RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2016-05-27 > #021, 2016-06-03 > #022, 2016-06-10 > #023, 2016-06-17 > #024, 2016-06-24

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 10-06-2016



Տեղադրվել է` 2016-06-10 10:50:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 2407, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՏՈՒՆԸ, ՈՐՏԵՂ...».

ֆրանսերենիցՙ ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ

Մարիամ Պետրոսյանի կախարդող վեպը

Ժամանակակից ռուս արձակում իրենց պատվավոր տեղն են գրավել երեք հայուհի: Եվ հատկանշական է, որ երեքն էլ ծնունդով հայաստանցիներ են, ոչ թե ռուսական միջավայրում ծնված-մեծացած-ուծացած անձինք: Նրանցից ամենաավագըՙ ծնունդով երեւանցի, Էստոնիայում բնակված Գոհար Մարկոսյան-Կասպերը, ցավոք սրտի, անցյալ տարի հեռացավ կյանքից: Կրտսերըՙ ծնունդով տավուշեցի Նարինե Աբգարյանը, ապրում եւ ստեղծագործում է Ռուսաստանում: Իսկ երրորդը, այս եռյակի թերեւս ամենից ճանաչված անդամ Մարիամ Պետրոսյանը, ապրում է մեզ հետ, մեր կողքին, Երեւանում, սակայն իր մեկ հատիկ վեպի շնորհիվ դարձել է արդի ռուս արձակի ամենահայտնի դեմքերից մեկը: Մարիամըՙ Ղազարոս Աղայանի թոռան թոռը, Մարտիրոս Սարյանի ծոռնուհին, Ղազարոս Սարյանի թոռնուհին, բալետի արտիստներ Սերգեյ Պետրոսյանի եւ Կատարինե Սարյանի դուստրը, վերջին տարիներին հանրածանոթ դարձած իր «Տունը, որտեղ....» վեպով ստեղծել է մի ծավալուն պատումՙ ժամանակից ու որոշակի վայրից անդին, որն իր համամարդկային, անգամՙ անդրմարդկային բնույթի շնորհիվ հասկանալի է դառնում բազմազգ ընթերցողին, որը նրան չի վարանում դասել մի շարք գրական մեծությունների շարքը:


Այս տարի «Տունը, որտեղ...» վեպի թարգմանություններին ավելացավ նաեւ ֆրանսերենը. «Մսյե Տուսեն լուվերտյուր» հրատարակչությունը այն լույս ընծայեց Ռաֆայել Պաշի թարգմանությամբ: Ինչպես ամենուրեք, Ֆրանսիայում եւս վեպն արժանացավ ամենաբարձր գնահատականների: Ներկայացնում ենք Մարիամ Պետրոսյանի գրքի վերաբերյալ ֆրանսիական մամուլում լույս տեսած կարծիքներ եւ ֆրանսիացի մասնագետների գնահատականներՙ չմոռանալով նշել, որ մինչեւ այժմ վեպը չի թարգմանվել հայերեն ...

Տանը դուք կկորցնեք ձեր ուղենիշները, ձեր անունը եւ ձեր նախկին կյանքը: Տանը դուք կարող եք ձեռք բերել ընկերներ, դուք կարող եք ձեռք բերել թշնամիներ: Տանը դուք կշահեք ճակատամարտեր, դուք տանուլ կտաք պատերազմներ: Տանը դուք կճանաչեք սերը, կճանաչեք վախը, դուք կհայտնաբերեք տեղեր, որոնց գոյության մասին չէիք իմացել, նույնիսկ այն ժամանակ, երբ դուք մենակ եք, դա երբեք, իրոք, այդպես չի լինի: Տանը ոչ մի պատ չի կարող ձեր դիմաց կանգնել, ժամանակը միշտ չի հոսում այնպես, ինչպես որ պետք է, իսկ Օրենքն անողոք է: Տանը դուք կհասնեք ձեր տասնութամյա տարիքին, ու ամեն ինչ հավերժ կփոխվի, եւ կվախենաք հեռանալու մտքից:

