ԱՐԺԱՆԻՆ ՄԱՏՈՒՑԵԼՈՎ ՆԿԱՐԻՉ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ Պատրաստեցՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ Կուբիզմի եւ իմպրեսիոնիզմի ներկայացուցիչ Սիմոն Սամսոնյանը (1915-2003) ավելի քան վեց տասնամյակ նկարել է նախ Եգիպտոսում, ապա Միացյալ Նահանգներում, ստեղծելով ինքնատիպ կտավներ, որոնք իր համեստ բնավորության հետեւանքով պատշաճ ուշադրության չեն արժանացել: Այժմ, ինչպես տեղեկանում ենք «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում տպագրված Արամ Արքունի հոդվածից, նրա ժառանգները եւ հատկապես դուստրըՙ Հիլդա Սեմերճյանն ու Հիլդայի որդինՙ Ալանը փորձում են արժանին մատուցել իր թողած ժառանգությանը եւ իրենց հոր եւ պապի անունը դասել միջազգայնորեն ճանաչված նշանավոր նկարիչների շարքում: Սամսոնյանը ծնվել է Սամսունում: Մեծ եղեռնի օրերին կորցրել է հարազատներին, եւ փոքր տարիքից հարկադրված ապրել նախ Թուրքիայի (Իզմիրի), ապա Հունաստանի որբանոցներում: 1927-ին փոխադրվել է Եգիպտոս, որտեղ սովորել է Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանում: 1935-ին գերազանցի մրցանակով ավարտել է տեղի «Լեոնարդո դա Վինչի» գեղանկարչության իտալական վարժարանը: 1935-67 տարիներին մշտապես մասնակցել է «Կահիրեի սալոն» արվեստից միության ամենամյա ցուցահանդեսներին: 1961-ին այնտեղ տվել է իր անհատական ցուցահանդեսը, որի բացումը կատարել է անձամբ Եգիպտոսի այդ ժամանակվա մշակույթի նախարարը: Հետագայում նախագահ դարձած Անուար էլ-Սադատը ձեռք է բերել նրա կտավներից մեկը եւ գովասանական նամակ հղել նրան: Եգիպտական արդի արվեստի թանգարանում են գտնվում նրա գործերից մի քանիսը: Ստեղծագործել է կոսմոպոլիտական շրջապատում: Եգիպտոսում նրա ժամանակակիցներն են եղել Բյուզանդ Կոճամանյանը, Աշոտ Զորյանը եւ Հակոբ Հակոբյանը: Վերջինս, տարիներ անց Երեւանում Ալանին հյուրընկալելիս ասել է. «Գիտես, պապդ մեծ նկարիչ է, որին հարգում էինք եւ հիանում նրա գործերով»: Ինքը, Սամսոնյանը կրել է իր ժամանակակից ինչպես հայ, այնպես էլ օտար արվեստագետների ազդեցությունը: Արաբ նկարիչների թվում պետք է նշել մասնավորապես Մահմուդ Սաիդին, Ահմեդ Մորսիին եւ Էֆատ Նագիին: Սամսոնյանը բավականին ուշ է գտել Ալեքսանդրիայում իր հարազատ քրոջը եւ նրանից իմացել իր իսկական ազգանունըՙ Գլըճյան: Նկարչություն է դասավանդել Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանում եւ 1950-ական թվականներին շրջագայել Եվրոպայում, այցելել արվեստի մեծագույն թանգարանները: «Սամսոնյանի եզակիությունը նրանում է, որ կարողացել է միաձուլել 20-րդ դարի կեսերի էսթետիկական մոտեցումները եւ նոր պատմողական աբստրակցիա ստեղծել, որը ոչ մի այլ հայ նկարիչ, բացի Արշիլ Գորկուց, չի կատարել», նշել է Արամ Արքունի հետ զրուցելիս Ալան Սեմերճյանը, ով ավելացրել է, որ Նյու Յորք տեղափոխվելը մեծապես նպաստել է նրա կուբիստական ոճի հանդեպ ունեցած հակումների խորացմանը: «Նյու Յորքի երկնային ուրվագիծն իր առօրյա եռուզեռի եւ մտերմիկ հանդիպումների պարադոքսային զուգակցությամբ իսկական դրախտ էր նրա համար եւ ներշնչման աղբյուր: «Մետրոյում» կտավը առաջին մեծածավալ աշխատանքն էր, որ նա ստեղծեց այնտեղ», նշել է Ալանը: Ցեղասպանության ազդեցությունը Սամսոնյանի կտավներում նկատելի է ծնողական, ընտանեկան, պաշտպանվածության, հուսալքության եւ կարեկցանքի թեմաների առկայությամբ: Ալանը Երեւան է այցելել 6 տարի առաջ եւ ծանոթացել ազգային պատկերասրահում իր պապի 26 կտավների հետ: «Նրա «Մայրական գուրգուրանք», «Մանուկը գրելիս», «Կար անող կինը», «Երեխաներ», «Թախիծ», «Ծովափին», «Եգիպտուհին», «Երիտասարդը», «Նատյուրմորտ» եւ այլ կտավներ ցուցադրվել են Կահիրեում, Բեյրութում, Աթենքում եւ Նյու Յորքում, սակայն ըստ Ալանի, նա արժանի է ավելի լայն ճանաչման, եւ այդ կապակցությամբ իր մոր հետ ձեռնամուխ է եղել մի շարք ծրագրերի իրականացմանը: Առաջին հերթին իրենց անձնական հավաքածուի կտավներից բարձրորակ ալբոմի կազմումը եւ դրանով հետաքրքրություն առաջացնելը ինչպես անհատ արվեստագետների եւ արվեստաբանների, այնպես էլ հեղինակավոր թանգարանների շրջանակներում: Հաջորդը եղել է անցյալ սեպտեմբերից մինչեւ նոյեմբեր ձգվող ցուցահանդեսը Ամերիկայի Հայկական թանգարանում: Այս գարնանը նախատեսվում է նմանատիպ մի ցուցահանդես կազմակերպել նաեւ Լոս Անջելեսում: Մայր ու որդի չեն մոռացել իրենց հարազատի մասին գովազդել նաեւ նորագույն տեխնոլոգիաների միջոցով, օգտագործելով «rediscoveredmasters.com» (վերահայտնագործված վարպետներ) կայքը, որտեղ ցուցադրել են 26 կտավ նրա ստեղծագործություններից: Պրովիդենսում գործող «Gallery Z» պատկերասրահը նույնպես միացել է Սամսոնյանի գործերի վերագնահատման նախաձեռնությանը: Ալանը լավատես է եւ հույս ունի, որ պապի ժառանգությունն իր արժանի տեղը կգրավի համաշխարհային նկարչության ասպարեզում: |