Oganessonՙ ՆՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՏԱՐՐՆ Ի ՊԱՏԻՎ ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆԻ Տեսական եւ կիրառական քիմիայի միջազգային միությունը (IUPAC) անվանակոչել է 4 նոր քիմիական տարրեր: Մենդելեեւի պարբերական աղյուսակը համալրող նորՙ 118-րդ տարրն անվանվել է oganesson (Og)` հայ մեծ գիտնական Յուրի Ցոլակի Օգանեսյանի պատվին: Այս մասին տեղեկանում ենք միջազգային լրատվական գործակալություններից: Տարրն այդպես անվանակոչելու առաջարկն արել են Դուբնայի (ՌԴ) Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի եւ Լիվերմորի (ԱՄՆ) ազգային լաբորատորիայի գիտնականները` հաշվի առնելով Յուրի Օգանեսյանի նորարարական մոտեցումները հետազոտությունների ժամանակ: Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը ծնվել է 1933 թ. ապրիլի 14-ին ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Օգանեսյանը փորձարարական միջուկային ֆիզիկայի բնագավառի մեծագույն գիտնականներից է, 2003 թվականից Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Գ. Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավարը: Յուրի Օգանեսյանը նաեւ ՀՀ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ է, ԵՊՀ պատվավոր դոկտոր: |