RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 29-07-2016



ՀԱՆԴԻՊՈՒՄ

Տեղադրվել է` 2016-07-28 20:53:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 5380, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԶՈՒԼԱԼԸ» ԵՐԵՎԱՆԵԱՆ ԲԵՄՈՒՄ. ՎԵՐՋԱՊԷՍ

Արծուի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Հարցազրոյց Զուլալներից մեկիՙ ԵՐԱԶ ՄԵՍՉԵԱՆԻ հետ

Շուտով հինգ ամիս կլինի, ինչ հայաստանցիներս քուն ու հանգիստ չունենք, հրաբուխը, որի վրայ ապրում էինք, սկսեց ժայթքել ու յայտնի չէՙ դեռ ինչքան է ժայթքելու... Մեր լարուած օրերում, անզօր եւ վհատեցնող հոգեվիճակներին իսկական դարման ու մխիթարութիւն եղան մշակութային մի շարք ուշագրավ միջոցառումներ, որոնք լիցքաթափում էին, յոյս տալիս, ինչու չէ, նաեւ զուարճացնում: (Յիշեցի 1915 թուականի յուլիսի 18-ին «Մշակ» թերթի գրառումըՙ «Այս տխուր օրերում հասարակութիւնը մէկ-մէկ զուարճացնելը տեղին է եւ ցանկալի»): Հայաստանցին, իր ամէնից հոգսաշատ ու ալեկոծ դրութեան մէջ անգամ չի կարող հոգեւոր արժէք չստեղծել... այլ հարց, որ վերջին տարիներին դրանց մեր մասնագիտական գնահատականներն ուշանում են: Աննկատ մնաց անցած ապրիլին շվեյցարացի երգահան Ալեքսանդր Բրինքենի «Երգ Հայաստանի մասին» օրատորիայի համաշխարհային առաջնախաղը Եր-անում: Թատերական աշխարհում ունեցանք անմոռանալի բարձրարուեստ բեմադրութիւններՙ մասնաւորապէս Հենրիկ Մալեանի եւ Փոքր թատրոնի նոր ներկայացումները, Զառա Անտոնեանի բեմադրած «The Best of Shakespeare»-ը, Գիւմրիի թատրոնում «Լիր արքայի» բեմադրութիւնը... որոնց արժեւորմանը սպասում ենք մեր թատերագէտների կողմից: Իսկ այժմ ցանկանում եմ անդրադառնալ ամերիկահայ «Զուլալ» վոկալ տրիոյին, նրանցՙ այնքան երկար սպասուած հայաստանեան հյուրախաղերի առթիւ:

....2005 թուականին ԱՄՆ-ում աշխատող մի ընկեր ինձ նուէր ուղարկեց մի խտապնակՙ «Զուլալ» գրաւիչ անուամբ: Գեղեցկաձայն երեք հայուհի կատարում են հայ ժողովրդական երգեր: Յետոյ պարզուեց, որ արտաքինով եւ անուններով էլ նրանք նոյնքան գեղեցիկ են: Այդ ժամանակուանից «Զուլալի» կատարումները դարձան ընտանեկան առօրեայիս անբաժան մասըՙ սիրելի դառնալով անգամ մանկահասակ զաւակներիս համար: Երգերը ծանօթ են, սակայն աղջիկների ձայնի մաքրութիւնը, իրենց ներդաշնակումների եւ կատարման թարմութիւնը նոր հմայք են տալիս Հայաստանի ամենատարբեր շրջաններից եկած մեր այդ քնարական ու կատակային պարզ, անպաճոյճ երգերին: Ու թէեւ երաժշտութեանն առնչուող յօդուածներ հազուադէպ եմ գրում, այն ժամանակ շտապեցի մեր ընթերցողին աւետել այս ինքնատիպ խմբի գոյութեան մասին...

