RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#026, 2016-07-08 > #027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 22-07-2016



Տեղադրվել է` 2016-07-21 23:50:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 3923, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՒՇԱԳՐԱՎ ՈՒՍՈՒՄԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐ ՀԱՅՔԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հրաչյա ԱՍՄԱՐՅԱՆ, Պատմ. գիտ. թեկնածու

Բարձր Հայքըՙ հայ ժողովրդի բազմադարյան պատմության ընթացքում մեծ դեր է ունեցել միջնադարյան Հայաստանի տնտեսական, քաղաքական եւ մշակութային կյանքի զարգացման բնագավառում: Դա մի տարածք էր, որտեղ ձեւավորվել է հայ ժողովուրդը, կառուցվել են տաճարներ, նաեւ գրչության եւ մանրանկարչության խոշոր կենտրոններՙ առնչվելով Գլաձորի, Տաթեւի, Կիլիկիայի, Ղրիմի եւ Պալելոգիական արվեստի նմուշների հետ: Այդ տարածքից գտնվել են տարբեր ժամանակներում բազմաթիվ ձեռագրեր իրենց մանրանկարչական զարդաձեւերով: Այդ հիմնահարցին է նվիրված հայ մանրանկարչության ուսումնասիրության երախտավոր, արվեստագիտության դոկտոր Էմմա Կորխմազյանի «Բարձր Հայքի մանրանկարչությունը ԺԱ-ԺՉ դդ.» ուսումնասիրությունըՙ ակնարկների ձեւով, որը վերջերս լույս ընծայեց «Մատենադարանի» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտը: Այդ աշխատությունը Էմմա Կորխմազյանի երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն է:

Վերոհիշյալ աշխատությունը խմբագրել եւ առաջաբանը գրել են դոկտոր Ստելլա Վարդանյանը եւ Գեւորգ Տեր-Վարդանյանը :

Արվեստագիտության դոկտոր Է. Կորխմազյանը Մ. Մաշտոցի անվան մատենադարանի հիմնադիրներից մեկն է, աշխատել է ակադ. Լեւոն Խաչիկյանի, Բաբկեն Չուգասզյանի, Սեն Արեւշատյանի, դոկտորներ Ասատուր Մնացականյանի, Գեւորգ Աբգարյանի, Հակոբ Փափազյանի, Փայլակ Անթաբյանի, Հակոբ Անասյանի, Աստղիկ Գեւորգյանի, Արտյուշա Մաթեւոսյանի, Հրավարդ Հակոբյանի, Էդուարդ Բաղդասարյանի եւ շատերի հետ եւ իր ներդրումն է ունեցել մանրանկարչության արվեստի ուսումնասիրության գործում: Է. Կորխմազյանը աշխատել է նաեւ պետերբուրգյան դպրոցի նշանավոր արվեստագետներ Լիդիա Դուռնովոյի եւ Տատյանա Իզմայիլովայի հետ:

Ցավոք, դարերի ընթացքում Դարանաղի եւ Եկեղյաց գավառների գրչատներում ստեղծված պատմական շատ հուշարձաններ խաթարվել եւ ոչնչացվել են բարբարոս ցեղերի կողմից: Բայց եւ այնպես հիշյալ հուշարձաններից եւ մանրանկարչական ձեռագրագիտական նմուշների վրա պահպանվել են մի շարք նյութեր, որոնք ուսումնասիրողներին գաղափար են տալիս մանրանկարչական արվեստի այդ դպրոցի զարգացման մասին:

Բարձր Հայքըՙ պատմական Հայաստանի հյուսիս-արեւմտյան նահանգներից մեկը, համարվել է նաեւ Աստվածաշնչում հիշատակված դրախտը, որտեղից սկիզբ են առնում Տիգրիսն ու Եփրատը, վերջինս հոսում է Պարսից ծոց- Գայլն ու Ճորոխ գետերըՙ Սեւ ծով, նաեւ Փիսոն եւ Գեհոն գետերը: Այդ գետերը հարուստ են եղել բնական հումքի պաշարներով, ձկներով, արծաթով, ջերմուկով: Հնագույն շրջանում գործել են Բարձր Հայքում հեթանոսական տաճարներ նվիրված լինելով Արեգակի ու Լուսնի աստվածներին, որոնք հետագայում ձեւափոխվել են դառնալով Հայոց քրիստոնեական եկեղեցական կենտրոններ: Սակայն գտնվելով Թուրքիայի ներկայիս տարածքում, հայ հնագետներին չի հաջողվել մոտիկից տեսնել եւ ուսումնասիրել այդ հուշարձանները: Բայց որքան էլ որ ուսումնասիրել են մասնագետները, այնուամենայնիվ դա իր մնայուն արժեքն է ունեցել, քանի որ հնագույն շրջանից սկսած տարբեր ժողովուրդներ ու ցեղեր արշավել են այդ տարածքը եւ շփումների ընթացքում իրենց հետքը թողել են այնտեղ կառուցված հուշարձանների, ինչպես նաեւ ձեռագրագիտական կոթողների վրա: Ով ասես որ չի անցել այդ տարածքովՙ բյուզանդացիներ, արաբներ, թաթար-մոնղոլներ, սելջուկ-թուրքեր, թուրքոմաններ եւ այլն: Սակայն այդ շփումների ընթացքում Բարձր Հայքի մանրանկարչական դպրոցը մնացել է ինքնատիպ:

Այստեղ Դ դարի վերջում Գրիգոր Լուսավորիչը հիմնել է Թադեւոս Առաքյալին եւ Հովհաննես Մկրտիչին նվիրված եկեղեցիներ:

Եկեղյաց գավառից էր Հովհան Եկեղեցացին, առաջիններից մեկը, որ այդտեղ ձեռագիր է գրել:

Բարձր Հայքի քաղաքները միջնադարյան Հայաստանի առեւտրի ու արհեստների կարեւոր կենտրոն են եղել: Այս իմաստով ուշագրավ է իտալացի ճանապարհորդ Մարկո Պոլոյի ճանապարհորդությունը Երզնկայով, ուր ականատեսը վկայում է, որ «Մեծ Հայքը տարածուն երկիր է եւ այն սկսվում է Երզնկա քաղաքից, ուր արտադրվում էր աշխարհի ամենալավ բոկարանը (բրդե գործվածք»): Ճանապարհորդը վկայում է նաեւ, որ այստեղ կան նաեւ ընտիր բաղնիքներ եւ շատ լավ ջերմուկներ:

Արվեստաբան Է. Կորխմազյանը հիշատակում է Հ. Ոսկյանին, որը գրել է, որ այդ տարածքում գործել են «100 եկեղեցի ու վանք»: Հենց այս եկեղեցիներում ու վանքերում են ստեղծվել մանրանկարչական արվեստի լավագույն նմուշները:

Ուսումնասիրողը հիշատակում է մի քանի նմուշներՙ Մատենադարանում պահվող Հ. 2877, 6264 ձեռագրերը, Մշո Ճառընտիրը, որը գրվել է 1200-1202 թթ., ինչպես նաեւ Երզնկայի «Աստվածաշունչը» եւ Կարինում գրված մի քանի ձեռագրերը:

Հեղինակը մեկ առ մեկ քննարկում է Բարձր Հայքում ԺԱ եւ ԺԲ դարերում ստեղծված մանրանկարչական արվեստի գանձերը: Բերում է երկու ձեռագիրՙ հ. 2877 եւ 1089 թ., եւ աշխատում է ցույց տալ, որ այդ երկու ձեռագրերը ստեղծվել են Բարձր Հայքում, առաջինը Երզնկա քաղաքում, իսկ երկրորդը Կարինում եւ թեմատիկ առումով իրար մոտ են:

6264 համարի ձեռագիրը, գրվել է Կարինում գործող Խաչկա վանքում եւ նվիրաբերվել քաղաքին: Ավետարանում պահպանվել են 4 ավետարանիչների պատկերներըՙ «Ավետման» եւ «Ծննդյան» տեսարաններով: Այս առիթով Է. Կորխմազյանը բերելով Աս. Մնացականյանի տեսակետը, որ «խորանները տաճարային կառուցվածքի վերարտադրությունն են», հիմնավորում է այդ տեսակետը: Է. Կորխմազյանը գտնում է նաեւ. «Ինչպես նվաճողների կողմից ասպատակված Հայաստանի քաղաքների եւ գյուղերի բնակչությունը, այնպես էլ այս ձեռագիրը գերեվարվել է, օտարության մեջ է եղել եւ զարմանալիորեն փրկվել»:

«Մշո ճառընտիրը» Մ. Մաշտոցի անվան մատենադարանում պահվող ամենամեծ ձեռագիրն է: Ճառընտիրում տեղ են գտել տարբեր ճառեր, ներբողներ, 7-րդ դ. Սեբեոս պատմիչի գրած Պատմությունից, հատվածներ, ինչպես նաեւ 151 թ. Ավարայրի ճակատամարտից առաջ զորավար Վարդան Մամիկոնյանի ճառը ուղղված իր զինվորներին, եւ հին աշխարհի նշանավոր դեմքերից մեկիՙ Աբրահամ Եփեսացու ներբողըՙ նվիրված Աստվածամորը: «Մշո այս Ճառընտիրը մեծ չափսերի է (70,5x55.5): Հավաքածուն բաղկացած է 625 թերթերից, որոնցից 17-ը պահպանվում են Վենետիկի եւ մեկ թերթը Վիեննայի մատենադարաններում, իսկ մյուս մեծ մասըՙ Երեւանի Մ. Մաշտոցի անվան մատենադարանում:

1915 թ. Հայոց Մեծ եղեռնի ժամանակ երկու հայ կանայք ձեռագիրը փոխադրել են հասցնելու Էջմիածին, սակայն ձեռագիրը ծանր լինելով մի մասը կորել է գաղթի ճանապարհին: Հետագայում հայտնաբերվել է Թիֆլիսում, որտեղ ռուսական բանակի սպա Նիկոլայ դե Ռոբերտին հանձնել է Էջմիածնի ձեռագրատանը: Ձեռագիր այս երկու մասերը միավորվել են եւ այժմ ցուցադրվում են Մատենադարանի Գլխավոր սրահումՙ 7729 համարի տակ:

1202 թ. սկսվում է Իկոնիայի սուլթան Ռուքն-էդ-Դինի արշավանքը Հայաստան, որի ընթացքում սպանվում է Ճառընտիրի պատվիրատուն, այդ ձեռագիրը ընկնում է Խլաթի թուրք դատավորի ձեռքը: Հայ հոգեւորականները 4 հազար արծաթ դրամով ձեռք են բերում այդ 2 փթանոց ձեռագիրը: Ճառընտիրը վերադարձվում է Սուրբ Առաքելոց վանք: Ձեռագրի պատվիրատուն Բաբերտի տեր պարոն Աստվածատուրն է, իսկ նկարիչըՙ Ստեփանոսը: Այս ձեռագիրը բովանդակում է երեք պատկեր. 1) Քրիստոսը պատվիրատուիՙ Աստվածատուրի հետ միասին, 2) Քրիստոսի ծնունդը, եւ այս առիթովՙ 3) Մոգերի երկրպագությունը: Քրիստոսը ներկայացված է երկնային գահին բազմած: Քրիստոսի ոտքերի տակ «տապալված վիշապի» պատկերն է: Մշո Ճառընտիրը իր աղերսներն ունի ինչպես Կիլիկյան, այնպես էլ ժամանակի մարնանկարչական այլ ձեռագրերի հետ:

Աշխատանքի հաջորդ գլուխը նվիրվել է 13-րդ դարի երկրորդ կեսի Երզնկայի Աստվածաշնչին (1269 թ.), որը ինչպես գրքի հեղինակն է նկատումՙ «հայ միջնադարյան գրչության արվեստի բացառիկ հուշարձան է: Այդ ձեռագրի պատվիրատուն եղել է Սարգիս եպիսկոպոսը, իսկ ձեռագիրը գրել են Մխիթարը, Հակոբոսը եւ Մովսեսը: Դա հայկական «ամենահին պատկերազարդ Աստվածաշնչերից մեկն է»:

Երզնկայի Աստվածաշնչում խորանի մեջ պատկերված է «Սինաի լեռան վրա կանգնած Մովսես մարգարեն»: «Հերոսի կողքին պատկերված է Իսրայելի ժողովրդի առաջնորդի վրա դրված առաքելությունը»ՙ մարդկության ազատագրումը: Այս աստվածաշունչը գրվել է երկու տարումՙ 1269-1270 թթ.: Ստեղծված լինելով Բարձր Հայքի տարածքումՙ Աստվածաշնչի մանրանկարները առնչվում են բյուզանդականՙ պալեոլոգիական արվեստի, ինչպես եւ այլ դպրոցների հետ:

Մեծ Հայքի ձեռագիր մատյանները իրենց զարգացումն են գտել 14-րդ դարի 1-ին կեսին եւ իրենց ընդհանրություններն ունեն բյուզանդական եւ այլ մանրանկարչական արվեստի հուշարձանների հետ:

Նշենք նաեւ, որ արվեստաբան Է. Կորխմազյանը մասնակցել է ՀՀ ԳԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի արշավախմբի աշխատանքներին (ղեկ. Ֆ. Բաբայան) Ղրիմի Ս. Խաչ հայոց եկեղեցու, ինչպես նաեւ Էջմիածնի Մայր տաճարի որմնանկարների վերականգնման աշխատանքներինՙ Լ. Դուռնովոյի ղեկավարությամբ:

Հայերեն եւ ռուսերեն լեզուներով տպագրված գրքի վերջում հրատարակվել են քարտեզներ Ստելլա Վարդանյանի կողմից կազմվածՙ Էմմա Կորխմազյանի 107 ձեռագրերի ուսումնասիրության հիման վրա, որտեղ ընդգծված են Բարձր Հայքի գրչության կենտրոնները:

Ուսումնասիրությունը նախատեսված է միջնադարյան արվեստիՙ մանրանկարչությամբ զբաղվող մասնագետների, պատմաբանների, գեղարվեստի բաժնի ուսանողների եւ լավ նվեր է հայկական հուշարձաններով հետաքրքրվող ընթերցողների համար:

Գիրքը հրատարակել է «Նաիրի» հրատարակչությունը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 22-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