ԳՐԱԲԱՐԻ ՆՈՐ ԲԱՌԱՐԱՆ Պրոֆեսոր Ռուբեն ՍԱՔԱՊԵՏՈՅԱՆ Լ.Մ. ԽԱՉԱՏՐԵԱՆ. ԳՐԱԲԱՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ, ՎԵՆԵՏԻԿ, 2016, 448 էջ Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ հայոց լեզվի եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ պրոֆ. Լալիկ Խաչատրյանը գործող հայ լեզվաբանների մեջ ամենաբեղուն գրիչ ունեցողներից մեկն է: Բավական է նշել միայն նրա վերջին տարիների հեղինակած գրքերը, եւ պարզ կդառնան նրա հետաքրքրությունների լայն շրջանակը եւ, ամենակարեւորը, նրա չկաղապարված, կարծրատիպերից դուրս գտնվող թեմաներն ու մեթոդաբանությունը: Նրա աշխատությունները հիմնականում վերաբերում են լեզվի տեսության, լեզվի պատմության, գրաբարի, ընդհանուր լեզվաբանության, իմաստաբանության եւ բառարանագրության տարաբնույթ հարցերի: Հեղինակի ուսումնասիրությունների համատեքստում առանձնահատուկ տեղ ունի գրաբարյան թեմատիկան: Դեռեւս 1998-ին հայ իրականության մեջ առաջին անգամ հրատարակել է գրաբարի բառարանՙ «Գրաբարի տարարժեք բառերի բացատրական բառարան», 2003-ինՙ «Գրաբարի դասագիրք» (համահեղինակՙ Գ.Թոսունյան), 2004-ինՙ «Գրաբարի բացատրական բառարան. ձեւաբանորեն տարարժեք բառեր», 2013-ինՙ «Գրաբարի ուսումնական բառարան» աշխատությունները: Շարունակելով իր ուսումնասիրությունները գրաբարի բառարանագրության ասպարեզումՙ պրոֆ. Լ. Խաչատրյանը վերջերս դասական ուղղագրությամբ լույս ընծայեց «Գրաբարի ուսումնական բառարան» աշխատանքըՙ լրամշակված տարբերակով: Այն լույս է տեսել Վենետիկումՙ Մխիթարյան միաբանության մեկենասությամբ, Մխիթարյան հրատարակչատան կողմից եւ իր վրա կրում է Մխիթարյանների հանրահայտ հրատարակությունների կնիքը, որ պատկառանք է առաջացնում գրքի տեսքի ու բովանդակության նկատմամբ: Բառարանի «Ներածական խօսքը» գրել է Մխիթարյան միաբանության ընդհանրական աբբահայր Հ. Եղիա Վրդ. Քիլաղպյանը: Նա այսպես է ներկայացնում սույն հրատարակության մտահղացումը. «Պրօֆ. Լալիկ Խաչատրեան եկած էր Վենետիկ իր դասախօսութիւնը կատարելուՙ «Մխիթարեաններու բառարանագրական ժառանգութիւնը հայ բառարանագրութեան զարգացման համատեքստում» թեմայով: Հանդիպման ընթացքին խօսք բացուեցաւ իր հեղինակած «Գրաբարի ուսումնական բառարան» աշխատանքը կրկին հրատարակելու մասին: Իրարու հետ համաձայնեցանք, որ այն կարելի է վերատպել դասական հայերէնի տարբերակով, որպէսզի կարելիութիւն տրուէր հայրենի ուսանողներուն աւելի ընտելանալ մաշտոցեան ուղղագրութեան եււ հայերէն լեզուի բառապաշարի տրամաբանական կառուցվածքին»: Եվ ահա այսօր այդ հրաշալի մտահղացումը, միս ու արյուն ստացած, դրված է մեր սեղանին: Ի՞նչ առանձնահատկություններ ունի սույն բառարանը, եւ ինչո՞վ է այն իրավունք ստացել ինքնուրույն գոյությանՙ մանավանդ այնպիսի բառարանագրական գլուխգործոցներից հետո, ինչպիսին են հանրահայտ Նոր Հայկազյան բառարանը եւ նրա լրամշակված տարբերակըՙ Առձեռն բառարանը: Ամենից առաջ սա ուսումնական բառարան է. այն հավակնություն չունի գրաբարի ամբողջական բառապաշարը ներկայացնելու: Սույն բառարանն ընդգրկում է 5-11-րդ դարերի գրաբարի մատենագրության մեջ սփռված բառերըՙ ընտրության որոշակի սկզբունքով: «Ելնելով բառարանի նպատակից, խնդիրներից