«Տունը, որտեղ...» վեպը մանկության եւ պատանեկության կախարդիչ վկայակոչում է, սիրո ֆանտաստիկ մի երգՙ ձոնված այդ անշնորհակալ ու օրհնյալ տարիքին, նրա հրճվանքներին ու ողբերգություններին, հուսալքման զգացումին եւ ամենազորությանը: Մարիամ Պետրոսյանը կարողացել է ստեղծել կարոտախտով եւ զմայլանքով հունցված գունագեղ, կենդանի եւ բանաստեղծական մի տիեզերք, որ մենք բոլորս ունենք մեր ներսում, որի պատճառով երբեմն մերժում ենք մեծանալ եւ դիմակայել այն բիրտ աշխարհին, որը կոչվում է իրականություն:

Տասնութ տարեկանում Մարիամ Պետրոսյանը (ծնվել է 1969-ին, Երեւանում) ուրվագծել է իր կերպարներին, որոնք կդառնան հերոսները «Տունը, որտեղ...» գրքի, որը նա գրելու է ավելի քան տասը տարիՙ առանց երբեւէ փորձելու այն հրատարակել: 1990-ականներին նա, ի վերջո, ձեռագրի մի պատճենը թողել է ընկերների մոտ: Տասնհինգ տարի անց, ընթերցողների ձեռքից ձեռք անցնելով, այն ընկել է մի խմբագրի ձեռքը, որը նախ թեթեւակի աչք է գցել վեպի վրաՙ նախքան մի քանի օրում «կխժռեր» այն: 2009-ին, տպագրությունից ի վեր, գիրքն արժանացել է բազմաթիվ մրցանակների ու դարձել է միջսերնդային ու միջազգային բեսթսելեր (250.000 օրինակ վաճառվել է Ռուսաստանում, թարգմանվել իտալերեն, լեհերեն, դանիերեն, լատվիերեն, մակեդոներեն, նորվեգերեն, իսպաներեն եւ հունգարերեն), նրա երկրպագուների թիվը շարունակում է աճել: Մարիամ Պետրոսյանն այսօր համարվում է ամենանորարարական ռուսաստանցի գրողներից մեկը (թեեւ նա միշտ մնում է հայուհի): «Տունը, որտեղ...»-ը նրա միակ վեպն է: Ինչպես ինքն է խոստովանումՙ ինքը այն չի գրել, ինքն այնտեղ ապրել է:

«Սա կարծես մելամաղձոտ Սթիվեն Քինգի կողմից խմբագրված ռուսական հայտնի վեպ լինի: Զարմացրե՛ք ինքներդ ձեզ» («ԼԻՐ»):

«Տունը, որտեղ...» վեպն այն գիրք-աշխարհներից է, որտեղ մարդ սուզվում է, կորչում, բայց որտեղ իրապես կենդանի են մնում ու թափառում են նրաՙ ճակատագրի կողմից հարվածներ ստացած, հասարակությունից դուրս մղված դեռահասները: Մարիամ Պետրոսյանը կարողանում է գրավել այդ եռանդուն, կատաղի, զգացմունքներին նպաստող եւ ծայրահեղ երազանքների տարիքի էությունը, ինչը կատարյալ է գրականության համար» («ԼԸ ՄՈՆԴ»):

«Վեպ-օվկիանոս» («ԷԼ»):

«Ի՜նչ հմայք է հոսում այդ մի քանի հարյուր էջերով, դյութիչ ու շատ մութ, հիպնոսացնող» («ՏԵԼԵՌԱՄԱ»):

«Ցնցող մի վեպ-աշխարհ, որը պատկանում է հրաշքների ընտանիքին» («ՄԱԳԱԶԻՆ ԼԻՏԵՐԵՐ»):

«Հազվադեպ են դժվար կյանքով ապրող դեռահասների մասին խոսել նման հիացմունքով եւ նման սարսափով: Մենք այս գլխապտույտ ճամփորդությունից դուրս ենք գալիս միեւնույն զգացումով, ինչ հերոսներն են զգում մանկությունից հեռանալիսՙ ցնցված եւ ափսոսանքով» («ՊՈՒԷՆ»):

«Պատումը նույնքան խելացի է, որքան որ հերոսներն են միամիտ ու խոնարհ. գրքի կախարդանքի ուժն էլ կազմում է այս գործոնների հաջող ամուսնությունը» («ՖԻԼՈԶՈՖԻԿ ՄԱԳԱԶԻՆ»):

