RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 29-07-2016



Տեղադրվել է` 2016-07-28 20:53:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 7165, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՄԱՍՏՈՒՆ ԽԻԿԱՐԸ ԳԱԲՐԻԵԼ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ԱՌԱԿԱՎՈՐ ԽՈՍՔԵՐՈՒՄ

Ռուզան ՊՈՂՈՍՅԱՆ

Իր ժամանակի լուսավորության առաքյալը համարվող Գաբրիել արք. Այվազովսկին (1812-1880 թթ.) իր հակառակորդներին միշտ պատասխանել է վայելուչ ոճով եւ առակավոր խոսքերով, այլ ոչ` նրանց բնորոշ հայհոյական ու վարկաբեկիչ արտահայտություններով: Առակախոսության հանդեպ նրա մեծ սիրո մասին է վկայում 1874 թ. Կ. Պոլսում լույս տեսած «Հազար եւ մի առակաւոր բանք ազգայինք եւ օտարք» ժողովածուն, որտեղ ընդգրկված են հայ ժողովրդի մեջ լայն տարածում գտած առակավոր այն խոսքերը, որոնք, թարգմանվելով թուրքերեն, առատորեն գործածվել են բոլոր այն վայրերում, որտեղ հայերն իրենց առօրյա կյանքում խոսել են այդ լեզվով: Գ. Այվազովսկին դրանցում հաճախ հիշատակում է Խիկար իմաստունի անունը, որն, ինչպես ինքն է գրում առաջաբանում, հայ ազգի մեջ ունեցել է նույն համբավը, ինչ հույների մեջ` Եզովպոսը, արաբների մեջ` Լոխման հեքիմը, տաճիկների մեջ` Նասրեդինը: Իսկ թե «ո՞ր ժամանակի մարդ է եղել մեր Խիկարը», իրեն ստուգապես հայտնի չի եղել:

Ահա նրա իմաստալից մտքերից մի քանիսը.

Յետ Աստուծոյ ո՞վ է արդար.

- Ժամանակը` ասաց Խիկար.

Ժամանակն ամէն բանին

Կ անէ իւր հատուցումն արդար:

Ո՞վ է հարուստ, ո՛վ Խիկար.

- Հարուստ նա չէ, որ ունի,

Այլ նա է` որոյ համար

Ունեցողը մեծ հարգ չունի:

Տմարդին ո՞վ է, Խիկար.

-Լաւ է չճանչնաս, եղբայր.

Դգալով կը վերցնէ

Ու կոթովն աչք կը հանէ:

Խիկարը ի՞նչ ժառանգութիւն

Թողել է իրեն որդուն.

- Մին փոքր այգի, լաւ կրթութիւն,

Լաւ օրինակ, չարքաշութիւն:

Խորամտություն ուսուցանող այս խոսքերը դարեր շարունակ հնչել են հայ մարդու շուրթերից` դառնալով սերունդ կրթելու լավագույն խրատանի:

Գ. Այվազովսկին նաեւ նշում է, որ հայ մատենագրության մեջ Խիկար անունն առաջին անգամ հիշատակվում է Ն. Շնորհալու մի հանելուկում.

«Զետ զգազար խիստ է ի յար,

Սիրէ զմորթի ւ ատէ զբանջար,

Ես ինչ կարդամ զիւրմէն քեզ ճառ,

Խելօքն ծով է ու Խիկար»: (Աղվես)

Խիկարի անվան ժողովրդական ստուգաբանությունը պահպանվել է 11-րդ դարի մի ձեռագրում, ըստ որի, նրան այդպես են կոչել, քանի որ եղել է Խոկայր , այսինքն` մտածող եւ իմաստուն այր, որն իր խրատներով եւ առակներով կրթել է մարդկանց ու դրա համար մեծ պատվի է արժանացել Զաքարիա հայրապետի կողմից:

Գ. Այվազովսկին փորձում է բացատրել, թե իր ժողոված առակավոր խոսքերում ինչո՞ւ է իր համար այդքան կարեւոր Խիկար իմաստունի անունը, որի խրատները 1807-ին ընդգրկվել են Կ.Պոլսում լույս տեսած «Պղնձէ քաղաքի պատմութիւն» ժողովածուի մեջ` «Պատմութիւն եւ խրատք Խիկարայ իմաստնոյ» վերնագրով, որտեղ Խիկարը ներկայանում է որպես Ասորեստանի Սենեքերիմ թագավորի դպիր: Մինչդեռ իր համոզմամբ` «Խիկար իմաստունը ոչ թէ Ասորեստանեայց Սենեքերիմ թագաւորին ատենադպիրն է եղեր (ինչպէս որ Պղնձէ քաղաքին անհամ ու անժուր պատմութեան հեղինակը հնարեր է), հապա ինչպէս մենք կը կարծենք Արծրունեաց Սենեքերիմ թագաւորին օրերուն, այսինքն` ասկից 850 տարիի չափ յառաջ, Հայաստանի եղած զուարճաբան առակախօս ու ժողովրդական իմաստասէր էր»:

Գ. Այվազովսկին, անշուշտ, գիտեր, որ հայ միջնադարում ազգային, ժողովրդական իմաստունը Խիկարն է, որը Սողոմոնից ավելի հզոր է եղել, քանի որ իր իմաստությամբ կարողացել է հաղթել նրան: Սակայն, պետք է նշել, որ ժողովրդական իմաստունները, որպես կանոն, չեն պատկանում կոնկրետ ժամանակաշրջանի, նրանք քայլում են պատմության հետ` դառնալով տվյալ ժողովրդի անբաժան ուղեկիցը: Հետաքրքրական է հատկապես այն, որ Խիկար բառը Higar ձեւով պահպանվել է շումերական գրավոր աղբյուրներում, եւ նրա իմաստը կապվում է մարդու գործունեության հետ, իսկ Խիկարը, ինչպես գիտենք, իր խրատներով եւ առակներով կրթել է մարդկանց: Հետեւաբար իբրեւ իմաստուն խորհրդական նա Արծրունյաց տոհմին կարող էր ուղեկցել հնագույն ժամանակներից ի վեր, մանավանդ որ այդ տոհմի ծագումն առնչվում է խիկարյան խրատների եւ առակների նախահայրենիքի` Հայկական Միջագետքի հետ, որտեղ մեծ տարածում են ունեցել շումերական խրատները: Չմոռանանք նաեւ, որ հայ միջնադարյան խրատական գրականությունը բուռն ծաղկում է ապրել Սենեքերիմ Արծրունու թագավորության օրոք` 10-րդ դարում:

Իսկ ինչպե՞ս են մեզ հասել խիկարյան խրատները, ինչպե՞ս է հյուսվել այդ զրույցը: Փորձենք հնարավորին չափ պարզ ներկայացնել Խիկարի պատմությունը:

Հյուսիսային Միջագետքում եղել է մի իմաստուն գրող, որը հայտնի է դարձել Խիկար, այսինքն` իմաստուն անվամբ, հավաքել, ժողովել է հնագույն առակներն ու խրատները եւ դրանցով կրթել է մարդկանց: Այդ խրատները գրվել են քարե կոթողի վրա, այսինքն` եղել են սեպագիր արձանագրությամբ: Ք.ծ.ա 5-րդ դարում դրանք անտիկ գրականություն են մուտք գործել հույն փիլիսոփա Դեմոկրիտի միջոցով, որը Խիկարի քարե կոթողը, այսինքն` սեպագիր արձանագրությունը թարգմանել է հունարեն կամ իր ձեռքի տակ ունեցել է դրա թարգմանությունը, իբրեւ սկիզբ ավելացնելով` «Այսպես ասաց Դեմոկրիտը», որի համար Կղեմես Ալեքսանդրացին նրան մեղադրել է խիկարյան խրատները յուրացնելու համար: Այդ խրատներն այնքան բարձր են գնահատվել, որ վերագրվել են անտիկ աշխարհի նշանավոր դեմքերին, ապա մտել են սուրբգրային գրականություն` իբրեւ հրեա թագավորների ասույթներ: Հայ մատենագրության մեջ 5-րդ դարից ի վեր դրանք հանդիպում են «Խրատք հասարակաց», ժողովածուներում, իսկ 14-րդ դարից` «Պատմութիւն եւ խրատք Խիկարայ իմաստնոյ» զրույցում, որն ունի հարյուրից ավելի ընդօրինակություն` մի քանի տարբերակով:

Միջազգային բանասիրության մեջ Խիկարի անունը կապվում է Եգիպտոսի Էլեֆանտին (արամեերեն` Եվ) կղզում հայտնաբերված հին արամեերեն պապիրուսների, Հին կտակարանի «Տովբիթ» գրքի, Եզովպոսի կենսագրության երկրորդ մասի հետ: Նրա խրատները պահպանվել են հայերեն, սյուրիերեն (նոր ասորերեն), հունարեն, արաբերեն, եթովպերեն, ռումիներեն, սլավոներեն եւ այլ խմբագրություններով: Դրանք սերտ աղերսներ ունեն հատկապես Հին կտակարանի Սիրաքի գրքի հետ, որը, ինչպես հայտնի է, մեծ ազդեցություն է ունեցել արեւելյան ժողովուրդների իմաստության գրականության վրա, որով եւ բացատրվում է այդ խրատների հանդեպ դրսեւորված մեծ հետաքրքրությունը:

Խիկարը սկզբում համարվել է հրեա, սակայն զրույցում հրեադավանության հետքեր չլինելու պատճառով այդ տեսակետը հերքվել է, եւ նա ընդունվել է իբրեւ ասորի: Ճիշտ է, ուսումնասիրողները նրան հիմնականում դիտարկել են իբրեւ պատմական անձնավորություն, սակայն, ինչպես նկատելի է, Խիկար անունը շումերներից սկսած գործածվել է իմաստուն, խորհրդական նշանակությամբ, որով եւ պահպանվել է հայ մատենագրության մեջ: Իսկ ասորերենում եւ եբրայերենում այն ստուգաբանվում է ախի յակար , որ թարգմանաբար նշանակում է` իմ թանկագին եղբայր : Սա ընդգրկուն նյութ է, որի ուսումնասիրությամբ զբաղվել ենք վերջին տարիներին եւ, հուսով ենք, մոտ ապագայում կկարողանանք այն հրատարակել:

Այստեղ արժե նաեւ հիշատակել Ն. Մառի հայտնի այն միտքը, որ առակաբանության հանդեպ հայերի սերը նկատելի է դեռեւս նախաքրիստոնեական շրջանից: Դրա վառ վկայությունը նա համարում է է Ք.ծ.ա. 4-րդ դարում Հայաստանի սատրապի` Որոնտեսի առակավոր խոսքը: Այդ սերը շարունակվել է նաեւ քրիստոնեության շրջանում, իսկ գրավոր հիշատակություններ չեն պահպանվել, քանի որ հին հայերեն գրականությունից վտարված են եղել բնիկ ազգայինն ու ժողովրդականը: Նույնը կարելի է ասել նաեւ Խիկար իմաստունի վերաբերյալ:

Գ. Այվազովսկին մի առանձին հոգածություն է դրսեւորել նաեւ Ղրիմի բարբառով պատմված առակների հանդեպ` դրանք զետեղելով «Առակներ Խրիմու հայոց լեզուովը» գրքույկում, որը 1872 թ. լույս է տեսել Ս. Պետերբուրգում: Այդ աշխատանքը նրա համար մի կողմից եղել է զվարճաբեր, մյուս կողմից` բավականին լրջմիտ, քանի որ դրանք գրի առնելու նրա գլխավոր նպատակը եղել է ղրիմահայոց բարբառը սերունդներին հանձնելը, բարբառ, որի հիմքում Ղրիմ գաղթած անեցիների լեզուն է` այդ գաղթօջախի բազմազգ բնակչության ազդեցությունը կրած: Ընդհանուր թվով 15 առակների մեջ է նաեւ «Մուկերուն ժողովքը», որտեղ դարձյալ հիշատակվում է Խիկարի անունը.

Հէմ մուկերուն էնկ խելօքը, եանի Խիկարին լըմանը,

Կելլէ կասէ. «Ով սիրելի մուկ ժողովուրդ,

Ինչ ալ ասիք` ինչ ալ անիք` պոշ է ալայ խօսք ու խորհուրդ,

Տուք ան Օպուռին վիզէն մէկ ճընկըռտախ պէտք է կախիք...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 29-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