եւ գործնական արժէքից,- նշում է հեղինակը գրքի առաջաբանում,- բառարանում ընդգրկուած է մատենագրական այն յուշարձանների նիւթը, որ նախատեսուած է հումանիտար բուհերի գրաբարի դասընթացովՙ գործնական աշխատանքների եւ թարգմանութիւնների համար»: Ըստ այդմ, գրաբարի ողջ բառապաշարից հատիկ-հատիկ ընտրված են այն բառերը, որոնց ուսանողը առնչվում է գրաբարի ուսումնասիրության ընթացքում: Սա մեծապես օգնում է ուսուցումն առավել մատչելի դարձնելուն եւ ուսանողների ուշադրությունն առավել էական բառերի վրա սեւեռելունՙ միաժամանակ հնարավորություն ընձեռելով բառի բազմիմաստ նշանակություններից ընտրելու թարգմանության համար անհրաժեշտ իմաստը: Հեղինակը մանրազնին մշակել է բառարանի անդրլեզուն. նա մեծածավալ աշխատանք է կատարել բառերի քերականական (հոլովման եւ խոնարհման կարգերի), բառակազմական, ոճաբանական եւ փոխառությունների բնութագրերը ներկայացնելու եւ դրանք նորագույն մեթոդաբանությամբ արժեւորելու գործում, որտեղ զգացվում է երկար տարիների փորձառություն ունեցող հմուտ լեզվաբանը: Որպես ուսումնական բառարան, այն հետապնդում է ուսուցողական նպատակներ. սովորողներին մատուցել գլխաբառի ոչ միայն բառիմաստներն ու նրանց նրբերանգները, այլեւ նրա խոսքիմասային-քերականական հիմնական բնութագրերը: Բառարանի անդրլեզվի ամբողջությունը յուրահատուկ քերականական տեղեկատու է, որ ներկայացնում է անուն խոսքի մասերի քերականական հիմնական հատկանիշները: Գոյականի համար տրվում են եզակի եւ հոգնակի սեռականի ձեւերը (Դրօշակ, ի, աց), երբեմն դրանց հետ նաեւ հոգնակի ուղղականը (Դաշն, ին, անց, ինք), անեզական բառերի դեպքումՙ միայն հոգնակի սեռականը (Փառք, աց), հոլովական զուգաձեւություն ունեցող բառերը տրվում են բոլոր հոլովիչներով (Բիւր, բիւրու, ոց կամ րի, րեաւ կամ ոյ, ոց) եւ այլն: Բայերի համար տրվում են երկրորդ հիմքը եւ եզակի առաջին դեմքի խոնարհման վերջավորությունները (Ներկել, եցի, Այտնուլ, եայ), ըստ անհրաժեշտությանՙ նաեւ ներգործաձեւ եւ կրավորաձեւ խոնարհման վերջավորությունները (Յամառել, եցի, ն. եւ եցայ, չ.), հաճախՙ անցյալ կատարյալի հետ նաեւ հրամայականի ձեւերը (Բեկանել, բեկի, բե՛կ), որոշակի դեպքերում նաեւ անցյալ դերբայը (Ջեռնուլ, ռայ, ռեալ կամ ռուցեալ), բայի հիմնական հատկանիշներից հետո նշվում է նաեւ սեռը (Բաղադրել, եցի, ն.) եւ այլն: Բառիմաստի բացատրության համար օգտագործվել են հետեւյալ սկզբունքներըՙ իմաստաբանական կամ նկարագրական սահմանումը, հոմանշային սահմանումը, բառակազմական սահմանումը, հղման կարգով սահմանումը եւ այլն: Բառարանում հաջողությամբ լուծված են փոխառությունների եւ բառագործածության ոլորտի հարցերը: Միաժամանակ կցանկանայինք շեշտել սույն բառարանի առավելությունը. հին եւ նոր ուղղագրությունների համադրումը առավել արդյունավետ է դարձնում դրանց ուսուցումը եւ արժեւորումը: «Գրաբարի ուսումնական բառարանի» վենետիկյան հրատարակությունը մեծ պատիվ է նրա հեղինակի եւ, առհասարակ, հայրենի լեզվաբանության համար: Կարծում ենքՙ պրոֆ. Լ.Խաչատրյանի «Գրաբարի ուսումնական բառարան» աշխատությունը լայն ընդունելություն կգտնի Հայաստանի եւ Սփյուռքի հայագիտական կենտրոններում եւ եկեղեցական հաստատություններում: |