RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#026, 2016-07-08 > #027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 22-07-2016



Տեղադրվել է` 2016-07-21 23:50:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 2310, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՖԻԼՄԵՐ

Իտալերենից թարգմանեց ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ

Մեկ տարի առաջ Բոլոնիայի (Իտալիա) կինոփառատոնում Ցեղասպանության դարադարձի առթիվ ներկայացված էին Եղեռնի ժամանակաշրջանի վավերագրական կինոխրոնիկա եւ մի քանի հայկական համր շարժանկարներ: Այդ առթիվ «Սպետտակոլի» պարբերականում լույս է տեսել կինոքննադատ, լրագրող Լուկա Պելեգրինիի հոդվածը: Թարգմանաբար ներկայացնում ենք հայերենՙ հաշվի առնելով հատկապես նրա պարունակած արժեքավոր տեղեկությունները Հայոց ցեղասպանությանն առնչվող նորահայտ կինովավերագրերի մասին:

ԼՈՒԿԱ ՊԵԼԵԳՐԻՆԻ


«Հիշողություններն անցյալի բեռ չեն, այլՙ քաղց»: Արտյոմ Մանվելյանը հայ ֆիզիկոս է խորհրդային կարգապահությամբ: Իր տանջված երկրի հետ կապը, սակայն, մնում է անլուծելի, եւ նրան պատվելու միակ ճանապարհը մնում է հիշողությունը կենդանի պահելը, անցյալը, ըստ էության, չմոռանալը: Այս հզոր եւ նուրբ կերպարը 1966 թ. մեծ տպավորություն է թողել Կաննի կինոփառատոնի էկրաններին: Հայ կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանը իր մոռացված «Բարեւ, ես եմ» ֆիլմում, լիովին միաձուլել է այդ խոսքերը եւ այդ ցանկությունը բարոյական եւ քաղաքացիական պարտքին: Խորհրդային Հայաստանի քաղաքացիները չէին կարող այլ կերպ վարվել: Կոմունիզմը ջնջել էր իրենց պատմությունը, ինչպես հիսուն տարի առաջ Օսմանյան կայսրությունը փորձել էր ջնջել իրենց գոյությունը: Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակը եւ արդարացիորեն Բոլոնյայի կինոփառատոնի «Կինոն հարյուր տարի առաջ» ծրագիրը բաց է արել մի վերք այդ խռովալից գլխումՙ ներկայացնելով հազվագյուտ դրվագներ, այդ թվում` անսպասելի հայտնագործություններ եւ նոր վերականգնված կինոկադրեր: Դրանք զանգվածային փախուստի, թշվառության տեսարաններ են, ապաստան փնտրող երեխաների, կանանց եւ տղամարդկանց պատկերներ: Մի խճանկար, որ Բոլոնյայի Չինեչիտան փորձել է վերակառուցել հետազոտական աշխատանքի միջոցով, կոտորածի անմիջական տեսողական փաստաթղթերի բացակայության դեպքումՙ 1915-ից հասնելով մինչեւ յոթանասունականների վերջը: Դժվարագույն մի սխրանք: «Քանի որ աշխարհը ցածր ձայնով է խոսում Հայոց ցեղասպանության մասին,- նշում է իր երկրի կինոյի պատմաբան Սիրանույշ Գալստյանը , - միջազգային կինոն ընդհանուր առմամբ հարգում է այդ լռությունը: Քիչ ֆիլմեր են նվիրվել այս սարսափելի ողբերգությանը եւ շատ առումներով ներկայանալի չեն»: «Այդ իսկ պատճառով մենք ստիպված էինք հիշել այս իրադարձությունըՙ առաջին համաշխարհային պատերազմի հետ միաժամանակ,- ասում է շվեյցարացի գիտնական Մարիան Լեւինսկին, որը տասներկու տարի էՙ Բոլոնյայի փառատոնի այս կարեւոր բաժնի համադրողն է:- Կան շատ տարբեր բնույթի պատկերներ. համր ֆիլմերից եւ ամենաառաջին հայկական կինոնկարից մինչեւ խորհրդային շրջանի որոշ լիամետրաժ ֆիլմերը: Կարեւորագույն վավերագրական ֆիլմեր են նկարահանվել 1911-1923 թթ.: Դրանց բացահայտումը դժվար է: Ընդամենը հինգ րոպե տեւող մի ժապավեն կա հազար ու մի եկեղեցիների քաղաք Անիից, որը գտնվում է լոնդոնցի ճիզվիտ հայր Ջոյե ա Բազիլեայի արխիվում (այժմՙ Լոնդոնում), որը ցնցում է միջնադարյան այս առասպելական քաղաքիՙ Հայաստանի թագավորության հնագույն մայրաքաղաքի փլատակների պատկերներով: Այն մաս է կազմել «Ամբրոսիանա անանուն ընկերակցության» առաջին ռեժիսոր Ջովանի Վիտրոտիի նկարահանած ֆիլմաշարի: Նա կովկասյան տարածաշրջանում նկարահանել է կարճամետրաժ փաստագրություններՙ մեծ ուշադրություն դարձնելով հայերի արվեստին, ավանդույթներին եւ սովորույթներին: Դրանցից, ցավոք, միայն վերնագրերն են մնացել»: Մյուս սրընթաց պատկերները ներառում են Գեւորգ Ե-ն, որը 1911 թ. դարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոս, հրեական մի տոն Կուչիում 1914 թ.: Այնուհետեւ ամեն ինչ խախտում է Մեծ պատերազմը: «Չորս րոպեանոց «Թուրքական ռազմաճակատում» կինոնյութում պատկերված են ռուս զինվորներ ու թուրք գերիներ,- ասում է համադրողը,- իսկ «Հայ գաղթականներ» դրվագում ճանաչում ենք ամերիկյան հյուպատոս Օսքար Ս. Հեյցերին, որը 1915 թ Տրապիզոնում ականատես է եղել տեղահանություններին եւ ունեզրկումին»:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո եղավ մի պահ, երբ Ամերիկան ցանկացավ Հայաստանի համար մանդատավոր դառնալ ու հաստատել տնտեսական կապեր, փաստորենՙ գրավելով Հայաստանը: Այնուհետեւ բոլշեւիկների ժամանումով պատմությունը գնաց այլ ուղղությամբ: Երկիրն ընկղմվեց մոռացության մեջ: Մյուս ցեղասպանությունների համեմատ, որոնցից ունենք անողոք ու հիվանդագին տեսարաններ, հայերինն անմիջականորեն չի փաստագրվել կինոժապավենի վրա: «Ոչ ոք երբեք չի կարողացել նկարահանել ծերերի, կանանց եւ երեխաների զանգվածային սպանություններն ու տեղահանությունները սիրիական անապատում,- ասում է Լեւինսկին:- Պատկերները, որոնք ամենից մոտ են արտացոլել եղածը, գերմանացի բժիշկ, զինվոր եւ բանաստեղծ Արմին Վեգների լուսանկարներն են, կատարված Դեր-Զորում, որը մահվան երթերի վերջնակետն էր: Իմ գտածները ֆրանսիական բանակի կողմից նկարահանած վերապրածներին պատկերող տեսարաններ են, որոնք այժմ գտնվում են իրենց արխիվներում»:

Այդ փաստաթուղթը (մի իսկական հայտնագործություն), առաջին անգամ ցուցադրվեց Բոլոնիայում, թվային վերականգնումից հետո: Նկարահանել է Ժան Պրաշը 1918 թ., պատկերում է հայ գաղթականների ճամբարը Պորտ Սաիդում (Եգիպտոս): Վեց գյուղերի այդ 4200 բնակիչներ փրկվել էին դաշնակիցների նավերի կողմից, այն բանից հետո, երբ գրեթե երկու ամիս դիմացել էին թուրքական պաշարմանը Մուսա լեռում: Այդ դեմքերի հետեւում, ինչպես միշտ, ողբերգական պատերազմի ու ավերված տարածքների արձագանքն է: Եվ լռությունըՙ կատարված ոճիրների մասին:

Անմիջական ֆիլմերի բացակայությունը, սակայն, ունի պատմական պատճառներ, ոչ միայն քաղաքական: «1915 թվականին կինոն ընդամենը քսան տարեկան էր: Ավելին, կինո-ժուռնալները, ծնված Ֆրանսիայում 1909 թ. «Պատե» եւ «Գոմոն» ստուդիաներում, արտադրում եւ տարածում էին քարոզչական եւ հայրենասիրական ժապավեններ, միայն քիչ թվով օպերատորներ էին նկարահանումներ կատարում պատերազմի թատերաբեմում: Ուղեւորությունները վտանգավոր էին, ֆրանսիական կինոարդյունաբերությունը փլուզված էր: Հայաստանը շատ հեռու էր, իսկ թուրքերը հարցին վերաբերվում էին որպես իրենց ներքին խնդրի»:

Բոլոնիայում, որպես հարգանքի տուրք, ցուցադրվել է նաեւ առաջին հայկական ֆիլմըՙ «Նամուսը», որը 1926-ի հունիսին նկարահանել է Համո Բեկ-Նազարովըՙ երկու սիրահարների ողբերգության հետ մեկտեղ պատկերելով 19-րդ դարի վերջին Շամախիի գավառի մի քաղաքի առօրյան: Ներկայացվել են նաեւ «Կիկոսը» (1931) ու «Քրդեր-եզդիներ» (1933) ֆիլմերը եւ, վերջապես, «Նահապետը», որը 1977-ին նկարահանել է Հենրիկ Մալյանը: Այն Հայոց ողբերգության առաջին էպիկական կինեմատոգրաֆիական ընթերցումն էրՙ ըստ Հրաչյա Քոչարի վեպի, Ցեղասպանության վերապրածի մասին: Բայց առավել տպավորիչ փրկվածներն այն իրական մարդիկ են, ովքեր, լցված նավակի մեջ, փախչում են սարսափից: «Չորս րոպեանոց մի կինոնյութ ես գտա Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանումՙ «Հայաստան, օրրան մարդկության» վերնագրով: Բացառիկ մի փաստաթուղթ: Ինձ համարՙ արքետիպային մի պատկեր. մենք նույնիսկ չգիտենք, թե այն երբ է նկարահանվել: Բայց փախստականների այս սեպանման նավը, թվում է, հավիտյան գոյություն է ունեցել: Նման այն բազմաթիվ նավերին, որոնք այսօր դրամատիկ կերպով, գտնվում են մեր ծովերում»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 22-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