Եվ ահա Կոմիտասի անուան կամերային դահլիճի բեմում են երեք զուլալ աղջիկներըՙ Երազ Մեսչեանը, Անայիս Թեքերեանը եւ Թենի Աբելեանը: Յուլիսի 17-ին նախատեսուած համերգի տոմսերն արագ սպառուել էին, ուստիեւ «Զուլալը» մի լրացուցիչ համերգով էլ հանդէս եկաւ նախորդ օրը... Աղջիկները յուզուած են: Հանդիսականըՙ նոյնպես: Երախտապարտ ենք «Դիմ քոմիւնիքէյշըն» ընկերութեանըՙ մեզ նման մշակութային տօն պարգեւելու համար:

Զուլալներից մեկինՙ Երազ Մեսչեանին, տարիներ առաջ հանդիպել էի Երեւանում... եւ ահա կրկին նստած ենք դէմ դիմաց ու կարող ենք անվերջ զրուցել հայ երգ-երաժշտութեան, հայ Սփիւռքի, մեր ժողովրդի մասին... Խոշոր, ծով աչքերով, ջերմ եւ ոգեղէն Երազը դուստրն է ամերիկահայ ճանաչուած թատերագիր, թատերական գործիչ Հրանդ Մարգարեանի եւ հարսը երգիչ-երգահան Արթուր Մեսչեանի, ուստիեւ պատահական չէ նրա սահուն հայերէն խօսքը...

- Երազ, ինչպէ՞ս պատահեց, որ Ամերիկայում ծնուած երեք երիտասարդ հայուհի քով քովի եկան ու ստեղծեցին այս հրաշալի խումբը...

- Ճակատագիր էրՙ կ երեւի: Պատահաբար եղաւ: Թենին ատեն մը Հայաստան կ աշխատէր. եթէ ինք Հայաստան չաշխատէրՙ «Զուլալը» չէր ըլլար: Տասնչորս տարի առաջ անգամ մը ինքը Նիւ Եորքի մէջ պատահաբար հանդիպեցաւ իր հայաստանցի բարեկամներուն: Նոյն ատեն այդ հայերը Անայիսին ու իր ամուսինինՙ ճանչցուած նկարիչ Գէորգ Մուրատի հետն էին: Յետոյ ես հանդիպեցայ Գէորգին եւ Անայիսին ուրիշ բարեկամի մը հետ ու գացի Անայիսի համերգը լսելու: Ինքը ա կապելլա երգեց. ձայնը այնքան մաքուր է, առանց թրթռացումի, շատ խոր ու զգայուն: Երբ երգեց, ինծի դպաւ: Հետը խօսեցայ, ըսիՙ ես ալ համալսարանին մէջ ա կապելլա կ երգէի, շատ կը սիրեմ, միասին հայկական բան մը ընե՞նք: Համաձայնեցաւ եւ ըսաւ, թէ երկու ձայնը չի բաւեր: Յիշեցինք Թենին, որ, ի տարբերութիւն մեզի, սոփրանօ է: Ան Քարնեկի Մելոն համալսարանի մէջ ջազ ա կապելլա սորված է, Անայիսը Եէյլ համալսարանը սլաւոնական երգչախումբի մէջ երգած եւ ղեկավարած է, եսՙ Քոլումբիա համալսարանի մէջ փոփ-ռոք ա կապելլա երգեցողութիւն սորված եմ: Մէկ անգամ հանդիպեցանք եւ մեր առաջին երգըՙ «Բինգէօլը», օրեր, շաբաթներ տեւեց, մինչեւ մշակեցինք:

- Այսինքնՙ երեքդ էլ վոկալ կրթութիւն ունեք...

- Այո, ունինք, թէեւ այլ մասնագիտութիւններ ալ ունինք: Ես դոկտորա ունիմ հոգեբանութեան մէջ եւ ատով կը զբաղիմ, Թենին երաժիշտ է եւ երկուքէ հինգ տարեկան հայ աշակերտներուն կը դասաւանդէ, իսկ Անայիսը դերասանուհի է եւ թատերագիր, կը խաղայ թատրոնի մէջ ու կը գրէ անգլերէն ու ֆրանսերէն թատերախաղեր:

- Ո՞րտեղից են ձեր երեքի արմատները:

- Իմսՙ Տիգրանակերտ եւ Վան, Թենիինըՙ Սեբաստիա եւ Ադանա, Անայիսինը հօրը կողմէՙ Այնթապ, իսկ մայրը ռուս ու լատուիացի է: Երեքս ալ կուգանք մտաւորականներու եւ բժիշկներու ընտանիքներէ...

