«ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՂԹՕՋԱԽՆԵՐԻ ԱՐՎԵՍՏԸ» Մարիամ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ԵՊՀ Հայ արվեստի պատմության եւ տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի դասախոս 2-րդ միջազգային գիտաժողովը Գդանսկում 2016 թ. հունիսի 16-18-ը Լեհաստանի Գդանսկ քաղաքի Ազգային թանգարանում տեղի ունեցավ «Հայ արվեստը գաղթավայրերում» 2-րդ միջազգային գիտաժողովը: Արդեն երկրորդ անգամ, Համաշխարհային արվեստների ուսումնասիրության լեհական ինստիտուտը եւ Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանը ձեռնամուխ են լինում հայկական գաղթավայրերի արվեստին նվիրված գիտաժողովի կազմակերպմանը: ՀՀ Մշակույթի, սպորտի եւ երիտասարդության նախարարությունների, ինչպես նաեւ Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հովանավորության շնորհիվ Երեւանի Պետական համալսարանի Հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի հինգ անդամներ կարողացան մեկնել Գդանսկ եւ մասնակցել այս կարեւոր ձեռնարկին: Գիտաժողովի բացման արարողությանը մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Գդանսկի հայ համայնքի ղեկավար, նկարիչ Գագիկ Պարսամյանը, Գդանսկի Ազգային թանգարանի տնօրեն Վոյչեխ Բոնիսլավսկին, Համաշխարհային արվեստների ուսումնասիրության լեհական ինստիտուտի նախագահ պրոֆեսոր Յեժի Մալինովսկին, ինչպես նաեւ գիտաժողովի գլխավոր կազմակերպիչ եւ համակարգող, Համաշխարհային արվեստների ուսումնասիրության լեհական ինստիտուտի փոխնախագահ, պրոֆեսոր Վալդեմար Դելուգան: Բացման խոսքերում բոլոր ելույթ ունեցողները կարեւորեցին հայ-լեհական մշակութային հարաբերությունների զարգացման եւ գիտաժողովի կազմակերպման կարեւորությունը: Գիտաժողովին հանդես եկան թվով 17 գիտնականներՙ ԱՄՆ-ից, Սերբիայից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, Հունաստանից, Հունգարիայից, Ուկրաինայից, Բելոռուսից, Լեհաստանից, որոնք արծարծեցին հայ արվեստին նվիրված ամենատարբեր հարցեր: Հայկական մանրանկարչության վերաբերյալ հնչեցին չորս զեկուցումներ. Երեւանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության եւ տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ Լեւոն Չուգասզյանի զեկուցումը վերաբերում էր 1197 թ. Կիլիկիայում ստեղծված եւ այժմ Լեհաստանի ազգային գրադարանում պահվող «Լվովի ավետարանի» գեղարվեստական ձեւավորման առանձնահատկություններին եւ, մասնավորապես, լուսանցազարդերին: Լ. Չուգասզյանը համեմատական հարուստ նյութի հիման վրա ներկայացնում էր լուսանցազարդերի գեղարվեստական առնչությունները եւ զուգահեռները Միջերկրածովյան երկրների գեղարվեստական հուշարձանների հետ: ԵՊՀ Հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի հայցորդ Ի. Դանիելյանը գիտաժողովին ներկայացրեց Նոր Ջուղայի նկարազարդ ձեռագրերի հավաքածուն եւ Կիրակոս Թավրիզեցու 1330թ. Ավետարանըՙ վեր հանելով հայ եւ իսլամական արվեստների փոխազդեցությունները: Այս զեկուցումը Ի. Դանիելյանի վերջերս Նոր Ջուղա կատարած գիտական այցի ընթացքում ձեռք բերած նյութերի ուսումնասիրության արդյունքն էր: Հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի եւ Մոնպելյեի Պոլ Վալերի համալսարանի ասպիրանտ Էմմա Չուգասզյանի զեկուցումը նվիրված էր Հեթում 2-րդի Ճաշոցի լուսանցազարդում պատկերված «Դանիելի տեսիլքը» տեսարանի, հայկական մանրանկարչության ու պարսկական սեֆեւյան շրջանի արվեստի աղերսներին: Դոկտոր Կատարժինա Նովակ-Կոմարը (Լոնդոն) ներկայացրեց 17-րդ դարում հայկական գաղթավայրերումՙ մասնավորապես Ղրիմում, Կ. Պոլսում, Նոր Ջուղայում եւ Լեհ-լիտվական հանրապետությունում ստեղծված մանրանկարներում