ՀԵԼԵՆ ՓԻԼԻՊՈՍՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՙ ՀԵՏՄԱՀՈՒ Հ. Ծ. Ուոթերթաունի «Օհան պրես» հրատարակչատունը վերջերս լույս է ընծայել «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի նախկին խմբագիր, ընդամենը հինգ ամիս առաջ կյանքից հեռացած Հելեն Փիլիպոսյանի անգլերեն բանաստեղծությունների երկու «Candor Candy: Global Poems» (Անկեղծ կոնֆետ: Գլոբալ բանաստեղծություններ) եւ «Planet Tome Reborn» (Վերածնված Թոում մոլորակը) հատորները: Առաջինում հեղինակը իր սերն է ներկայացնում հանդեպ արվեստի, բնության եւ ճանապարհորդության: Նրա բանաստեղծական թափառումները աշխարհով մեկ եւ նաեւ Ամերիկայում հանգրվան են գտնում Նյու Յորքի Արվեստի Մետրոպոլիտեն թանգարանում, որտեղ նա կանգ է առնում հայկական մի խաչքարի առաջ եւ հիանում նրա գեղեցկությամբ: «Ես մեծացել եմ հայոց պատմությունը իրենց մեջ խտացրած շարականների շնչի ներքո», գրում է նա: Երկրորդումՙ առավել գիտա-ֆանտաստիկ ժանրի բանաստեղծություններն են, որոնք յուրատեսակ շարունակությունն են իր նախորդ գրքում առասպելական «Թոում մոլորակից» Նյու Յորքում հայտնված ընտանիքների հետագա սերունդների մասին: Բանաստեղծությունների «պատմությունը» առավելապես այլաբանական է, շատ դեպքերումՙ սյուրռեալիստական, բայց դրանում առկա է սերը արվեստի նկատմամբ: Հելեն Փիլիպոսյանի բանաստեղծությունները ժամանակին հրատարակվել են ինչպես հայկական, այնպես էլ ամերիկյան գրական պարբերականներում, ընդգրկվել ամերիկյան անթոլոգիաներում: Որոշ բանաստեղծություններ մասնակցելով գրական մրցույթներիՙ առաջին մրցանակների են արժանացել: |