ԱՆԿԱՏԱՐ ԵՐԱԶԱ՞ՆՔ Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ Զարմանալի հատկություն ունենք, առիթից առիթ, գուրգուրալից եւ տեւական ուշադրության առարկա դարձնելու ոչ միայն համեստ կարողության տեր արվեստի որոշ մշակներին, այլեւ փառաբանելու, ի պատիվ նրանց կռապաշտական ծեսեր անելու, անգամ կրծքով պաշտպանելու նրանց, որոնց թունավոր արտադրանքը վաղուց պիտի պատմության աղբանոցում փտած լիներ: Եվ հակառակ սրան, մոռացության ենք մատնում, լավագույն դեպքում, կցկտուր, առավել քան զուսպ հիշատակումների արժանացնում վաստակաշատ, իսկապես տաղանդավոր, եթե ոչ հայրենակերտ գործիչներին: Տարիներ առաջ ամոթալի լռության մեջ անցավ Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակը: Վեց տարի առաջ էլ, հայաստանյան մամուլում պարզ հիշատակում անգամ չեղավ այն մասին, թե լրանում է Բարսեղ Կանաչյանի ծննդյան 125-ամյակը: Այս տարի էլ Ավետիս Ահարոնյանի ծննդյան 150-ամյակն է: Գրող, մտավորական, որն իր վաստակած տեղն ունի Աբովյանի, Րաֆֆու եւ Թումանյանի կողքին, քաղաքական գործիչ, որը 1920թ. օգոստոսի 10-ին, որպես հայկական պատվիրակության նախագահ, իր ստորագրությունը դրեց Սեւրի պայմանագրի տակ: Եվ դարձյալ նույն պատկերը, այն չնչին տարբերությամբ, որ Հանրային գրադարանում ցերեկույթ եղավ նոսր հանդիսասրահի առջեւ, մեկ-երկու թերթ էլ մի երկու զուսպ պարբերություններով ներկայացրին եղելությունը: «ԱՐ» հեռուստաընկեռրությունն էլ մի հաղորդում հեռարձակեց: Հոբելյանական տարվա երկու երրորդն արդեն անցել է պատմության գիրկը, եւ հույս չկա, թե քսաներորդ դարի հայ իրականության այս հսկան իր վաստակին վայել ուշադրության կարժանանա: Հերթական ամոթալի լռության այս ֆոնին առավել գնահատելի է դառնում «Լուսաբաց» հրատարակչության ջանքը, որը, հոբելյանին ընդառաջ, լույս ընծայեց Ավ. Ահարոնյանի «Շվեյցարական գյուղը» ուղեգրությունը, բացառիկ մի գիրք, որը վերջաբանելու պատիվն ունեցանք մենք: Առիթից օգտվելով, կուզեինք շնորհակալություն հայտնել Հայաստանում Շվեյցարական Համադաշնության դեսպան Պարոն Լուկաս Գասսերին, որը հրատարակչության նախաձեռնության հանդեպ ցուցաբերեց ոչ միայն հմուտ դիվանագետին, այլեւ իսկական մտավորականին վայել հոգատար վերաբերմունք` ստանձնելով ոչ միայն գրքի վերահրատարակման ծախսերը, այլեւ անելով անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի հայ դասականի գիրքը թարգմանվի ֆրանսերեն եւ լույս տեսնի Ժնեւում` «Մետիս պրես» հրատարակչության կողմից: Ստորեւ ներկայացնում ենք մեր վերջաբանը` աննշան լրացումներով:
Շվեյցարիայում քիչ է մնում անկարելին` կարելի դառնա, մինչդեռ մեզանում նույնիսկ կարելին անկարելի է: Ավետիս ԱՀԱՐՈՆՅԱՆ «Շվեյցարական գյուղը» 1913 թ. Թիֆլիսում լույս տեսավ հայ գրականության համար բացառիկ մի գիրք` «Շվեյցարական գյուղը» վերնագրով: Հեղինակը Ավետիս Ահարոնյանն էր` արդեն հայտնի ոչ միայն իր գրական, այլեւ հեղափոխական գործունեությամբ: Գիրքը դեռեւս դարասկզբին, հատվածաբար, տպագրվել էր «Մուրճ» ամսագրում: Դրանք նամակներ էին` Կուրբաթ-Հարուն ծածկանունով ստորագրված, որոնցում պատմվում էր առասպելական երկիր Շվեյցարիայի կյանքի մանրամասները: XIX դարի 90-ականներին Լոզանի համալսարանում հայ հեղափոխականը ոչ միայն փիլիսոփայություն, պատմություն եւ գրականություն էր ուսանում, այլեւ խորապես ուսումնասիրում այդ դրախտային երկրի կայացումը դարերի միջով, նրա վարչական կառուցվածքը, տնտեսությունը, շվեյցարացու ազգային նկարագրի ձեւավորումը, համայնքները, բանակը եւ վերջապես այդ երկրի գյուղն ու գյուղացուն: Ուսումնասիրում էր` այդ երկրի ներսում ճանապարհորդելով, գյուղերում ապրելով, գյուղացիների հետ զրուցելով: Շվեյցարիան զարմանալի մի հատկություն ունի: Այդտեղ այցելող գրեթե յուրաքանչյուր գրչի մարդ, եւ երբեմն ոչ միայն նրանք, հարկ են համարում անպայման իրենց անջնջելի տպավորությունները շարադրել: Եվրոպացի, ռուս, երկու Ամերիկաների եւ այլ երկրների բազմաթիվ հեղինակների անուններ կարելի է թվարկել, որոնք իրոք հետաքրքիր ուղեգրությունների հեղինակ են դարձել: Ավելին, անգամ այդտեղ ծնված ու մեծացած գրողներն են երբեմն հիացմունքով նկարագրում իրենց երկիրը: Հայ հեղինակներն էլ անմասն չեն մնացել. բավական է հիշել Ռուբեն Սեւակի արձակ եւ չափածո բազմաթիվ էջերը: Ավ. Ահարոնյանի «Շվեյցարական գյուղը», ուղեգրողի այդ հիացմունքով հանդերձ, մի էական տարբերություն ունի. նա ոչ միայն սիրահարված է այդ երկրին, այլեւ դիտում է Շվեյցարիան որպես մոդել` իր երկիրը վերակառուցելու համար: Նա շարունակ համեմատության մեջ է դնում երկու երկրների գյուղական կյանքը` ներկայացնելով մի կողմից իդեալական մի վիճակ, մյուս կողմից հայ գյուղացու ծանր ու անել ճակատագիրը, որը մեզ քաջ ծանոթ է տասնիներորդ դարի հայ դասականների գործերից: Համեմատությունները կատարվում են երկու դարերի` XIX-ի եւ XX-ի արանքում, երբ Հայաստանը, մասնավորապես հեղինակի հայրենի Իգդիրը, Ռուսական կայսրության ծայրամաս էր, իսկ Շվեյցարիան արդեն վեց հարյուր տարվա պատմություն ունեցող երկիր: Գրքի տարբեր էջերում հեղինակը հարկ է համարում ընթերցողին հիշեցնել, որ Շվեյցարիան աղքատ երկիր է, նույնիսկ Հայաստանից ավելի աղքատ («Ի՜նչ աղքատ է այս երկիրը մերի համեմատ»), բայց բացառիկ աշխատասիրության, ազնվության եւ վերից վար տիրող օրինականության շնորհիվ կարողացել է տանելի կյանք ստեղծել իր բնակիչների համար: Մի քանի էջի վրա նա պատմում է մեծ ժողովրդականություն վայելող թատերական մի ներկայացման մասին, որի նյութը հազիվ թե արժանանար հայ գրողների ուշադրությանը: «Շվեյցարացի դրամատուրգը, որ գրել է այս գործը, անշուշտ քրքել է իր երկրի սեւ օրերի պատմությունը եւ այնտեղից դուրս քաշել ամենացնցող նյութը, եւ դա... մի պաստորի երեքամսյա բսանտարկությունն է եւ ժողովրդի բողոքը տասանորդի դեմ... Երջանիկ երկիր չէ՞ այս, որի դժբախտ օրերում մի պաստորի երեք ամսով բանտարկությունը համարվում է տարեգրության մեջ խոշորագույն դեպքերից մեկը»: Ահա ինչու ասիական վայրենության եւ ապօրինության մեջ թաղված հայկական գյուղից նախանձելի կարգուկանոնի երկիր ընկած հայ ուսանողը չի կարող զսպել իր հիացմունքը. «Երջանի՜կ երկիր, ուր ծիծաղն այնքան առատ է, որ լացն անհասկանալի է դարձել»: Հետաքրքիր մի փաստ ավելացնենք մեր կողմից. ամբողջ XIX դարի ընթացքում, այդ երկրում, կոռուպցիայի փաստով, ընդամենը մեկ դատավարություն է եղել` 1818, երբ ռուսաց կայսր Ալեքսանդր Առաջինի նվիրած 50.000 ռուբլին (այն ժամանակվա համար մեծ գումար), ճահիճներ չորացնելու փոխարեն որեւէ մեկի գրպանը չի մտել, այլ հանրօգուտ մեկ ուրիշ գործի վրա է ծախսվել: Եվ սա համարվել է կոռուպցիա եւ պատժվել օրենքի ողջ խստությամբ: Շվեյցարիան Հայաստանի հետ համեմատելիս, անշուշտ, չենք կարող հաշվի