կիլիկյան մանրանկարչական ոճի դրսեւորումները: Բանախոսը հիմնականում շեշտադրել էր զարդանախշերը, խորանները, անվանաթերթերը եւ լուսանցազարդերը: Գիտաժողովին ներկա էր նաեւ ԱՄՆ մայրաքաղաքից հայազգի անկախ հետազոտող, արվեստի պատմաբան Բեաթրիս Թոլիջյանը , որի զեկուցումը վերաբերում էր հյուսիս-արեւելյան Մակեդոնիայում 16-17-րդ դդ. հայերի ներկայությանը եւ հայկական եկեղեցիների ճակատների ձեւավորմանը: Փաստագրական նյութը հենված էր 16-րդ դարի թուրքական հարկային գրանցամատյաններից, ինչպես նաեւ 16-17-րդ դդ. Օսմանյան կայսրությունում եւ, մասնավորապես Բալկաններում, հայերի ունեցվածքի գույքագրմանն առնչվող փաստաթղթերից վերցված տեղեկությունների վրա: Հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի դասախոս Լուսինե Սարգսյանի զեկուցումը 18-րդ դարի վերջին եւ 19-րդ դարում Ռումինիայի Գեռլա (Հայաքաղաք-Արմենոպոլիս) քաղաքում ապրած եւ ստեղծագործած ռումինահայ խոշոր մտավորական Զաքարիա Գաբրուշյանի ձեռագիր ժառանգության մասին էր: Իր ելույթի հիմք հանդիսացող նյութերը Լ. Սարգսյանը հավաքել էր Ռումինիայում հայկական մանրանկարչության եւ տպագիր գրքի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու ընթացքում: Հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի դասախոս Մարիամ Վարդանյանի զեկուցումը վերաբերում էր Բուխարեստի (Ռումինիա) հայկական թանգարանի արծաթակազմ գրքերի հավաքածուին, որոնք ներկայացվեցին առաջին անգամ: Մ. Վարդանյանը մի քանի տարի շարունակ ուսումնասիրել է Բուխարեստի հայկական թանգարանի եւ եկեղեցու, ինչպես նաեւ Ռումինիայի մյուսՙ երբեմնի հայաշատ քաղաքներում պահվող արծաթե նմուշների հավաքածուները: Իր նշանակությամբ չափազանց կարեւոր էր Հունգարիայի Պիտեր Պազմանի Կաթոլիկ համալսարանի դասախոս Պիտեր Պալ Կրանիցի զեկուցումը Գեռլայից (Ռումինիա) Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ գողացված հայ արվեստի գանձերի եւ դրանց հետագա ճակատագրի մասին: Բոխումի Ռուհր համալսարանի ասպիրանտ Նիկոլետ Ցեզարը ներկայացրեց իր ուսումնասիրությունը Հունգարիայի հայկական թանգարանի վերաբերյալ: Ուկրաինայում հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրող, Լվովի Գեղարվեստի ակադեմիայի դոկտոր Իրինա Հայուկը անդրադարձավ Լվովի հայկական Տիրամոր Ննջման տաճարի մի քանի սրբապատկերների որոշարկման հարցերին: Բելոռուսիայից քարտեզագետ, դոկտոր Ռուբեն Աթոյանի զեկուցումը վերաբերում էր Մխիթարյան միաբանության քարտեզագրական ժառանգությանը: Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանի եւ Համաշխարհային արվեստների ուսումնասիրության լեհական ինստիտուտի դոկտոր Մագդալենա Տարնովսկան իր զեկուցման համար որպես նյութ ընտրել էր լեհահայ գեղանկարիչ Ռաֆալ Հաջիեւիչի (1803-1886թթ.) կյանքն եւ ստեծագործական ժառանգությունը: Լինքոլնի համալսարանի դոկտոր Էլիսոն Ուարթոնի զեկուցումը վերաբերում էր 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին իսլամական ու հայկական արվեստների գործերի առք ու վաճառքով զբաղվող հայազգի նշանավոր հնահավաքներ Տիգրան Խան Քելեքյանին եւ Հակոբ Գեւորգյանին եւ Լոնդոնի տարբեր աճուրդային տների ու թանգարանների ղեկավարության նամակագրությանը: Հայոց ցեղասպանությունից, ինչպես նաեւ Խորհրդային Միության փլուզումից հետո բազմաթիվ հայեր բնակություն հաստատեցին Հունաստանում: Դոկտոր Թեմիստոկլիս Պապադոպուլոսը (Հունաստան) անդրադարձավ Հունաստանի հայկական համայնքի դեմոգրաֆիական, կրոնական, կրթական եւ լեզվական խնդիրներին, ինչպես նաեւ հունական հասարակության մեջ հայերի գրաված դիրքին: Թեսալոնիկի Արիստոտելի համալսարանից Իոանա Միրչան , Թեսալոնիկի