ԺԻՐԱՅՐ ՓԱՓԱԶՅԱՆ. ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԲԵՄՈՒՄ 2016 թվականի հուլիսին Հայաստանում էր ֆրանսահայ հայտնի դերասան, ռեժիսոր, թատերագետ Ժիրայր Փափազյանը: Վերջին ժամանակներս սիրված հայ արվեստագետը մեկը մյուսից հետաքրքրական ծրագրերով ու նախաձեռնություններով է ժամանում հայրենիք: Այս անգամ նա Հայաստան էր եկել Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի ռեժիսոր Վարդան Մկրտչյանի հրավերով, ում հետ Ժ. Փափազյանը ծրագրել է իրականացնել իր առաջին բեմադրությունը հայ թատրոնի բեմում: Բեմադրության համար ընտրվել է ֆրանսիացի դրամատուրգ Սաշա Գիթրիի Երազենք պիեսը: Առաջին այցելության ընթացքում Ժ. Փափազյանը ծանոթացավ Համազգայինի դերասանական կազմի հետ, դիտեց թատրոնի ներկայացումները, եղավ փորձերին, ինչի արդյունքում կատարվեց Սաշա Գիթրիի պիեսի դերաբաշխումը: Գլխավոր դերերում հանդես կգան Նարինե Գրիգորյանը, Արման Նավասարդյանը, Մխիթար Ավետիսյանը: Նախատեսված է ներկայացումը հանդիսատեսին ներկայացնել 2016 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Այս օրերին Ժ. Փափազյանը կրկին Երեւանում է եւ Համազգայինի բեմում ամբողջ թափով ընթանում են ներկայացման փորձերը: Սաշա Գիթրին անցյալ դարի 1920-50-ական թթ. ֆրանսիացի ամենահայտնի դրամատուրգներից մեկն էր: Նա պիեսներ էր գրում իր համար, եւ ինքն էլ խաղում էր դերեր: Սաշա Գիթրին նկարահանել է նաեւ ֆիլմեր հայտնի նկարիչների, երաժիշտների մասին: Նա իր գործերում ներկայացնում է ֆրանսիան, Փարիզըՙ ֆրանսիական նուրբ հումորի ու սրամտության լեզվով: Երազենք պիեսը ֆրանսիական բեմի սիրված գործերից էՙ գրված 1918 թվականին, որի պրեմիերայի ժամանակ Փարիզում խաղացել է հեղինակը: Պիեսն ունի չորս գործողություն, վերջինը մենախոսություն է, հրաժեշտի նամակ, որը հաջորդ բեմադրության ժամանակ հանել են պիեսից: Հայաստանում պիեսը բեմադրվում է առաջին անգամ, ընդ որում Ժիրայր Փափազյանի բեմադրության մեջ հանդիսատեսին կներկայացվի նաեւ պիեսի ավարտըՙ չորրորդ աղմկահարույց գործողությունը: Հաջողություն Համազգայինին եւ ինքնատիպ ու տաղանդավոր բեմադրիչին: |