չառնել կարեւոր մի հանգամանքՙ մեր երկրի աշխարհագրական դիրքը: Չենք կարծում, թե Ավ. Ահարոնյանի բնորոշմամբ այդ երկիրն իրոք «երջանի՜կ» կլիներ, եթե իր կողքին, մոտ տասը դար շարունակ ունենար սելջուկն ու թուրքը, եթե նրա տարածքով մոնղոլական, լենկթեմուրյան եւ այլ վայրենի հորդաներն անցած լինեին: Այդ բարբարոսները ոչ միայն մեր հողն են պղծել ու ասպատակել, այլեւ խաթարել մեր նկարագիրը: Այնուհանդերձ, կարծում ենք` դա արդարացում չէ մեզ համար, քանի որ շուտով պիտի նշենք հայ պետականության վերականգնման հարյուրամյակը եւ ինքներս մեզ հաշիվ տանք, թե այդ ընթացքում որքանով է փոխվել հայկական գյուղը, վերացե՞լ են արդյոք հայ գրողի` ցավով ու դառնությամբ նկարագրած բարքերն ու տեսարանները: Կարողացե՞լ ենք արդյոք անցած մեկ դարի ընթացքում եթե ոչ իսպառ, ապա գոնե մասամբ հաղթահարել դրանք: Ինչ խոսք, դրական փոփոխությունները քիչ չեն, սակայն չենք կարող չընդունել, որ հներին փոխարինել են նորերը (ասենք` դատարկվող գյուղերը, մի երեւույթ, որն անգամ պատկերացնել չէին կարող Ավ. Ահարոնյանի ժամանակակիցները), որոշ բացասական բաներ էլ մնացել են անփոփոխ, նույնիսկ ավելի խորացել: Օրինակ` հայ հեղինակը գրում է, որ Շվեյցարիայում «վճիտ եւ առողջարար է ջուրը, մաքուր է ավազանի շուրջը, նա ոչնչով չի հիշեցնում մեր լեռնային գյուղերի աղբյուրները, որոնց չորս կողմում կարելի է միշտ տեսնել լվացած կանաչեղենի մնացորդներ, հավի եւ ձկան փորոտիք, փետուրներ, պտուղների կեղեւներ եւ ուրիշ այնպիսի գարշություններ, որ մարդ նողկանք է զգում աղբյուրին մոտենալիս»: Այսօր, երբ ավելի քան հարյուր տարի է անցել մեջբերված տողերը շարադրելու օրվանից, կարո՞ղ ենք ասել, թե այս առումով պատկերը փոխվել է Հայաստանում... Ընդհակառակը, ավելի է վատացել, բավական է նայել կենսատու Մայր Սեւանի ափերը` ծայրեծայր պղծված ու ապականված: Աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդները խստորեն հորդորում են չթքել այն ջրհորի մեջ, որտեղից ջուր ես խմում: Մենք էլ ենք հորդորում, հետն էլ ոչ միայն թքում, այլեւ հիմնովին աղտոտում: Որքա՞ն ժամանակ է պետք` հասկանալու համար, որ դա ոչ այլ ինչ է, քան ինքնաոչնչացում, եւ մեղավորը սելջուկն ու մոնղոլը չեն, այլ մենք` ինքներս... Եվ միայն բնապաշտպանական աղետները չեն: Այսօր, անկախացած հայ գյուղում կատարվում են բաներ, որոնք անգամ Պռոշյանի, Մուրացանի կամ հայ գյուղագիրների գործերում չես հանդիպի: Միայն վերջնականորեն հեռանալով չէ, որ կորցնում են հայրենիքը: Մեր դրամատիկ, եթե ոչ ողբերգական անկախության 25 տարին ապացուցեց, որ հայրենիքը վերջնականորեն կորցնողները հենց երկրի ներսում են, հիմնահատակ ավերողները, կարճ ժամանակում ոչնչացնողները, ջրի գնով ծախողները, եւ մսխելու հետ միաժամանակ հայրենասիրաբար ճամարտակողները, լքողներին անարգանքի սյունին գամողները, իրե՛նց մեղքով «լքողներին», նրանք, ովքեր տարեկան շուրջ երկու միլիարդ դոլար են ուղարկում, որպեսզի երկիրն անդառնալիորեն չսովահարվի... Որքա՞ն ժամանակ է պետք, որպեսզի մեր հողի վրա մենք նույնպես ապրենք մարդկային լիարժեք կյանքով, ինչպես շվեյցարացիք հարյուր տարի առաջ եւ այսօր, թե՞ մեծ գրողի երազանքը մնալու է անկատար... Գուշակություններով չզբաղվենք եւ մեր արժանավայել ապագան կերտելու համար, ի թիվս այլ դասերի, սերտենք նաեւ Ավետիս Ահարոնյանի դասերը շարադրված այս հրաշալի գրքում: |