հայ համայնքի ներկայացուցիչների խնդրանքով գիտաժողովում ներկայացրեց զեկուցում Թեսալոնիկի հայկական գերեզմանատան քանդակների վերաբերյալ: Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիշինսկու համալսարանից երիտասարդ գիտնական Դոմինիկա Մակիոսի զեկուցումը նվիրված էր 1895-1939 թթ. լեհական մամուլում Հայաստանի եւ հայերի վերաբերյալ տեղ գտած պատկերազարդումները: Թեեւ լեհական պատկերազարդ ամսագրերը հիմնականում լուսաբանել են Լեհաստանի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքին վերաբերող թեմաներ, այդուհանդերձ դրանք ուշագրավ են նաեւ «Արեւելյան հարցի», գլխավորապես Օսմանյան կայսրության վերաբերյալ տպագրված «Հայկական հարցին» առնչվող նյութերի տեսանկյունից: Ի դեպ, լեհական մամուլում հայկական թեմաներին վերաբերող պատկերները առաջին անգամ են դառնում ուսումնասիրության թեմա եւ ներկայացվում: Վերջին զեկուցողը, կրկին Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիշինսկու համալսարանից, երիտասարդ գիտնական էր, Մագդալենա Պիեչիկը , որն ամփոփ կերպով ներկայացրեց հայ արվեստի ուսումնասիրության գործընթացը Լեհաստանում: Բանախոսը նշեց, որ հայ արվեստի եւ մշակույթի ուսումնասիրությունը Արվեստների պատմության ինստիտուտում սկսվել է 2008 թ.: 2010 թ. նույն ինստիտուտը Զամոշչ քաղաքում կազմակերպեց ցուցահանդես, հրատարակեց կատալոգ, ինչպես նաեւ կազմակերպեց առաջին միջազգային գիտաժողովը «Հայ արվեստը գաղթօջախներում» խորագրով: Գիտաժողովի նյութերը հրապարակվեցին «Series Byzantina» հոդվածաշարի 9-րդ հատորում (2011թ.): Այս ժամանակից սկսած պրոֆեսորներ Վալդեմար Դելուգայի եւ Յոզեֆ Նաումովիչի ղեկավարությամբ գրվում են կուրսային, ավարտական, մագիստրոսական աշխատանքներ, ինչպես նաեւ դոկտորական թեզեր հայագիտական տարբեր թեմաներով: Հայագիտության նկատմամբ հետաքրքրությունը առաջացել է այն բանից հետո, երբ հայտնաբերվել է լեհահայերի Մշակույթի եւ ժառանգության հիմնադրամի արխիվը, որը գտնվում է համալսարանի հարեւանությամբ: Գիտաժողովի ներկայացված բոլոր զեկուցումները կհրատարակվեն «Series Byzantina» հոդվածների ժողովաժուի հերթական հատորում: Գիտաժողովը տեւեց երեք օր, որի ընթացքում կազմակերպվեց այցելություն Գդանսկի հայկական կաթողիկե Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին: Այն կառուցվել է 1393-1516 թթ. եւ հանդիսանում է քաղաքի ամենամեծ գոթական եկեղեցիներից մեկը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եկեղեցին ռմբակոծվել, ապա հրդեհվել է: Վերականգնման աշխատանքները սկսվել են միայն 1976թ. եւ ավարտվել 2000թ.: Բոլորովին վերջերս եկեղեցու բակում տեղադրվել է Հայաստանից բերված մի խաչքար, որը ներկայիս փոքրաթիվ հայկական համայնքի համախմբման եւ հանդիպման սիրելի վայրն է դարձել: «Հայկական գաղթօջախների արվեստը» գիտաժողովը շարունակական բնույթ է կրում, եւ հետագայում էլ Համաշխարհային արվեստների ուսումնասիրության լեհական ինստիտուտը եւ Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանը մտադիր են պարբերաբար կազմակերպել նմանատիպ հանդիպումներ: Այս հանդիպումները կարող են մեծ խթան հանդիսանալ, որպեսզի առավել մեծ թվով հայ եւ օտար գիտնականներ ձեռնամուխ լինեն հայ արվեստի ուսումնասիրմանը: Հատկապես ուրախալի էր այն փաստը, որ վաստակաշատ գիտնականների կողքին գիտաժողովին մասնակցում էին հայ արվեստով հետաքրքրված մեծ թվով երիտասարդ գիտնականներ: Սա նաեւ հրաշալի առիթ էր հայ արվեստն ուսումնասիրող հայ եւ օտար գիտնականների միջազգային համագործակցությունը ամրապնդելու առումով: Նկար 1. Գիտաժողովի մասնակիցները Գդանսկի հայ կաթողիկե Սուրբ Պողոս եւ Պետրոս եկեղեցու բակում |