RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #016, 2016-05-06 > #018, 2016-05-13

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 06-05-2016



ՀՈԲԵԼՅԱՆ

Տեղադրվել է` 2016-05-05 23:34:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 2499, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՄԱՆՎԵԼ ԵԳՈՐԻ ԱՍԱՏՐՅԱՆ

Գաղթուհի ՀԱՆԱՆՅԱՆ, ԵՊՀ Հայոց լեզվին պատմության ամբիոնի դոցենտ

Լրացավ հայ անվանի լեզվաբան Մանվել Ե. Ասատրյանի ծննդյան 90-ամյակը: Կյանք, որն իմաստավորվել է հայրենի երկրի, նրա իրական արժեքների հանդեպ ունեցած պարտքի ու պատասխանատվության խորը զգացումներով: Կյանք, որը հայրենական գիտությանը մեծ նվիրումի բացառիկ դրսեւորումներից է:

Ծնվել է Էջմիածնի Արագած գյուղում: Արմատները Պարսկահայքից են: Բաբայան-Ասատրյանների գերդաստանը Խոյից` պատմական Հերից պատմական հայրենիք` Հայաստան է վերաբնակվել Ռուսաստանի եւ Պարսկաստանի միջեւ կնքված Թուրքմենչայի պայմանագրից հետո: Գերդաստանի երկրորդ` Ասատրյան ազգանունն ընդունվել է ի հիշատակ հայրական նախապապի` Ասատուրի (ի դեպ Մանվել թոռն ու իր հորեղբայրորդին են այն կրել առաջինը):

Նախնական կրթությունը ստանալով հայրենի գյուղի 7-ամյա դպրոցում` գերազանցությամբ ավարտում է այն եւ ընդունվում Էջմիածնի մանկավարժական տեխնիկում: Տեխնիկումը գերազանցությամբ ավարտած 16-ամյա խոստումնալից պատանուն անմիջապես նշանակում են մանկավարժական աշխատանքի: Երկու տարի շրջանի դպրոցներում ուսուցչություն անելուց հետո (դասավանդել է մաթեմատիկա), 18 տարին լրանալուն պես զորակոչվում է խորհրդային բանակ (ծառայել է թիկունքային զորամասերում): 1946 թվականին զորամասի հետ միասին հասել է մինչեւ Գերմանիա: Նույն թվականին, իբրեւ մանկավարժ, որի կարիքը շատ մեծ է եղել հետպատերազմյան տարիներին, վաղաժամկետ զորացրվել է եւ վերադարձել հայրենիք եւ անմիջապես էլ տեխնիկումի գերազանցության դիպլոմով ընդունվել է Երեւանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետ: Այստեղ էլ հանդիպում է իր կյանքի ուղեկցուհուն` շնորհաշատ եւ բարձր ընդունակություններով օժտված Ժենյա Ճշմարիտյանին: Համակուրսեցիներ զույգն ամուսնանում է ուսումնառության վերջին տարում` 1951 թվականին` ստեղծելով բոլոր առումներով ներդաշնակ հայկական ընտանիք: Երկուսն էլ համալսարանն ավարտում են գերազանցության դիպլոմով: Նույն թվականին Մ. Ասատրյանն ընդունվում է ասպիրանտուրա: Ղեկավարն էր ակադ. Գուրգեն Սեւակը: 1954 թվականին պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը` «Բայի սեռերը ժամանակակից հայերենում» թեմայով, իսկ 1970-ին` «Ժամանակակից հայոց լեզվի ձեւաբանության հարցեր» մեծարժեք ուսումնասիրության համար ստանում է հայագիտության դոկտորի գիտական աստիճան:

1950-ականների սկզբից մինչեւ իր կյանքի վերջը Ասատրյանը դասախոսել է համալսարանում ժամանակակից հայոց լեզվի ձեւաբանություն, շարահյուսություն, նաեւ` հայ բարբառագիտություն դասընթացները:

1990 թվականից մինչեւ 1995 թիվը ղեկավարել է հայոց լեզվի պատմության ամբիոնը:

Մ. Ասատրյանը համալսարանական այն լեզվաբաններից էր, որոնք միշտ էլ եղել են մասնագիտական վիճարկելի խնդիրների կիզակետերում, միշտ էլ` կենտրոնական դեմքերից մեկը: Բավական է հիշել 1967թ. ՀՀ ԳԱ լեզվաբանության ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված բանավեճը հայերենի հոլովների շուրջը, ուր Ասատրյանը կրքոտ ու հարուստ փաստարկներով հիմնավորված ելույթներ էր ունենում` ի պաշտպանություն աբեղյանական հինգ հոլովի տեսության, որոնք անառարկելի էին մնում նույնիսկ ամենաձախ յոթհոլովականների կողմից:

Ասատրյանի գիտական վաստակի մեջ առավել աչքի են ընկնում արդի հայերենի ձեւաբանության ու շարահյուսության հարցերին նվիրված աշխատությունները: 1970, 1973 եւ 1977 թվականներին հաջորդաբար հրատարակվում են «Ժամանակակից հայոց լեզվի ձեւաբանության հարցեր» աշխատության երեք հատորները, որոնցում հանգամանորեն, հաճախ պատմական ու տարածքային անդրադարձերով, վերլուծվում են հայերենի խոսքի մասերի ձեւակազմական ու իմաստային բոլոր առանձնահատկությունները` ներկայացնելով նաեւ տվյալ խնդրին անդրադարձած նախորդ ու ժամանակակից բոլոր հայագետների տեսակետներն ու ըմբռնումները:

Այստեղ նորովի ու յուրովի են մեկնաբանված քերականական մի շարք խնդիրներ:

Ըստ անհրաժեշտության, այս կամ այն երեւույթի մասին ավելի ամբողջական գաղափար տալու համար, հեղինակն օգտագործել է նաեւ գրաբարի, միջին հայերենի, արեւմտահայերենի, ինչպես նաեւ բարբառային փաստերը: Աշխատության երեք հատորներում էլ լեզվական իրողությունների քննությունը կատարված է համաժամանակյա հայեցակետով:

Հայ քերականագիտության մեջ արժեքավոր ներդրում է նաեւ «Ժամանակակից հայոց լեզու. շարահյուսություն» աշխատությունը, որը նվիրված է բառակապակցությունների ու պարզ նախադասության կառուցվածքային առանձնահատկությունների ու դրանց դրսեւորումների քննությանը:

Ասատրյանի հայերենագիտական հարուստ գիտելիքների ու լեզվաբանական նուրբ դիտողականության, վերլուծությունների խորքայնության դրսեւորում է «Բայի սեռերը ժամանակակից հայերենում» (Ե. 1959) աշխատությունը, որը հեղինակի հետազոտական աշխատանքների առաջին արտահայտություններից է: Այստեղ հեղինակը ներկայացնում է բայի սեռերի ձեւաբանական տարբերակման պատմական ողջ ընթացքը` սկսած գրաբարից մինչեւ արդի հայերեն: Ըստ Ասատրյանի, գրաբարում ներգործական ու կրավորական սեռերի համար ընդհանուր որոշ ժամանակաձեւերի առկայությունը բացատրվում է այն բանով, որ սկզբնապես բայական հիմքերը չեն տարբերակել անցողականությունն ու անանցողականությունը: Ըստ հեղինակի, «... կրավորական սեռը արտահայտվել է ոչ թե բայի ձեւերի փոփոխությամբ, այլ ամբողջ նախադասության կառուցվածքով»: «Պետք է ենթադրել, որ «դատիմ, դատեցայ զքեզ» եւ «դատիմ դատեցայ ի քէն», «Բանան զաչս իմ» եւ «աչք իմ բանան», «լնու զտիկն ջրով» եւ «տիկն լնու ջրով» օրինակներում բայերը ներգործական եւ կրավորական սեռերի արտահայտման ավելի հին սիստեմ են ներկայացնում, քան «որդի սիրէ զհայր» եւ «հայր սիրի յորդւոյ» նախադասությունների մեջ «սիրել» բայը, ուր այդ տարբեր սեռերի իմաստներն արտահայտելու համար նա կրում է նաեւ ձեւաբանական փոփոխություն»: Եզրակացությունն այն է, որ կրավորական սեռի առանձին ձեւերի ստեղծումը սկսվում է նախագրաբարյան շրջանից եւ ավարտվում միջին հայերենի վերջերին:

Մ. Ասատրյանը կատարել է նաեւ բարբառագիտական հետազոտություններ: Մենագրական քննությունների է ենթարկել հայերենի արեւելյան տարածքների մի քանի տարածքային տարբերակներ: Դրանցից են` «Ուրմիայի (Խոյի) բարբառը» (Ե., 1962), «Լոռու խոսվածքը» (Ե., 1968) աշխատությունները: Թե որքան կարեւոր է լեզվաբանի համար իր ուսումնասիրությունների ոլորտում ընդգրկելու նաեւ բարբառային փաստերը, բավական է դիտել Ուրմիայի բարբառում դերանվանական ս, դ, ն արմատական տարրերի վերաիմաստավորումը խնդրային եւ պարագայական իմաստներով:

Մ. Ասատրյանը, ըստ «Հայ բարբառագիտություն» դասընթացի բուհական ծրագրերի, կազմել է նաեւ «Հայ բարբառագիտության գործնական աշխատանքների ձեռնարկ», որի անհրաժեշտությունը խիստ զգալի էր:

Բարբառագիտական վերլուծությունների լավագույն արտահայտություն է նրա «Հայ բարբառների բազմահատկանիշ դասակարգումը» հոդվածը, որը ակադ. Գեւորգ Ջահուկյանի «Հայ բարբառագիտության ներածություն» աշխատության գրախոսականն է: Հեղինակը Գ. Ջահուկյանի աշխատությունն ըստ արժանվույն գնահատելուց հետո անում է որոշ դիտողություններ բարբառախոս վայրերի ընտրության ու դասավորության, բարբառային հատկանիշների ընտրության ու դրանց արժեքի, հատկանիշների գնահատման չափանիշների, համեմատության էտալոնի, ինչպես նաեւ` բարբառային տարբեր միավորների ներկայացված փոխհարաբերությունների որոշ հակասությունների վերաբերյալ, որոնք հիմնականում ընդունելի են:

Հեղինակի գիտական վաստակը չի սահմանափակվում միայն թվարկված աշխատանքներով: Նա հեղինակ է նաեւ բազմաթիվ հոդվածների, գրախոսականների, որոնք հրատարակվել են գիտական տարբեր պարբերականներում:

Այստեղ ամենաընդհանուր ձեւով ներկայացվեցին (կարելի է ասելՙ թվարկվեցին) Մ. Ասատրյանի գիտական մեծ վաստակի հիմնական արտահայտությունները: Դրանց համակողմանի արժեքավորումն ու ներկայացումը արժանի են գիտական համակողմանի առանձին ուսումնասիրությունների:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 06-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