«Այս մղձավանջային, նույնքան հրաշալի լաբիրինթոսում է, որ մենք հետեւում ենք Ծխամոլի, Կույրի, Տաբակիի, Լարիի եւ շատ ուրիշների դեգերումներին, որը կազմում է մի գլխապտույտ ուսուցողական վեպՙ զուտ իրապաշտության եւ չափազանցված ցնորապատրանքների միջեւ, որը պարտական է ինչպես ռուսական հայտնի վեպերին, այնպես էլՙ Լյուիս Քերոլին. նաեւ դժվար է չմտաբերել Հարի Փոթերի արկածները: Անհնար է չկորսվել (այն էլՙ ի՛նչ հաճույքով) այս աշխարհի լաբիրինթոսում: Այնպես որ, փորձե՛ք տրվել արկածների» («ՏԵՔՆԻԿԱՐ»):

«Ես առաջարկում եմ կարդալ «Տունը, որտեղ...» վեպըՙ գրեթե հազար էջից բաղկացած մի աղյուս, դժվար եւ ծավալուն ընթերցանություն, սակայն ճանապարհը պարզ է ու պայծառ, եւ դուք դուրս կգաք ամայացած... բայց հաստատՙ ավելի երջանիկ» («ԼԱ ԴԻՄԱՆՍԻՈՆ ՖԱՆԹԱՍՏԻԿ»):

«Ընթերցողի համար Մարիամ Պետրոսյանի գրքի զորությունը գալիս է անորոշության զգացումից. մի կողմից չափահասների գրականության հայտնաբերման զգացում մի ամայի միկրոկոսմոսի մասին, որտեղ հերոսները խոսում են դիցաբանությունից կամՙ ստեղծում այնՙ լրացնելու համար աշխարհի այն սարսափելի դատարկությունը, որ պատկերել են Բեքեթը, Ֆոլքները, Քորմաք Մքքարթին, Ստրուգացկիները, իսկ մյուս կողմիցՙ տպավորություն, որ հեղինակը դեռահասների համար նախատեսված դասական հեքիաթասաց է ու խաչաձեւում է այն փանք մշակույթի (առնետներ) ու գոթականի (թռչուններ), «Ակիրայի» եւ «Բաֆիի» հետ: «Տունը...» միաժամանակ վկայակոչում է Մերվին Փիքի «Գորմենգասթ» ֆենթեզին եւ «Հարի Փոթերի» Հոգվարթս մոգության եւ կախարդության դպրոցը: Անխուսափելիորեն զուգորդություն կծագի Վիլյամ Գոլդինգի «Ճանճերի տիրակալի» հետ, անգամ եթե այն, իմ կարծիքով, խաբուսիկ է. սա այլաբանություն չէ մանուկների եւ դեռահասների դաժանության մասին, այլ դեռահասներիՙ արտաքին աշխարհից, նորմալ աշխարհից սպառնացող անասելի դաժանության հանդեպ ունեցած վախի մասին է» (ՏՐԻՍՏԱՆ ԳԱՐՍԻԱ):

«Այստեղ առկա են բազմաթիվ այլ խենթ հնարքներ: Պատանեկությունը տուն է, մի լաբիրինթոս, սարսափների, հրաշալիքների, հանդիսությունների թատերաբեմ: Բայց մենք այն հասկանում ենք միայն ավարտին: Երբ ժամանակը սկսում է սահել մեր ձեռքերում, եւ երբ «իրականությունը» դառնում է ճնշման վերջնական գործիք: Մի արմատական գիրք-աշխարհ, կենդանացած մի լիովին օրգանական տարօրինակությամբ, «Տունը, որտեղ...» վեպը չի ենթարկվում ամփոփումների, դասակարգումների եւ վերլուծության: Նա խոսում է ամեն ինչից, նա ողջունում է ամեն ինչՙ օտարումը, անորոշությունը եւ երիտասարդության հսկայական ու կաղ մարմինը, նա ողջունում է Ձեզ. դա մի ապաստան է, մի հրեշ, մի այրող ավետարան, պուտինյան տարիներ, մեկն այն հազվագյուտ վեպերից, որը ձեզ կարող է փրկել ինքներդ ձեզնից (ՖԱԲՐԻՍ ԿՈԼԵՆ):

Նախաբանը եւ թարգմանությունը

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 10-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