուրեմն. գլխավոր ճարտարապետի սկսած գործը պիտի որ ունենար շարունակողներ: Պատմության խոշորագույն բարեբախտությունը պիտի համարել այն, որ հետո եկած ճարտարապետները խնամքով պահել-պահպանել են սկզբնական մտահղացումըՙ դույզն-իսկ չշեղվելով գլխավոր ճարտարապետի նշած գաղափարից... Եվ հիմա, երբ փորձում ենք մի հայացքով ընդգրկել աչքի առաջ փռված ավերակների այդ հսկա համայնապատկերըՙ միասնական իր ոճով եւ իր գաղափարով, այն տպավորությունն է ստեղծվում, որ այդ ճարտարապետական հրաշքը սկսվել է ու ավարտվել մի մարդու օրոք...

***

Առաջին տպավորությունը Պալմիրայից ցնցող է... Մարդ ակամա քարանում էիր հայացքի դեմ փռված տեսարանի առջեւ... Դեպի անսահմանություն գնացող այդ ֆանտաստիկ, կախարդող սյունաշարի առջեւ... Մի պահ թվում է, թե ինքը հայտնվել է մի այլ մոլորակի վրա... Հետո հանդարտ, անշտապ քայլեր դեպի Հաղթակամարը, որը հեռվից դեռ չի թվում այնքան մեծ, այնքան վեհ, բայց երբ մարդ մոտենում է, վեր բարձրացնում հայացքը ու տեսնում կամարները երկնքի կապույտի տակ... միտքը դադարում է գործելուց...

«Մոնումենտալ» բառը պետք է որ ստեղծվեր բնութագրելու համար, թե ինչ է Պալմիրան...

Կարո՞ղ է ճարտարապետական շեդեւրն ընկալվել առանց երաժշտության... Ո՛չ, չի կարող... Ճարտարապետական շեդեւրը կազմակերպված ռիթմ է, կատարելություն հարմոնիայի, իսկ ռիթմը, հարմոնիան երաժշտություն է... Երաժշտությունը ընկալվում է լսողությամբ, ճարտարապետությունըՙ տեսողությամբ: Ճարտարապետությունը տեսողությամբ ընկալվող երաժշտություն է, քարացած երաժշտություն... Այն տարբերությամբ միայն, որ ճարտարապետություն-երաժշտությունը կարող է հնչել, եթե այն շեդեւր է, դարեր, հազարամյակներ անընդմեջ...

...Վիա Ռեքքա, քայլերսՙ դանդաղ, անշտապ... Երկնահառ սյունաշարՙ կապուտակ երկնքին դրոշմված... Սյունաշար-սիմֆոնիա է սա, դղրդալից, ահեղաձայն սիմֆոնիա, իրար են բախվում ակորդներըՙ վեհ, հանդիսավոր... Դա՛ է, Իններորդ սիմֆոնիան, Բեթհովեն... Բեռլինյան սիմֆոնիկ նվագախումբը, Հերբերտ ֆոն Կարայան, կիսախուփ աչքերըՙ վեր, անհունությանն ուղված, ու զույգ ձեռքերի հուժկու թափահարում, ինքն էլ վերացած ժամանակի ու տարածության մեջ...

Բեթհովենի ֆանտազիան ստեղծեց Պալմիրան, նրա հայացքին երեւաց այդ լեգենդար օազիսը ինչպես տիզերական միրաժ, անդրերկրային տեսիլք, ու ծնվեց այդ ահեղաձայն որոտանքըՙ Իններորդ սիմֆոնիան... Պալմիրան ավարտուն սիմֆոնիա էրՙ դարերի խորքից եկած, քարերի լեզվով գրված... Բեթհովենը նույն այդ սիմֆոնիանթարգմանեց, վերծանեց երաժշտական հնչյուններովՙ ավելացնելով անուն միայնՙ Իններորդ սիմֆոնիա... Տեսներ Բեթհովենը Պալմիրան իր աչքերով, նա այդպես էլ կանվաներՙ «Սիմֆոնիա Պալմիրա...»:

...Չլիներ Պալմիրան, այս Երկիր կոչված հողագնդից ու Տիեզերքից նաեւ ինչ-որ բան կպակասեր իհարկե...

Մայիս, 2000, Գառնի

Տպագրվում է որոշ կրճատումներով

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 08-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