RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #016, 2016-05-06 > #018, 2016-05-13

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 06-05-2016



ՑՈՒՑԱՍՐԱՀ

Տեղադրվել է` 2016-05-05 23:34:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1583, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 8

«ՏԱՍՆՀԻՆԳ ԴԻՏԱԿԵՏԸ»ՙ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Նաիր ՅԱՆ

Շվեյցարացի արվեստագետ Ֆելիչե Վարինիի մասին մենք առաջին անգամ իմացանք նրա երեւանյան ցուցահանդեսից: Վարինիին Հայաստան են հրավիրել Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունն ու «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը:

Ֆելիչե Վարինին 20 տարուց ավելի ուսումնասիրում է ճարտարապետական կառույցներն ու տարածքները: Նա հատուկ նախապատվություն չի տալիս հին շինություններին: Կարող են եւ լինել նորակառույցներ, որոնք, սակայն, ունեն եռաչափ տարածական ընդգրկումներ: Ահա այդ կառույցների լուսանկարներն են հիմք հանդիսանում Ֆելիչե Վարինիի արվեստի համար:

«Այդ լուսանկարները տասնյակ տարիների աշխատանքի արդյունք են, դրանք մեկ րոպեում չեն ստեղծվում: Կառույցներն ընտրում եմ մեծագույն զգուշությամբ ու պատասխանատվությամբ: Ինձ համար շատ կարեւոր են այդ շինությունների դետալները, ներքին ու արտաքին տարածքները, պատերի, հատակի, պատուհանների ու դռների դասավորությունը, խորությունն ու տեսքը: Չէ՞որ հենց այդ նրբություններն են հետագայում դառնում իմ աշխատանքի հիմքը»,- իր արվեստի առանձնահատկությունները փորձեց մեկնաբանել շվեյցարացի արվեստագետը:

Կառույցի յուրահատկություններն ավելի են ընդգծվում ու դիտողի վրա ազդելու նոր հնարավորություններ են ստեղծվում: Ճարտարապետական կառույցների լուսանկարներին Վարինին ավելացնում է գույներ, որոնք արտահայտված են պարզ երկրաչափական պատկերների միջոցով: Նա նախընտրում է կարմիրն ու վարդագույնը, որոնք տարբեր անկյուններից դիտելիս տարբեր երանգներ են ստանումՙ համադրվելով ճարտարապետական կառույցի հետ: Իր ցուցահանդեսը Ֆելիչե Վարինին անվանել է «Տասնհինգ դիտակետ»: Նա ինքը բազմաթիվ դիտակետեր է առաջարկումՙ ուսումնասիրելու եւ դիտելու իր աշխատանքները: Յուրաքանչյուր դիտակետից նայելիս նույն լուսանկարը ներկայանում է տարբեր կերպ ու տարբեր ձեւաչափով: Իսկ երբ սեւ-սպիտակ գույներին ավելանում է ալ կարմիրը կամ նարնջագույնի երանգ ստացած գունավորումը, ճարտարապետական շինությունը դադարում է զուտ կառույց լինելուց: Հենց այս միտքն է դրված Վարինիի գործերի առանցքումՙ ցույց տալ, որ շենքը միայն շենք չէ, քանի որ դրա որոշ մասեր գունավորված ենՙ նրբորեն նշելով դիտակետի առկայությունը:

Ֆելիչե Վարինիի «Տասնհինգ դիտակետ» խորագրով ցուցահանդեսը ներկայացվեց «Հայ Արտ» մշակութային կենտրոնում: Շվեյցարացի հյուրը սպասում էր հայ արվեստասերի գնահատականին ու արձագանքին: Իսկ հայերս պահը չկորցրինք ու հարցրեցինք նրան. «Արդյոք հետաքրքրված չեք հայկական ճարտարապետությամբ, կամ չե՞ք հասցրել շրջել Երեւանում: Միգուցե որեւէ կառույց աչքադրա՞ծ լինեք արդենՙ Ձեր հետագա ցուցահանդեսներում ընդգրկելու համար»: Վարինին ժպտաց ու պատասխանեց. «Հայկակական ճարտարապետությունը չեմ ուսումնասիրել, Երեւանում չեմ հասցրել շրջել, բայց այն, ինչ կարողացել եմ հպանցիկ հայացքով գնահատել, արժանի է ուշադրության»: Մի խոսքովՙ շվեյցարացին չխոստացավ, թե իր հաջորդ ստեղծագործությունը նվիրված կլինի Երեւանին: Հավելեց, որ առհասարակ իր գործերը կարճ կյանք են ունենում, քանի որ ինքն անընդհատ թարմացնում է ցուցահանդեսները, մի աշխատանքը հեշտությամբ փոխարինում մյուսով: Դա է պատճառը, որ նույն ցուցահանդեսը հազվադեպ է երկրորդ անգամ ներկայացվում անգամ օտար երկրներում: Այն, ինչն անմիջապես էր որսացել արվեստագետի աչքը, երեւանյան վարդագույնն էՙ մի քիչ մուգ, մոխրագույնի հասնող կամ հենց բնական վարդագույն, կարեւոր չէ: Էականը Երեւանին բնորոշ գույնն է, որ գերակշռում է մեր շինություններում: Երեւանյան վարդագույնին Վարինին կհամադրեր արծաթագույնը: Գույների այդ բախումը նա չի պարտադրում, բայց ընդգծում էՙ ճաշակի հարց է:

«Ես չեմ փոփոխում իրականությունը կամ թաքցնում այն, պարզապես այդ նույն իրականությանը ես ավելացնում եմ իմ գույնը: Բայց նկատի ունեցեք, որ դա դեկորատիվ գունավորում չէ: Եռաչափ ծավալները թույլ են տալիս իրականությունն այլ կերպ տեսնել ու ընկալել: Ես վաղուց եմ հրաժեշտ տվել երկչափ մակերեսներինՙ դրանք փոխարինելով նոր, մեծ տարածքներով, լույսով, գույներով: Իմ նկարչությունը ոչինչ չի պատկերում. չկա պատմություն, հատուկ դիտավորություն, խորհրդավորություն: Երկրաչափական պատկեր է եւ գույն: Մնացածը երեւակայության արդյունք է»,- իր ցուցահանդեսը դիտողներին նախապատրաստեց արվեստագետը:

Երկրաչափական աբստրակտ ինստալյացիաներն առաջին հայացքից ըմբռնելի չեն դիտողի համար, բայց դրանք անսպասելիորեն մեկ կետումՙ «դիտակետում», կենտրոնացնում են հանդիսատեսի հայացքըՙ բացահայտելով տվյալ ճարտարապետական կառույցի առանձնահատկությունները:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 06-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