«ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՖԻԼՄԵՐԸ» ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի Հայրենական կինոնկարների ոչ մայրաքաղաքային երկրորդ փառատոնը Գյումրիում էր Նռանե Գրիգորյան, Աննա Սաֆարյան, Լիզա Պետրոսյան, Մանե Սարգսյան : Այս աղջիկները դեռ ընդամենը ուսանողներ են, նոր են բոլորել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի «արվեստի կառավարում» բաժնում ուսումնառության երկրորդ տարին, բայց միասին անցյալ տարվանից արդեն երկու անգամ լուրջ կինոփառատոն են կազմակերպում ու հաջողությամբ անցկացնում: Այն էլՙ մայրաքաղաքից դուրս, Հայաստանի հյուսիսի երկու տարբեր քաղաքներում: Ահա մի ոգեւորիչ օրինակ այն բանի, թե ինչ կարող են անել երիտասարդ մարդիկ, եթե գիտակ են, լի ստեղծագործական գաղափարներով, անսահման երեւակայությամբ ու եռանդով: Հենց այս հատկանիշներով էլ միավորվելով ինստիտուտի իրենց բաժնի ղեկավար Արթուր Ղուկասյանի արվեստանոցում, աղջիկները համախոհ եւս երկու կուրսընկերուհիների հետ անցյալ տարի ստեղծեցին արվեստի երիտասարդ կառավարիչ-մենեջերների մի խումբ ու սկսեցին աշխատել: Ափսոս միայն, որ խումբը, գուցե ինչ-ինչ պահանջով, պաշտոնապես կոչել են «Դը նեյմ պրոդաքշըն» օտար անվամբՙ այնքա՜ն ոչ համահունչ իրենց գոնե Նռանե, Նանե սքանչելի հայկական անունների ու կատարած ազգաշահ գործի ոգուն: «Մենք ենք, մեր ֆիլմերը» կինոփառատոնի պարագայում այդ գործն ու նպատակը մերօրյա հայ կինոն, ոչ կոմերցիոն կինոն հանրապետության մարզերում ներկայացնելն է եւ այնտեղ մշակութային կյանքի աշխուժացմանը նպաստելը: Ահա թե ինչու Երեւանում այն չի անցկացվում: Առաջին փառատոնն անցյալ տարի կազմակերպվեց Ստեփանավանում, որը հռչակվել էր Հայաստանի 2015 թ. երիտասարդական մայրաքաղաք: Նույն հատկանիշով էլ երկրորդն այս տարի անցկացվեց Գյումրիում` հուլիսի 7-ից 10-ը: Վերջին տարիներին տարբեր երկրների կինոնորություններից Գյումրիում էլ ինչ-որ բան ցուցադրելու առանձին դեպքեր եղել են: Սակայն հայրենական արտադրության կինոնկարների փառատոնը քաղաքիս հանդիսատեսի համար նախ պիտի պարզերՙ այսօր հայ որոշ ճանաչված ռեժիսորների առանձին գործերից ու մանավանդՙ մեր հեռուստաէկրանները հեղեղած հիմնականում սիրտ խառնող հոգեսպան սերիալներից բացի կա՞ ժամանակակից հայկական իսկական կինո, ծնվո՞ւմ են քիչ թե շատ արժեքավոր շարժանկարներ: Փառք Աստծո, փառատոնի առաջին իսկ օրը ցուցադրված Լուսինե Սարգսյանի «Շքամուտք» գեղարվեստական ժապավենը հաճելիորեն հուսադրեց, իսկ նաեւ հետագա օրերի մյուս ցուցադրությունները կարծես թե բավականին փարատեցին այս մտահոգությունը: Ստեփանավանից հետո, որտեղ ցուցադրվել էր 10 ֆիլմ, այս տարվա Գյումրու փառատոնն ուներ թարմ եւ առավել հարուստ ծրագիր, որում ներառված էին վերջին երեք-չորս տարիների հայկական արտադրության գեղարվեստական եւ վավերագրական, կարճամետրաժ ու լիամետրաժ, ինչպես նաեւ ուսանողական ֆիլմեր, թատրոնի ու կինոյի ինստիտուտի շրջանավարտների դիպլոմային աշխատանքներ: Ծրագիրը բավական հագեցած էրՙ չորս օրում 18 ֆիլմ, որոնք ցուցադրվում էին հիմնականում քաղաքի «Հոկտեմբեր» (այսօր միակ) կինոթատրոնում, իսկ այս փառատոնի նորություն ուսանողական գործերըՙ «Նանսի» սրճարանում: Երկու մանկապարտեզներում էլ կազմակերպվել է մուլտֆիլմի ցուցադրություն: Հետաքրքրական գործերը քիչ չէին, դրանց թվում էին ռեժիսոր Գագիկ Մադոյանի «Ճանապարհ» , Դիանա Կարդումյանի ՙ գեղեցիկ ու ռոմանտիկ շնչով լի «Դիալոգներ» , Անդրանիկ Հարությունյանի «Արտ հոթել» , Մարինե Զաքարյանի «Փասիանի որսորդը» գեղարվեստական, Արամ Շահբազյանի «Փրկության քարտեզ» խաղարկային դրվագներով խիստ ուշագրավ ու կարեւոր, Մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված փաստավավերագրական, Արման Երիցյանի «Մեկ, երկու, երեք...» վավերագրական (բայց գեղարվեստականի աժեք ունեցող) եւ այլ ժապավեններ: Փառատոնի իրականացմանն աջակցել էին «Մոսկվա կինոթատրոն» ՍՊԸ-ն, Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Գյումրու քաղաքապետարանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ այլ կազմակերպություններ, կային նաեւ տեղեկատվական հովանավորներ: «Մենք ենք, մեր ֆիլմերը» Գյումրիում անցկացված փառատոնը եւս մի բան ի հայտ հանեց: Այն էՙ գյումրեցի հանդիսատեսը հեռացել է կինոյից, մեծ էկրանից: Համենայն դեպսՙ կինոթատրոն հաճախելու մշակույթը կարծես թե անցյալում է մնացել: Պատճառներն, իհարկե, տարբեր են ու բազմակողմ: Փառատոնի կինոցուցադրումներին մուտքն ազատ էր, բայց էլի շատ քիչ մարդ էր գալիս: Թերեւս մի պատճառ էր նաեւ տեղեկատվության պակասը: Փոխարենը կինոթատրոնի ներսում բոլոր ցանկացողներին միշտ հասանելի էին ե՛ւ ֆիլմերի ծրագիրը, ե՛ւ դրանց մասին հակիրճ տեղեկատվական թերթիկները: Նրանց միշտ պատրաստակամ ու սիրալիր ընդունում էին միջոցառման կազմակերպիչները: Բայց մի բան հատկապես ուրախալի էր: Եկող հանդիսատեսը հիմնականում երիտասարդությունն էր: Եվ այս հրաշալի փառատոնի երիտասարդ կազմակերպիչներն էլ, նաեւ քննարկումների ժամանակ շփվելով նրանց հետ, գոհ էին ու իրենք էլ կարծես նոր խթան ստացան: «Անչափ շնորհակալ ենք Գյումրու մեր հանդիսատեսին այդքան ջերմության համար»,- գրել են նրանք իրենց խմբի ֆեյսբուքյան էջում: |