ՄԻ ՔԱՆԻ ԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՆՐԱՆՑ ՃԱԿԱՏԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ Արձանների ու արձանագործության մասին այս օրերին շատ խոսվեց, մասնավորապես մայրաքաղաքում վերջերս տեղադրված երկու խոշոր արձանների առիթով մտքեր եկան, անցան: Արձանները քաղաքային մշակույթի կարեւոր եւ տպավորություն թողնող մասն են անշուշտ, թե՛ որպես արվեստի գործերՙ գեղագիտական նշանակությամբ, թե՛ որպես պատմություն: Կերպարաստեղծման ու մատուցման կուլտուրան արվեստագետի տաղանդի, շնորհքի արգասիքն է: Բայց ինչո՞ւ նոր ժամանակների արձանները հիմնականում դժգոհություն են առաջացնում: Պատվիրատո՞ւն է անիրազեկ, ճաշակազուրկ, թե՞ հեղինակները երեւակայության պակաս ունեն կամ էլ ժամանակակից քանդակագործության պահանջներին հաղորդ չեն ու շարունակում են հնի գաղափարական իներցիայի սահմանափակ մոտեցումներով գործել: Շատ քանդակներ, ցավոք, մեկ այլ ուշադրության կենտրոնում են. արդեն քանի տարի բրոնզաձույլ արձանները քաղաքի ամենակենտրոնական վայրերում, էլ չասածՙ ճանապարհների վրա, վտանգված ենՙ անիրավ «պղնձահենների» աչքը դրանց վրա է, եւ քանի- քանիսը զոհ գնացին այդ ավազակության եւ վանդալիզմին: Լեւոն Ներսիսյանի կիսանդրին գողացվեց Մաշտոցի պողոտայի եւ Իսահակյան փողոցների խաչմերուկի շենքի ճակատից, Ղ. Ալիշանի արձանը համանուն դպրոցի բակից նույն ճակատագրին արժանացավ, նույնը նաեւ Սեւան տանող ճանապարհի «Արձագանք» քանդակի հետ պատահեց, նույնըՙ Հ. Կոջոյանի, Հր. Աճառյանի բրոնզե քանդակների հետ: Եվ այդպես շարունակվում է արձանավերությունը, վիրավորանքն ու անարգանքը մշակույթին ու արվեստագետի գործինՙ հանուն պղնձի մի քանի կտորիՙ անհետեւանք, անպատիժ: Նույն բախտին արժանացավ նաեւ Տիգրան Արզումանյանի «Լեռնային պար» կոփածո պղնձե քանդակըՙ «Դվին» հյուրանոցի հարեւանությամբ վաղուց տեղադրվածՙ երեւանյան առաջին դեկորատիվ արձանախումբը, 4 մ բարձրությամբ, 6 ֆիգուրներից կազմված: Քանդակը շուրջ 10 տարի հյուրանոցային համալիրի «բարեկարգման» աշխատանքների պատճառով հայտնվել էր շինարարական ցանկապատի շրջափակման մեջՙ անցորդների տեսադաշտից դուրս: Քանդակագործն ասում էՙ օրը մի քանի անգամ մեքենայով անցել- դարձել է Պռոշյան փողոցով, սակայն չի նկատել, որ քանդակն ավերված է, պղնձե ֆիգուրների մի մասը հորիզոնականՙ ներքեւիՙ չերեւացող մասով կտրել-տարել են: Շուրջ մեկամյա պայքարից, մամուլի միջոցով հարցը հրապարակայնացնելուց հետո հնարավոր է եղել որոշ գումար ստանալ եւ այդ սուղ միջոցներով վերականգնել քանդակը: «Դվին» հյուրանոցի վերաշինության ավարտին դեռ տարիներ կան, այն նախատեսված է մինչեւ 2019 թվականը: Անվերահսկելի, անապահով վիճակի, քանդակի հետ մեկ անգամ եղածը կրկնվելու մտահոգությամբ հեղինակը տեղափոխության առաջարկով դիմել