«ԳԻՇԵՐԱՅԻՆ ՁԱՅՆԵՐ, ԱՇԽԱՐՀԻ ՁԱՅՆԵՐ, ԱԶԳԵՐԻ ՁԱՅՆԵՐ...» Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ Հայերենը աշխարհի 34 լեզուների հետՙ փարիզյան բեմից Ծագումով հայ ֆրանսիացի արտիստ,- այսպես են ճանաչում Վահրամ Զարյանին Փարիզում: Ֆրանսիական մշակույթը, Փարիզը նրան նույնքան հարազատ է, որքան սեփականը, եւ պատճառը միայն այն չէ, թե նա Փարիզում բնակվում է 15 տարուց ավելի: Նա ոչ միայն արտիստ է էության ամեն բջիջով, բեմին ու արվեստին սիրահարվածի կարոտով, նա մտավորական է մտածողական ամեն շերտով: Իր հետ զրույցից հետո մեջդ մի գեղեցիկ հուշ է մնումՙ մի հետք, որ դժվարանում եմ բնութագրել. աշնան գույներ կան այնտեղ, մեղմ ձայներ, շշուկներ, որքանՙ պոետիկ, նույնքանՙ խոհական: Վահրամ Զարյանը որքան ժամանակակից մտածողությամբ արվեստագետ է, արվեստի նորագույն փոխակերպումներին, ձեւերին հաղորդ, նույնքանՙ դասականՙ իր գնահատումներում եւ ընկալումներում, ժամանակի ու տարածության հասկացությունների լայն ծավալումներով: Յուրատեսակ համատեղում անցյալի ու ներկայի ավանդույթների, ազգային ու համամարդկային արժեքների լավագույնը իր մեջ ներառող: Այս ամենը արտիստի նրա կերպարին հաղորդում է առանձնահատուկ հմայք: Նա մնջախաղաց էՙ անվերջական զրույցի բռնված իր հետ, բեմի, հանդիսականի լռության հետ, որտեղ ամենաբազմազան հարցերի լաբիրինթոսում «մերկացող» բառը ազատության է ձգտում: Բավական հարուստ ու բազմազան է բեմական այս կյանքը, իսկ տարիներ առաջ նրա հիմնադրած Vahram Zaryan Compagnie թատերախմբի գործունեությունը բավական հաջողություններ է արձանագրել թե՛ Ֆրանսիայում, թե՛ երկրից դուրս (այդ մասին հանգամանալի անդրադարձ արվել է «Ազգ»-ի անցած տարվա սեպտեմբերի 18-ի համարում): Փարիզի «La Colline Theatre National» թատրոնում «Impatience» փառատոնի շրջանակներում հունիսի 7-ին եւ 8-ին ներկայացվեց THEATRE բեմադրությունը` համագործակցությամբ Interprelud (Interpre՛ludes) եւ Vahram Zaryan Compagnie թատերախմբերի, որի բեմադրող ռեժիսորը ծագումով բրազիլացի, ֆրանսաբնակ Մարկուս Բորջան է: Երկու տարի առաջ նա այս չափազանց հետաքրքրական թատերական ծրագրի մասնակցության առաջարկ է արել Վահրամ Զարյանին, սակայն թատերախմբի զբաղվածության պատճառով համագործակցություն այդ շրջանում չի կայացել: Համատեղ աշխատել սկսել են այս տարի: Մեր հեռակա կարճ զրույցի ընթացքում Վահրամ Զարյանը այնքան գրավիչ ներկայացրեց բեմադրության գաղափարական, բարոյական, հումանիստական շեշտադրումներն ու դրանց նշանակությունը, եւ մատուցման ձեւի նկարագրությունն էլ այնքան տպավորիչ էր, որ թվաց այն սակավ ընտրյալ հանդիսականներից մեկն եմ, ինչպես զրուցակիցս բնութագրեցՙ ֆրանսաբնակ աշխարհի քաղաքացիների հետՙ հայտնված բեմի խորհրդավոր մթության մեջ:
- Ինչի՞ մասին են խոսում արտիստները բեմիցՙ մեկ ու կես ժամ տեւողությամբ, ի՞նչ ուղերձ են հղում նրանք ժամանակի մարդուն... - Հիսուն ձայների մասնակցության մի յուրահատուկ որմնանկար, ճամփորդություն ժամանակի ու տարածության մեջՙ 34 լեզուների, 34 մշակույթների համատեղման խաչմերուկում: Բեմում, ամբողջովին մթության մեջ 50 դերասան եւ 50 հանդիսական. յուրաքանչյուր դերասան պատմում է իր մշակութային ժառանգության եւ ոգեշնչումների մասինՙ երբեմն շշնջալով, երբեմն գոռալովՙ իբրեւ հոգու կանչ ու կարոտ, երբեմն էլ երգի միջոցով, որպես կորսված մեղեդի: Ողջ ներկայացումը պոլիֆոնիկ ու պոետիկ հնչյունային ճանապարհորդություն է: Հանդիսատեսը ամբողջովին մթության մեջ մխրճված, հնչյունային լուծումների շնորհիվ ֆիզիկապես հայտնվում է մի տարածքում, որտեղ իրեն զգում է համաշխարհային մշակույթի եւ լեզուների միասնական սիմֆոնիայի մի մասնիկ: Այդ մթությունը ծածկում է ֆիզիկական ամեն ինչ, 1,5 ժամվա տիրակալը ձայնն է, հնչյունը, դերասանները տեսանելի են միայն ներկայացման վերջումՙ ամբողջովին մերկ, կարծես ազատված ամեն կապանքից, ազատ ու աշխարհի քաղաքացիՙ կրելով իրենց մեջ սեփական մշակույթի ու լեզվի առանձնահատկությունները. ենթատեքստումՙ մշակույթներ, որ համամարդկային են եւ կարող են գոյություն ունենալ նույն տարածքումՙ առանց որեւէ դիսկրիմինացիայի լինել անընդմեջ երկխոսության մեջ: - Ինչպե՞ս եւ ինչո՞ւ է այսկերպ մտահղացված բեմադրությունը, ինչո՞ւ ընտրեցիք Չարենցի «Հեռացումի խոսքերը»: Ինչպե՞ս է հայերենը, հայ լեզուն խոսում-հնչում-ներդաշնակվում մշակութային այս մեծ համանվագի մեջ: - Իմ լավ բարեկամ THEATRE ներկայացման բեմադրող ռեժիսոր Մարկուս Բորջայից (Marcus Borja) առաջարկ ստացա 2014 -ին իր ներկայացման մեջ ընդգրկվելու: Առաջարկը ոգեւորող էր, բայց այդ տարի ընդգրկվել ներկայացման մեջ, ժամանակի առումով, անհնար էր, քանի որ արդեն 2014-ից մինչեւ 2016 թվականը Vahram Zaryan Compagnie-ի թատերական գրաֆիկը զբաղված էր «La tete en bas» («Գլխիվայր») եւ «Mater Replik» ներկայացումների հյուրախաղերով: Եվ ահա կրկին առաջարկ ստացա նրանից այս տարվա սկզբին, քանի որ THEATRE ներկայացման ցուցադրությունների երկրորդ սեզոնն էր սկսվում: Երբեք չեմ մոռանա այն բառերը, որով նա դիմեց ինձ, եւ որոնց համաձայն չլինել չէի կարող: «Վահրամ, միտքդ չե՞ս փոխել, եւ չե՞ս ցանկանում մեզ միանալ: Ես շատ կուզենայի, որ այս բազմալեզու ներկայացման մեջ հնչեր նաեւ քո գեղեցիկ հայերեն լեզուն»: Եվ ահա սկսեցինք փորձերի նոր շրջանՙ ընդգրկելու նաեւ հայերենը արդեն 25-ից ավելի լեզուներով կառուցված այս հրաշալի պոլիֆոնիկ ու պոլիգլոտիկ ձայնային սիմֆոնիայի մեջ: - Եղա՞ն արդյոք ազգային նյութի ընտրության որոշակի նախապայմաններ: - Միակ պայմանն էրՙ ներկայացման մեջ ընդգրկել այնպիսի նյութեր, դա խոսք կամ երգ կլիներ, որն արտահայտում է տվյալ լեզվի հնչյունային առանձնահատկությունները, եւ որ ընտրված գործը հարազատ լիներ կատարողի ներաշխարհին: Իհարկե անչափ շնորհակալ եմ Մարկուս Բորջայինՙ լիովին ստեղծագործական ազատություն տալու եւ շատ ուրախ եմ նրա հետ համագործակցելու համար: Նույն պահին առանց երկար մտածելու որոշեցի առաջարկել Չարենցի բանաստեղծություններից եւ հատապես «Հեռացումի խոսքերը», որը Չարենցի իմ ամենասիրելի գործն է, եւ որի հետ չափազանց հուզումնալի եւ անձնական հիշողություններ, պատմություններ կան կապված: Բացի սրանից, ներկայացման մեջ ընդգրկված է նաեւ իմ «Mater Replik» գործից մի հատված, որ գրել եմ 2014 թվականին, իմ ծննդավայր Լոռու մարզի Նալբանդ գյուղի 1988-ի սարսափելի երկրաշարժի մասին եւ այն կորուստների մասին, որ ունեցավ իմ ընտանիքը: Այդ գործից մի հատված, որպես խոստովանություն, ներկայացված է այս բեմադրության մեջ: - Բեմական կոստյումներ, փաստորեն, չկան, ասացիք դերասանները հանդես են գալու մերկ, ինչո՞ւՙ այդպես եւ ի՞նչ է այն խորհրդանշում: - Այս ներկայացման կոնցեպտն արդեն իսկ ստիպում է ավելի մտածել միասին ապրելու, հանդուրժողականության եւ մշակույթների համատեղ երկխոսությունների մասին: Ինձ շատ հաճելի է մասնակիցը լինել այսպիսի ներկայացման եւ 34 լեզուների, 34 մշակույթների հետ, հավասարը հավասարին հնչեցնել հայոց լեզուն եւ հայկական պոեզիան, որը կարծում եմ ուրույն տեղ ունի համաշխարհային մշակութային ժառանգության մեջ: Եվ այն փաստը, որ Փարիզի ժամանակակից պետական թատրոնի բեմից կհնչի հայերենը, առիթ կտա ֆրանսիացի հանդիսատեսին բացահայտելու հայկական մշակույթի մի մասնիկՙ այլ լեզուների եւ մշակույթների այս ազդեցիկ համանվագում: Սա նաեւ հնարավորություն է արվեստի միջոցով այժմյան իրադարձությունների մասին տեղեկանալու: Այս պահին հիշեցի թատերագետ Ջորջ Բանուի խոսքերըՙ շատ համահունչ THEATRE ներկայացմանը. «Գիշերային ձայներ, աշխարհի ձայներ, ազգերի ձայներՙ իբրեւ արձագանք, որ գալիս է հեռվից կամ հոգու ամենաինտիմ խորքից»: Ավելացնեմ նաեւ, որ La Colline պետական թատրոնից հետո ներկայացումը մինչեւ հաջորդ տարվա ապրիլ կմեկնի հյուրախաղերի, որից հետո կշարունակի բեմել Փարիզի The'a^tre de la Cite' International թատրոնում: |