- ...ինչը եր-ում է ձեր ճաշակից եւ կատարումներից: Իսկ դուք կյանքում է՞լ եք ընկերներ:

- Օ, ընտանիք ենք: Քրոջ պէս ենք իրարու հետ: Գիտենք ամէն մէկուն ուժերը եւ տկարութիւնները ու կը փորձենք զիրար պաշտպանել, ամէն մէկու հոգեկան վէրքերուն չդպնալ: Մեր ընտանիքները, մեր հայ ամուսիններն ալ (որոնք նոյնպէս բժիշկ են կամ արուեստագէտ) մեզի միշտ շատ սատար եղած են:

- «Զուլալ» անունը ո՞վ դրեց:

- Միասին դրինք: Երբ նոր էինք խումբը ստեղծեր, շատ կարճ ատեն մը «Կակաչ տրիօ» էինք: Բայց ես, որ նախքան հոգեբան ըլլալս աշխատած էի դեղերու շուկայի մէջ, գիտէի, որ Z եւ X տառերով սկսող դեղերը շատ արագ կ ընդունուին ժողովուրդի կողմէ: Հայերէն բառարանը բացինք ու զ-ով բառերը հերթով կարդացինք: Երբ զուլալ բառին հասանքՙ խորհեցանք, թէ կարծես կը յարմարի մեզի, եւ այդպէս անունը ծնաւ:

- Հայ երգը միշտ ներկա՞յ է եղել ձեր երեքի տանը:

Իմ եւ Թենիի տանըՙ այո: Անայիսը աւելի դասական երաժշտութեան հետեւած է, մինչեւ ամուսնութիւնը հայերէն չէր խօսեր:

- Ի՞նչ յաճախականութեամբ էք հանդիպում:

- Շաբաթը մէկ: Մեր աշխատանքը այնպէս կազմակերպած ենք, որ շաբթուան մէջ մէկ օր միայն «Զուլալին» տրամադրենքՙ ամէն երկուշաբթի:

- Ինչպէ՞ս է ծնւում զուլալեան մեկնաբանումը:

- Երգ մը կ առնենք, ամէն մէկը ինքնուրոյն կ ուսումնասիրէ: Կա՛մ մէկ անգամէն կը սիրահարինք երգին, կա՛մ մէկնումէկս շատ կ ուզէ այսինչ երգը կատարենք: Բայց երգը մեզի կը պատմէ, թէ ի՛նչ կ ուզէ: Կրնան ըլլալ երգեր, որոնք մենք շատ կը սիրենք, սակայն մեզի համար չեն: Օրինակ, ոչ մէկ կերպով մեր ուզածին պէս եղաւ «Նուբարի բոյը չինար է» երգը, անկէ հրաժարեցանք: Ամէն երգ իր բանալին ունի, եթէ գտնենք այդ բանալինՙ բախտաւոր ենք: Իննսուն տոկոսով միասին կը մշակենք մեր երգերըՙ դաշնամուրով կամ առանց գործիքի: Եւ պիտի ժողովուրդին առջեւ երգենք, որ հասկնանք, թէ տեղ կը հասնի՞, սիրեցի՞ն, ձանձրացա՞ն...

- Ինչպե՞ս հասկացաք, որ «Զուլալը» կայացել էՙ որպես երաժշտական խումբ:

- «Բուլղարական խորհրդաւոր ձայներ» խումբը, որ աշխարհի մէջ ճանչցուած է, Մանհաթընի մէջ համերգ ունէր, եւ անոնց բացումը «Զուլալը» կատարեցՙ հանդիսականը քիչ մը «տաքցնելու» համար: Իրենց հետ նոյն բեմի վրայ երգեցինք, ինչ որ կարեւոր պահ էր մեզի համար: Երբ հրաւիրուեցանք երգելու Քոնգրէսի գրադարան եւ «Քենեդի» կեդրոն, նոյնպէս շատ հպարտ էինք, որ հայ երաժշտութիւնը կը ներկայացնենք այդ կարեւոր տեղերը, քանի որ եթէ ընդունուիս եւ ձայնագրուիսՙ ասիկա մնայուն է մինչեւ աշխարհի վերջը: Եթէ մէկը հայկական ֆոլք փնտռէ Քոնգրէսի գրադարանին մէջՙ «Զուլալը» կ ելլէ:

- Դուք հանդէս եք եկել ԱՄՆ-ում ու Կանադայումՙ հայ թէ օտար հանդիսասրահի առաջ, Գերմանիայումՙ միջազգային փառատոնում: Ոչ հայ հանդիսատեսն ինչպէ՞ս է արձագանքում ձեր կատարումներին:

- Հայկական երգերը շատ խորունկ են: Դարերով երգուած երգեր են, որ կը մնան հոգիներու մէջ: Եւ օտարն ալ անտարբեր չի մնար ատոնց հանդէպ: Նիւ Եորքի մէջ անգամ մը համերգ ունէինք, մեր կատարած միակ ժամանակակից գործըՙ Արմէն Մովսիսեանի «Մանչս» երգը, որը լսելովՙ օտար մարդիկը, առանց բառ մը հասկնալու, հոնգուր-հոնգուր կուլային: Անցած տարի ալ Ապրիլ 24-ի գիշերը Նիւ Եորքի Սուրբ Յովհաննէս եկեղեցիին մէջ երգեցինք, հարիւրաւոր մարդիկ եկած էին, մեծ մասըՙ օտար, նորէն բաւական յուզուեցան:

- Ինչպէ՞ս գլուխ եկան հայաստանեան հիւրախաղերը:

- 2012-ին, մեր ստեղծման տասնամեակի առթիւ, «Դիմ քոմիւնիքէյշընի» ղեկավար Րաֆֆի Նիզիպլեանը սկսաւ մեզի հետ բանակցիլ հայաստանեան համերգներու մասին: Տարբեր պատճառներով գործը քիչ մը ձգուեցաւ, բայց վերջապէս տեղ հասանք: Քիչ մը մտահոգ էինք, թէ տարիներ շարունակ երգուած երգերը մարդիկ արդեօք պիտի ուզե՞ն լսել, բայց զարմացանք ու հրճուեցանք, որ այնքան պահանջ եղաւ, որ երկրորդ համերգ մըն ալ տուինք: Նաեւ «Թումո» կեդրոնի աշակերտներուն մշակելու եւ ճշգրիտ երգելու քանի մը դասեր տուինք:

- «Զուլալի» առաջին խտապնակին յաջորդեց եւս երկուսըՙ «Թղթիկներ կռունկին» ու «Եօթն աղբիւրը»: Ի՞նչ լաւ գործերով մեզ կուրախացնէք ապագայում:

- Չորս ֆիլմի համար ձայնագրուելու հրաւէր կայ: Ամերիկայի արեւմտեան կողմը «Քիթքա» անունով խումբ մը կայ, բալկանեան երգեր կ երգեն, նաեւ հայերէն կատարում ունին, անոնց հետ շրջելու ծրագիր մը կայ: Հայաստան գալը մէկ երազ էր, մեր յաջորդ երազը Արեւմտեան Հայաստան երթալն է, Վանի մէջ Վանայ երգերը երգելը, այնտեղի ժողովուրդին հանդիպիլը: Նաեւ շատ հետաքրքրական ծրագիր կայ «Քառնեգի հոլի» հետ: Նիւ Եորք քաղաքի մէջ ամեն տարի մօտ 8000 աշակերտՙ 4, 5, 6 տարեկան, կը դաստիարակեն նոր, իրենց անծանօթ հինգ տարբեր մշակոյթներովՙ անոնց դպրոցական ծրագրին մէջ առնելով այդ ժողովուրդին երգը, պարը, խոհանոցը: Նոր ուսումնական տարուան համար այդ հինգ մշակոյթներէն մին ըլլալու է հայկականը, եւ «Զուլալը» ընտրուեցաւՙ ուսուցիչներուն հայկական մշակոյթի դասեր տալու: Երեք երգ պիտի սորվեցնենք իրենցՙ «Դօնի եարը», «Հինգ էծը» եւ «Թամզարա» պարերգը, նաեւ նախնական գիտելիքներ տանք հայոց պատմութեան եւ մշակոյթի վերաբերեալ, որ իրենք ալ այս պզտիկներուն սորվեցնեն: Այս ծրագիրը առանձին գիրքով մը պիտի հրատարակուի, իսկ ուսումնական տարուան վերջին պզտիկները պիտի երեք մեծ համերգով հանդէս գան: Ասանկ, 8000 երախայ, որ այլապէս Հայաստանի մասին պիտի չգիտնային, այս ձեւով պիտի ճանչնան մեր երկիրը եւ մշակոյթը...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 29-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