է համապատասխան մարմիններինՙ Երեւանի քաղաքապետարանին եւ մշակույթի նախարարությանը: Առաջարկությունը քննարկման փուլում է. ամենայն հավանականությամբ «Լեռնային պարը» կփոխի իր նախկին տեղը եւ թերեւս հանգրվանի Գլխավոր պողոտայի սկզբնամասային հատվածում: Այդ նույն վայրում նախատեսված է հեղինակի եւս մեկ գործ, որի աշխատանքները ընթացքի մեջ են: 2017-ին այնտեղ կտեղադրվի խորհրդահայ պետական - կուսակցական գործիչ Կարեն Դեմիճյանի քանդակըՙ ծննդյան 85-րդ տարում: Գետնից 3.70 մ. բարձրությամբ, սպիտակ քարից, մարմարակերտ քանդակը հեղինակի մտահղացմամբ բնորոշելու է սովետահայ ժամանակների ամենախարիզմատիկ ղեկավարներից մեկի գործունեության հիմնական ուղղությունը: Իր ողբերգական մահից առաջ ձեւավորված ընդդիմադիր-ազգային գործչի նրա կերպարի մասին Տիգրան Արզումանյանը այսպիսի կարծիքի է. «Այդ կերպարը չհասցրեց մնալ ժողովրդի հիշողության մեջ: Նա իհարկե ինտելեկտուալ անձնավորություն էր, լայն մտահորիզոն ունեցող, ամենաբնութագրականը սակայն շինարարի իր կերպարն է: Քանդակի կոմպոզիցիան ամողջովին ֆիգուրատիվ չի լինելու, մի մասը քարի մեջ է, ղեկավար- շինարարի կերպար է ներկայացվելու, ձեռքըՙ մեծ բլոկով քարի վրա, Ղարաբաղի սպիտակ մարմարից, ետեւիՙ կանաչ ֆոնին: Մեր քաղաքում գորշ արձաններ շատ եղան վերջերս...»: Տեղին է վերհիշեցնել Տիգրան Արզումանյանի մեկ այլ գործի` Մխիթար Սեբաստացու անավարտ մնացած արձանի մասին եւս: Տարիներ առաջ, դեռ 2000-ից նա սկսեց աշխատանքները, 3 մետրանոց, իրական չափսի գիպսե քանդակը պատրաստ էր, արվեստանոցում դրված, ֆինանսներ չլինելու պատճառով բրոնզաձուլման աշխատանքները, սակայն, ձգձգվում էին: Որոշված էր արձանի տեղադրման վայրըՙ Թումանյան եւ Սպենդիարյան փողոցների խաչվող մասի գողտրիկ հրապարակը, որտեղ ժամանակին փակցված կար ցուցատախտակ այդ մասին, եւ ճարտարապետական լուծումն էլ արված էր: Քաղաքապետարանի որոշմամբ 2000-ի հոկտեմբերին հրապարակը անվանակոչվեց Մխիթար Սեբաստացու պատվին: Քանդակը, սակայն, չտեղադրվեց, իսկ անավարտ գիպսե աշխատանքը արվեստանոցի բակում երկար մնալուց վնասվեց. մոդելն իհարկե պահպանվում է: Քանդակագործը հույսը չի կորցնում, որ մի օր կգտնվեն անհրաժեշտ ֆինանսներ, եւ մեր մշակույթի ամենախոշոր գործիչներից մեկի արձանը, որի հիմնադրած Մխիթարյան միաբանությունը արդեն 315 տարի մնում է որպես հայ սփյուռքի ամենահեղինակավոր հոգեւոր- կրթական- մշակութային կենտրոններից մեկը, հանդիսանալով հայապահպան կարեւորագույն օջախ, իր արժանավոր տեղը կունենա մեր քաղաքումՙ նոր գույն ավելացնելով քաղաքի նկարագրին ու պատմությանը: ...Կարծում ենքՙ այն անհրաժեշտ էր իրագործել Հռոմի Ֆրանցիսկոս 1-ին պապի հայաստանյան այցի առիթով, հունիսի այս օրերին... Նկար 1. Մխիթար Սեբաստացու արձանը Նկար 2. «Լեռնային պար» խմբաքանդակը |