«ԳՐԱԿԱՆ ԳՅՈՒՄՐԻ» Գեղամ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի Գյումրու «Դպիր» հրատարակչությունը պետական աջակցությամբ լույս է ընծայել «Գրական Գյումրի» ալմանախ-ժողովածուն, որն իր ընդգրկմամբ արտացոլում է քաղաքի եւ Շիրակի մարզի արդի գրական գործընթացի գրեթե ամբողջական պատկերը: Ժողովածուի շնորհանդես-գինեձոնը երեքշաբթի, Շիրակի իր մարզային գրասենյակում կազմակերպել էր Ռամկավար Ազատական կուսակցության վարչությունը: Ներկա էին տպագրված ստեղծագործությունների հեղինակներ, քաղաքային եւ մարզային իշխանության, գրողների միության, գրասեր հասարակայնության ներկայացուցիչներ: Մոտ 400 էջանոց ժողովածուում, որը ներկայացրեց հրատարակիչ Հովիկ Կարապետյանը , ընդգրկված են տեղում ապրող 56 հեղինակների չափածո, արձակ եւ դրամատուրգիական գործեր, նաեւ մեկ կինոսցենար կարճամետրաժ ֆիլմի համար: Հեղինակների տարիքը 80-ն անցից մինչեւ 18 է, ինչը տալիս է նաեւ այստեղ գրական սերնդափոխության վիճակը: Շնորհանդեսը վարող Հ. Կարապետյանը, ՀՀ մշակույթի նախարարությանն ու հրատարակչական գործակալությանը շնորհակալություն հայտնելով ժողովածուի հրատարակության պետական համաֆինանսավորման (50 տոկոս ֆինանսավորման) համար, մասնավորապես տեղեկացրեց, որ գրքի օրինակներ հեղինակներին նվիրելու համար ֆինանսավորել է Ռամկավար Ազատական կուսակցությունը: Նվիրելու պարտականությունը հաճույքով կատարեց ՌԱԿ ատենապետ, «Ազգի» գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: «Այսօր մենք ուրախ առիթով, բայց կոտրված սրտով ենք մասնակցում այս շնորհանդեսին,- նկատի ունենալով նույն օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունները, իր խոսքում ասաց Հ. Ավետիքյանը, հույս հայտնելով, որ դրանք այնուամենայնիվ խաղաղ ավարտ կունենան:- Ինչ վերաբերում է մեր այս գովելի եւ քաջալերիչ շարժառիթին, սա մի ավելորդ անգամ ընդգծում է նաեւ, որ այո, Շիրակը, Գյումրին այն վայրն է մեր հայրենիքի, որ անընդհատ ստեղծագործական «էշխի» մեջ է: Եվ դա, ես կասեի, արդյունք է ոչ միայն հողի, ջրի, այլեւ արդյունք է քաղաքակրթության, որն ունեցել է եւ ունի այստեղ ապրող ու նաեւ Արեւմտյան Հայաստանից այստեղ հաստատված մեր ժողովուրդը»: Գրքի խմբագիր, բանաստեղծուհի Սուսաննա Ասատրյանը , խոսելով ալմանախ-ժողովածուի մասին, նշեց, թե «Գրական Գյումրին» նորություն է իր գրական-գեղարվեստական արժեքի առումով: Ժողովածուի հրատարակությունն արժեւորեցին ու շնորհավորեցին նաեւ Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը , «Շիրակ» հայրենակցական միության նախագահ Վարազդատ Ավոյանը , Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Անդրանիկ Կարապետյանը , ուրիշներ: «Գրական Գյումրին» լույս է ընծայվել գրողների միության մարզային բաժանմունքի երաշխավորությամբ, 400 օրինակ տպաքանակով: |