RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#026, 2016-07-08 > #027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 22-07-2016



ԳՈՒՅԺ

Տեղադրվել է` 2016-07-21 23:50:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 2694, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍ

Կյանքի 71-րդ տարում իր մահկանացուն կնքեց բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ պետական մրցանակի եւ Թեքեյան մշակութային միության «Վ. Թեքեյան» մրցանակի դափնեկիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսը:

Ծնվել է 1945 թվականի փետրվարի 17-ին, Երեւանում: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանի որդին է: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Հայաստանի պարբերական մամուլում (մեկնակետը «Կայծ» թերթի խմբագրությունն էր), «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1975 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ է: 1980-1990 թթ. հայկական հեռուստատեսությունում վարել է «Նորք» ամենամսյա գրական հանդեսը: Եղել է «Արեւիկ» հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահը, 1999-2003 թվականներինՙ ՀՀ Ազգային ժողովի երկրորդ գումարման պատգամավոր:

Գրել սկսել է վաղ պատանեկան տարիքից, տպագրվելՙ 1965 թվականից: Հեղինակել է շուրջ 25 բանաստեղծական, մանկական ստեղծագործությունների եւ թարգմանական գործերի ժողովածուներ, հրապարակախոսական եւ քննադատական հոդվածներ, էսսեներ, ռադիոպիես (ռուսերեն), որոնց թվումՙ «Երգերի պսակ» (1974), «Անցյալ կորուսյալ» (1979), «Նոր կյանք» (1983), «Տագնապներ» (1986), «Աղետի գոտի» (1989), «Տասնհինգ տարի անց» (1989), «Նոր քրոնիկոն» (2007), որի համար նույն տարում արժանացավ գրականության եւ հրապարակախոսության ոլորտում ՀՀ պետական մրցանակի, «Իմ առաջին գիրքը» (2013), «Անտիպ» (2015):

2015 թվականին բանաստեղծի 70-ամյա հոբելյանի առթիվ մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակվեց բանաստեղծի ստեղծագործական հատընտիրը:

Դավիթ Հովհաննեսը թարգմանել է աֆրո-ասիական, մերձբալթյան, ռուս, ուկրաինացի, ամերիկյան դասական բանաստեղծների: Ռուսերեն եւ անգլերեն լույս են տեսել նրա բանաստեղծական երեք ժողովածուները, ծավալուն շարքերով մշտապես ներկայացվել է հայ պոեզիայի օտարալեզու անթոլոգիաներում:

Ժամանակին «Գլավլիտը» խոր գրաքննության է ենթարկել նրա գործերըՙ տպագրելով խեղաթյուրված, կրճատումներով, որովհետեւ դրանք հակասում էին խորհրդային տարիների գրական համայնապատկերին, այս կամ այն կերպ շեղվում էին պարագայական միօրինակություններից: «Ես 50 տարի հետո տպագրեցի «Իմ առաջին գիրքը»,- խոսելով այս մասինՙ փաստել է բանաստեղծը. «Բանաստեղծությունը ամենաանհասկանալի ծագումնաբանություն ունեցող երեւույթներից է... Ես ասֆալտի վրա եմ ծնվել եւ մեծացել: Քաղաքի վայրենի շաչյունը, աղմուկը, բենզինը, ծուխը, մարդկանց խառնամբոխներն ազդել են ինձ վրա: Ես քաղաքին կապված եմ ատելության սիրով կամ սիրո ատելությամբ. եւ՛ ատում եմ, ե՛ւ սիրում եմ, եւ չե՛մ կարող ապրել առանց նրա: Հենց իմ նկարագրած քաղաքն է դառնում իմ բանաստեղծության նյութը, եւ դրա համար իմ բանաստեղծությունը շատ ծանր է եւ դժվարամարս: Այն քնից առաջ կարդալու եւ բարձի տակ դնելու բանաստեղծություն չէ...»:

Դավիթ Հովհաննեսի վերջին հրաժեշտըՙ այսօր, հուլիսի 22-ին, ժամը 12:00-14:00-ն, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը` ժամը 14:00-ին, Երեւանի քաղաքային պանթեոնում:

Անվանի պոետի, մեծ մտավորականի հիշատակը վառ կմնա մարդկանց սրտերում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 22-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